Հա

Քաղաքական

04/08/2018 - 14:30

«Քոչարեանի գործով ՅՔԾ պետի վերլուծութիւնը միջամտութիւն էր արդարադատութեանը». Ռոբերտ Քոչարեանի փաստաբանները մամլոյ ասուլիս էին հրաւիրել

Նախագահն իրեն լաւ է զգում, ձեզ բարեւում է: Այսօր՝ օգոստոսի 4-ին, Ռոբերտ Քոչարեանի փաստաբանների հրաւիրած մամլոյ ասուլիսի մեկնարկին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի գրասենեակի ղեկավար Վիկտոր Սողոմոնեանը:

«alikonline.ir» - Նախագահն իրեն լաւ է զգում, ձեզ բարեւում է: Այսօր՝ օգոստոսի 4-ին, Ռոբերտ Քոչարեանի փաստաբանների հրաւիրած մամլոյ ասուլիսի մեկնարկին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի գրասենեակի ղեկավար Վիկտոր Սողոմոնեանը:

Սկզբում նա ներկայացրեց Քոչարեանի փաստաբանների թիմի նոր անդամին՝ Հայկ Ալումեանին, որն էլ լրագրողներին տեղեկացրեց, որ երկուշաբթի ինքը նոյնպէս վերաքննիչ բողոք կը ներկայացնի դատարան: «Մենք այժմ ինտենսիւօրէն աշխատում ենք, քանի որ մեր դատավարական հակառակորդներն այս փուլում մի շարք հարցազրոյցներ են տւել եւ հանգամանքներ նշել, որոնք, մեր համոզմամբ, չեն համապատասխանում իրականութեանը, եւ մենք մանրակրկիտ կերպով վերլուծում ենք նաեւ նրանց տեսակէտերը եւ պատրաստ ենք հերքել այն ամէնը, ինչ վերջին օրերին լսել էք»,- յայտարարեց նա:

Հայկ Ալումեանը նշեց, որ երէկ՝ օգոստոսի 3-ին ՅՔԾ պետ Սասուն Խաչատրեանը թիւրիմացաբար նշել էր, թէ ՀՀ վերաքննիչ քրէական դատարանը Քոչարեանի կալանքի դէմ բերւած բողոքը քննելու է այսօր, մինչդեռ, ըստ փաստաբանի՝ բողոքի քննելու օրը դեռեւս յայտնի չէ:

Անդրադառնալով ՀՀ ՅՔԾ պետի երէկւայ յայտարարութեանը, Վիկտոր Սողոմոնեանը նշեց, որ դա հերթական փորձն էր՝ արդարացնել քաղաքական հետապնդումը Ռոբերտ Քոչարեանի նկատմամբ:

«ՅՔԾ-ն դեռ պէտք է կարողանայ ապացուցել անապացուցելին, որովհետեւ նման փաստեր, վստահ եմ, գոյութիւն չունեն: ՅՔԾ-ն պէտք է ապացուցի, որ փետրւարի 23-ին կանխատեսւել է, որ «մարտի 1» է լինելու, որ բանակը ներգրաււել է: Յետոյ ոչ մի խօսք չկայ, որ ինչ էր գրւած է 0038 հրամանում, արդեօ՞ք եղել է բախում ցուցարարների եւ զինւորների միջեւ, ոչ մի խօսք դրա մասին»,- յայտարարեց Սողոմոնեանը:

Նրա խօսքով՝ միայն անորոշ յայտարարութիւններ են: «Այսքան փամփուշտ կրակւել է, այսքան պարկուճ է գտնւել, փորձաքննութիւն չի անցել, դժւար էլ թէ անցնի: Էդ որ դժւար էլ անցնի, բա ինչի՞ խափանման միջոցը կալանք ընտրւած, այսինքն՝ թող նստի, մենք հլը կը տեսնենք: Բա գործի միւս մասնակիցները ինչի՞ նստած չեն, կալանաւորւած չեն, էդ ներքաշողները, ովքեր ներքաշում էին բանակը քաղաքականութեան մէջ, որոնց անունները յայտնի են, տեսագրութիւններ էլ կան, եւ նրանցից մէկը առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանն է: Էդ ինքը շրջապատ չունի՞, որ ազդի իր շրջապատի վրայ, ի՞նչ ընտրողականութիւն է»,- ասաց Վիկտոր Սողոմոնեանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարեանի կալանաւորման անհրաժեշտութեան մասին ՅՔԾ պետ Սասուն Խաչատրեանի պարզաբանմանը:

Անդրադռնալով նոյն թեմային, փաստաբան Սարգիս Գրիգորեանն էլ նշեց, որ Ռոբերտ Քոչարեանի գործով ՅՔԾ պետի վերլուծութիւնը միջամտութիւն էր արդարադատութեանը:

«ՅՔԾ պետի երէկւայ` կոնկրետ քրէական գործի վերլուծութիւնը, իմ տեսակէտից, միջամտութիւն էր արդարադատութեանը, որը յստակ խախտում է եւ ամրագրւած նորմ է` սահմանադրական օրէնք, Դատական օրէնսգրքում, որն արձանագրում է, որ պետական մարմինները պարտաւոր են ձեռնպահ մնալ այնպիսի միջամտութիւններից կամ քննարկումներից, որոնք վտանգում են տւեալ դատական պրոցեսը: Մենք կարծում ենք, որ ՅՔԾ պետի կողմից հրապարակային յայտարարութիւնը կամ կոնկրետ գործի քննարկումն անմիջական միջամտում է արդարադատութեան պրոցեսին»,- շեշտեց փաստաբանը:

Իսկ ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարեանի անձեռնմխելիութեան բացարձակութեան թեմային, փաստաբան Արամ Օրբէլեանը նշեց, որ երկրորդ նախագահի շահերը պաշտպանող թիմը երբեւէ չի յայտարարել, որ Ռոբերտ Քոչարեանի անձեռնմխելիութիւնը բացարձակ է:

Ըստ նրա՝ փորձ է արւում ասել, որ սահմանադրական որոշ յօդւածներ աւելի բարձր են, քան միւսները:

«Մենք մեր ելոյթներում, ճառերում, դատավարական փաստաթղթերում, որեւէ տեղ չենք գրել, որ անձեռնմխելիութիւնը բացարձակ է: Բացարձակ անձեռնմխելիութիւն ունի գործող նախագահը: Պաշտօնաթող նախագահը ունի ֆունկցիոնալ կամ, ինչպէս նշւած է, իր կարգավիճակից բխող անձեռնմխելիութիւն: Փորձ է արւում ցոյց տալու, որ եթէ անձը կատարել է յանցագործութիւն, յանցագործութիւնը չի բխում իր կարգավիճակից, ուրեմն նա չունի անձեռնմխելիութիւն: Չի կարող նման բան գոյութիւն ունենալ, որովհետեւ անձեռնմխելիութիւնը կը դառնայ ուղղակի անիմաստ: Որովհետեւ եթէ անձը յանցագործութիւն չի կատարել, ապա նրա անձեռնմխելիութիւնը պայմանաւորւած է մէկ այլ յօդւածով՝ անմեղութեան կանխաւարկած, ոչ մէկ չի կարող պատասխանատւութեան ենթարկւել առանց մեղքի, եւ նման դէպքերում անձեռնմխելիութեան ինստիտուտի հիմնական իմաստը կայանում է նրանում, որ եթէ նոյնիսկ անձը կատարել է որեւէ յանցագործութիւն, բայց այդ յանցագործութիւնը տեղաւորւում է պաշտօնական կարգավիճակի մէջ, գործողութիւնների մէջ, ապա նա պէտք է ազատւի պատասխանատւութիւնից եւ նոյնիսկ հետապնդումից»,- ասաց պաշտպանը:

Փաստաբան Ռուբէն Սահակեանն էլ նշեց, որ չի կարող մեկնաբանել 0038 յոյժ գաղտնի հրամանը՝ յաւելելով, որ դրա համար մի շարք պատճառներ կան:

«Ես չեմ կարող մեկնաբանել, ես ինձ իրաւունք չեմ վերապահում մեկնաբանել եւ գնահատականենր տալ, քանի որ այդ հրամանը ես չեմ կազմել, ես մասնագէտ չեմ, ես չեմ լսել այն անձանց, ովքեր զբաղւած են այդ հրամանը նախապատրաստելով, ստորագրել են եւ նախապատրաստւել են հրամանով նախատեսւած գործողութիւնները կատարելուն: Միայն դրանից յետոյ կարելի է գնահատական տալ, հակառակ դէպքում՝ իմ եւ իմ գործընկերների տեսակէտը կարող է, մեղմ ասած, սխալ լինել»,- ասաց նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։