Հա

Քաղաքական

04/08/2018

Այլեւս՝ երբեք

Հանրութիւնը ցնծում է, կալանաւորւել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը։ Վերջապէս յոյսեր են արթնանում, որ կը բացայայտւեն 2008 թւականի մարտի 1-ի ողբերգական գիշերւայ 10 զոհերի մահւան իրական հանգամանքները եւ մեղաւորները կը պատժւեն։ Ռոբերտ Քոչարեանին մեղադրանք է առաջադրւել ՀՀ քրէական օրէնսգրքի 300.1-ին յօդւածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնութեամբ տապալել է Հայաստանի Հանրապետութեան սահմանադրական կարգը:

ԱՒԵՏԻՔ ԻՇԽԱՆԵԱՆ

 

Հանրութիւնը ցնծում է, կալանաւորւել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը։ Վերջապէս յոյսեր են արթնանում, որ կը բացայայտւեն 2008 թւականի մարտի 1-ի ողբերգական գիշերւայ 10 զոհերի մահւան իրական հանգամանքները եւ մեղաւորները կը պատժւեն։ Ռոբերտ Քոչարեանին մեղադրանք է առաջադրւել ՀՀ քրէական օրէնսգրքի 300.1-ին յօդւածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնութեամբ տապալել է Հայաստանի Հանրապետութեան սահմանադրական կարգը:

Չնայած ես աւարտել եմ «Գալիք» համալսարանի իրաւագիտութեան բաժինը, նաեւ ՀՀ Փաստաբանների պալատի անդամ եմ, բայց ինձ փորձառու իրաւաբան չեմ համարում, եւ թերեւս կարծիքս ոչ այնքան մասնագիտական, որքան սիրողական է։ Ասեմ նաեւ, որ ինձ թւում էր, որ մարտի 1-ի ողբերգութիւնն այդպէս էլ չի բացայայտւի, ինչպէս չեն բացայայտւել, դրան նախորդող շուրջ 16 տարիների բազմաթիւ սպանութիւններ, ոչ միայն քաղաքական, այլեւ, օրինակ, ոստիկանական բաժիններում խոշտանգումների հետեւանքով տասնեակ, խաղաղ պայմաններում զինւած ուժերում հարիւրաւոր զոհւածների (յատկապէս 95-99 թթ.) մահւան հանգամանքները։

Այդպէս էի կարծում, քանի որ դեռեւս 90-ականներից իշխանութեան հիմնական յենարանը այսպէս կոչւած ուժային կառոյցներն էին (ոստիկանութիւն, բանակ եւ այլն) եւ նրանց նեղացնել չէր կարելի։ Իսկ անկախ իշխանութիւնն իրական կրողներից (Լեւոն Տէր-Պետրոսեան, Ռոբերտ Քոչարեան, Սերժ Սարգսեան), իշխանութեան բնոյթը չէր փոխւել։ Իհարկէ, սպասելի էր իշխանափոխութիւն, ներքին ինտրիգների, պալատական յեղաշրջումների ձեւով, բայց, ինչպէս կարծում են շատերը, այնպէս էլ ես չէի սպասում յեղափոխութեան։

