Հա

Քաղաքական

05/08/2018

Արմէն Բադալեան. «Փաշինեանի բարձր լեգիտիմութեան հարցը ներքին օգտագործման համար է ու դրսում չի աշխատում»

«tert.am»-ի հետ զրոյցում ընտրական եւ քաղաքական տեխնոլոգիաների փորձագէտ Արմէն Բադալեանն անդրադառնում է հարցին, թէ արդեօք ՌԴ արտգործնախարար Սերգէյ Լաւրովի յայտարարութիւնից ու Երւեանի արձագանքից յետոյ հայ-ռուսական յարաբերութիւններում առկայ է խորը ճգնաժամ, ինչպէս նաեւ հարցին, թէ օգոստոսի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինեանի հանրահաւաքը կարո՞ղ է արդեօք դառնալ արտաքին քաղաքական գործուն խաղաքարտ: 

«alikonline.ir» - «tert.am»-ի հետ զրոյցում ընտրական եւ քաղաքական տեխնոլոգիաների փորձագէտ Արմէն Բադալեանն անդրադառնում է հարցին, թէ արդեօք ՌԴ արտգործնախարար Սերգէյ Լաւրովի յայտարարութիւնից ու Երւեանի արձագանքից յետոյ հայ-ռուսական յարաբերութիւններում առկայ է խորը ճգնաժամ, ինչպէս նաեւ հարցին, թէ օգոստոսի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինեանի հանրահաւաքը կարո՞ղ է արդեօք դառնալ արտաքին քաղաքական գործուն խաղաքարտ:

 

- Պարո՛ն Բադալեան, օգոստոսի 17-ին հանրահաւաք է, որի առանցքում է լինելու Նիկոլ Փաշինեանի պաշտօնավարման 100 օրը: Այսուհանդերձ, վարչապետի թիմի առանցքային անդամներից մէկը Սերգէյ Լաւրովի յայտարարութիւնից յետոյ «Ֆէյսբուք»-ում գրեց, որ սա լինելու է ՀՀ ինքնիշխանութեան հանրահաւաքը, թէպետ սա անմիջապէս սրբագրւեց Արարատ Միրզոյեանի մակարդակով։ Շատ փորձագէտներ համարում են, որ սրւած հայ-ռուսական յարաբերութիւնների ֆոնին այս հանրահաւաքը վարչապետի համար կարեւոր է հետեւեալով, որ նա ցանկանում է Բրիւսէլին ու յատկապէս Մոսկւային ցոյց տալ, որ ժողովուրդը կանգնած է իր թիկունքին, եւ ի տարբերութիւն նախորդ իշխանութիւնների` ինքն ունի ժողովրդի վստահութիւնը: Բայց հարց՝ արդեօ՞ք այս մեծ լեգիտիմութեան գործօնն արտաքին խաղաքարտ է: Թէ՞, այնուամենայնիւ, դա շատ կարեւոր է իր համար որպէս ներքին հարց՝ երկրի ներսում: 

- Դրսում սա չի աշխատում, որովհետեւ «դուրսը» առաջնորդւում է ռէալպոլիտիկայով՝ անկախ նրանից՝ դու լեգիտիմ ես, չես, ժողովրդավար ես, թէ չէ, երբ մեր շահերը համընկնում են, նրանք համագործակցում են, եթէ չեն համընկնում, չեն համագործակցում: Եւ լեգիտիմութեան հարցը ներքին օգտագործման համար է, ոչ թէ արտաքին: Կարելի է բերել բազմաթիւ օրինակներ: Օրինակ՝ Եւրոմիութիւնը բաւականին լաւ համագործակցում է Չինաստանի հետ, որը, առհասարակ, ժողովրդավարական երկիր չէ, այնտեղ չկայ ժողովրդավարութիւն, բայց շահերը համապատասխանում են եւ նորմալ համագործակցում են: Այնպէս որ, այդ՝ երկրում ժողովրդավարութեան, յեղափոխութիւն իրականացնելու գործօնը, որն այսօրւայ իշխանութիւնները ցանկանում են վաճառել Եւրոմիութեանը, չի անցնում: 

 

- Անգամ Եւրոմիութեա՞ն մօտ չի անցնում: 

