Հա

Քաղաքական

30/07/2018

Վազգէն Մանուկեան. «Ռոբերտ Քոչարեանին կալանաւորելու որոշումը հարւածում է մեր պետականութեանը»

«Ազգային ժողովրդավարական միութիւն» (ԱԺՄ) կուսակցութեան նախագահ Վազգէն Մանուկեանը յայտարարութիւն է տարածել Մարտի 1-ի գործի քննութեան ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի կալանաւորման առնչութեամբ:

«alikonline.ir» - «Ազգային ժողովրդավարական միութիւն» (ԱԺՄ) կուսակցութեան նախագահ Վազգէն Մանուկեանը յայտարարութիւն է տարածել Մարտի 1-ի գործի քննութեան ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի կալանաւորման առնչութեամբ: Տեղեակացնում է «yerkirmedia.am»-ը:

«Մեր կուսակցութիւնը եւ անձամբ ես Ռոբերտ Քոչարեանի նախագահութեան տասը տարիների ընթացքում եղել ենք կոշտ ընդդիմութիւն, շատ հարցերում ենք մեղադրել իշխանութիւններին, շատ որոշումների դէմ ենք եղել:

Բայց այն մեղադրանքին, որ այժմ ներկայացւել է Ռոբերտ Քոչարեանին եւ Իւրի Խաչատուրովին, կտրականապէս համաձայն չեմ, համարում եմ անհիմն, իսկ կալանաւորելու որոշումը՝ վտանգաւոր, որ հարւածում է մեր պետութեան անվտանգութեանը: Անհիմն մեղադրանք այն մարդկանց նկատմամբ, որոնք անգնահատելի դեր են ունեցել մեր ժողովրդի՝ վերջին հարիւրամեակների ամենամեծ ռազմական յաղթանակի մէջ:

Այնուամենայնիւ քաղաքական տեսանկիւնից ի՞նչ է տեղի ունեցել 2008 թ. մարտի 1-ին:

Սկսած 1996 թւականից՝ նախագահական ընտրութիւնները միշտ անցել են բազմաթիւ կեղծիքներով: Նոյնն էին նաեւ 2008 թ. ընտրութիւնները: Այդ ընտրութիւնների արդիւնքներով, ըստ պաշտօնական տւեալների, թեկնածուներից երեքն էին ստացել գերակշռող ձայներ. Սերժ Սարգսեան՝ 52.8%, Լեւոն Տէր-Պետրոսեան՝ 21.5% եւ Արթուր Բաղդասարեան՝ 17.7%։

Այդ առումով սա տարբերւում էր 1996-ի իրավիճակից, երբ պայքարը գնում էր երկու հոգու միջեւ՝ ընդդիմության թեկնածուի (41%) եւ իշխանութեան թեկնածուի (51.3%)։ Ընդ որում, 1996 թ. մենք հսկայական, հատորներով ապացուցային բազա ներկայացրինք Սահմանադրական դատարան։ Այսուհանդերձ մենք չէինք յայտարարում, որ ընդդիմութեան թեկնածուն յաղթել է, այլ պահանջում էինք ամէն մի ընտրատարածքից պատահականութեան սկզբունքով 3-ական արկղ բացել, եւ եթէ ընտրակեղծիքներ յայտնաբերւեն, գնանք երկրորդ փուլի։

Նոյնպիսի իրավիճակ ստեղծւեց 2003 թւականի նախագահական ընտրութիւնների ժամանակ, երբ հիմնական թեկնածուները Ռոբերտ Քոչարեանը եւ Ստեփան Դեմիրճեանն էին: Արդիւնքների հրապարակումից յետոյ ժողովուրդը վրդովւած շրջափակեց ԿԸՅ-ի շէնքը, եւ ժողովրդի ճնշման տակ վերահաշւարկից յետոյ յայտարարւեց երկրորդ փուլ։