Ինչեւէ, ինձ թւում է, որ մարտի 1-ի զոհերի մահւան հանգամանքները պէտք է պարզւէին իրաւական հետեւեալ ընթացակարգով, ըստ պահպանւած քրէաբանական նիւթերի, ինչպէս նաեւ նոր ձեռք բերւած ապացոյցների հիման վրայ․ անհատական քննւէին ամէն զոհի մահւան հանգամանքները, դատաձգաբանական, դատաբժշկական, տեղազննութեան, վկաների հարցաքննութիւնների միջոցով։ Ձեռք բերւած ապացոյցների հիմքերով մեղադրանքներ առաջադրւէին սպանութիւնները կատարողներին, նրանց հրամաններ տւողներին, հրաման տւողներին իրենց հերթին հրահանգ տւողների նկատմամբ եւ հաւանաբար բացայայտումների շղթան հասներ Ռոբերտ Քոչարեանին։ Իհարկէ օբիեկտիւ քննութիւնը պէտք է նաեւ բացայայտէր հրահրողներին։ Չմոռանանք, որ զոհերից երկուսը ոստիկանութեան աշխատակիցներ էին, եւ պարզունակութիւն է կարծել, որ նրանց նոյնպէս սպանել են իշխանութիւնների հրահանգով (չմոռանանք նաեւ երկու կողմից տասնեակ վիրաւորների մասին)։ Իհարկէ, սա կը լինէր 10 տարի առաջ տեղի ունեցած ողբերգութեան մասնակի բացայայտում, բայց գոնէ ինչպէս զոհերի հարազատներն, այնպէս էլ հասարակութիւնը որոշակի բաւարարւածութիւն կը զգային, որ արդարադատութիւնը վերջապէս յաղթեց։ Սրան պէտք է հետեւէր իրաւական, թէ՞ քաղաքական, գուցէ համատեղ, երկրորդը հիմնւելով առաջինի վճռի վրայ, բուն 2007-2008 թթ․ իրադարձութիւնների իրաւական ու քաղաքական գնահատականը։ Չգիտեմ, գուցէ այդպիսի պրակտիկայ եւս գոյութիւն ունի, պայմանական ասած վերեւից սկսել։ Թէ՞ տւեալ պարագայում, կարեւորը հիմնական «մեղաւորին» կալանաւորելն է, իսկ սպանութիւններն անմիջական կատարողներին յայտնաբերելու համար բարձր մասնագիտական հմտութիւններ են պէտք, թէ՞ 10 տարի է անցել, շատ ապացոյցներ վերացել են եւ այլն։ Արդեօք միայն Ռոբերտ Քոչարեանին եւ նրա արքունիքին պատժելով հասարակութիւնը կը բաւարարւի: Իսկ զոհերի հարազատնե՞րը․․․Չգիտեմ:

Այժմ, այսօր շատ կարեւոր, հանրութեան շրջանում քննարկւող՝ անցումային արդարադատութեան մասին։ Վերջերս Երեւանում էին այդ ոլորտի միջազգային, բարձրակարգ մասնագէտները, որոնց հետ քննարկումներին ես էլ մասնակցեցի։ Անցումային արդարադատութեան տարբեր մօտեցումներ գոյութիւն ունեն` կախւած տւեալ երկրի առանձնայատկութիւններից։ Օրինակ անցումային արդարադատութիւնը կարող է բացայայտել տւեալ երկրում կատարւած զանգւածային սպանութիւնների (մինչեւ ցեղասպանութիւն) հարցերը, կարող է իրաւական, հռչակագրային փաստաթուղթ ընդունւել, դատապարտելով նախկին ռեժիմն ու կարմիր գիծ քաշել անցեալի ու ներկայի միջեւ, ինչպէս նաեւ այդ երկուսի միջանկեալ տարբերակները։ Իսկ ամենակարեւորը՝ անցումային արդարադատութիւնը ոչ մի դէպքում չի կարող ընտրովի լինել։ Այդ համատեքստում դիտարկենք, թէ ինչպիսին կարող է լինել անցումային արդարադատութիւնը Հայաստանում։ Կարծում եմ Հայաստանի պարագայում առաջին հերթին պէտք է դիտարկել, եթէ ոչ զանգւածային, ապա հարիւրաւոր չբացայայտւած սպանութիւնների հանգամանքներն ու պատժել ոչ միայն կատարողներին, այլեւ հրաման կամ հրահանգ տւողներին, ինչպէս նաեւ այդ սպանութիւնները կոծկողներին, այսինքն հիմնական պատասխանատուներին։ Գուցէ չանդրադառնանք 199 0թ․ Վիտիա Այւազեանի, Գեղազնիկ Միքայէլեանի, Արիս Անդրէասեանի չբացայայտւած սպանութիւններին, այլ սկսենք 1992 ․ սկսած իշխանութիւնների կողմից կազմակերպւած Աշտարակի գործկոմի նախագահ Յովհաննէս Սուքիասեանի, նրա վարորդ Վարուժան Աբրահամեանի, երկաթգծի տնօրէն Համբարձում Ղանդիլեանի, նրա վարորդ Յակոբ Յունանեանի, գեներալ Ժորա Իսահակեանի, ԱԱԾ նախկին ղեկավար Մարիուս Իւզբաշեանի, Կարէն Ռաֆայէլեանի, Արթուր Յովհաննիսեանի սպանութիւններից։ Ձեւականօրէն անմիջական սպանութիւններ կատարողները դատապարտւած են, սպանութիւնները պատւիրող Վանօ Սիրադեղեանը՝ փախուստի մէջ։ Բայց, արդեօք Վանոն ինքնուրոյն էր կայացրել սպանութիւնների որոշումները։ Համոզւած եմ ՝ ոչ։ Պատահական չէր նրա խօսքը՝ «ես քաւութեան նոխազ չեմ դառնայ»։ Իսկ գործի բացայայտումը կապւած էր 1998 ․ յունւար-փետրւար ամիսներին ներիշխանական գզւռտոցների հետ։ 1996 թ. աշնանից ՆԳՆ, ԱԱԾ միացւած նախարար Սերժ Սարգսեանը, որը տրիումվիրատի (Վազգէն Սարգսեան, Ռոբերտ Քոչարեան, Սերժ Սարգսեան) անդամ էր, այդ բացայայտումով մահացու հարւած հասցրեց Լեւոն Տէր-Պետրոսեանի ամենամօտ զինակցին՝ Վանօ Սիրադեղեանին, որից յետոյ Լեւոն Տէր-Պետրոսեանի հրաժարականը արդէն օրերի հարց էր։ Արդեօք 1995-1996 թթ. ԱԱԾ ղեկավար Սերժ Սարգսեանն անտեղեա՞կ էր Արմէն Տէր-Սահակեանի խմբից։ Ինչեւէ, դեռեւս, մինչեւ 1999 թ. Վանօ Սիրադեղեանի անձեռնմխելութեան երաշխաւորը նրա վաղեմի ընկեր Վազգէն Սարգսեանն էր։ Նրա մահից յետոյ, արդէն Վանօ Սիրադեղեանին փախցրին, որպէսզի նրա կողմից աւելորդ, աղմկոտ բացայայտումներ չլինէին։ Չէ, որ պալատական յեղաշրջում անողները անվտանգութեան երաշխիքներ էին տւել նախորդ արքունիքին, որ ոչ միայն հանգիստ հեռանան, այլեւ, որ նորերն էլ շարունակեն նոյն ոճով կառավարել։ Եւ հէնց այս երաշխիքներն էին պատճառը, որ նախկին «յանցաւոր ռեժիմը» պատասխանատւութեան չենթակւեց, ոչ թէ ՀՀՇ-ՀԱԿ-ի անդամների մտավարժանքները, թէ «եթէ մենք էլ կոռուպցիայի, յանցագործութիւնների մէջ լինէինք, ապա Քոչարեանը դրանք կը բացայայտէր»։ Սպանութիւնների մասով պէտք է բացայայտւեն նաեւ հրադադարից յետոյ մինչեւ այժմ բանակում խաղաղ պայմաններում զոհւածների մահւան հանգամանքներն ու մեղաւորներն, կոծկողները պատասխանատւութիւն կրեն։ Խօսքս յատկապէս վերաբերում է 1995-1999 թթ. Ազգային Հերոս Վազգէն Սարգսեանի պաշտպանութեան նախարար եղած ժամանակ հարիւրաւոր չբացայայտւած սպանութիւններին եւ դրանք կոծկող Ռազմական դատախազութեանը` մերօրեայ իրաւապաշտպան Գագիկ Ջահանգիրեանի ղեկավարութեամբ։ Բացայայտել է պէտք նաեւ ՊՆ ֆինանսների վարչութեան պետ Մաւրիկ Աւետիսեանի ինքնասպանութիւն ձեւակերպւած մահւան հանգամանքները: Բացայայտման ենթակայ են նաեւ ոստիկանական բաժիններում խոշտանգւած եւ սպանւած տասնեակ անձինք` Ռուդիկ Վարդանեանից (1994 թ.) սկսած Լեւով Գուլէանով (2007 թ.) վերջացրած։ Չմոռանանք նաեւ 90-ական թւականներին բանտերում կատարւած խոշտանգումների եւ փաստացի սպանութիւնների մասին այն ժամանակւայ բանտերի վարչութեան պետ, հետագայում թունդ ընդդիմադիր, 2008 թ. ոստիկան ծեծող Մուշեղ Սաղաթելեանի գլխաւորութեամբ:

Վերաբացման անհրաժեշտութիւն կայ` 2013 թ․ Գորիսում Աւետիք Բուդաղեանի սպանութեան գործը։

Չբացայայտւած սպանութիւնների շարքը կարելի է շարունակել։

Եւ վերջապէս, այս բոլորին զուգահեռ բացայայտել 2008 թ. մարտի 1-ի զոհերի մահւան հանգամանքները։ Եւ իհարկէ, կրկնեմ, պատժել ոչ միայն անմիջական սպանութիւն կատարողներին, այլեւ նրանց հրաման տւողներին, հրաման տւողներին հրաման կամ հրահանգ տւողներին եւ գործը կոծկող ամենաբարձրաստիճան պաշտօնեաներին։ Եւ բազմաթիւ այլ անձանց հետ միասին, ՀՀ երեք նախագահներն էլ կը յայտւեն ճաղերի յետեւում։ Իսկ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանը առաջին հերթին, քանի որ նա է դրել ամենաթողութեան եւ անպատժելիութեան հիմքերը։

Այժմ, անցումային արդարադատութեան համատեքստում, փորձենք անդրադառնալ Ռոբերտ Քոչարեանի առաջադրւած ՀՀ քր․ օրէնքի 300.1-ին յօդւածի 1-ին մասին՝ այլ անձանց հետ նախնական համաձայնութեամբ տապալել է Հայաստանի Հանրապետութեան սահմանադրական կարգը: Չեմ ուզում բանավէճի մէջ մտնել բազմափորձ իրաւաբանների հետ սոյն յօդւածի կիրառման իրաւականութեան, ինչպէս նաեւ 2005 թ. մինչեւ 2018 թ. գործող սահմանադրութեան 56.1 յօդւածի դրոյթների շուրջ

Հանրապետութեան Նախագահն անձեռնմխելի է:

Հանրապետութեան Նախագահն իր լիազօրութիւնների ժամկէտում եւ դրանից յետոյ չի կարող հետապնդւել եւ պատասխանատւութեան ենթարկւել իր կարգավիճակից բխող գործողութիւնների համար:

Իր կարգավիճակի հետ չկապւած գործողութիւնների համար Հանրապետութեան Նախագահը կարող է պատասխանատւութեան ենթարկւել իր լիազօրութիւնների աւարտից յետոյ:

Այս յօդւածն ինքնին անհեթեթ է եւ նշանակում է, որ ՀՀ նախագահը կարող է իր ենթականերին ցանկացած հակաօրինական հրաման տալ եւ ինչպէս պաշտօնավարութեան, այնպէս էլ դրանից յետոյ պատասխանատւութիւն չկրել։ Եւ միայն եթէ ՀՀ նախագահը, ոչ որպէս նախագահ, այլ որպէս անձ, օրինակ, փողոցում բռնաբարում է որեւէ մէկին, ապա պաշտօնանկութիւնից յետոյ միայն կարող է պատասխանատւութեան ենթարկւել։ Սակայն ինչպէս վարւել կամ յարգել, թէկուզ 2015 թւականին կեղծւած սահմանադրութեան սոյն յօդւածը, կամ գործել յանուն «արդարութեան», չէ՞ որ Ռոբերտ Քոչարեանի պաշտօնավարութեան տարիներին փակւեցին «A1+» եւ «Նոյեան Տապան» հեռուստաընկերութիւնները, կեղծւեցին 1998, 2003թւականներին ընտրութիւնները, 2005 թւականին սահմանադրական հանրաքւեն եւ վերջապէս 2008 թւականին ընտրութիւններն ու 10 հոգու սպանութիւնները, իհարկէ նաեւ Պօղոս Պօղոսեանի սպանութիւնը։ Բայց, արդեօք, այդ նոյն նպատակայարմարութեան համար չէր, որ անտեսւեց 1998 թ․ սահմանադրական նորմը, եւ նոյն Ռոբերտ Քոչարեանը, չունենալով 10 տարւայ ՀՀ քաղաքացիութիւն, առաջադրւեց որպէս նախագահի թեկնածու։ Կամ նոյն Լեւոն Տէր-Պետրոսեանի պաշտօնավարման տարիներին փակւեցին ու ջարդուփշուր արւեցին «Երկիր», «Ուրբաթ» եւ «Ազատամարտ» թերթերի խմբագրութիւնները, հրկիզւեց «Գոլոս Արմէնիի» խմբագրութիւնը, առաջին անգամ փակւեց «A1+»-ը, կեղծւեցին 1995, 1996 թւականների ընտրութիւնները, սպանւեցին վերոնշեալ գործիչները։ Սերժ Սարգսեանի պաշտօնավարման տարիներին էլ բռնութեան են ենթարկւել բազմաթիւ լրագրողներ, կեղծւել են 2013, 2017թւականների ընտրութիւնները, 2015թւականի հանրաքւեն, կոծկւել են իւրայինների կողմից կատարւած սպանութիւնները։ Ասել կուզեմ` ինչու՞ միայն Քոչարեանին, երեքին էլ հասնում է, բայց ո՞նց՝ յանուն «արդարութեան», թէ՞ միայն արդարադատութեան միջոցով։

Երբ Քոչարեանի փաստաբանները ասուլիսի ժամանակ քննարկում էին 56.1 յօդւածը, հանրութիւնը նրանց անւանեց սատանայի փաստաբաններ, իսկ ՀՀՇ-ՀԱԿ-ի փաստաբան Վահէ Գրիգորեանը Քոչարեանին եւ նրան պաշտպանող իր կոլեգաներին մեղադրեց անմեղսունակ պաշտպանութեան մէջ, նաեւ պնդեց, որ 56.1 յօդւածի յետեւում չի կարելի թաքնւել կեանքի իրաւունքի ոտնահարման դէպքում։ Ուշադիր կարդացէք սոյն յօդւածը, այնտեղ չկայ գրւած՝ բացի կեանքի իրաւունքի խախտումից։ Ի դէպ, փորձառու փաստաբանը ձայն չհանեց այն մասին, որ Ռոբերտ Քոչարեանին ՅՔԾ-ն ծանուցագիր է ուղարկել` ներկայանալու որպէս վկայ, այնուհետեւ, հարցաքննութեան ընթացքում, փոխել կարգավիճակը, որպէս մեղադրեալ։ Հին հնարք է, տարիներ կիրառւած Հայաստանի իրաւապահ համակարգի կողմից։ Անձին ներգրաւել որպէս վկայ, հարցաքննել (ի տարբերութիւն կասկածեալի կամ մեղադրեալի, վկան իրաւունք չունի հրաժարւել ցուցմունք տալուց, եթէ այն չի վերաբերում իրեն, կամ իր հարազատներին) եւ յետոյ կարգավիճակը փոխել, որպէս մեղադրեալ։ Քննչական այս հնարքը բազմիցս քննադատւել է, ինչպէս Հայաստանի փաստաբանների, իրաւապաշտպանների, այնպէս էլ միջազգային կառոյցների (ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտէ )կողմից: Համոզւած եմ, որ Վահէ Գրիգորեանն իր ԵԽ ՄԻԵԴ բողոքներում ընդդէմ Հայաստանի, յաջողութեամբ օգտագործել է այս հնարքը` որպէս ԵԽ ՄԻ կոնւենցիայի 6-րդ (արդար դատավարութիւն) խախտում։

