Հա

Քաղաքական

04/08/2018 - 09:00

Պատանեկան ճամբարներ Արցախում

Արդէն 8 տարի է, ինչ Արցախի պատանիների մի զգալի մասի ամառային հանգստի անբաժան մասն են կազմում տարբեր երկրների ՀՅԴ երիտասարդական միութիւնների կողմից Արցախում կազմակերպւող պատանեկան ճամբարները: Այն տեւում է երկու շաբաթ եւ նախատեսւած է 10-16 տարեկան պատանիների համար:

«alikonline.ir» - Արդէն 8 տարի է, ինչ Արցախի պատանիների մի զգալի մասի ամառային հանգստի անբաժան մասն են կազմում տարբեր երկրների ՀՅԴ երիտասարդական միութիւնների կողմից Արցախում կազմակերպւող պատանեկան ճամբարները: Այն տեւում է երկու շաբաթ եւ նախատեսւած է 10-16 տարեկան պատանիների համար:

Բացառութիւն չէր նաեւ այս տարին: 2018 թ. Արցախում կազմակերպւող ՀՅԴ պատանեկան ճամբարների ընթացքի եւ արդիւնքների մասին է «Ապառաժ»-ի հարցազրոյցը ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ, ճամբարների գծով պատասխանատու Վահագն Դադայեանի հետ:

 

- ՀՅԴ երիտասարդական կառոյցների կազմակերպմամբ Ստեփանակերտում միաժամանակ երկու ճամբարներ են մեկնարկել: Հնարաւո՞ր չէր արդեօք դրանցից մէկն այլ վայրում կազմակերպել:

- Ստեփանակերտի Աշոտ Ղուլեանի անւան հ. 2 եւ Հայկ Բալասանեանի անւան հ. 5 դպրոցներում կայացած ճամբարներին մասնակցել է շուրջ 350 պատանի: Նախատեսւած է եղել ճամբարներից մէկն անցկացնել Շուշի քաղաքում, բայց չի յաջողւել, քանի որ տեղի վարչական ղեկավարութիւնը չի տրամադրել մեր առաջարկած դպրոցի շէնքը՝ պատճառաբանելով, որ այդ շէնքը արտադպրոցական որեւէ միջոցառման համար չի օգտագործւում: Առաջարկել են մէկ այլ դպրոց, որն ընդհանրապէս պիտանի չէր ճամբարի անցկացման համար: Դրա համար ստիպւած էինք Աւստրալիայի երիտասարդական միութեան նախաձեռնած ճամբարը տեղափոխել Ստեփանակերտի հ. 5 դպրոց: Եւ ստացւեց, որ երկու ճամբարներն էլ Ստեփանակերտում ընթացան:

Ստեփանակերտի հ. 2 դպրոցում նոյն ժամանակաշրջանում կազմակերպւած ճամբարը նախաձեռնել է ՀՅԴ ԱՄՆ Արեւմտեան շրջանի երիտասարդական միութիւնը, աշխատանքներին օժանդակել է Արցախի երիտասարդական միութիւնը:

Բացի վերոնշեալից, Ասկերանում շուրջ 150 պատանի մասնակցել է ՀՅԴ Զաւարեան Ուսանողական միութեան կազմակերպած ճամբարին: ՀՅԴ ԶՈՄ-ի օրակարգը տարբերւում է մնացած ճամբարների օրակարգից. երկրորդ շաբաթւայ ծրագրին կարող են մասնակցել միայն ՀՅԴ պատանեկան միութեան անդամները: ՀՅԴ Արցախի պատանեկան միութեան վարիչներն աշխատանք են տանում, օժանդակում նախապէս ճշտւած ծրագրին:

Յուլիսի 30-ից սկսւել է ՀՅԴ Ֆրանսիայի երիտասարդական միութեան եւ ՀՅԴ ԱԵՄ-ի կազմակերպած ճամբարը Մարտունի քաղաքում: Այն եւս տեւելու է երկու շաբաթ, մասնակցում են 150-ից աւելի պատանիներ:

Առաջին նման ճամբարը կազմակերպւել է 2010 թ.՝ ՀՅԴ ԱՄՆ Արեւմտեան շրջանի նախաձեռնութեամբ, միանգամից երկու քաղաքներում՝ Ստեփանակերտում եւ Շուշիում: Յետոյ աշխարհագրութիւնն ընդլայնւել է՝ ՀՅԴ Լիբանանի երիտասարդական միութիւն, ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութիւն, ՀՅԴ ԱՄՆ Արեւելեան շրջան, ՀՅԴ Ֆրանսիայի Նոր սերունդ, ՀՅԴ Հոլանդիայի երիտասարդական միութիւն: Աւստրալիայի երիտասարդական միութիւնն այս տարի առաջին անգամ է առանձին ճամբար կազմակերպում:

 

- Ըստ Ձեզ՝ ինչո՞վ են ՀՅԴ պատանեկան ճամբարները տարբերւում Արցախում կազմակերպւող ճամբարներից, եւ արդեօ՞ք ճամբարները ծառայում են իրենց նպատակին:

- ՀՅԴ պատանեկան ճամբարների նպատակներն են՝ կազմակերպել ամառային ազատ ժամանց, արտադպրոցական կրթական ծրագրի շուրջ համախմբել երեխաներին, նրանց հայեցի եւ ճիշտ դաստիարակել, նաեւ՝ լեզուների, հայ ժողովրդի եւ Դաշնակցութեան պատմութեան ուսուցում ու հիգիենայի, առաջին բուժօգնութեան, տեղանքում կողմնորոշւելու եւ այլ թեմաներով դասախօսութիւններ: Կարեւոր նպատակներից է նաեւ սփիւռքեան գաղթօջախների հայրենակիցների հետ տեղացի երեխաների անմիջական շփումը:

ՀՅԴ ճամբարը մի քիչ տարբերւում է այստեղ անցկացւող ճամբարներից: Սփիւռքահայ վարիչներն աւելի շատ են կոնտակտի մէջ մտնում երեխաների հետ եւ նրանց գործելաոճը տարբերւում է դպրոցի ուսուցիչների գործելաոճից: Նրանք պատանիներին դիտարկում են վարիչի հետ հաւասար հարթութեան վրայ: Դա աշակերտների համար նորամուծութիւն է, որի շնորհիւ առօրեան առաւել գրաւիչ է դառնում, երեխաներն աւելի ազատ են շփւում վարիչների հետ: Տարեցտարի մեծանում է Արցախում ճամբարների թիւը: Խօսքը ոչ միայն Դաշնակցութեան, այլ տարբեր ՀԿ-ների կողմից կազմակերպւող ճամբարների մասին է, որը ողջունելի է: Առաջին տարիներին նման ճամբարը նորութիւն էր Արցախի համար: Հիմա եւ՛ մեր աշխարհագրութիւնն է ընդլայնւել, եւ՛ տեղի կառոյցներն են ձեռնամուխ լինում ճամբարների կազմակերպմանը:

 

- Իսկ ինչպէ՞ս է կազմւում ճամբարի ծրագիրը, ի՞նչ նորամուծութիններ կային այս տարի:

- Ամէն տարի ՀՅԴ Բիւրոյի երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ պատանեկան կամ երիտասարդական միութիւնների համահայկական խորհրդաժողով է կայանում, որի ընթացքում նաեւ ճամբարների ձեռնարկի բովանդակութիւնն է որոշւում: Այն իւրաքանչիւր տարի որոշակի փոփոխութեան է ենթարկւում: Փոփոխութեան է ընթարկւում նաեւ ծրագիրը, թարմացւում են մարզական եւ ուսուցողական խաղերը:

 

- Արդեօ՞ք ծրագրում էք Արցախի կառոյցի կողմից Սփիւռքի որեւէ վայրում ճամբար կազմակերպել:

- Ընդհանրապէս այդպիսի գաղափար կայ, բայց ֆինանսական միջոցների, հնարաւորութիւնների խնդիր կայ: Այդպիսի ճամբարը Հայրենիք-Սփիւռք կապերի ամրապնդման լաւագոյն օղակներից մէկը կը լինի, որի ընթացքում հայրենիքում ապրող երիտասարդներն էլ իրենց փորձառութիւնը կարող են փոխանցել Սփիւռքի մեր հայրենակիցներին:

Տաթեւիկ Աղաջանեան

«Ապառաժ»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։