2008 թւականի ընտրութիւնների ժամանակ ընդդիմութեան ապացուցային բազան շատ թոյլ էր, եւ Սահմանադրական դատարան գրեթէ լուրջ բան չներկայացւեց, չնայած պարզ էր, որ կեղծիքներ տեղի էին ունեցել։ Բայց քանի որ երեք հոգու մէջ բաւական շատ ձայներ էին բաժանւել, լաւագոյն քաղաքական պնդումը, որ ընդդիմութիւնը կարող էր անել, երկրորդ փուլի գնալն էր։ Փոխարէնը Լեւոն Տէր-Պետրոսեանը յայտարարեց, որ ինքն է յաղթել, 60 տոկոս է հաւաքել եւ պէտք է դառնայ նախագահ, ապա փորձեց բոլոր միջոցներով իրականացնել իր ոչ սահմանադրական պահանջը։ Եւ քանի որ ժողովրդի մի մեծ հատւածում բաւական զգալի դժգոհութիւն կար իշխանութիւնների նկատմամբ՝ կապւած ոչ միայն ընտրութիւնների հետ, օգտւեցին այդ դժգոհութիւնից եւ բորբոքեցին այն, սկսւեցին պերմանենտ հանրահաւաքներ: Իշխանութիւնները փորձեցին ցրել այդ հանրահաւաքները:

Այդ ստանդարտ իրավիճակը, որ ե՛ւ մեր երկրում էր նախկինում եղել, ե՛ւ այլ երկրներում, անսպասելի վերափոխւեց ոչ ստանդարտ իրավիճակի եւ վերահսկողութիւնից դուրս եկաւ: Զոհեր եղան երկու կողմից՝ ե՛ւ ուժային կառոյցների, ե՛ւ ցուցարարների։ Այստեղ կա՛մ երկու կողմ կայ, եւ պետք է երկուսի գնահատականն էլ տալ, կա՛մ կայ երրորդ կողմ, որը փորձում էր սրել իրավիճակը:

Ամէն դէպքում պէտք է պարզել, թէ ով է սկսել կրակել, ում հրամանով է դա եղել, եւ ես կարծում եմ՝ շատ անսպասելի փաստեր կարող են ի յայտ գալ։ Հնարաւո՞ր է դա բացայայտել, թէ ոչ, չեմ կարող ասել, բայց այդ խորհրդաւոր դէպքերը պէտք է քննել մինչեւ վերջ։ Մեզ համար կարեւորը միայն Ռոբերտ Քոչարեանին կամ Լեւոն Տէր-Պետրոսեանին գնահատական տալը չէ, այլ հասկանալ, թէ ինչպէս ստանդարտ իրավիճակը, որ միշտ Հայաստանում կրկնւում էր, յանկարծ վերաճեց սպանութիւնների, մեքենաներ վառելու, խանութներ ջարդելու եւ այլն։

Սիրելի՛ ժողովուրդ, ես հասկանում եմ այն վրդովմունքը, որ ունէք նախկին բոլոր իշխանութիւնների նկատմամբ, այն մարդկանց նկատմամբ, որոնք կեղեքել են մեզ ու Հանրապետութիւնը, հասկանում եմ այն գոհունակութիւնը, որ զգում էք, երբ նրանցից ոմանք պատժւում են: Բայց ամէն ինչ պէտք է անել օրինական ճանապարհով՝ չհետապնդելով քաղաքական նպատակներ եւ վրէժխնդրութիւն:

Դժգոհելով անցեալից, երբեմն հիմնաւորւած, երբեմն անհիմն, պէտք է գիտակցենք, որ Հայաստանի Հանրապետութեան հիմնադրումից՝ 1918 թւականից ի վեր, սկզբում Դաշնակցութեան ղեկավարությամբ, յետոյ կոմունիստների, Հայոց համազգային շարժման, Հանրապետական կուսակցութեան ղեկավարությամբ տարիների ընթացքում մեր ժողովրդի ջանքերով բոլոր սխալների հետ ունեցել ենք մեծ ու փոքր յաղթանակներ, ստեղծւել է հզօր պետական մեքենայ, եւ չպէտք է այն քանդել, պէտք է այն կատարելագործել եւ գնալ առաջ:

Մտահոգիչ է, որ այժմ Հայաստանը դարձել է մի դերասանի թատրոն, համարեայ չեն գործում հակակշիռները՝ ընդդիմադիր կուսակցութիւններ, հասարակական կազմակերպութիւններ, մամուլ եւ այլն: Կարծես բոլորը վախեցած են ու սպասում են: Այս ճանապարհը կը տանի մեզ դէպի 37 թիւ, պատերազմ եւ մեկուսացում միջազգային ասպարէզում»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։