Հա

Քաղաքական

31/07/2018 - 09:50

Անցեալի վտանգները. ինչո՞վ է վտանգաւոր Հայաստանի համար «Քոչարեանի գործը»

«rbc.ru» կայքը ներկայացնում է քաղաքագէտ Սերգէյ Մարկեդոնովի յօդւածը` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի ձերբակալութեան մասին:

«Հայաստանի նախկին նախագահի նկատմամբ հետապնդումը 2008 թ. «արիւնոտ շաբաթւայ» պատճառով նախադէպ ստեղծեց, քանի որ դրանից առաջ ոչ ոք չէր համարձակւել մեղադրանք առաջադրել իր նախորդների հանդէպ:

«alikonline.ir» - «rbc.ru» կայքը ներկայացնում է քաղաքագէտ Սերգէյ Մարկեդոնովի յօդւածը` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի ձերբակալութեան մասին:

«Հայաստանի նախկին նախագահի նկատմամբ հետապնդումը 2008 թ. «արիւնոտ շաբաթւայ» պատճառով նախադէպ ստեղծեց, քանի որ դրանից առաջ ոչ ոք չէր համարձակւել մեղադրանք առաջադրել իր նախորդների հանդէպ:

Այսօր Հայաստանում ոչ ոքի չես զարմացնի աղմկոտ գործերի բացայայտմամբ: Օրեցօր հրապարակւում են մեղադրանքներ բարձրաստիճան պաշտօնեաների եւ զինւորականների նկատմամբ քրէական գործերի վերաբերեալ, որոնցում մեծ մաս են կազմում կոռուպցիոն եւ չարաշահումների գործերով մեղադրանքները: Նոր իշխանութիւնների նորամուծութիւնը` նախկին իշխանութիւնների շրջանում կարգ ու կանոնի ու մարքութեան հաստատումն է: Սակայն Ռոբերտ Քոչարեանի ձերբակալութիւնը այս համատեքստում խիստ առանձնանում է: Նախեւառաջ նրանով, որ այն կրում է մաքուր քաղաքական բնոյթ:

«Արիւնոտ շաբաթ»

Քոչարեանի հանդէպ մեղադրանքը հիմնւում է ոչ թէ ֆինանսական խարդախութիւնների կամ պետական իշխանութեան անօրինական իւրացման վրայ, այլ բռնի ուժով սահմանադրական կարգը խախտելու վրայ: Նաեւ չի բացառւում, որ «տնտեսական» բնոյթի մեղադրանքներ եւս կը գումարւեն դատական պրոցեսի ընթացքում: Այսօր շեշտադրւում են 10-ամեայ վաղեմութիւն ունեցող իրադարձութիւնները: 2008 թ. մարտի 1-ի իրադարձութիւնները կրում էին «արիւնոտ շաբաթ» անունը, երբ նախագահական ընտրութիւններից յետոյ սկսկւած մասսայական բողոքի ցոյցերի ժամանակ ընդհարումներ տեղի ունեցան ցուցարարների եւ ուժային կառոյցների միջեւ: Ռոբերտ Քոչարեանից նախագահական լիազօրութիւնների անցումը Սերժ Սարգսեանին տեղի ունեցաւ արտակարգ դրութեան հաստատման եւ քաղաքացիական ըմբոստութեան պայմաններում:

Պանդորայի արկղը

Քոչարեանի ձերբակալութեամբ կարեւոր ներքաղաքական նախադէպ ստեղծւեց: Հայաստանի անկախացումից յետոյ չորս նախագահ է փոխւել եւ 3 Սահմանադրութիւն: Երկիրը անցում կատարեց նախագահական կառավարման համակարգից դէպի խորհրդարանական կառավարման համակարգ: Այդ ընթացքում երկրում եղան բազմաթիւ սոցիալական մասսայական ընդվզումներ ու ցնցումներ: Սակայն այս ընթացքում Հայաստանի լիդերներից ոչ մէկը չէր ձերբակալւել: Երկրի նախագահների միջեւ յարաբերութիւնները նոյնպէս հարթ չէին, դրանք երբեմն վերածւում էին ուղիղ առճակատման: Եւ իհարկէ, ցանկութեան դեէպքում այս կամ այն նախագահը կարող էր մեղադրանք առաջադրել իր նախորդի նկատմամբ, չէ՞ որ նրանցից իւրաքանչիւրը ունեցել է մեծ կամ փոքր մեղսագործութիւններ: Սակայն մինչ օրս ոչ ոք չէր անցել այդ կարմիր սահմանը: Եւ հէնց դա էր Հայաստանը դարձնում ունիկալ երկիր` նախկին ԽՍՀՄ երկրների շարքում: Միայն այստեղ պաշտօնաթող նախագահը կարող էր եւս մէկ անգամ բախտը փորձել ընտրութիւններում, ինչպէս դա եղաւ Լեւոն Տէր-Պետրոսեանի դէպքում 2008 թւականին: Հիմա Հայաստանի նոր իշխանութիւնները բացեցին Պանդորայի արկղը: Եւ դեռ հարց է` նրանք կանգ կառնե՞ն այսքանով, թէ ոչ: Մի կողմից նոր իշխանութիւնների գործելաոճի տրամաբանութիւնը հասկանալի է ու նոյնիսկ` արդարացւած: Նրանք ցանկանում են բաժանարար գիծ քաշել նոր Հայաստանի ու նախկինի միջեւ, յայտ ներկայացնել` նոր Հայաստանի համար, որում 2008 թ. մարտի 1-ի պէս իրադարձութիւններ չեն լինի, տնտեսական ու քաղաքական մենիշխանութիւն չի լինի:

Պոպուլիզմն ու դրա հետեւանքները

Հայաստանում նոր իշխանութիւնների ձեւաւորումը դեռ չի աւարտւել: Երկրին սպասում են արտահերթ խորհրդարանական ընտրութիւնները, Երեւանի աւագանու ընտրութիւնները: Կառավարութիւնը ունի ժողովրդականութեան մեծ ռեսուրս, սակայն ներկայ պահին Փաշինեանի կուսակցութեան անդամները փոքրամասնութիւն են թէ՛ խորհրդարանում, թէ՛ Երեւանի ավւագանու կազմում:

Ժամանակաւոր կառավարութեան կարգավիճակում գտնւող կառավարութիւնը չի ցանկանում ոչ պոպուլեար գործողութիւնների դիմել, որոնք կապւած կը լինեն սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման հետ: Մինչդեռ այդ կառավարութիւնը դիմում է պոպուլիզմի օգնութեանը, որում լիարժէք տեղաւորւում է «նախորդի հետ հաշիւները պարզելու» մօտեցումը: Այնուամենայնիւ, ստրատեգիական առումով այս կառավարութիւնը մեծ խնդիրների առաջ է կանգնում:

Նախ առաջանում է ընտրովի արդարադատութեան հարցը: Քոչարեանը ուժ է կիրառել 2008 թւականի ցուցարարների դէմ: Բայց 1996 թ. նոյն ճանապարհով է գնացել նաեւ Լեւոն Տէր-Պետրոսեանը: Վերջինիս անցկացրած ընտրութիւնները մաքուր չէին, հարթ չէին: Դա նշանակու՞մ է արդեօք, որ նրա նկատմամբ եւս պէտք է դատական պրոցես սկսւի: Նրա հետ մէկտեղ նաեւ Սերժ Սարգսեանի նկատմամբ գործ յարուցւի, քանի որ նա նոյնպէս իր քաղաքական հակառակորդների կողմից մեղադրւել է իշխանութեան իւրացման մէջ: Բայց ի՞նչ տեսք կունենայ այն պետութիւնը, որի լիդերներից իւրաքանչիւրը պաշտօնը թողելուց յետոյ կուղարկւի մեղադրեալների աթոռին նստելու: Եւ նկատենք, այսօր Քոչարեանի ու Խաչատուրովի հանդէպ մեղադրանքի խստութիւնը  չի կարող համեմատւել «Սասնայ ծռեր»-ի նկատմամբ  դատական մեղմ վերաբերմունքի հետ:

Բացի այդ, 2008 թ. մարտի 1-ի դէպքերը մասնատում են հանրութեանը: Ողբերգութիւնները պէտք է յաղթահարել միասնաբար, ազգովի, չհակադրելով հասարակութեան մի խմբին միւսի դէմ: 

Չէ՞ որ մի խումբ հայերի համար Քոչարեանը յանցագործ է, իսկ միւսների համար` չճանաչւած Արցախի առաջին նախագահը , ով անցել է 1991-1994 թթ. պատերազմի դժւարութիւնների միջով, այն դէպքում, երբ այսօրւայ նրա քննադատները այդ ժամանակ դեռ դպրոցական են եղել:

Եւ Հայաստանի նոր իշխանութիւնները պէտք է իրենց հաշիւ տան, որ «Քոչարեանի զանգը» իրենց էլ է խփելու: Նրանց իւրաքանչիւր սխալն ու տապալումը կարող է բերել նոր իշխանութիւնների ժողովրդականութեան ու հեղինակութեան անկմանը:

Եւ այդ ժամանակ, չի բացառւում, որ նոր իշխանութիւնների քաղաքական հակառակորդները կը վարւեն նոյն ձեւով` բաց քրէական գործեր յարուցելով ու մեղադրանքներ ներկայացնելով: Եւ իշխանութեան անցումը մի ձեռքից միւսը կարող է տեղի ունենալ չկարգաւորւած ԼՂ հակամարտութեան եւ հայ-ադրբեջանական սահմանին անկայունութեան մեծացմամբ»:

«yerkir.am»

Յարակից լուրեր

  • «Հրապարակ». «ՀԱՊԿ-ում ձախողումները փորձում են բարդել Շաւարշ Քոչարեանի վրայ»
    «Հրապարակ». «ՀԱՊԿ-ում ձախողումները փորձում են բարդել Շաւարշ Քոչարեանի վրայ»

    «Հրապարակ»-ը գրում է. «Իշխանութիւններին հեշտ ժամանակներ չեն սպասւում. բացի նախընտրական թոհուբուհից, դեկտեմբերի 9-ի նախօրեակին՝ դեկտեմբերի 6-ին, ԵԱՏՄ երկրների ղեկավարների համաժողովն է, որտեղ քննարկւելու-որոշւելու է ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարի հարցը։

  • Խաղաղութեան գինը
    Խաղաղութեան գինը

    Խաղաղասիրութիւնը քաղաքակրթութեան նւաճումներից է: Հայ ժողովուրդը, անմասն չլինելով քաղաքակրթական նւաճումներից, մեծագոյն հաւատ եւ փափագ ունի խաղաղութեան հաստատման ու պահպանման հարցում: Մենք խաղաղասէր ժողովուրդ ենք, հազարամեակներ շարունակ մասնակցելով պատերազմների շատ քիչ են դէպքերը, երբ մենք ենք այն սկսել: Ընդ որում՝ խաղաղասէր ենք եղել ոչ միայն թոյլ եղած ժամանակ, այլեւ՝ ուժեղ պետականութեան հանգրւաններում:

  • ՀՀ ԱԳՆ. «Իրանը Հայաստանի կարեւոր գործընկերն է»
    ՀՀ ԱԳՆ. «Իրանը Հայաստանի կարեւոր գործընկերն է»

    Մենք յստակ որոշել ենք մեր դիրքորոշումը, այսինքն` սա մեզ համար չափազանց զգայուն հարց է, քանի որ Իրանը Հայաստանի կարեւոր գործընկերն է, որի հետ մենք ունենք լաւ կարգաւորւած երկկողմ օրակարգ, եւ այն չափազանց կարեւոր է տարածաշրջանի ներկայիս իրողութիւնների համատեքստում:

  • Իրանեան պատժամիջոցների քաղաքականութեան հարցերով ամերիկեան փորձագէտներն այցելել են Հայաստան
    Իրանեան պատժամիջոցների քաղաքականութեան հարցերով ամերիկեան փորձագէտներն այցելել են Հայաստան

    ԱՄՆ պետքարտուղարութեան եւ գանձապետարանի միջգերատեսչական փորձագիտական խումբը նոյեմբերի 15-16-ին Երեւանում էր՝ հայաստանեան կառավարութեան ու բիզնեսի գործընկերների հետ քննութեան առնելու Իրանի դէմ ուղղւած պատժամիջոցների քաղաքականութիւնը:

  • «Կոմերսանտ». «Մինսկը եւ Երեւանը իրենց վէճը հրապարակային են դարձրել»
    «Կոմերսանտ». «Մինսկը եւ Երեւանը իրենց վէճը հրապարակային են դարձրել»

    Ռուսական «Կոմերսանտ»-ն անդրադարձել է ՀԱՊԿ-ի շուրջ վերջին զարգացումներին: 

    Թերթը գրում է, որ Բելառուսիայի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկօն օրերս Բելառուսիայում Ադրբեջանի դեսպան Լաթիֆ Գանդիլովի հետ հանդիպման ժամանակ քննարկել է ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարի հարցը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։