Ի դէպ ընթերցողներին կուզենայի ասել, որ ողջ աշխարհում բոլոր լաւագոյն փաստաբանները «սատանայի» փաստաբաններ են։ Փաստաբանի մասնագիտութիւնն է պաշտպանել նաեւ ցանկացած, նոյնիսկ ամենածանր, սարսափելի յանցագործութեան մէջ մեղադրւող անձին եւ ապացոյցներ, փաստեր ներկայացնելով` ապացուցել նրա անմեղութիւնը, կամ մեղմել պատժաչափը։ Եւ Հայաստանի բոլոր լաւագոյն, փորձառու փաստաբաններն էլ «սատանայի» փաստաբաններ են, մասնագիտութիւնն է այդպիսին։ Իսկ այն գործող փաստաբանները, որ կասեն իրենք յանցագործին չեն պաշտպանի, կամ իրականում փաստաբան չեն, կամ թոյլ են, եւ նրանց ոչ ոք չի դիմում։ Եւ ինչ, հրաժարւե՞նք արդար դատավարութեան սկզբունքից, այդ թւում նաեւ դատարաններից եւ հանրութեան կողմից յանցագործութեան մէջ կասկածւող իւրաքանչիւր անձի Լինչի դատաստանի ենթարկենք։ Ես հասկանում եմ յեղափոխական պաթոսն ու արդարութեան վերականգնման բուռն ցանկութիւնը։

Այն յեղափոխութեան տրամաբանութիւնն է, ինչպէս 1789 թ. Ֆրանսիական մեծ յեղափոխութիւնից յետոյ առանց, այսպէս ասած, արդար դատաքննութեան մահապատժի դատապարտւեց Լիւդովիկոս 16-րդը, նոյն կերպ 1917 թւականի Հոկտեմբերեան Սոցիալիստական յեղափոխութիւնից յետոյ Նիկոլայ 2-րդը։ Իհարկէ երկուսն էլ արժանի էին պատժի, իրենց բազմաթիւ յանցագործութիւնների համար։ Բայց ինչպէ՞ս։ Եւ նոյն մարդիկ խօսում են իրաւական պետութիւն կառուցելու մասին։ Իսկ ի՞նչ էք կարծում, նոյն ծանր յանցագործութեան մէջ մեղադրւող անձին բուժող բժիշկը նոյնպէ՞ս սատանայի բժիշկ է։

Իսկ ի՞նչ տեղի ունեցաւ 2008 թւականին Ռոբերտ Քոչարեանի կողմից սահմանադրական կարգը տապալելուց յետոյ։ Այն ինքն իրեն վերականգնւեց, թէ՞ մինչեւ հիմա մենք ապրում ենք տապալւած սահմանադրական կարգի պայմաններում։ Ինչպէս ծանօթներիցս մէկն ասաց, դա նշանակում է, որ 2008-ից սկսած` բոլոր պաշտօնեաները, այդ թւում այսօրւայ, մասնակից են տապալւած սահմանադրական կարգի պաշտպանութեանը։

Իսկ երբ է Հայաստանում սկիզբ առել սահմանադրական կարգի տապալման անվերջանալի գործընթացը։

Կարծում եմ` սահմանադրութեան տապալումը կամ առաջին ոտնահարումը տեղի ունեցաւ 1991-ի փետրւարի 8-ին, երբ ընդունւեց օրէնք` նախագահի ընտրութեան մասին։ Այն ժամանակ դեռ գործում էր ՀԽՍՀ սահմանադրութիւնը, որը չէր նախատեսում նախագահի պաշտօն։ Օրէնքի ընդունումը փաստօրէն սահմանադրական փոփոխութիւն էր, եւ պէտք է ընդունւէր որակեալ մեծամասնութեամբ։ Սակայն այն ժամանակ ՀՀՇ-ն դեռ չունէր կատարեալ վերահսկողութիւն ՀՀ ԳԽ-ում, եւ օրէնքը «սղացրեցին» պարզ մեծամասնութեամբ։ Այդպէս էր պահանջում «արդարութիւնը», այդպէս էր նպատակայարմար։ Իսկ արդէն 1995 թ. խորհրդարանական ընտրութիւններով եւ սահմանադրական հանրաքւէով հիմք դրւեց սահմանադրութեան տապալման պերմանենտ գործընթացին։

