Հա

Քաղաքական

04/08/2018 - 09:20

Հայաստանի Հանրապետութեան առաջին խորհրդարան

1918 թ. օգոստոսի մէկին (նոր տոմարով)` հինգշաբթի օրը, Երեւանում, բացւեց Հայաստանի Հանրապետութեան անդրանիկ գերագոյն օրէնսդրական ժողովի` Հայաստանի Խորհրդի առաջին նստաշրջանը:

Քաղաքն ունէր սովորական տեսք: Ոչ մի զարդարանք փողոցներում: Բացի մի քանի պաշտօնական շէնքերից, ոչ մի դրօշակ: Խանութները բաց էին: Կառավարութիւնը ոչ մի միջոց ձեռք չէր առել եւ թողել էր, որ ազգաբնակութիւնն ինքը որոշի իր վերաբերմունքը, եւ ամէն ոք, ըստ սովորութեան, իր գործի հետեւից էր:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԱՌԱՋԻՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ

1918 -1919 ԹԹ.

1-ին նիստ

1 օգոստոսի, հինգշաբթի, ժամը 11.30, 1918 թ.

1918 թ. օգոստոսի մէկին (նոր տոմարով)` հինգշաբթի օրը, Երեւանում, բացւեց Հայաստանի Հանրապետութեան անդրանիկ գերագոյն օրէնսդրական ժողովի` Հայաստանի Խորհրդի առաջին նստաշրջանը:

Քաղաքն ունէր սովորական տեսք: Ոչ մի զարդարանք փողոցներում: Բացի մի քանի պաշտօնական շէնքերից, ոչ մի դրօշակ: Խանութները բաց էին: Կառավարութիւնը ոչ մի միջոց ձեռք չէր առել եւ թողել էր, որ ազգաբնակութիւնն ինքը որոշի իր վերաբերմունքը, եւ ամէն ոք, ըստ սովորութեան, իր գործի հետեւից էր: Միայն խորհրդի առաջ եւ շուրջը տիրում էր արտակարգ եռուզեռ: Ժողովուրդը խռնւել էր այգում եւ մայթերի վրայ: Զօրքը` հետեւակ, այրուձի, թնդանօթաձիգ ու գնդացիր, երաժշտութեամբ ու դրօշակներով հաւաքւում եւ բռնում է քաղաքային այգին շրջապատող փողոցները: Խորհրդի համար յատկացւած էր քաղաքի կենտրոնական այգու դիմաց գտնւող` թեմական դպրոցին պատկանող շէնքը, ուր տեղաւորւած էր քաղաքային ակումբը: Ակումբի թատերասրահը վերածւած էր խորհրդի ընդհանուր ժողովասրահի, իսկ կողքի սենեակները` նախագահութեան, ֆրակցիաների, դիւանատան եւ այլն:

Բեմի վրայ շինւած էր նախագահութեան օթեակը` աջ կողմը ունենալով մի սեղան թարգմանների համար, ձախ կողմը` ճառախօսների համար ամբիոն:

Դահլիճի առաջին մասում` բեմին կից, շինւած էին երկուական օթեակներ: Ձախ թեւի առաջին օթեակը յատկացւած էր կառավարութեան, երկրորդը` զօրահրամանատարութեան: Աջ կողմի առաջին օթեակը կաթողիկոսի համար էր, իսկ երկրորդը` օտար պետութեան ներկայացուցիչների:

Դահլիճի միջին մասը վերապահւած էր խորհրդի անդամներին: Հետեւի մասը եւ վերնահարկը` հասարակութեան:

Խորհրդի մուտքի երկու կողմը կախւած էին երկու դրօշներ ազգային գոյներով` կարմիր, կապոյտ եւ նարնջագոյն:

Նշանակւած ժամանակին արդէն բոլոր տեղերը գրաււած էին: Դահլիճի մէջտեղը շարւած էին խորհրդի անդամները` հետեւեալ կարգով` հաշւելով աջից ձախ: Աջ կողմը Հայ ժողովրդական կուսակցութեան ֆրակցիա - Ստ. Մալխասեան, Արշալոյս Մխիթարեան, Գր. Տէր-Խաչատրեան, Յովհ. Մելիքեան, Գարէգ. Ենգիբարեան, Սիր. Տէր-Մարտիրոսեան:
Անկուսակցական - Ստ. Մամիկոնեան, Պետ[րոս] Զաքարեան:

Մահմեդական պատգամաւորներ Սեիդ-Ռեզա Միր-Բաբաեւ, Միրզա Ջաբար Մամեդով, Աքբեր աղա Իսմայիլով, Միր Բաշիր Միր-Բաբաեւ, Մամեդ-բեգ Մահմեդբեգով, Ասադ բեկ Աղաբաբեկով:
Ռուս պատգամաւոր - Իւան Իւանովիչ Զորին:

Եզդի պատգամաւոր - Իւսուֆ բէկ Թէյմուրով:

Կենտրոն. Հ. Հ. Դաշնակցութեան Ֆրակցիա - Աւ. Սահակեան, Սիր. Տիգրանեան, Սմբ. Խաչատրեան, Սահ. Թորոսեան, բժ. Արտ. Բաբալեան, Եփր. Սարգսեան, Ռ. Տէր-Մինասեան, բժ. Յովհ. Տէր-Միքայէլեան, բժ. Արշ. Ղազարեան, Դրօ [Դրաստամատ Կանայեան], Յով. Բուդաղեան, Տիգ. Ռաշմաճեան, Թադ.. Տոշեան, Յակ. Տէր-Յակոբեան, Յ. Սարգսեան, Արտ. Վանցեան, Արշալոյս Աստւածատրեան:
Ձախ կողմը. Սոցիալիստ-յեղափոխական - բժ. Գր. Տէր-Յակոբեան, Դաւ. Զուբեան, Արշամ Խոնդկարեան, Գ. Տէր-Օհանեան, Տիգ. Մուշեղեան, Արմ. Աւետիքեան:
Սոցիալ-դեմոկրատ - Արշաւիր Մելիքեան (բոլշեւիկ), Հայկ Ազատեան, Թադ. Աւդալբէկեան, Մ. Ղարաբէգեան, Ա. Մելիք Աղաջանեան, Յովհ. Զաքարեան:

Կառավարական օթեակում նստած էր վարչապետ Հ. Քաջազնունին իր դահլիճի միւս անդամների հետ միասին` ներքին գործոց նախարար Արամ Մանուկեան, զինւորական նախարար զօր. Յովհ. Հախվերդեան, ելեւմտական նախարար Խաչատուր Կարճիկեան, արդարադատութեան նախարար Գրիգոր Պետրոսեան: Դիւանագիտական օթեակում նստած էին գերման[ական], աւստրիական եւ օսմանեան ներկայացուցիչները, պարսից հիւպատոսը, ռուս, թուրք եւ ուկրայինական ազգային խորհուրդների ներկայացուցիչները: Զինւորական օթեակում կային Հայաստանի Հանրապետութեան առաջին սպարապետ, զօր. Թովմաս Նազարբէգեանը, զօր. Սիլիկեանը, Դրոն եւ ուրիշ զինւորականներ: Պարապ էր միայն կաթողիկոսի օթեակը:
Մամուլի ներկայացուցիչներին յատկացւած էր առանձին տեղ:

Հասարակութեան համար վերապահւած տեղերը` դահլիճի հետեւի մասը եւ վերնայարկը, գրաււած էին հիւրերով եւ ունկնդիր հասարակութեամբ: Պարապ տեղ չկար:
Ամբողջ սրահը կրում էր խորհրդավոր բնոյթ. պատգամաւորները եւ հասարակութիւնը ամենքը լուռ էին ու մտահոգ:

Ժամը 11 եւ կէսին ամբիոն բարձրացաւ Հայոց Ազգային խորհրդի նախագահ Աւետիք Սահակեանը եւ յանուն Ազգային խորհրդի բաց արաւ Հայաստանի Խորհրդի անդրանիկ նիստը` հետեւեալ ճառով.
«Քաղաքացինե’ր, պատգամաւորնե’ր Հայաստանի Խորհրդի:

Գերագոյն Հայոց Ազգային խորհրդի կողմից ես պատիւ ունեմ այսօր բաց անել անդրանիկ նիստը Հայաստանի Խորհրդի եւ յայտարարել, որ այսուհետեւ սա է միակ լիազօր մարմինը` անփոփոխ իր մէջ Հայաստանի Հանրապետութեան պետական իշխանութիւնը:

Այս օրը կը դառնայ մեզ համար պատմական եւ կը բանայ մի նոր, լուսաւոր դարաշրջան մեր երիտասարդ պետութեան կեանքում` ինքնուրոյն քաղաքական եւ տնտեսական զարգացման:
Այս օրը կը մնայ միշտ յիշատակելի եւ այն պատճառով, որ առաջին անգամ իրականացած ենք տեսնում մեր նեղ հորիզոնի սահմաններում գեղեցիկ երազներն ու նւիրական տենչը ինքնորոշման, թէեւ անհնարին դժւարին պայմաններում:

Ենթադրելով, որ մեր երկրի անկախութեան հարցին շատերը ձեզանից լաւատեղեակ չեն, ես յոյժ կարեւոր եմ գտնում այս բարձր ժողովին ներկայացնել այն փուլերը, որոնցով անցել է սկզբից մինչեւ վերջին ձեւակերպումը` անկախ պետութիւնների գաղափարը Անդրկովկասում:

Մեր Հանրապետութիւնը, ինչպէս եւ միւսները, հանդէս եկաւ իբրեւ անկախ պետութիւն այն օրից, երբ Անդրկովկասեան Սէյմը մայիսի 26-ին իրեն յայտարարեց կազմալուծւած. վրաց սոցիալ-դեմոկրատ ֆրակցիայի նախաձեռնութեամբ եւ առաջարկութեամբ, նույն օրն իսկ, Վրաստանը յայտարարեց իրեն անկախ:

Անդրկովկասի ամբողջութեան փլւելուց յետոյ մեր երկիրը թողնւած էր իր բախտին, ուստի Հայոց Ազգային խորհուրդը շտապեց իր վրայ վերցնել կառավարութեան բոլոր ֆունկցիաները:

Հէնց այդ ժամանակն էր, որ ստացւեց օսմանեան կառավարութեան բոլորին յայտնի վերջնագիրը նոր հողային գրաւումների մասին եւ պահանւջում էր պատասխան 48 ժամւայ ընթացքում: Գերագոյն խորհրդի կողմից անմիջապէս առանձին պատւիրակութիւն ուղարկւեց Բաթում` յանձինս Յ. Քաջազնունու, Մ. Պապաջանեանի եւ Ա. Խատիսեանի, տալով նրանց արտակարգ լիազօրութիւններ` բանակցութիւններ վարելու տաճիկ պատւիրակութեան հետ:

Մեր պատւիրակութիւնը յաջողեցրեց որոշ ուղղումներ մտցնել սահմանների մէջ, բայց եւ այնպէս ստիպւած էր ընդունել վերջնագիրը եւ խաղաղութեան դաշինք կնքել Վեհիբ փաշայի եւ Խալիլ բէյի հետ: Այստեղ առաջին անգամ Հայոց Ազգային խորհրդի պատգամաւորները պաշտօնապէս ճանաչւեցին իբրեւ ներկայացուցիչներ անկախ Հայաստանի եւ ստորագրեցին յունիսի 4-ի դաշինքը:

Մեր պետութեան անկախութեան մասին յայտնի է նոյնպէս Տաճկաստանի դաշնակից պետութիւններին` Գերմանիային, Աւստրիային եւ Բուլղարիային: Պոլսում է մեր երկրորդ պատւիրակութիւնը, որի մէջ մտնում են Ա. Ահարոնեանը, Ա. Խատիսեանը եւ Մ. Պապաջանեանը, որոնք ուղեւորւել են այնտեղ Օսմանեան կառավարութեան հրաւէրով` բանակցութիւններ վարելու Տաճկաստանի եւ նրա դաշնակից պետութիւնների հետ:

Այսպիսով, բազմակողմանի քննելով մի կողմից երկրի ուժերը եւ այն հանգամանքները, որոնց մեջ գտնւում է հայ ժողովուրդը, եւ, միւս կողմից, քաղաքական եւ տնտեսական ստեղծւած դրութիւնը, Հայոց Ազգային խորհուրդը սեղմեց իր սիրտը եւ անողոք գիտակցութեամբ որոշեց վերջնականապէս ընդունել վերջնագիրը եւ ճանաչել Հայաստանի անկախութիւնը` իրեն յանձնելով պատմութեան անաչառ դատաստանին:

Այո', մեր հանրապետութիւնը փոքր է եւ նեղ իր սահմաններով, նա զրկւել է իր ամենագնահատելի երկրամասերից ու չի կարող իր մէջ տեղաւորել ամբողջ ազգաբնակութիւնը եւ, կարծես թէ, պայմաններ չունի անկախ գոյութեան համար: Բայց ես կարծում եմ, որ երկրի սահմանները քարացած չեն կարող մնալ միշտ. ես հաւատում եմ, որ մեր երկրի սահմանները կընդարձակւեն կեանքի երկաթէ ուժով, մեր արդար եւ անվիճելի իրաւունքների պաշտպանութեամբ գրաււած հողերի վերաբերմամբ եւ նոր բարեկամական դաշինքով Տաճկաստանի եւ նրա դաշնակից պետութիւնների հետ, որոնց ներկայացուցիչները ներկայ են այստեղ: Մենք ընտրել ենք համաձայնութեան եւ խաղաղութեան ուղին, եւ ուզում եմ յուսալ, որ չենք սխալւում:

Մինչ այդ, մենք կը կատարենք սրբութեամբ եւ անշեղ կերպով մեր այն պարտականութիւնները, որոնք բխում են խաղաղութեան դաշինքից: Թողնե'նք ապագայ հեռանկարները, համենայն դէպս, այսօր, այստեղ, առանց տատանումների եւ լիակատար վճռականութեամբ մենք գցում ենք խարիսխը մեր պետական նաւի եւ դնում ենք հիմքը պետական շէնքի` ձգտելով միշտ կատարելագործել նրան ի բարօրութիւն Հայաստանի Հանրապետութեան բոլոր ազգութիւնների, իբրեւ զաւակներ մեկ հարազատ մայր հայրենիքի (բուռն ծափահարութիւններ):

Ինչ վերաբերում է կառավարութեանը, նա վերջնականապէս կազմւեց այստեղ Մինիստր-նախագահ Յ. Քաջազնունու կողմից Գերագոյն խորհրդի յանձնարարութեամբ, եւ ինչպէս յայտարարւած էր, նա արդէն դիմել է իր պետական գործունէութեան: Կազմակերպւած է վերջնականապէս եւ Հայաստանի Խորհուրդը, իբրեւ երկրի օրէնսդիր բարձր մարմին. համաձայն որոշման խառն նիստի Գերագոյն Ազգային խորհրդի, նա կազմւել է Գերագոյն խորհրդի 12 անդամներից եռապատկւած թւով` աւելացնելով դրան երկու չէզոքներ: Ֆրակցիաները ներկայացւած են Հայաստանի խորհրդում` նոյն պրոպորցիայով, ինչպէս եւ Գերագոյն խորհրդում: Ընդամենը հայ պատգամաւորների թիւը 38 է: Բացի հայ պատգամաւորներից, Գերագոյն խորհուրդը պարտաւոր համարեց իրեն իսկոյն եւեթ մտցնել Հայաստանի Խորհրդի կազմի մէջ եւ ներկայացուցիչներ այն ազգութիւնների, որոնք փոքրամասնութիւն են, ինչպիսիք են` մուսուլմաններ - 6 պատգ., ռուսներ - 1 եւ եզդիներ -1:

Այսպիսով, Հայաստանի Խորհրդի կազմի մէջ մտնում են ընդամենը 46 պատգամաւոր, որոնց ցանկն իսկոյն կը յայտարարեմ: Չեմ կարող չդիմել օտարազգի պատգամաւորներին եւ յայտնել նրանց, որ փոքրամասնութեան իրաւունքները մենք առանձնապէս գնահատում ենք ու պաշտպանում եւ այդ իսկ պատճառով մեր սրբազան պարտքը համարեցինք հէնց Հայաստանի Խորհրդի Ա. նիստից ապահովել ձեր մասնակցութիւնը:

Ես ի բոլոր սրտէ ողջունում եմ ձեզ եւ անչափ ուրախ եմ, որ դուք լծւել էք մեզ հետ ընդհանուր հայրենիքի անդաստանը մշակելու եւ երկրի շինարար գործը առաջ տանելու:

Յանձնելով ձեզ երկրի բախտը ես ոգեւորւած եմ նոյնպէս եւ այն մտքով, որ դուք մեր մատաղ հանրապետութեան մէջ կը մարմնացնէք քաղաքական ազատութիւնները եւ սոցիալական արդար պահանջները աշխատավոր մասսաների, որովհետեւ մենք կռւել ենք, նահատակւել ենք յանուն այդ մեծ գաղափարների ու նրանց իրականացման մէջ ենք տեսնում կեանքի գեղեցկութիւնը եւ նրա բարձր նպատակը:
Սպառւած համարելով իմ պարտականութիւնները իբրեւ նախագահ Գերագոյն խորհրդի եւ յաջողութիւն ցանկանալով ձեզ ձեր պատասխանատու պետական գործունէութեան մէջ, առաջարկում եմ ընտրել նախագահ Հայաստանի Խորհրդի:

Յայտարարում եմ Հայաստանի Խորհրդի նիստը բացւած»:

Աւ. Սահակեանի բացման ճառից յետոյ, ժամը 12-ին, ժողովրդական «Կեցցէ»'ների եւ «Մեր հայրենիք»-ի նւագով, խորհրդի շէնքի գլխին բարձրացւեց հայկական եռագոյն դրօշը:

Աւ. Սահակեանի ճառը թարգմանւեց թուրքերէն եւ ռուսերէն լեզուներով: Ապա Աւ. Սահակեանը կարդաց Հայաստանի Խորհրդի անդամների ցանկը, որից յետոյ առաջարկեց ընտրել խորհրդի նախագահ: ՀՀ դաշնակցութեան ֆրակցիայի կողմից Սմբատ Խաչատրեանը առաջարկեց նախագահ ընտրել Աւ. Սահակեանին: Միւս ֆրակցիաները թեկնածու չներկայացրեցին: Բաց քւէարկութեամբ Հայաստանի Խորհրդի նախագահ ընտրւեց Աւետիք Սահակեանը. ձեռնպահ մնացին 6 սոցիալ-դեմոկրատ պատգամաւորները:

Շնորհակալութիւն յայտնելով Խորհրդին` նախագահը առաջարկեց ընտրել երկու փոխնախագահներ:

Արշալոյս Մխիթարեանը Հայ ժողովրդական կուսակցութեան կողմից դրեց իրենց ֆրակցիայի անդամ Գրիգոր Տէր-Խաչատրեանի թեկնածութիւնը: Սոցիալիստ-յեղափոխական ֆրակցիան առաջարկեց ընտրել Դաւիթ Զուբեանին: Բաց քւէարկութեամբ ընտրւեցին Գր. Տէր-Խաչատրեանը` 4 սոցիալ-դեմոկրատների ձեռնպահութեամբ եւ Դ. Զուբեանը` միաձայնութեամբ:

ՀՅ Դաշնակցութեան ֆրակցիայի կողմից առաջարկւեց ընտրել անկուսակցական Պետրոս Զաքարեանին աւագ քարտուղար. ընտրւեց միաձայնութեամբ Դիւանի կազմութիւնից յետոյ նախագահ Աւ. Սահակեանը դիմեց խորհրդին` որոշելու, թէ օրակարգը պէտք է սպառւած համարել, թէ շարունակել աշխատանքները: Սմբ. Խաչատրեանը ՀՅ Դաշնակցութեան ֆրակցիայի կողմից առաջարկեց սահմանափակւել արդէն եղածով եւ մնացած խնդիրները յետաձգել յաջորդ նիստին: Սոցիալ-դեմոկրատների կողմից առաջարկւեց երկրորդ նիստը նշանակել հետեւեալ օրը. դաշնակցականները պնդեցին նշանակել շաբաթ օրը: Ժողովրդականների կողմից Գ. Տէր-Խաչատրեանն առաջարկեց յաջորդ նիստում լսել կառավարութեան զեկուցումը: Վարչապետ Քաջազնունին յայտնեց, թէ կառավարութիւնը չի ենթադրում վաղը յայտարարութիւն անել: Քւէարկութեան դրւելով երկու առաջարկը` ձայների մեծամասնութեամբ որոշւեց յաջորդ նիստը գումարել շաբաթ օրը, օգոստոսի 3-ին, ժամը 11-ին:
Նիստը յայտարարւեց փակւած:

Հայաստանի Խորհրդի անդրանիկ նիստի փակումից յետոյ, խորհրդի շէնքի առջեւ, տեղի ունեցաւ զօրահանդէս, որն ընդունեց վարչապետ Քաջազնունին: Հանդէսը վարում էր երրորդ բրիգադի պետ գնդապետ Դանիէլ բէկ Փիրումեանը: Վարչապետը, խորհրդի նախագահի հետ միասին` շրջապատւած խորհրդի անդամներով, նախարարներով, գերման, աւստրիական եւ օսմանեան զինւորական ներկայացուցիչներով, հայ բանակի զինւորական ներկայացուցիչներով, հայ բանակի զինւորական պետերով ու հիւրերով աջից ձախ անցաւ զօրաջոկատը` առանձին-առանձին ողջունելով զօրամասերը, ապա տեղի ունեցաւ զօրքի հանդիսաւոր տողանցք: Հանդէսից յետոյ զօրքը երաժշտութեամբ ու երգերով անցաւ քաղաքի գլխաւոր փողոցներից:

«Զանգ», 4 օգոստոսի 1918 թ.: «Հորիզոն», 9 օգոստոսի, 1918 թ.

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։