Հա

Քաղաքական

31/07/2018 - 12:10

Show must go on

«Քաղաքացիական պայմանագրի» քաղաքապետի թեկնածուն վերջերս կուսակցութեանն անդամակցած դերասան Հայկ Մարութեանն է` Նիկոլ Փաշինեանի մասնակցութեամբ` վարչութեան՝ մի քանի ժամ տեւած նիստից յետոյ յայտնել է ԱԺ պատգամաւոր Ալէն Սիմոնեանը։ 

«alikonline.ir» - «Քաղաքացիական պայմանագրի» քաղաքապետի թեկնածուն վերջերս կուսակցութեանն անդամակցած դերասան Հայկ Մարութեանն է` Նիկոլ Փաշինեանի մասնակցութեամբ` վարչութեան՝ մի քանի ժամ տեւած նիստից յետոյ յայտնել է ԱԺ պատգամաւոր Ալէն Սիմոնեանը։ Գրում է «irates.am»-ը:

«Ընտրութիւնը տեղի է ունեցել երկու փուլով։ 

Երկրորդ փուլ են անցել Հայկ Մարութեանը եւ Ալէն Սիմոնեանը: Երկրորդ փուլով «Քաղաքացիական պայմանագրի» առաջին համար է ընտրւել իմ ընկեր Հայկ Մարութեանը»,- ասել է Ալէն Սիմոնեանը։ ՔՊ-ից 4 հոգի էր ինքնաառաջադրւել քաղաքապետի թեկնածու՝ պատգամաւոր Ալէն Սիմոնեանը, դերասան Հայկ Մարութեանը, սոցիալական հարցերի փոխնախարար Զարուհի Բաթոյեանը եւ վարչապետի օգնական Սրբուհի Ղազարեանը: Երեւանը քաղաքապետ չունի յուլիսի 9-ից՝ մայրաքաղաքը 7 տարի ղեկավարած Տարօն Մարգարեանի հրաժարականից յետոյ։ Յուլիսի 16-ին արտահերթ նիստում աւագանին իր կազմից նոր քաղաքապետ չընտրեց, թէեւ թեկնածու ունէր` Զարուհի Փոստանջեանը:

Նիստը տապալւեց` քւորում չկար: Այժմ կառավարութիւնը պէտք է ցրի աւագանին ու նշանակի արտահերթ ընտրութիւններ: Երեւանի մասին օրէնքով` արտահերթ ընտրութիւնն անցկացւում է աւագանու լիազօրութիւնների ժամկէտը կրճատելուց յետոյ ոչ շուտ, քան 30, եւ ոչ ուշ, քան 40 օրում:

Հայկ Մարութեանին կողմ է քւէարկել 8, Ալէն Սիմոնեանին` 5 հոգի:

Կարգին Հայկօն Նիկոլ Փաշինեանի թեկնածուն է, որ յեղափոխութիւնից յետոյ անդամագրւեց ՔՊ-ին` մինչ այդ ելոյթներ ունենալով Հանրապետութեան հրապարակում` ապահովելով շոու բիզնեսի ներկայութիւնը յեղափոխութեանը:

Ի՞նչ քաղաքապետ կարող է լինել Կարգին Հայկօն: Այս ընտրութիւնը ծաղր չէ՞ մի մայրաքաղաքի համար, որ պետութեան կէսն է: Ինքը` Հայկ Մարութեանը հասկանո՞ւմ է` ի՞նչ է ասում, երբ ընտրութիւնից յետոյ յայտարարում է` «Երեւանի քաղաքապետը չպէտք է լինի պաշտօնեայ»: Իսկ ո՞վ պէտք է լինի: «Նա պէտք է լինի լինի ձեզնից մէկը, մեզնից մէկը, մեր քաղաքի ժողովրդից մէկը: Եթէ, իհարկէ, մենք յաղթենք այս ընտրութիւններում, ես լինելու եմ ձեզնից մէկը եւ այդ աչքերով ենք նայելու մեր քաղաքին եւ այդ աչքերով բոլորով միասին մեր քաղաքը բերելու ենք այն վիճակին, ինչը բոլորս ենք ցանկանում, որ մենք բոլորս հպարտանանք: Ես, այսպէս ասած, թեւերս քշտած մեր երեւանցիների հետ միասին պէտք է լուծեմ մեր Երեւանի խնդիրները: Ես այդպէս եմ ընկալում այդ պաշտօնը»:

Այսինքն` շոուն շարունակւում է` յեղափոխութիւնն ասպարէզ է բերում ու առանցքային պաշտօններ տալիս մարդկանց, որ միայն մէկ որակ ունեն` ապաքաղաքակա՞ն են, բայց ՔՊ անդամ: Կառավարման ունակութիւնների մասին նրանց պատկերացումը հենւում է յայտնի ասոյթի վրայ` «Գործեր կան, որ անելով են սովորում», բայց այդ ասոյթը ունի շարունակութիւն`«Գործեր կան, որ մինչեւ չսովորեն` չեն արւում»: Հիմա Հայաստանը փորձադա՞շտ է: Միւս կողմից` ՔՊ-ն բացայայտօրէն ընտրութիւն չունէր` կամ Ալէն Սիմոնեանը, կամ Հայկ Մարութեանը: Ըստ ամենայնի` նորակազմ կուսակցութիւնն արդէն այնքան է կարծրացել, որ նոր թեկնածուների չի կարողանում առաջադրել: Ալէն Սիմոնեանին նախապատրաստում են ապագայ ԱԺ նախագահի դերին, իսկ քաղաքապետը մնում է Կարգին Հայկոն: Բայց նոյնիսկ միջին մակարդակի դերասանը պիտի իմանար, որ քաղաքականութիւն է մտնում, որտեղ ամէն խօսքը գին ու հետեւանք ունի, որտեղ գերկուշտ են սոփեստութիւնից ու պոպուլիզմից ու աշխատանք են ուզում: Առնւազն:

Յայտարարութիւնը` «Ես ձեզնից մէկն եմ», երեւանցուն այլեւս ոչինչ չի ասում, ընդամէնը վկայում է, որ ինքն էլ չգիտի` ուր է գնում ու ինչի համար: Շարքային երեւանցուն պէտք չէ քաղաքապետ, որ ընդամենը իր աչքերով է նայելու քաղաքին ու «քաղաքը բերելու է այն վիճակին, ինչը բոլորս ենք ցանկանում»: Բոլորիս ցանկութիւնը այնքան մաշւած ու հալից ընկած պատկերացում է, որ նոյնիսկ Նիկոլ Փաշինեանի հեղինակութիւնը չի փրկի ու բովանդակութիւն չի հաղորդի: Երեւանցուն կոնկրետ ծրագիր է պէտք ու այդ ծրագիրը կատարելու մեխանիզմ: Ոչ թէ հպարտութիւն, այլ նորմալ գործող ենթակառուցւածքներ ու յարմարաւէտութիւն: Եվ փաստը, որ Նիկոլ Փաշինեանի մասնակցութեամբ ՔՊ վարչութեան նիստում մայրաքաղաքի քաղաքապետի թեկնածու է ընտրւում Կարգին Հայկօն, վկայում է, որ ՔՊ-ն չունի ոչ մարդկային, ոչ քաղաքական ռեսուրսներ եւ ապավինում է միայն համաժողովրդական աջակցութեանը: Իսկ դա ամենաանկայուն ռեսուրսն է` վաղը ոչ թէ Հայկ Մարութեանից, այլ նրան ընտրած Նիկոլ Փաշինեանից են պատասխան պահանջելու: Երեւանը հազարաւոր խնդիրներ ունի, որոնց լուծումը դերասանական միջին ունակութիւններից բացի` պահանջում է աշխատանքային փորձ ու տնտեսավարման ունակութիւններ: Կարգին Հայկոյի ընտրութիւնը վկայում է, որ թաւշեայ յեղափոխութիւնը իր էլիտար հատւածում մնում է շոուի մակարդակին: Ցաւօք: Ու դա ուղղւելու է հէնց յեղափոխութեան դէմ:

Անահիտ Ադամեան

 

Յ.Գ. Ոմանք կարծում են, որ Կարգին Հայկոյին Երեւանի քաղաքապետի թեկնածու առաջադրելը փակեց «Ելք» դաշինքի գոյութեան-չգոյութեան հարցը: Իրականում միանգամայն հակառակն է` այդ ընտրութիւնը հաստատում է, որ ՔՊ-ն միայնակ քաղաքականութեան մէջ չի կարողանում ապահովել քաղաքականութեան ներկայութիւնը ու քաղաքական լուծումների հնարաւորութիւնը եւ ԱԺ արտահերթ ընտրութիւններից առաջ իրաւունք չունի համաժողովրդական հեղինակութեան ու գերբարձր վարկանիշի հետ խաղեր տալ` միայնակ գնալով այնտեղ` չիմանալով որտեղ, բերելու` չգիտի` ինչ: Թէպէտ այդ ընկալումը էյֆորիան չյաղթահարած ՔՊ-ականների համար նոյնն է, ինչ որեւէ մէկը կանգնի ու նրանց ասի` «Դուք կապ չունէք, մէկ է, արեւն ամէն օր արեւելքից է ծագելու ու արեւմուտքում մայր մտնելու»: Նրանք դա կը վիճարկեն ու վարչութեան աղմկոտ ու տեւական նիստ կանեն` որոշելու արեւածագի ու մայրամուտի տեղն ու ժամը: Իսկ ընդհանրապէս Կարգին Հայկոյին արժի ձայն տալ միայն մէկ դէպքում, երբ կարգին քաղաքապետի խօսք տայ, որ հեռուստաէկրանից մէկընդմիշտ կանհետանայ իր ձանձրալի ու տաֆտոլոգիայի մէջ խրւած նախայեղափոխական կերպարը:

Յարակից լուրեր

  • Ժողովրդին մեղադրելու արւեստը
    Ժողովրդին մեղադրելու արւեստը

    Ով ինչ ուզում է ասի,  մեր ժողովուրդը միշտ լաւն է ու այդպէս էլ պիտի լինի։ Սա այսպէս է, որովհետեւ մեր ժողովուրդը մեր ուժի, մտքի, աշխատանքի եւ ստեղծագործութեան միակ աղբիւրն է։ Սա այսպէս է, որովհետեւ ժողովուրդը մեր անցեալի, ներկայի ու ապագայի թէ՚ ներշնչարանն է եւ թէ ապաւէնը։ Եւ լինենք անկեղծ ու խոստովանենք, թէ  այս համոզումն ու հաւատքը հետեւողականապէս ունեցել է եւ ունի միայն Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը։

  • Ասք 800 հազար անբանի, 350 հազար ճռռացողի եւ վարչապետի տւայտանքների մասին
    Ասք 800 հազար անբանի, 350 հազար ճռռացողի եւ վարչապետի տւայտանքների մասին

    Եթէ մարդ չգիտենայ, թէ գործազրկութեան համար ինչքան նպաստ է ստանում մէկ ընտանիքը, Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան նկատմամբ կը լցւի անհուն երախտագիտութեամբ. ուրիշ այդ ո՞ր պետութիւնն է բնակչութեան գրեթէ 30 տոկոսին (ըստ վարչապետ Փաշինեանի՝ 800 հազար մարդ) վճարում գործազրկութեան նպաստ: 

  • Դատելով Նիկոլ Փաշինեանի խօսքերից` նա լուծման ձեւերը դեռ այնքան էլ չի պատկերացնում
    Դատելով Նիկոլ Փաշինեանի խօսքերից` նա լուծման ձեւերը դեռ այնքան էլ չի պատկերացնում

    Քանի որ մեր յարգարժան վարչապետի պաշտօնակատարը 800,000 «պորտաբոյծների» մասին կարեւոր յայտնագործութիւն արեց, երէկ էլ մեծ մասդ հասցրեցիք ձեր կարծիքը դրա մասին բուռն արտայայտել, մի քանի միտք էլ ես ձեր հետ կիսւեմ։

  • Ինչպէ՞ս խօսել հայրենադարձութեան մասին, եթէ հայրենադարձութեան հայեցակարգ չկայ. Ռուզաննա Առաքելեանի հարցը` Փաշինեանին
    Ինչպէ՞ս խօսել հայրենադարձութեան մասին, եթէ հայրենադարձութեան հայեցակարգ չկայ. Ռուզաննա Առաքելեանի հարցը` Փաշինեանին

    ԱԺ ՀՅԴ խմբակցութեան պատգամաւոր Ռուզաննա Առաքելեանն այսօր ԱԺ նիստի ընթացքում ՀՀ վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանի հետ հարցուպատասխանի շրջանակներում ուշադրութիւն հրաւիրեց հայաստանեան մարզերի եւ գիւղերի վիճակին` հնչեցնելով երկու հարց:

  • Նիկոլենց «իզմ»-ի հետքերով
    Նիկոլենց «իզմ»-ի հետքերով

    «Իզմ»-երու ժամանակաշրջանը անցած է, յայտարարած էր Փաշինեան, ու խուսափած ինքզինք ու իր ղեկավարած ուժը գաղափարական առումով դասակարգելէ։ Անցումային շրջանի շեմին՝ գուցէ կարելի էր ժամանակաւորապէս անտեսել այդ անհեթեթ խուսանաւումը. քաղաքական կեանքի բնականոնացման եւ մօտալուտ ամբողջական իշխանափոխութեան լոյսին տակ, սակայն, էապէս կարեւոր է պարզել առաջատար ուժի գաղափարական ու արժէհամակարգային ընկալումները։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։