Հա

Քաղաքական

02/08/2018 - 12:20

Չի անցնի. ինչո՞ւ է Լեւոն Տէր-Պետրոսեանի կուսակցութիւնը կրկին խօսում «հողեր յանձնելուց»

Վերջին շրջանում ակտիւացել են նրանք, ովքեր փորձում էին միառժամանակ իրենց գոյութեան մասին չաղաղակել։ Օրինակ, ՀԱԿ-ի ներկայացուցիչները, հաւանաբար, մինչ օրս ամաչում էին առանց խոշորացոյցի չերեւացող իրենց փոքր տոկոսներից, որոնք հաւաքել էին անցեալ ընտրութիւնների ժամանակ, իսկ այժմ չգիտես ինչու որոշել են ստուգել իրենց հանրաճանաչութեան մակարդակը։ 

«alikonline.ir» - Վերջին շրջանում ակտիւացել են նրանք, ովքեր փորձում էին միառժամանակ իրենց գոյութեան մասին չաղաղակել։ Օրինակ, ՀԱԿ-ի ներկայացուցիչները, հաւանաբար, մինչ օրս ամաչում էին առանց խոշորացոյցի չերեւացող իրենց փոքր տոկոսներից, որոնք հաւաքել էին անցեալ ընտրութիւնների ժամանակ, իսկ այժմ չգիտես ինչու որոշել են ստուգել իրենց հանրաճանաչութեան մակարդակը։ Գրում է «armeniansputnik.am»-ը:

Երբ ոմն Զոյա Թադէոսեանը, կամ նեղ շրջանակներում նոյնքան լայն յայտնի որեւէ մէկը, ինչ-որ բան է յայտարարում, թող որ դրա բովանդակութիւնը զայրացնող է, պէտք չէ այդ յայտարարութիւնները համաժողովրդական քննարկումների թեմա դարձնել, գոնէ այն պատճառով, որ չգովազդւի այդ ամէնը։ Միւս կողմից` ձեւացնել, թէ ոչինչ տեղի չի ունեցել, նոյնպէս չի ստացւում, յատկապէս, երբ զայրոյթով լի ես։

Տիկին Թադէոսեանն, ինչպէս յայտնի է, երեքշաբթի հրաւիրւած մամուլի ասուլիսի ժամանակ վստահութիւն յայտնեց, որ արցախեան հակամարտութիւնը հնարաւոր է կարգաւորել տարածքներից հրաժարւելու ճանապարհով, տարածքներ, որոնք, տիկին Թադէոսեանի կարծիքով, պատմական հայկական հողեր չեն։ Շապիկ չենք պատռելու եւ պատմական վիճաբանութեան մէջ մտնելու, առաւել եւս, որ տիկինն այլ նպատակ էր հետապնդում։

Արդէն իսկ արձագանք է ստացւել Արցախից։ ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դաւիթ Բաբայեանը բնութագրել էր դա, որպէս «ազգային շահերի քաղաքական դաւաճանութիւն», իսկ յատուկ յանձնարարութիւնների գծով հանրապետութեան նախագահի ներկայացուցիչ Արշաւիր Ղարամեանը «Facebook»-ի իր գրառման մէջ նշել էր, որ ժամանակն է բոլորին կամք դրսեւորել եւ սեփական վերաբերմունքը յայտնել նման անպատասխանատու յայտարարութիւնների նկատմամբ։

Այժմ տիկին Թադէոսեանի երէկւայ յայտարարութիւնը պարզաբանող վարկածների պակաս չկայ, հասկանալի է, որ դա նրա անձնական նախաձեռնութիւնը չէր, այլ նրա առաջ խնդիր էր դրւած։  Ամէնեւին էլ չհաւակնելով բացայայտելու ճշմարտութիւնը, ենթադրեմ, որ Հայ ազգային կոնգրեսը (որի անդամ է Թադէոսեանը) փաստօրէն հասարակութեան մէջ որեւէ հենք չունենալով` իր մասին յիշեցնելու համար նման յայտարարութիւններ է օգտագործում։

Եթէ չդիտարկենք ֆենթեզիին մօտ ժանրում տարբեր դաւադրային վարկածներ, օրինակ` Հայաստանի դէմ մասոնների համաշխարհային դաւի մասին եւ այլ հիմարութիւններ, իրականութեանը մօտ միայն երկու բացատրութիւն կը մնայ նման թեման հասարակութեանը հրամցնելու համար։