- Ես խօսում էի ԵՄ-ի մասին, որը ժողովրդավարական արժէքների վրայ ստեղծւած միութիւն է, բայց արտաքին քաղաքականութեան մէջ առաջնորդւում է պրագմատիկ շահերով: Իսկ ՌԴ-ին հանրահաւաքով ինչ-որ մի բան ցոյց տալն անիմաստ է, եթէ անգամ 100 հազար մարդ դուրս գայ, որովհետեւ Ռուսաստանի համար բացարձակապէս միեւնոյն է՝ դու ժողովրդավա՞ր ես, թէ ոչ: Եւ որեւէ հանրահաւաք չի կարող Ռուսաստանին ինչ-որ մի բան ապացուցել: 

 

- Քաղաքական գործիչ, քաղաքագէտ Դաւիթ Շահնազարեանը կարծիք յայտնեց, որ հայ-ռուսական յարաբերութիւններում երբեւէ նման խորը ճգնաժամ չի եղել, այլ մարդիկ, հակառակը, ասում են՝ ի՞նչ է եղել, մենք ինքնիշխան երկիր ենք, իրենք միջամտում են մեր ներքին գործերին, եւ այլն: Համարո՞ւմ էք, որ միջադէպն այսքանով սպառւած է՝ հաշւի առնելով այն, որ ՌԴ պաշտպանութեան փոխնախարարը երէկ յայտարարեց, որ արտօնեալ գներով ՌԴ-ից զէնքի վաճառքի գործարքին որեւիցէ վտանգ չի սպառնում: 

- Նախ, արձանագրեմ, որ եղած միջադէպը որեւիցէ ձեւով չի ազդել հայ-ռուսական յարաբերութիւնների վրայ: Խնդիրն անգամ այդ միջադէպը չէ, հարցադրումն այն չէ, թէ սա կանդրադառնա՞յ հայ-ռուսական յարաբերութիւնների վրայ, թէ ոչ: Խնդիրն այն է, որ Հայաստանը արտաքին քաղաքական հեռանկարային կոնցեպտ չունի: Սա է ամենամեծ խնդիրը, եւ ոչ թէ հայ-ռուսական ինչ-որ յարաբերութիւններ կամ ճգնաժամեր: Եւ սա է, որ ժամանակ առ ժամանակ ծնելու է անհասկանալիութիւն: Դա ճգնաժամ չէ: 

 

- Չհասկացւածութիւն: 

- Անհասկանալիութիւն է: Այսինքն՝ չեն հասկանում որոշ բաներ: Դա ճգնաժամ չէ, դա այդ վիճակն է, որը հիմնւած է նրա վրայ, որ Հայաստանը չունի արտաքին քաղաքական հեռանկար, հասկանալի չէ՝ ինչն է Հայաստան-Ռուսաստան յարաբերութիւնների զարգացման հետագայ կոնտեքստը: Եւ խնդիրն այն է, որ իրենք չեն հասկանում, թէ դու ինչ ես ուզում: Հայաստանն ասում է, որ ինքը շարունակելու է նոյն արտաքին քաղաքականութիւնը, խորացնելու է ՀԱՊԿ-ի հետ համագործակցութիւնը ու ԵԱՏՄ-ի հետ համագործակցութեան արդիւնաւէտութիւնն է բարձրացնելու, բայց չի բացատրում՝ խորացում ասելով ի՞նչ է հասկանում: Եւ երկրորդ՝ անհասկանալի են նաեւ Հայաստան-ԵՄ եւ Հայաստան-ԱՄՆ արտաքին քաղաքական կապերը: Աւելին՝ վերջին երկուսի պարագայում չկայ նաեւ քաղաքական օրակարգ: Սա է Հայաստանի մեծագոյն պրոբլեմը, ոչ թէ այն, թէ ՌԴ-ն մեր ասածներն ինչպէս կընկալի: 

 

- Մայիսի 8-ին ԱԺ-ի կողմից վարչապետ ընտրւելուց առաջ ԱԺ արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նիստին հանրապետական պատգամաւորները չկարողացան Փաշինեանից կորզել որեւէ փաստ, խօսք, որը ՌԴ-ի կողմից լաւ չէր ընկալւի, սակայն նա հիմա անում է քայլեր, որոնք մեղմ ասած, ՌԴ իշխանութիւնների «սրտով կարող են չլինել»: Ինչո՞ւ թոյլ տրւեց Երեւան-Մոսկւա այս երկխօսութիւնը: Ի վերջոյ, ռուսները պնդում են, թէ իրենք ասում են, որ ընդամէնը նախապէս Խաչատուրովին պէտք էր փոխարինել որեւէ այլ գեներալով: Իսկ յետոյ, ձեր ներքին գործն է, քրէական հետապնդում արէք, դատէք, կալանաւորէք, բայց կասկածի տակ մի դրեք ռազմաքաղաքական բլոկի ղեկավարի ստորագրութիւնները տարբեր փաստաթղթերի տակ: Այլ կերպ ասած՝ ռուսական կողմի բողոքը Ձեզ համար հասկանալի՞ է: 

