Հա

Քաղաքական

04/08/2018

Հայաստանի Առաջին Հանրապետութեան երկրորդ խորհրդարանի բացումը

Նորընտիր խորհրդարանի հանդիսաւոր բացումը տեղի ունեցաւ Հայաստանի խորհրդարանի հրաւիրումից ուղիղ մէկ տարի անց՝ 1919 թ. օգոստոսի 1-ին: Խորհրդարանի նիստը բացեց նրա աւագագոյն անդամ Ասետիք Սահակեանը, քարտուղարն էր կրտսերագոյն անդամ Ենովք Միրաքեանը: Բացման օրը ներկայ էին 56 պատգամաւոր:

1919 թ. օգոստոսի

Նորընտիր խորհրդարանի հանդիսաւոր բացումը տեղի ունեցաւ Հայաստանի խորհրդարանի հրաւիրումից ուղիղ մէկ տարի անց՝ 1919 թ. օգոստոսի 1-ին: Խորհրդարանի նիստը բացեց նրա աւագագոյն անդամ Ասետիք Սահակեանը, քարտուղարն էր կրտսերագոյն անդամ Ենովք Միրաքեանը: Բացման օրը ներկայ էին 56 պատգամաւոր:

Ի տարբերութուն առաջին խորհրդարանի, որը պաշտօնապէս կոչւում էր «Հայաստանի խորհուրդ», այս նոր ընտրովի օրէնսդիր մարմինը կոչւեց «Հայաստանի պառլամենտ»: Նշենք նաեւ, որ խորհրդարանի բացման օրը յայտարարութեամբ հանդէս եկաւ ՀԺԿ Հայաստանի կոմիտէն: Նա մէկ անգամ եւս բողոքեց ընտրութիւնների ժամանակ թոյլ տրւած ապօրինութիւնների ու զեղծարարութիւնների կապակցութեամբ, պահանջեց անվաւեր համարել յունիսեան ընտրութիւնները եւ նշանակել խորհրդարանի նոր ընտրութիւններ: Բայց այս բողոքն ընդամենը ինքնահանգստացման միջոց էր եւ որեւէ գործնական նշանակութիւն այլեւս ունենալ չէր կարող:

1919 թ. օգոստոսի 5-ին կայացաւ խորհրդարանի պաշտօնական առաջին նիստը, որտեղ հաստատւեցին յունիսի 21-23-ին խորհրդարանական ընտրութիւններում ընտրւած 80 պատգամաւորների մանդատները: Մանդատային յանձնաժողովի կողմից զեկուցեց Յ. Բուդաղեանը: Արձանագրւեց, որ մի շարք ընտրատարածքներում (Ղարաքիլիսա, Համամլու, Բաշ Գառնի եւ այլն) թոյլ են տրւել առանձին խախտումներ, սակայն, հաշւի առնելով այն հանգամանքը, որ դրանք էապէս չեն ազդել ընտրութիւնների վերջնական արդիւնքների վրայ, որոշւեց մանդատները հաստատել, միաժամանակ ընդունել ի գիտութիւն ընտրութիւնների առանձին խախտումների ու անկանոնութիւնների մասին փաստերը:

Այնուհետեւ մանդատային յանձնախմբի նախագահ Յ. Բուդաղեանի ամփոփ զեկուցումից յետոյ ընտրւեց խորհրդարանի նախագահութիւն: Նախագահ ընտրւեց Աւետիս Ահարոնեանը, փոխնախագահներ՝ Լեւոն Շանթը եւ Սարգիս Արարատեանը, աւագ քարտուղար՝ Յակոբ Տէր-Յակոբեանը, իսկ կրտսեր քարտուղար՝ Արամ Սաֆրաստեանը: Խորհրդարանի նախագահութեան կազմի քւէարկութիւնից ձեռնպահ մնացին Էսէռները եւ «Արագածոտնի գիւղացիական միութեան» ներկայացուցիչը:

Խորհրդարանի գործունէութեան ընթացքում նախագահութեան կազմը փոփոխութիւններ կրեց: Դէպքերի բերումով պատգամաւոր Ա. Ահարոնեանը այդպէս էլ չվերադարձաւ հայրենիք եւ չվարեց խորհրդարանի եւ ոչ մի նիստ: Այստեղ հարց է ծագում՝ իսկ ինչո՞ւ Ա. Ահարոնեանին ընտրեցին խորհրդարանի նախագահ, երբ նա, գտնւելով արտասահմանում, գլխաւորում էր ՀՀ դիւանագիտական պատւիրակութիւնը: Այս հարցին, կարծում ենք, յստակ է պատասխանել խորհրդարանի աւագ քարտուղար Յ. Տէր-Յակոբեանը: Նա Ա. Ահարոնեանին նախագահ ընտրելը բացատրում էր նրանով, որ խորհրդարանը ցանկանում էր՝ դրանով ՀՀ պատւիրակութեան նախագահին «աւելի հեղինակութիւն ու կշիռ տւած լինել վեհաժողովի առջեւ»: Այս նոյն միտքն է հաստատում նաեւ Վ. Փափազեանն՝ իր յուշերում:

Շուտով փոփոխութիւն կատարւեց խորհրդարանի նախագահութեան կազմում: Օգոստոսի 10-ին Ս. Արարատեանը ընտրւում է նախարար եւ, բնականաբար, ազատւում փոխնախագահի պարտականութիւնից: Հետագայ ժամանակաշրջանում խորհրդարանի փոխնախագահի պարտականութիւններ են կատարել պատգամաւորներ Յովսէփ Արղութեանը, Սիրական Տիգրանեանը, Աւետիք Սահակեանը եւ Յովհաննէս Քաջազնունին: Պատգամաւոր Աւ. Խոնդկարեանն իր յուշերում տխրութեամբ էր վերյիշում իրենց (Էսէռական) ներկայացուցչի չընդգրկւելը նախագահութեան կազմում:

Մինչ նոր վարչապետի ընտրութիւնը եւ նոր կաբինետի կազմումը օգոստոսի 5-ի նիստում լսւեց վարչապետի պաշտօնակատար Ալ. Խատիսեանի զեկուցումը կառավարութեան վերջին ամիսների գործունէութեան, վարած ներքին ու արտաքին քաղաքականութեան մասին: Վարչապետի պաշտօնակատարը յայտնեց, որ վերջին երկու ամսւայ ընթացքում կառավարութիւնը հրատարակել է 152 օրէնք եւ 300-ից աւելի վարչական կարգադրութիւն: Դրանից յետոյ կառավարութիւնը ցած է դնում իր լիազօրութիւնները խորհրդարանի առջեւ: Վերջինս ընդունում է կաբինետի հրաժարականը: Օգոստոսի 7-ի նիստում՝ նախագահութեամբ Ս. Արարատեանի (Ահարոնեանը եւ Շանթը բանակցում էին), նախարար-նախագահ (վարչապետ) ընտրւեց Ալեքսանդր Խատիսեանը, եւ յանձնարարւեց նրան կազմելու հանրապետութեան նոր կառավարութիւն: Փաստենք, որ վարչապետի հաւանական թեկնածուներից էր նաեւ Ա. Գարոն (Փաստրմաջեանը), որը վայելում էր մեծ հեղինակութիւն թէ՛ արեւելահայերի, եւ թէ՛ արեւմտահայերի շրջանում: Նա Հայաստանի դեսպանն էր ԱՄՆ-ում, սակայն քւէարկութեան դրւեց միայն Ալ. Խատիսեանի թեկնածութիւնը: Վարչապետի ընտրութեան արդիւնքներն էին՝ 40 կողմ եւ 8 դէմ:

Տեղեկացնենք, որ շատ պատգամաւորներ՝ Ա. Ահարոնեան, Ա. Գարօ, Մ. Վարանդեան, Յ. Օհանջանեան, Յ. Արղութեան, Մ. Յարութիւնեան, Յ. Քաջազնունի եւ ուրիշներ, տեւական գործուղումների, դիւանագիտական աշխատանքի, պետական պաշտօնավարութեան եւ այլ պատճառներով բացակայում էին հանրապետութիւնից: Սովորաբար քւէարկութիւնների ժամանակ ձայների համեմատական սակաւութիւնը պէտք է բացատրել նաեւ նրանով, որ տարբեր ժամանակներում ոչ պակաս տասը պատգամաւոր՝ նախարարներ կամ նախարարի տեղակալներ էին, որոնք ընդունւած օրէնքով քւէարկութիւններին մասնակցելու իրաւունք չունէին: Այդ իսկ պատճառով էլ խորհրդարանական քւէարկութեան ժամանակ ձայները սովորաբար չէին անցնում 40-50-ից:

Օգոստոսի 10-ի նիստում հաստատւեց կառավարութիւնը հետեւեալ կազմով՝ Ալ. Խատիսեան (նախարար-նախագահ եւ արտգործնախարար), Ա. Գիւլխանդեան (ներքին գործերի եւ արդարադատութեան նախարար), Ս. Արարատեան (ֆինանսների եւ պարէնաւորման նախարար), Աւ. Սահակեան (խնամակալութեան եւ աշխատանքի նախարար), Ն. Աղբալեան (հանրակրթութեան եւ արւեստի նախարար) եւ գեներալ Խ. (Քր) Արարատեան (զօրական նախարար): Ինչպէս նկատում ենք, կառավարութեան կազմը կուսակցական պատկանելութեան տեսակէտից միատարր էր՝ բաղկացած զուտ դաշնակցականներից:

Օգոստոսի 15-ի նիստում լսւեց կառավարութեան յայտագիրը, որում ներկայացւած էին նոր կաբինետի ներքին ու արտաքին քաղաքականութեան հիմնական ուղղութիւններն ու մօտեցումները: Յայտագրում մասնաւորապէս ընդգծւում էր. «Նոր կառավարութիւնը՝ հենւած բովանդակ հայ ժողովրդի դարաւոր իրաւունքի եւ իղձերի վրայ, իր ամբողջ կարողութեամբ պիտի պաշտպանի եւ ձգտի իրականացնել միացեալ եւ ամբողջական Հայաստանի անկախութեան գաղափարը»: Տնտեսութեան բնագաւառում Խատիսեանի կաբինետը պարտաւորւում էր ըստ ամենայնի խրախուսել օտար ներդրումները Հայաստանում: Հողային խնդրում կառավարութիւնը պէտք է իրագործէր կալւածատիրական, եկեղեցապատկան հողերի ազգայնացում եւ դրանց բաշխումը գիւղացիներին՝ աշխատանքային եւ սպառողական նորմաներով: Կրթութեան ասպարէզում խնդիր էր դրւում սկզբնական կրթութիւնը դարձնել ընդհանուր, պարտադիր եւ ձրի:

Խատիսեանի կաբինետի յայտագրին անվստահութիւն են յայտնում միայն Էսէռները: Նրանք առարկում էին այն բանում, որ արտաքին քաղաքականութեան բնագաւառում կառավարութիւնը պէտք է հրաժարւի արեւմտեան կողմնորոշումից եւ հակւի դէպի Ռուսաստանը: Բացի այդ, նրանք գտնում էին որ, հողերի բաշխման ձեւը տակաւին չի որոշւած, եւ որ դպրոցների պետականացումը սխալ է կիրառւում կեանքում եւ այլն: Կառավարութեան յայտագիրն ընդունւում է 28 ձայնով՝ ընդդէմ 2-ի:

Այդ օրերին նորընտիր վարչապետ Ալ. Խատիսեանը հեռաւոր Ամերիկայից ստացաւ նախկին վարչապետ Յ. Քաջազնունու՝ ծրագրային բովանդակութեամբ ծաւալուն նամակը, որում վերջինս խորհուրդներ էր տալիս, թէ ինչպիսի քաղաքական ուղեգիծ ցանկալի կը լինի, որ վարի նորակազմ կառավարութիւնը:

Յ. Քաջազնունին իրաւամբ համարւում է այն ժամանակւայ ՀՀ ամենահեռատես, չափաւոր եւ հաւասարակշիռ քաղաքական գործիչներից մէկը: Վարչապետ եղած ժամանակ նա առաջնորդւում էր զուտ պետական մտածելակերպով՝ երկրորդական պլան մղելով կուսակցականը: Յ. Քաջազնունին ջանում էր իրեն պատասխանատու զգալ ոչ թէ Դաշնակցութիւն կուսակցութեան, այլ միայն ժողովրդի ու խորհրդարանի առջեւ: «Քաջազնունու գործուղումը,- փաստում էր Ռ. Տէր-Մինասեանը,- նշանակում էր ըստ էութեան հեռացում եւ Դաշնակցութեան ազդեցութեան ուժեղացում պետական կառավարման մէջ»:
Եւ, ահա, Խատիսեանին ուղղւած նամակում Քաջազնունին դնում էր պետական գործերում կուսակցութեան միջամտութեան սահմանափակման եւ աստիճանաբար դուրս մղման անհրաժեշտութիւնը: «Մենք,- գրում էր նամակի հեղինակը,- դառնալով միակ կառավարող կուսակցութիւն եւ տնօրինելով երկրի բախտը՝ չենք կարող միակողմանիորեն սահմանափակւել զուտ կուսակցական, ծրագրային սկզբունքներով, այլ նաեւ պէտք է ելնենք մեր երկրի կեցութեան իրական պայմաններից ու կարիքներից: Մեր գործը պէտք է լինի ոչ թէ մեր կուսակցութեան գաղափարների քարոզչութիւնն ու սկզբունքների ցուցադրումը, այլ երկրի վերաշինումը»:

Առաջ գնալով ասենք, որ Ալ. Խատիսեանի կաբինետը հիմնականում հաւատարիմ մնաց Յ. Քաջազնունու խորհուրդներին: Պէտք է ասել, որ Խատիսեանը եւս Քաջազնունու պէս պետական մտածողութեան գործիչ էր, եւ գտնում էր, որ կուսակցութիւնը չպէտք է միջամտի կառավարութեան ընթացիկ պետական գործերին: Ռուբէնը նկատում է, որ Խատիսեանի կառավարութեան ընդհանուր տեսակէտն ու որդեգրած ուղղութիւնը մնում էր քաջազնունիական: «Խատիսեանը ձգտում էր չէզոքացնել Բիւրոն ու կուսակցութեան մարմինները եւ աւելի շատ յենւել պառլամենտի վրայ»: Բայց պէտք է ասել, որ Խատիսեանը այդ բանը՝ չէզոքացումը, կատարում էր շատ զգուշօրէն եւ մեծ տակտով: Նա կուսակցութեան հանդէպ վարում էր խուսանաւման, փափուկ քաղաքականութիւն: Արդիւնքում՝ Խատիսեանը ձգտում էր յենւել ե՛ւ խորհրդարանի, ե՛ւ կուսակցութեան, ե՛ւ իշխանութեան վրայ:

 

Արարատ Յակոբեան
«Հայաստանի խորհրդարանը եւ քաղաքական կուսակցութիւնները 1918-1920 թթ.»