Նոյնիսկ մէկը` միակը։  Այն վարկածը, թէ նոր իշխանութիւնն է նման քաղաքականութիւն տանում, նոյնիսկ ուշադրութեան կարելի է չարժանացնել։ Այլապէս բանակցութիւններում Արցախի մասնակցութեան մասին  վարչապետի յայտարարութիւնները, հաւանական ագրեսորին անհրաժեշտութեան դէպքում ադեկվատ պատասխան տալու պատրաստակամութեան վերաբերեալ պաշտպանութեան նախարարի յայտարարութիւնները, իմաստազրկւում են։ Նոր իշխանութիւնն, իհարկէ, անփորձ է եւ մի շարք հակասական յայտարարութիւններ եւ գործողութիւններ է անում, սակայն նման ակնյայտ ստի չի դիմի նոյնիսկ նախադպրոցական տարիքի մէկը, քաջ գիտակցելով հետեւանքները։ Իսկ վարչապետը վերջերս խոստովանեց, որ չի պատկերացնում, թէ ինչ կարող է լինել Հայաստանում այն իշխանութեան հետ, որը կարող է իրեն նման քայլեր թոյլ տալ։

Սրանից ելնելով, մէկ վարկած է մնում։

ՀՀՇ-ի ժառանգորդ ՀԱԿ-ը` ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանի ծրագիրն է։

Իսկ նա երբեք չի թաքցրել իր անտիպատիան հայկական ազգային արժէքների նկատմամբ։ Նրա ղեկավարութեան տակ նպատակաուղղւած ոչնչացւել է հանրապետութեան ողջ արդիւնաբերութիւնը, կրթութեան մակարդակն անհաւանական ցածր մակարդակի է հասցւել (յանուն արդարութեան նշել է պէտք, որ սա համընդհանուր համաշխարհային միտում է, պարզապէս Հայաստանում նախկին եւ նոր կրթութեան որակի միջեւ անդունդը յատկապէս մեծ եղաւ)։

Տէր–Պետրոսեանը, ամենայն հաւանականութեամբ, կարծում է, որ հայ ժողովուրդը շնորհ կանի, եթէ արցախեան հարցում նահանջի, այսինքն իրենից հանի պատերազմի սպառնալիքը, շրջափակումը, բացի հարեւանների հետ սահմանները, Հայաստանով առեւտրային ուղիների քարաւաններ եւ գազատար ու նաւթատար խողովակներ անցնեն։ Մի խօսքով, կը սկսենք լաւ ապրել։

Չեմ փորձի գուշակել՝ արդեօ՞ք սա ՀԱԿ-ի առաջնորդի եւ նրա համախոհների մոլորութիւնն է, թէ՞ որեւէ մէկի կողմից դրդածը։ Սակայն, եթէ մարդու համար ակնյայտ չէ, որ նրա սցենարի իրականացման դէպքում իսկապէս նոր Հայաստան կառաջանայ, առանց պատերազմների եւ շրջափակման, սակայն՝ նաեւ առանց հայերի, ապա նրան որեւէ բան բացատրելն անօգուտ է։ Հարեւան երկիրն այդ հարցում իրեն բաւական ազնիւ է պահում՝ առանց ակնարկների յայտարարելով, որ նրան պէտք է Արցախն առանց հայերի։ Իսկ այժմ արդէն նաև Երեւանն ու Սիւնիքը` նոյնպէս առանց հայերի։

Գուցէ, տիկին Թադէոսեանի ասածը նպատակ ունէր պարզելու հասարակութեան մէջ այդ հարցի վերաբերեալ առկա տրամադրութիւնները. չէ՞ որ այն միակ նոր գաղափարն է, որով ՀԱԿ-ը կարող է գնալ սպասւող ընտրութիւնների։

Չէ որ ոչ հեռու անցեալում Տէր-Պետրոսեանը, իր կուսակցութեան հետ, արդէն իսկ եղել է իշխող նախագահ, ինչից հանրապետութիւնը երկու տասնամեակ չի կարողանում ուշքի գալ։

Քաղաքական ուժերի ցանկացած դասաւորւածութեան պարագայում ՀԱԿ–ը ապագայ ընտրութիւններում կը մնայ իր անզէն աչքով անտեսանելի տոկոսներով։ Սակայն դրանց ընդհանրապէս չմասնակցել չի կարող, ելնելով իր առաջնորդի հսկայական ամբիցիաներից, իսկ ընտրութիւններին մասնակցելու համար գոնէ ինչ–որ գաղափար է անհրաժեշտ, որը ժամանակի ընթացքում ծրագրային կը դառնայ այդ շարժման համար։ Յոյս ունենալով, որ գուցէ այն անցնի։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։