Հա

Քաղաքական

02/08/2018

«Գնդակահարւած» ֆուտբոլային քաղաքականութիւն. ո՞վ սպիտակ դրօշ կը բարձրացնի

Հայկական ու թուրքական լրատւամիջոցներն ակտիւօրէն քննարկում են վարչապետ Նիկոլ Փաշինեանի յայտարարութիւն այն մասին, որ նա պատրաստ է Թուրքիայի հետ երկխօսութեան գնալ ու նաեւ բացել սահմանը։ Ըստ էութեան, Փաշինեանը ոչ մի նոր բան չի ասել. յարաբերութիւնների կարգաւորման մասին նման առաջարկութիւն Սերժ Սարգսեանը դեռ տասը տարի առաջ էր հնչեցրել։

«alikonline.ir» - Հայկական ու թուրքական լրատւամիջոցներն ակտիւօրէն քննարկում են վարչապետ Նիկոլ Փաշինեանի յայտարարութիւն այն մասին, որ նա պատրաստ է Թուրքիայի հետ երկխօսութեան գնալ ու նաեւ բացել սահմանը։ Ըստ էութեան, Փաշինեանը ոչ մի նոր բան չի ասել. յարաբերութիւնների կարգաւորման մասին նման առաջարկութիւն Սերժ Սարգսեանը դեռ տասը տարի առաջ էր հնչեցրել։ Գրում է «armeniansputnik.am»-ը:

Թուրքական մամուլում ակտիւօրէն քննարկւում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի յայտարարութիւնը առանց նախապայմանները Թուրքիայի հետ երկխօսութիւն սկսելու պատրաստակամութեան մասին։ Դրա մասին գրել են գրեթէ բոլոր թուրքական առաջատար, միջին ու անյայտ լրատւամիջոցները, անպայման մէջբերելով Փաշինեանի խօսքերն այն մասին, որ Հայաստանը երբեք չի փակել հայ-թուրքական սահման ու այն Թուրքիայի դիրքորոշման պատճառով է փակ։

Հարեւան երկրի մամուլը նշում է, որ վարչապետ ընտրւեց յետոյ Փաշինեանն իր առաջին այցը Արցախ է կատարել ու այստեղ տրամաբանական շղթան ուղղորդել դէպի նուրբ ակնարկ առ այն, որ հնարաւոր է Թուրքիան միջնորդի դեր ունենայ արցախեան կարգաւորման հարցում։ Ճիշտ է`միանգամից մէջբերում են Փաշինեանի յայտարարութեան մէկ այլ հատւած այն մասին, որ Հայաստանի ու Թուրքիայի յարաբերութիւնները չպէտք է կախվածութեան մէջ լինեն երրորդ երկրից, այսինքն` Ադրբեջանից։

Արդէն քանի անգամ են ասել աշխարհին, որ Թուրքիան արցախեան կարգաւորման հարցում անելու բան չունի, ու շահագրգռւած կողմերից մէկը կտրականապէս դէմ է թուրքական կողմի ցանկացած մասնակցութեանը։ Սակայն գայթակղութիւնն այնքան մեծ է, որ նոյնիսկ ընդդիմադիր քաղաքական գործիչներն են խօսում այն մասին, որ ցանկալի կը լինէր` Թուրքիան մասնակցեր բանակցային գործընթացին, օրինակ, Ժողովրդահանրապետական կուսակցութեան անդամ Մուսթաֆա Սարիգուլը, որը ժամանակին ղեկավարում էր զգալի հայ բնակչութիւն ունեցող Ստամբուլի Շիշլի շրջանը։

Արցախեան կարգաւորման հարցում Թուրքիային մինչ այժմ չէին սպասում, ու չեն սպասում, եթէ իհարկէ Հայաստանի արտաքին քաղաքականութեան մէջ կտրուկ շրջադարձ չի եղել։ Դատելով վարչապետ Նիկոլ Փաշինեանի խօսքից՝ մայիսից մինչ օրս արած նրա յայտարարութիւններից, ոչ մի շրջադարձ չկայ, այնպէս որ՝ այդ առումով ամէն ինչ իր տեղում է մնում։

Իսկ իրականում Փաշինեանը ոչ մի նոր բան չի ասել. Սերժ Սարգսեանը տասը տարի առաջ նման մօտեցում էր ցուցաբերել՝ ձեռնարկելով «ֆուտբոլային դիւանագիտութիւնը»։ Թէ դրանից ինչ ստացւեց, բոլորին յայտնի է, այսպէս կոչւած «ցիւրիխեան արձանագրութիւնները» չեղարկւեցին, իսկ թուրքական քաղաքականութիւնն իր նախապայմաններով հրապարակայնօրէն «գրողի ծոցն» ուղարկւեց։

Այն, որ Փաշինեանը կրկին խօսեց առանց նախապայմանների յարաբերութիւններ կարգաւորելու մասին, վկայում է միայն այդ գործընթացը վերականգնելու պատրաստակամութեան մասին։ Այդ յայտարարութիւնը նշանակում է, որ նոր իշխանութիւնը վերջնականապէս չի թաղում հայ-թուրքական յարաբերութիւնների հնարաւորութիւնը։ Դրանում դրական բան կայ, առաջին հերթին Հայաստանի ու դրա նոր իշխանութիւնների միջազգային ի միջի համար։

Մի կողմն թողնենք թուրքական մամուլն ու դրա արձագանքը, պաշտօնական Անկարան լռում է այդ նախաձեռնութեան մասին։ Սա հաստատում է նաեւ ՀՀ ԱԳՆ-ն։

Թուրքիան պատրաստ չէ բացել սահմանն առանց նախապայմանների։ Այս մասին յայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայեանը։

Նա նշում է, որ ՀՀ գերատեսչութիւնում ուշադիր հետեւում են ԶԼՄ-ների հրապարակումներին, սակայն Թուրքիան այն երկիրը չէ, որտեղ քաղաքականութիւն են իրականացնում` հաշւի առնելով մամուլի արձագանքը։ «Եթէ թուրքական իշխանութիւնները համապատասխան ազդակներ ուղղեն, մենք կը դիտարկենք դրանք։ Տւեալ պահին դրանք չկան»,- ասաց Բալայեանը։

Ահա այսպիսի՝ Թուրքիայի կողմից «գնդակայ»հարւած ֆուտբոլային քաղաքականութիւն: Դա իհարկէ Հայաստանի կողմից ազնւական ժեստ է` բարեկամութեան ձեռք մեկնել լռող հարեւանին։ Միայն թէ հարց է առաջանում, արդեօ՞ք արժէ։ Արժէ արդեօ՞ք նոյն վերաբերմունքին արժանանալ։

Քանի որ Թուրքիան իր լռութեամբ հասկացնում է, որ իր դիրքորոշումը չի փոխւելու այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը փաստացի չյանձնւի։ Սակայն Հայաստանը չի պատրաստւում սպիտակ դրօշ բարձրացնել։

Ու հայ-թուրքական սահմանի բացումն այսօր աւելի շատ վտանգ ու լարւածութիւն է պարունակում, քան շահոյթ։ Դա, իհարկէ, առանձին թեմա է, սակայն թուրքական լւացքի փոշիները, օճառն ու լոլիկները նոյնիսկ փակ սահմանների դէպքում լաւ էլ հասնում են Հայաստան, իսկ դրանից աւելի ներկրելը կարող է վատ հետեւանքներ ունենայ։

Տեսանելի ապագայում, համենայն դէպս։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։