Յարակից լուրեր

  • Հայաստանի Հանրապետութեան առաջին խորհրդարան
    Հայաստանի Հանրապետութեան առաջին խորհրդարան

    1918 թ. օգոստոսի մէկին (նոր տոմարով)` հինգշաբթի օրը, Երեւանում, բացւեց Հայաստանի Հանրապետութեան անդրանիկ գերագոյն օրէնսդրական ժողովի` Հայաստանի Խորհրդի առաջին նստաշրջանը:

    Քաղաքն ունէր սովորական տեսք: Ոչ մի զարդարանք փողոցներում: Բացի մի քանի պաշտօնական շէնքերից, ոչ մի դրօշակ: Խանութները բաց էին: Կառավարութիւնը ոչ մի միջոց ձեռք չէր առել եւ թողել էր, որ ազգաբնակութիւնն ինքը որոշի իր վերաբերմունքը, եւ ամէն ոք, ըստ սովորութեան, իր գործի հետեւից էր:

  • Գիլ Թրոյ. «Քաջազնունին մոռացւած է ոչ միայն դրսում, այլեւ Հայաստանում»
    Գիլ Թրոյ. «Քաջազնունին մոռացւած է ոչ միայն դրսում, այլեւ Հայաստանում»

    Ամերիկացի պատմաբան, Սիմոն Ռոքոուէր մրցանակի դափնեկիր, Գիլ Թրոյը վերջերս «Daily Beast» պարբերականում «Հայաստանի առաջին վարչապետի ողբերգութիւնը. չափազանց բորբոքւած եւ այժմ մոռացւած» յօդւած էր գրել Հայաստանի առաջին Հանրապետութեան վարչապետ Յովհաննէս Քաջազնունու մասին:

  • ՀՀ խորհրդարանական ուժերը վերահաստատել են Արցախի խնդրի շուրջ միասնական մօտեցումների կարեւորութիւնը
    ՀՀ խորհրդարանական ուժերը վերահաստատել են Արցախի խնդրի շուրջ միասնական մօտեցումների կարեւորութիւնը

    Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանի մօտ մայիսի 4-ին տեղի ունեցած հանդիպումից յետոյ Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի «ՀՀԿ», «Ծառուկեան», «Ելք», «ՀՅԴ» խմբակցութիւնների ներկայացուցիչները պատասխանել են լրագրողների հարցերին:

  • Առաջին Հանրապետութեան կին պատգամաւորները
    Առաջին Հանրապետութեան կին պատգամաւորները

    Նրանք առաջինն էին… 1918-ին, Եւրոպայի երկրների կէսից աւելիում կանայք ընտրական իրաւունքներ չունէին: Իսկ 1919-ին կայացած ընտրութիւններին հայոց Առաջին Հանրապետութեան խորհրդարան են ընտրւում երեք կին պատգամաւորներ: Ցաւօք, այսօր քչերը գիտեն նրանց անունները, է՛լ աւելի քիչ են յայտնի նրանց դժուարին, բայց բոլոր իմաստներով արժանավայել կենսագրութեան ժլատ փաստերը: Չեն պահպանուել նոյնիսկ նրանց բոլորի լուսանկարները: Ու այդ ամէնը խիստ անարդարացի է, քանզի նրանք իսկական առաջամարտիկներ ու անձնուէր հայրենասէրներ էին…

  • Արամ Մանուկեան (Սերգէյ Յովհաննիսեան, 1879-1919). Գաղափարի մարտիկը, ազգային ղեկավարը եւ Հայաստանի անկախութեան դաշնակցական կերտիչը
    Արամ Մանուկեան (Սերգէյ Յովհաննիսեան, 1879-1919). Գաղափարի մարտիկը, ազգային ղեկավարը եւ Հայաստանի անկախութեան դաշնակցական կերտիչը

    Թէեւ միայն քառասուն տարի ապրելու ճակատագիր մը վիճակուեցաւ անզուգական Արամին, բայց սկսելով Շուշիէն, անցնելով Կարսէն ու Վանէն եւ վերնականապէս հանգրուանելով Երեւան՝ հայ ազգային-ազատագրական շարժման Գաղափարի Մարտիկը, հայ ժողովուրդի մարտական վերածնունդին Ազգային Ղեկավարը եւ Հայաստանի Անկախութեան Դաշնակցական Կերտիչը հայոց սերունդներուն կտակեց յաւերժական ներշնչման արժանի վարք ու գործք Արութեան։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։