Հա

Քաղաքական

01/08/2018

Սերջօ Մատարելլան կարեւորել է հայ-իտալական համագործակցութեան ընդլայնումը ամենատարբեր ոլորտներում

Երէկ, յուլիսի՝ 31-ին պետական այցով Հայաստանում գտնւող Իտալիայի նախագահ Սերջօ Մատարելլան հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի, ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյեանի եւ ՀՀ Մշակոյթի նախարար Լիլիթ Մակունցի հետ: Հանդիպումները կայացել են ընդլայնւած կազմով:

«alikonline.ir» - Երէկ, յուլիսի՝ 31-ին պետական այցով Հայաստանում գտնւող Իտալիայի նախագահ Սերջօ Մատարելլան հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի, ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյեանի եւ ՀՀ Մշակոյթի նախարար Լիլիթ Մակունցի հետ: Հանդիպումները կայացել են ընդլայնւած կազմով:

Ողջունելով հիւրերին ՀՀ Ազգային ժողովում` ՀՀ խորհրդարանի ղեկավար Արա Բաբլոյեանը յոյս է յայտնել, որ Սերջօ Մատարելլայի այցը նոր լիցք կը հաղորդի հայ-իտալական բազմադարեայ յարաբերութիւններին:

Բաբլոյեան-Մատարելլա այցի ժամանակ քննարկւել է երկկողմ խորհրդարանական դիւանագիտութեան զարգացումը եւ բարեկամական խմբերի գործունէութեան խթանման հարցերը, Հայաստան-Եւրոմիութիւն Համապարփակ եւ ընդլայնւած գործընկերութեան համաձայնագիրը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգաւորման գործընթացի կարեւորութիւնը, ինչպէս նաեւ միջխորհրդարանական հարթակներում արդիւնաւէտ համագործակցելու անհրաժեշտութեանը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգաւորման գործընթացին՝ Ազգային ժողովի նախագահը բարձր է գնահատել այս հարցում Իտալիայի Հանրապետութեան հավասարակշռւած դիրքորոշումը:

Խորհրդարան այցից յետոյ, Իտալիայի նախագահին ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը: Նա ողջունել է Իտալիայի նախագահի այցը Հայաստան եւ համոզմունք յայտնել, որ այն կը նպաստի հայ-իտալական յարաբերութիւնների նոր՝ աւելի բարձր մակարդակի բարձրացմանը: «Ուրախ եմ Ձեզ ողջունել, ինչպէս հիմա ընդունւած է ասել, նոր Հայաստանում: Մենք այսօր իրականացնում ենք կարեւոր, պատմական ժողովրդավարական փոփոխութիւններ, յոյս ունեմ, որ Ձեր այցի ընթացքում զգացել եք այդ փոփոխութիւնների ու լաւատեսութեան շունչը: Բարձր ենք գնահատում Հայաստանի եւ Իտալիայի միջեւ առկայ բարեկամութիւնը եւ պատրաստ ենք ջանքեր գործադրել երկկողմ կապերի հետագա զարգացման ու ամրապնդման ուղղութեամբ»,- ասել է Նիկոլ Փաշինեանը:

Սերջիօ Մատարելլան իր հերթին շնորհակալութիւն է յայտնել ջերմ ընդունելութեան համար եւ կարեւորել երկու երկրների համագործակցութեան ընդլայնումը տարբեր ոլորտներում: «Մեր ժողովուրդներին միմեանց է կապում ամուր բարեկամութիւնը եւ մենք անհրաժեշտ ենք համարում Իտալիայի եւ Հայաստանի գործընկերութեան էլ աւելի զարգացումը»,- ասել է Իտալիայի նախագահը՝ յաւելելով, որ հայ եւ իտալացի ժողովուրդները համարւում են հնագոյն քաղաքակրթութեան ներկայացուցիչներ, ինչը հանդիսանում է երկկողմ կապերի խթանման լաւ հիմք:

Զրուցակիցները քննարկել են երկուստէք հետաքրքրութիւն ներկայացնող տարբեր, այդ թւում՝ տնտեսութեան, պաշտպանութեան եւ հումանիտար ոլորտներում փոխգործակցութեանը վերաբերող հարցեր: Կողմերն ընդգծել են յատկապէս պաշտպանութեան ոլորտում արդիւնաւէտ փոխգործակցութիւնը, մասնաւորապէս Լիբանանում համատեղ խաղաղապահ առաքելութեան շրջանակում:

Անդրադառնալով ղարաբաղեան հակամարտութեանը՝ վարչապետ Փաշինեանը շնորհակալութիւն է յայտնել Իտալիային այդ հարցում հաւասարակշիռ դիրքորոշում ցուցաբերելու եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին աջակցութիւն ցուցաբերելու համար: ՀՀ կառավարութեան ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռւած է հիմնախնդրի խաղաղ կարգաւորմամբ եւ պատրաստ է շարունակել ջանքերը բանակցային գործընթացում:

Սերջիօ Մատարելլան նշել է, որ այսուհետ եւս Իտալիան շարունակելու է իր հաւասարակշռւած քաղաքականութիւնը ԼՂ հակամարտութեան հարցում, այդ թւում՝ ԵԱՀԿ-ում նախագահութեան ընթացքում: Իտալիայի նախագահը վստահեցրել է, որ իր երկիրը կը ներդնի հնարաւոր ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան շրջանակում հիմնախնդրի բացառապէս խաղաղ կարգաւորմանը հասնելու համար: Նա ընդգծել է, որ ԼՂ հակամարտութիւնը չի կարող ունենալ ռազմական լուծում եւ յաւելել, որ այն միայն քաղաքական է:

Այս առումով, Նիկոլ Փաշինեանը եւ Սերջիօ Մատարելլան կարեւորել են տարածաշրջանում կայունութեան ամրապնդումն ու ԼՂ հակամարտութեան կողմերի միջեւ ակտիւ երկխօսութիւնն ու խաղաղութեան մթնոլորտի ձեւաւորումը:

Հայաստանի վարչապետը եւ Իտալիայի նախագահը մտքեր են փոխանակել նաեւ ՀՀ-ԵՄ յարաբերութիւնների հետագայ զարգացման շուրջ: Սերջիօ Մատարելլան վստահեցրել է, որ կը ներդնի բոլոր ջանքերը, որպէսզի Իտալիայի խորհրդարանում հնարաւորինս շուտ վաւերացւի Հայաստանի ու Եւրոմիութեան միջեւ Համապարփակ եւ ընդլայնւած գործընկերութեան համաձայնագիրը:

Հանդիպումից յետոյ Նիկոլ Փաշինեանը եւ Սերջիօ Մատարելլան քննարկումները շարունակել են աշխատանքային ճաշի ընթացքում: Նոյն օրը, Իտալիայի Հանրապետութեան նախագահ Սերջիօ Մատարելլան հանդիպել է ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանին եւ ՀՀ նախագահին՝ պարգեւատրել է Իտալիայի Հանրապետութտան բարձրագույն պարգեւով՝ «Մեծ խաչի ասպետ» ժապաւէնակիր շքանշանով: Այնուհետեւ երկու նախագահները ներկայ են գտնւել Հայաստանի ազգային պատկերասրահ ժառանգութեան պահպանման, կառավարման եւ արժեւորման տարածաշրջանային կենտրոնի բացմանը:

Իտալական պատւիրակութեան այցի շրջանակում նախատեսւած էր, նաեւ այցելութիւն Մարտիրոս Սարեանի տուն-թանգարանը եւ Ծիծեռնակաբերդ:

Յատկանշական է, որ Իտալիայի նախագահ Սերջիօ Մատարելլան եղեւնի է տնկել Ծիծեռնակաբերդի յուշահամալիրի յիշողութիւնների պուրակում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։