Հա

Քաղաքական

30/07/2018 - 10:20

Արթուր Թովմասեան. «Մարտի 1-ի վերջնական իրաւական գնահատականը պէտք է տրւի, իսկ մեղաւորները՝ պատասխան տան»

ՀՀ իշխանութիւնների կողմից որդեգրւել է նոր քաղաքականութիւն՝ պայքար կոռուպցիայի եւ ապօրինութիւնների դէմ, ինչը ողջունելի է, որովհետեւ առանց դրա անհնարին է ժողովրդավարական երկիր կառուցել:

«alikonline.ir» - ՀՀ իշխանութիւնների կողմից որդեգրւել է նոր քաղաքականութիւն՝ պայքար կոռուպցիայի եւ ապօրինութիւնների դէմ, ինչը ողջունելի է, որովհետեւ առանց դրա անհնարին է ժողովրդավարական երկիր կառուցել:

Լսելով Ռոբերտ Քոչարեանին ներկայացւած մեղադրանքի եւ կալանաւորման մասին՝ ես ցաւ եմ ապրել: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրոյցում ասաց ԱՀ Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցութեան ղեկավար Արթուր Թովմասեանը:

«Ես աշխատել եմ Ռոբերտ Քոչարեանի հետ, երբ նա Արցախի Հանրապետութեան նախագահն էր, իսկ ես՝ Ազգային ժողովի նախագահը: Մեր համատեղ աշխատանքը եղել է բարդ, բայց արդիւնաւէտ»,- ընդգծեց Ա. Թովմասեանը:

Նա համոզմունք յայտնեց, որ դատական գործընթացը կընթանայ ՀՀ Սահմանադրութեան եւ օրէնսդրութեան տառին ու ոգուն համահունչ, եւ ամէն ինչ ժամանակի ընթացքում կը պարզւի:

««Ազատ հայրենիք» կուսակցութեան անդամների գերակշիռ մասը եւ յատկապէս ղեկավար կազմը, վստահելով ՀՀ արդարադատութեան այսօրւայ համակարգին, համոզւած է, որ դատական գործընթացն ընթանալու է ոչ թէ քաղաքական, այլ իրաւական դաշտում: Մենք հաւատացած ենք, որ միայն այդ ճանապարհով է հնարաւոր պայքարել ապօրինութիւնների դէմ: Իսկ ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարեանի մեղադրանքին, դրա հաւաստիութիւնն ու արդարացիութիւնը մենք չենք կարող գնահատել, դա դատարանի բացառիկ գործառոյթն է: Սակայն ակնկալում ենք, որ ողջ գործընթացը կընթանայ առաւելագոյն թափանցիկութեան եւ արհեստավարժութեան պայմաններում, որպէսզի արդարադատութիւնն ու հանրային լայն վստահութիւնը գործընթացի հանդէպ չտուժեն»,- նշեց Ա. Թովմասեանը:

«Պէտք է շեշտադրել, որ մարտի 1-ի դէպքերի համակողմանի ու անաչառ հետաքննութեան հարցում Արցախի բնակչութիւնը, իշխանութիւնները եւ մեր կուսակցութիւնը առնւազն նոյնչափ շահագրգռւած ենք, որչափ ՀՀ իշխանութիւններն ու իւրաքանչիւր քաղաքացի: Մարտի 1-ը մեր ազգի նորօրեայ պատմութեան ամենասեւ էջերից մէկն է, խարազան հայոց պետականութեան վրայ, որի վերջնական իրաւական գնահատականը պէտք է տրւի, իսկ մեղաւորները՝ պատասխան տան: Դա ինքնանպատակ ու յուզականացւած գործընթաց չպէտք է լինի, այլ պէտք է նպատակաուղղւած լինի արդարութեան վերականգնմանը եւ ապագայում նմանատիպ սեւ էջերի բացառմանը: Մեզ համար խիստ կարեւոր հարց է նաեւ այն, որ այս գործընթացը չվերաճի հայութեան մէջ տարանջատման նոր ալիքի, ինչի միտումն արդէն նկատւում է սոցիալական ցանցերում: «Ղարաբաղցի-հայաստանցի» կամ մէկ այլ արհեստական անջրպետ չի բխում մեր համազգային արժէքներից ու շահերից, ուստի կոչ ենք անում բոլորին առաւելագոյնս սթափ ու զգոյշ լինել այս հարցում եւ չտրւել հնարաւոր շահարկումներին, քանզի իրաւունք չունենք խաթարել հայութեան միասնականութիւնը պատմութտան այս վճռական փուլում: Վստահ եմ, որ տարանջատման ու ատելութեան փոս փորողները մի օր ընկնելու են իրենց իսկ փորած փոսը»,- եզրափակեց Արթուր Թովմասեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։