Այսօրւայ Քոչարեանին առաջադրւած մեղադրանքի հիմքը կազմում է զինւած ուժերի ներգրաւումը 2008-ին։ Բայց չէ՞ որ նախադէպը եղել է 1996 թ. ( չհաշւած զինւած ԵԿՄ-ի մասնակցութիւնը բոլոր քաղաքական գործընթացներին): Յիշում եմ նոյն 1996 թ. հոկտեմբերին պաշտպանութեան նախարար Վազգէն Սարգսեանի հեռուստատեսային ուղերձը իր ընկերոջը, արդէն Երեւանի քաղաքապետ Վանօ Սիրադեղեանին Էրեբունի-Երեւան տօնի կապակցութեամբ, մօտաւորապէս. «Սիրելի Վանօ, այդ օրը, ինչպէս սեպտեմբերին, զօրքը նորից քաղաք կը մտնի, բայց այս անգամ ՝ ծառատունկի համար»։ Եւ մտաւ։

Այսպիսով սահմանադրութեան տապալման համար նոյնպէս պատասխանատւութեան պէտք է ենթարկւեն 1995թ. սկսած բոլոր մակարդակների ընտրական յանձնաժողովների իշխանական թեւի անդամները, Սահմանադրական Դատարանի բոլոր անդամները, համայնքապետերը, դպրոցների տնօրէններն ու ուսուցիչները, եւ իհարկէ երեք նախագահները, եւ նորից, առաջին հերթին սահմանադրութեան եւ կեղծիքների հիմնադիր նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանը։ Հակառակ դէպքում` ունենում ենք սուրճ խմող առաջին նախագահ, արտերկրում գտնւող երրորդ նախագահ (արդեօք կը վերադառնայ, կամ արդեօք ինքնուրոյն հեռացաւ) եւ բանտում գտնւող երկրորդ նախագահ:

Նշեմ, որ երեք նախագահներից որեւէ մէկի նկատմամբ, որպէս պետական գործչի, յարգանք չեմ տածում։ Երեքի հետ էլ 88-ից 91թթ. եղել եմ գործընկեր և ունեցել եմ մարդկային ջերմ յարաբերութիւններ։ Լեւոն Տէր-Պետրոսեանի հետ շփումս վերջին անգամ եղել է 2008 թ, Սերժ Սարգսեանի հետ` 2013 թ, Ռոբերտ Քոչարեանի հետ` 1991թ.։ Իրենց պաշտօնավարման տարիներին երեքին էլ անխնայ քննադատել եմ։ Իսկ Ռոբերտ Քոչարեանից վերջնականօրէն հիասթափւեցի, երբ հրապարակւեցին նրա լուսանկարները իր կողմից «հերոսականօրէն» սպանւած աֆրիկեան գազանների հետ։ Տանել չեմ կարող որսորդութիւնը։ Ինչպիսի «հերոսութիւն»` դիպուկահար հրացանով, թաքստոցից կրակես բնութեան անպաշտպան հրաշքների վրայ, սպանես եւ հաճոյք ստանաս։

Բայց հանրութեան բացասական վերաբերմունքը նրա նկատմամբ, կարծում եմ` այլ պատճառներ ունի։ Կարծում եմ` պատճառը նրա «տղայական» ինքնավստահութիւնն է եւ թքած ունենալը հասարակական կարծիքի վրայ։ Առաջին եւ երրորդ նախագահները հասկացել էին հասարակական կարծիքի կարեւորութիւնը եւ ստեղծել իրենց սատարող, քարոզող լրատւամիջոցներ։ Սերժ Սարգսեանը, զգուշանալով Ռոբերտ Քոչարեանից, կարծում եմ` նոյնիսկ նրա ստւերից, նրան մեկուսացրեց եւ իրեն սպասարկող լրատւամիջոցներով հնարաւորինս վարկաբեկեց նրան։ Ինչ վերաբերում է Լեւոն Տէր-Պետրոսեանին, ապա նա ուղղակի ատում է Ռոբերտ Քոչարեանին, քանի որ իրեն գահընկեց անողները հիմնականում Քոչարեանը եւ Վազգէն Սարգսեանն էին։ Վազգէն Սարգսեանը սպանւեց։ Որպէս հմուտ քաղաքական գործիչ` Լեւոն Տէր-Պետրոսեանը սկսեց օգտագործել նրա անունը յօգուտ իրեն, եւ միակ թիրախը մնաց Ռոբերտ Քոչարեանը։

