Հա

Քաղաքական

04/08/2018 - 10:20

Վոլոդիա Յովհաննիսեան. «Մարտի 1-ի զոհերը նաեւ Նիկոլ Փաշինեանի եւ Լեւոն Տէր-Պետրոսեանի խղճին են»

«Ռոբերտ Քոչարեանի եւ մնացածների դէմ յայտարարւած հետապնդումը նոր իշխանութեան կողմից՝ Լեւոն Տէր-Պետրոսեանի քաղաքական եւ գաղափարական ազդեցութեան տակ վենդետա է քաղաքական ուժերի հանդէպ»,- «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը յայտարարել է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ, պատմական գիտութիւնների թեկնածու Վոլոդիա Յովհաննիսեանը: 

«alikonline.ir» - «Ռոբերտ Քոչարեանի եւ մնացածների դէմ յայտարարւած հետապնդումը նոր իշխանութեան կողմից՝ Լեւոն Տէր-Պետրոսեանի քաղաքական եւ գաղափարական ազդեցութեան տակ վենդետա է քաղաքական ուժերի հանդէպ»,- «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը յայտարարել է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ, պատմական գիտութիւնների թեկնածու Վոլոդիա Յովհաննիսեանը: Գրում է «Առաւօտ»-ը:

Նա նշեց, թէ այս ամէնը կատարւում է նրա համար, որպէսզի այդ քաղաքական ուժերը ոչնչացւեն այն աստիճան, որ գալիք ընտրութիւնների ժամանակ նոր քաղաքական ուժերը՝ Նիկոլ Փաշինեանն ու իր համախոհների բանակը, կարողանան անպատժելի լինել եւ հեշտ գրաւել քաղաքականութիւնը:

Վոլոդիա Յովհաննիսեանը փաստեց՝ այսօր մարտի 1-ի դէպքերի համար քրէական գործ է յարուցւել հիմնականում բանակի ներկայացուցիչների նկատմամբ. «Որպէս առաջին բանակային կորպուսի հրամանատար՝ գիտեմ, որ բանակն ընդհանրապէս էլ չի օգտագործւել այդ օրերին: Քրէական գործ է յարուցւել Ռոբերտ Քոչարեանի նկատմամբ, ով արտակարգ դրութիւն յայտարարելուց առաջ 0038 հրամանն է ընդունել, եւ դրա համաձայն՝ զօրք է բերւել Երեւան եւ ուժեղացւել Երեւանի կայազօրը: Ես գտնում եմ, որ 0038 հրամանը յիմարութիւն էր, քանի որ այդ հրամանատարը՝ գեներալ-լէյտենանտ Խաչատուրովը, Երեւանի կայազօրի պետն էր եւ նա կարող էր իր գործունէութիւնը ծաւալել անգամ առանց այդ հրամանի. ի պաշտօնէ սպաներն իրեն ենթակայ էին եւ պիտի կատարեն նրա հրամանը»:

«Առաւօտ»-ի յիշեցմանը՝ մարտի 1-ին տասը զոհ է եղել, հետեւաբար այդ զոհերի համար պատասխանատւութեան չպէ՞տք է ենթարկւեն ժամանակի իշխանութեան ղեկավարները, Վոլոդիա Յովհաննիսեանն արձագանգեց. «Մարտի 1-ին տասը զոհեր են եղել, եւ այդ զոհերը նոյն չափով ե՛ւ ընդդիմադիր ուժերի՝ Նիկոլ Փաշինեանի, Լեւոն Տէր-Պետրոսեանի, ՀԱԿ-ի եւ այդ ժամանակւայ իշխանութեան խղճին են: Եթէ իշխանութիւններն ունէին զէնք եւ ուժ ու դրա՝ կիրառման հնարաւորութիւն, ապա ընդդիմադիրներն ունէին կրքերը հանդարտեցնելու եւ բախումը կանխելու հնարաւորութիւն: Մենք այսօր դատում ենք հետեւանքն առանց պատճառի: Հետեւանքը իշխանութեան գործունէութիւնն է, իսկ պատճառը գործողութիւնները՝ ոստիկանների շղթային հարւածելը, մեքենայ այրելը, ինչը չէին կանխում ընդդիմադիր ուժերը: Սակայն մենք այսօր պատճառը քրէական պատասխանատւութիւնից հանել ենք, ինչը սխալ է: Իհարկէ, տասը զոհ են եղել. այդ տասը զոհերը ե՛ւ ժամանակի իշխանութեան, ե՛ւ ընդդիմադիր գործիչների խղճին են, եւ դրա համար իրաւական ճիշտ եւ օբեկտիւ գնահատական պիտի տրւի, ոչ թէ վենդետա կատարւի»:

Վոլոդիա Յովհաննիսեանը չբացառեց, որ օրինակ, կարող է իշխանութիւն փոխւել եւ գալիք իշխանութիւններն էլ կը գտնեն, որ մեղաւոր է ոչ թէ հետեւանքը, այլ պատճառը, եւ այդ ժամանակ կը բերեն Լեւոն Տէր-Պետրոսեանի ու Նիկոլ Փաշինեանի պատասխանատւութեան հարցը:

Ամփոփելով Վոլոդիա Յովհաննիսեանը նշեց. «Ցանկանում եմ, որ այսօր՝ քանի դեռ կայ հնարաւորութիւն ե՛ւ պատճառը, ե՛ւ հետեւանքը թող իրաւական պատասխանատւութիւն կրեն, որպէսզի այդ խազը մեր քաղաքական դաշտից ի սպառ վերանայ»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։