- Ռուսները չեն բողոքում, իրենք պաշտօնապէս յայտարարել են, որ այն, ինչ տեղի է ունենում Խաչատուրովի հետ կապւած, Հայաստանի ներքին գործն է: Նաեւ, իհարկէ, ասացին, որ դա կարող է խնդիրներ առաջացնել ՀԱՊԿ-ի հետագայ ինտեգրացիոն պրոցեսների համար: 

 

- Իրենք փորձագիտական մակարդակով ասել են՝ նա ունի հայկական ազգանուն, բայց նա միջազգային պաշտօնեայ է, որին պէտք էր նախապէս յետ կանչել, փոխարինել մէկ այլ գեներալով, յետոյ դատել: 

- Կապ չունի՝ պաշտօնեայ է, թէ չէ, եւ կրկնում եմ՝ հայ-ռուսական յարաբերութիւններում խնդիր չկայ, կան անհասկանալիութեան պահեր, երբ մի երեւոյթ Հայաստանի կողմից մի կերպ է մեկնաբանւում, ՌԴ-ի կողմից՝ մէկ այլ: Այս անհասկանալիութեան պահերն անցնում են: Իհարկէ, կարող են հետագայում էլ առաջանալ: 

 

- Միջադէպն այլեւս սպառւա՞ծ է, այսինքն:

- Այո: 

 

- Ասում էք՝ Փաշինեանը չունի արտաքին քաղաքական հայեցակարգ, ըստ Ձեզ՝ ինչո՞ւ: 

- Չգիտեմ՝ ինչու չունի, բայց նա ինչ ընտրւել է, ամէն հնարաւոր վայրերում ու բոլոր հնարաւոր լրատվամիջոցներին ասում է, որ արտաքին քաղաքական վեկտորը չի փոխւելու, եւ ինքը հաւատարիմ է մնալու Ռուսաստանին: Դա կարելի է մէկ անգամ ասել, մի քանի անգամ չի կարելի ասել, որովհետեւ մի 10 անգամ ասելուց յետոյ ՌԴ ղեկավարութիւնը Լաւրովի բերանով մի միջամտութիւն Հայաստանի ներքին գործերին իրականացրեց: Դա նշանակում է, որ Հայաստանի իշխանութիւնները պէտք է հասկանան, որ ռուսներն ասում են, որ դու հաւատարիմ ես մնում, բայց դա Ռուսաստանի վրայ չի ազդում: Հետեւաբար՝ Հայաստանը սա պէտք է դադարեցնի, որովհետեւ սա իրեն սպառել է: Կրկնում եմ՝ չկայ նաեւ ՀՀ-ԱՄՆ, ՀՀ-ԵՄ յարաբերութիւնների զարգացման կոնցեպտ, այն դէպքում, երբ Հայաստանում ԵՄ պատւիրակութեան ղեկավարը շատ յստակ ասաց, որ եթէ դու չես փոխում ԵՄ-ի նկատմամբ քո վերաբերմունքը, ուրեմն՝ մի սպասիր Եւրոմիութիւնից: Աւելին՝ մենք տեսնում ենք, որ հայ-ամերիկեան յարաբերութիւնների քաղաքական օրակարգը ձեւաւորելու փոխարէն իշխանութիւններն ամէն քայլ անում են հայ-ամերիկեան PR յարաբերութիւնները զարգացնելու համար: Այսինքն՝ ամէն ինչ անում են, որ ՄԱԿ-ի գագաթնաժողովին ՀՀ ղեկավարը ԱՄՆ ղեկավարի հետ մէկ ձեռքսեղմում ունենայ, դա նկարահանւի եւ դա ցոյց տան որպէս հայ-ամերիկեան յարաբերութիւնների զարգացում: Դա հայ-ամերիկան քաղաքական օրակարգ չէ, ընդամէնը հայ-ամերիկեան PR յարաբերութիւններ են: 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։