Եւ տարիներ շարունակ լեւոնականներն ու նրանց սպասարկող մամուլը ստեղծեցին Ռոբերտ Քոչարեանի գիշատիչ` «բոբօ» կերպարը։ Հանրային կարծիքն այն աստիճան է խեղւել, որ նոյնիսկ ոչ լեւոնականներն իներցիայի ուժով, անօրինականութիւնների ու յանցագործութիւնների մեկնարկ են դիտարկում 1998 թ. («էս քսան տարիների ընթացքում․․․»,» նրանք պէտք է պատասխան տան այս քսան տարիների համար․․․» եւ այլն): Հետաքրքրական է, որ Ռոբերտ Քոչարեանի կալանաւորումը ողջունեցին նաեւ «Հիմնադիր Խորհրդարանն» ու «Սասնայ Ծռերը»` այն հիմնաւորելով յատկապէս որպէս նրա վարած պարտւողական քաղաքականութիւնը Արցախի հարցում։ Գուցէ կարելի է համաձայնւել։ Բայց, զարմանալիօրէն, նոյն ուժերը Ժիրայր Սեֆիլեանի գլխաւորութեամբ միացան 2008 թ. «համաժողովրդական» շարժմանը, երբ շարժման առաջնորդ Լեւոն Տէր-Պետրոսեանը դեռեւս 1991թ. պատրաստ էր Արցախը թողնել Ադրբեջանի կազմում։ Ահա, թէ ինչ բան է քարոզչութիւնն ու հանրային կարծիքին տուրք տալը։ Իհարկէ, Ժիրայր Սեֆիլեանին կարելի է հասկանալ, չէ՞ որ, նոյն սարքովի մեղադրանքով նրան Քոչարեանը դատապարտեց («բա լա՞ւ էր, որ իրենք անում էին»):

Բայց անդրադառնանք անցումային արդարադատութեանը։ Կարծում եմ` զոհերի հարցով որեւէ զիջում չպէտք է լինի։ Իհարկէ, կարող է վաղեմութեան ժամկէտի հարց առաջանալ։ Բայց կարծում եմ, որ հմուտ փաստաբան Վահէ Գրիգորեանը կը հիմնաւորի, որ կեանքի իրաւունքի խախտման դէպքում չի կարելի թաքնւել վաղեմութեան ժամկէտի թիկունքում, այն կը դիտարկւի որպէս անմեղսունակութիւն։ Ինչ վերաբերում է սահմանադրական կարգի տապալման հարցին, կարծում եմ` պետութիւնը եւ հասարակութիւնը ի զօրու չեն «մարսել» վերը նշւած ողջ ցուցակը։ Այս հարցում կարելի է ընդունել իրաւական, քաղաքական հռչակագիր-փաստաթուղթ։ Փաստաթղթում թւարկւում են անկախ Հայաստանի քաղաքական ողջ ձախողումների թւականներն ու պատասխանատուները` ներառեալ երեք նախագահները։ Այդ անձանց յետայսու արգելւում է զբաղւել քաղաքական գործունէութեամբ։ Գծւում է այն կարմիր գիծը, որ այն, ինչ տեղի է ունեցել․ ԱՅԼԵՒՍ՝ ԵՐԲԵՔ։ Եւ վերջապէս կը ձերբազատւենք երեք նախագահների Բերմուդեան եռանկիւնուց։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։