Յուլիսի 31-ին, «Հայ ազգային կոնգրես» կուսակցութեան անդամ Զոյեա Թադէոսեանը լրագրողներին ասել էր, թէ Արցախի ազատագրւած տարածքները գրաւեալ տարածքներ են, եւ դրանք պէտք է վերադարձնել Ադրբեջանին, եթէ հիմնախնդրի լուծումը դա է պահանջում:
«alikonline.ir» - Յուլիսի 31-ին, «Հայ ազգային կոնգրես» կուսակցութեան անդամ Զոյեա Թադէոսեանը լրագրողներին ասել էր, թէ Արցախի ազատագրւած տարածքները գրաւեալ տարածքներ են, եւ դրանք պէտք է վերադարձնել Ադրբեջանին, եթէ հիմնախնդրի լուծումը դա է պահանջում:
ՀՅԴ Արցախի ԿԿ-ն այդ կապակցութեամբ նիստ է գումարել, որի աւարտին ՀՅԴ Արցախի կառոյցի ներկայացուցիչ Դաւիթ Իշխանեանը «Ապառաժ»-ին տեղեկացրել է ԿԿ որոշման մասին:
«Տիկին Թադէոսեանի հնչեցրած տեսակէտի առիթով բազմաթիւ կոշտ արձագանգներ են եղել թէ՛ Արցախում եւ թէ՛ Հայաստանի Հանրապետութիւնում:
Անցած տասնամեակների ընթացքում մենք բազմիցս անդրադարձել ենք նման յայտարարութիւնների: Սակայն այդ տեսակէտները երբեմն դիտարկւում էր որպէս զգացական: Պէտք է խոստովանենք, որ անցեալում այս կարգի տեսակէտներ ներկայացնող քաղաքական գործիչների կամ անձերի նկատմամբ քրէական գործընթաց եւ համապատասխան պատժամիջոցներ չեն կիրառւել: Գուցէ դա մեր թերութիւնն է եղել: Ստեղծւած է նոր իրավիճակ. օրէնքների գերակայութեան սկզբունքը նկատի ունենալով՝ ՀՅԴ Արցախի ԿԿ-ն համապատասխան քայլեր է ձեռնարկելու իրաւական գործընթաց սկսելու համար:
Տիկին Թադէոսեանի հնչեցրած տեսակէտը ԱՀ Սահմանադրութեանը դէմ գնալու կոչ է: Այդ կոչով վտանգւում է Արցախի տարածքային ամբողջականութիւնը եւ Արցախի ինքնիշխան պետութիւն լինելու հանգամանքը:
Մեզ չի բաւարարում քաղաքական ուժերի եւ անհատների քաղաքական գնահատականները: ՀՅԴ Արցախի ԿԿ-ն որոշել է հարցը տեղափոխել իրաւական եւ քաղաքական դաշտ: Պաշտօնական գրութեամբ դիմելու ենք Արցախի Հանրապետութեան նախագահին՝ որպէս ԱՀ Սահմանադրութեան երաշխաւոր, եւ ԱՀ դատախազութիւնից պահանջելու ենք համապատասխան միջոցներ ձեռնարկել»: