Հա

Քաղաքական

30/07/2018 - 10:10

Աշխարհը, պարզւում է, ոգեւորւած չէ Քոչարեանի կալանաւորումով

Փաշինեանին եւ նրա քաղաքական խորհրդատուներին թւում է, թէ մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարեանի կալանաւորումը իսկական ֆուրոր է առաջացնելու ողջ աշխարհում՝ արեւմուտքից արեւելք եւ հիւսիսից հարաւ: Ու չնայած, որ հայաստանեան լրատւադաշտը լծւել է աշխարհի տարբեր անկիւններից այդ կալանաւորման մասին որեւէ արձագանգ որսալու եւ այդ արձագանգը որպէս Հոռոմի էն իքը ներկայացնելու գործին, աշխարհը յամառօրէն լռում է, աւելի ստոյգ՝ վիրաւորելու աստիճան անտարբեր է ՀՀ իշխանութիւնների հերթական քաջագործութեան նկատմամբ:

Փաշինեանին եւ նրա քաղաքական խորհրդատուներին թւում է, թէ մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարեանի կալանաւորումը իսկական ֆուրոր է առաջացնելու ողջ աշխարհում՝ արեւմուտքից արեւելք եւ հիւսիսից հարաւ: Ու չնայած, որ հայաստանեան լրատւադաշտը լծւել է աշխարհի տարբեր անկիւններից այդ կալանաւորման մասին որեւէ արձագանգ որսալու եւ այդ արձագանգը որպէս Հոռոմի էն իքը ներկայացնելու գործին, աշխարհը յամառօրէն լռում է, աւելի ստոյգ՝ վիրաւորելու աստիճան անտարբեր է ՀՀ իշխանութիւնների հերթական քաջագործութեան նկատմամբ:

Պատկերացնո՞ւմ էք, ԱՄՆ պետքարտուղարութեան պաշտօնական ներկայացուցիչը «Ամերիկայի ձայն» ռադիոկայանից է իմացել ՀՀ երկրորդ նախագահին մարտի 1-ի գործով կալանաւորելու մասին, այն էլ, երբ նրան խնդրել են մեկնաբանել մարտի 1-ի գործի շրջանակներում Հայաստանի երկրորդ նախագահին առաջադրւած սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքը: Այսինքն, չլինէր «Ազատութեան ձայնի» հարցը, ԱՄՆ պետքարտուղարութեան պաշտօնական ներկայացուցիչը չէր էլ պատրաստւում սեփական նախաձեռնութեամբ որեւէ յայտարարութիւն անել Նիկոլ Փաշինեանի այդ նոու-հաուի կապակցութեամբ: Նա ամերիկեան պաշտօնեային յատուկ ծուլութեամբ մի հերթապահ նախադասութիւն է արտասանել՝ նշելով. «Մենք շարունակում ենք շեշտել մեր հայաստանեան գործընկերներին, որ կարեւոր է յարգել արդարադատութեան իրականացման միջազգայնորեն ճանաչւած չափանիշները»: Այս գրեթէ ոչինչ չասող նախադասութիւնը ոմանց հիմք է տւել յայտարարելու, որ ԱՄՆ-ն անմիջապէս արձագանգել է ՀՀ երկրորդ նախագահին կալանաւորելու փաստին: Սա պարզ սուտ է, քարոզչահնարք, որով փորձ է արւում հայաստանեան լսարանին համոզել, որ Քոչարեանին իրաւաբանորեն խիստ վիճելի ձեւով հարցաքննութեան կանչելն ու կալանաւորելը յիրաւի համաշխարհային մեծադղորդ իրադարձութիւն է:

Մեր իշխանութիւնների քաջագործութեանը, այ քեզ խայտառակութիւն, չի արձագանգում նաեւ Մոսկւան, որին, թւում է, պէտք է առաջինն անհանգստացներ Քոչարեանի կալանաւորումը: Պուտինն ու Քոչարեանն ընդհուպ ընկերներ են, բայց արի ու տես, որ Պուտինը աչքն էլ չի թարթում մեր վարչապետի այդ «յանդուգն» արարքի կապակցութեամբ:

Բազմաթիւ դռներ բախելով՝ հայկական մի լրատւամիջոց հասել է «REGNUM» լրատւական-վերլուծական կայքի գլխաւոր խմբագիր Մոդեստ Կոլերովի դուռը, որն ուղղակի հիասթափեցրել է Նիկոլ Փաշինեանի «PR»-չիկ լրատւամիջոցին՝ ասելով. «Ի՞նչ է, Քոչարեանը հիմա գործո՞ղ նախագահ է, որ Մոսկւան արձագանգի»: Կոլերովը, փաստօրէն, հասկացրել է, որ դա ընդամենը Հայաստանի ներքին գործն է:

Լայն ճանաչման առումով Փաշինեանին ոչինչ չտւեց նաեւ Իւրի Խաչատուրովի հարցաքննութիւնն ու նրան ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարի պաշտօնից յետ կանչելու գործընթաց սկսելու ԱԳՆ չարչարանքը: ՀԱՊԿ-ի մամլոյ ծառայութիւնից մի պաշտօնեայ աւելի վաղ յայտարարել էր, որ իրենք տեղեակ չեն, որ Խաչատուրովը Հայաստան է հրաւիրւել հարցաքննութեան նպատակով:

Եւ ուրեմն արձանագրենք, որ, Քոչարեանին կալանաւորելով, աշխարհի վրայ տպաւորութիւն գործել մեզ չյաջողւեց, որովհետեւ թէ Վաշինգտոնը եւ թէ Մոսկւան 2008-ին ընդունել են ՀՀ նախագահական ընտրութիւնների արդիւնքները եւ 10 տարի շարունակ ամենաբարձր մակարդակով համագործակցել այդ ընտրութիւններով ՀՀ նախագահ դարձած Սերժ Սարգսեանի հետ: Այնպէս որ, կարիք չկայ 10 տարի անց ԱՄՆ պետքարտուղարութեանը վերագրել մի յայտարարութիւն, որ նա չի արել երբեք: ԱՄՆ պետքարտուղարութիւնը երբեք չի ասել՝ «ՀՀ կառավարութիւնն ու դրա ներկայացուցիչներն իրականացրել են կամայական եւ ապօրինի սպանութիւններ»: Սա հերիւրանք է, որ հրապարակ է նետում Փաշինեանին «սատարող» կայքը: Ահա թէ 2008 թւականի իր զեկոյցում ինչ է գրել ԱՄՆ արտաքին գերատեսչութիւնը. «Բողոքարարների, կողոպտիչների եւ անվտանգութեան ուժերի բախումների հետեւանքով զոհւել է առնւազն 10 մարդ, այդ թւում՝ ութ քաղաքացիական անձ ու երկու ոստիկան: Տասնեակ մարդիկ վիրաւորւել են: Այդ 10 սպանութիւնների հանգամանքները մնում են չբացայայտւած»: Կա՞յ այստեղ որեւէ խօսք այն մասին, որ ընտրութիւնների արդիւնքներ են կեղծւել, որ կառավարական ուժերը մարդ են սպանել, որ սահմանադրական կարգ է տապալւել, եւ դա արել է օրւայ նախագահ Ռոբերտ Քոչարեանը:

Տեսնելով, որ Նիկոլ Փաշինեանի այս ձեռնարկը միջազգային հնչեղութիւն չի ստանում, նոյն լրատւական կայքը անցնում է իր պլան «Բ»-ին՝ Քոչարեանի կալանաւորումը Հայաստանի քաղաքական դաշտի վրայ «սաղացնելուն», որպէսզի գոնէ այս ոլորտում «PR» միաւորներ հաւաքի գործող վարչապետի օգտին: Առջեւում ընտրութիւններ են, չէ՞: Հաւանաբար Հայաստանում կը գտնւի մի քանի դիւժին մարդ, որ կողջունի Փաշինեանի քայլը, որով նա մեր պատմութեան մէջ առաջին անգամ բարձրագոյն ղեկավարութեան ներկայացուցչի կանչեց պատասխանատւութեան եւ կալանաւորեց: «Ֆէյսբուքում» ծայր առած հորթային հրճւանքը, որ ամենայն հաւանականութեամբ դեռ կը շարունակւի մօտ 2 ամիս (Քոչարեանին 2 ամսով են կալանաւորել) այդ մասին է խօսում: Բայց միւս կողմից էլ, եթէ ընդունենք, որ նախընտրական փուլ ենք մտնում, հնարաւոր են նաեւ այլ զարգացումներ, որոնք Նիկոլ Փաշինեանը կամ հաշւի չի առել կամ չի կարեւորել: Քոչարեանի կալանաւորումով, որով մարտի 1-ի գործը ամենեւին էլ չի բացայայտւելու, Փաշինեանն, ըստ էութեան, ռիսկի է դիմում ՀՀԿ հենասիւներին այս անգամ Ռոբերտ Քոչարեանի շուրջ համախմբելու առումով: Քոչարեանի կալանաւորման հարցով յայտարարութիւն չի արել նաեւ Փաշինեանի կառավարութեանը մաս կազմող ԲՀԿ-ն եւ դեռ յայտնի չէ, թէ ինչ դիրքորոշում կորդեգրի Գագիկ Ծառուկեանը, երբ պարզւի, որ ՀՔԾ-ն մի գործ է բռնել, որով պէտք է բացայայտել նաեւ, թէ մարտի 1-ին ինչով էին զբաղւած Գագիկ Ծառուկեանի թիկնապահները: Եթէ յիշում էք, ՀԱԿ-ը, ինչպէս նաեւ այն օրերի հիմնական հռետոր Նիկոլ Փաշինեանը բազում յայտարարութիւններ են արել Ծառուկեանի «մարտիմէկեան զինւած եւ զրահաբաճկոնւած» բանդաների մասին, որոնք, ըստ մարտի 1-ի շահառուների, նոյնպէս կրակել են:

ՀԱԿ-ի հաւանութեանն արժանացած ՀՔԾ մեղադրանքը (Քոչարեանը տապալել է սահմանադրական կարգը), մտահոգում է նաեւ Նիկոլ Փաշինեանի կառավարութեան մաս կազմող ՀՅԴ-ին, որը դրա տակ քաղաքական հետապնդման հաւանականութիւն է տեսնում: Եւ իբրեւ այս ամէնի հանրագումար, Քոչարեանը յայտարարում է, որ սա շինծու գործ է եւ ինքը պատրաստ է պայքարելու եւ յաղթելու: Եզրակացութիւնները թողնում եմ մտածող ընթերցողին: Խելամի՞տ է, արդեօք, գնալ խորհրդարանական ընտրութիւնների նման իրավիճակում, երբ թիկունքիդ ունես ընդամենը խայտառակ կադրեր, ժամանակաւոր ոգեւորութեան նոպայի մէջ ընկած մի քանի հազար մարդ եւ մի պապի, որի քաղաքական կշռի մասին գեղեցիկ յիշողութիւններ են մնացել: 

Յ.Գ. Յօդւածը գրւում էր, երբ տարածւեց ՌԴ եւ ՀՀ արտգործնախարարների միջեւ կայացած հեռախօսազրոյցի մասին լուրը: Կարելի է ասել՝ Մոսկւան վերջապէս արձագանգեց: Բայց երանի չարձագանգէր, որովհետեւ Լաւրովը ՀՀ արտգործնախարարին դիւանագիտօրէն 3-րդ դասարանցի է անւանել, որը տեղեակ չէ ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարին հետ կանչելու ընթացակարգին եւ նման ընթացակարգ սկսելու համար դիմել է ՌԴ արտգործնախարարութեանը: Ինչպէս ասում են՝ Աստւած էլ բեթարից ազատի:

Էդիկ Անդրէասեան

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։