Հա

Քաղաքական

05/08/2018 - 12:20

Մենք իրաւաբաններ չենք, բայց Քոչարեանի գործի վերաբերեալ ՅՔԾ պետի ՊԻՏԻ-ին կասկածելի է

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանին ներկայացւած մեղադրանքները շարունակում են մնալ հասարակութեան ուշադրութեան կենտրոնում։ Գաղտնի հրամանի տեքստից բացի քիչ բան է հրապարակւում, երեւի այդպէս էլ պէտք է լինէր, վերջի վերջոյ քննութեան գաղտնիութիւն գոյութիւն ունի։ Բայց ինչ-որ մի բան մտահոգիչ է։ 

«alikonline.ir» - Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանին ներկայացւած մեղադրանքները շարունակում են մնալ հասարակութեան ուշադրութեան կենտրոնում։ Գաղտնի հրամանի տեքստից բացի քիչ բան է հրապարակւում, երեւի այդպէս էլ պէտք է լինէր, վերջի վերջոյ քննութեան գաղտնիութիւն գոյութիւն ունի։ Բայց ինչ-որ մի բան մտահոգիչ է։ Գրում է «Sputnik» Արմենիայի սիւնակագիր Ռուբէն Գիւլմիսարեանը:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը կալանքի տակ է մնում, նրա փաստաբաններն աշխատում ու ելոյթ են ունենում մամուլի ասուլիսներում, բողոքներ են ներկայացնում` փորձելով սկզբում փոխել խափանման միջոցը, իսկ յետոյ մնացածը, ինչպէս եւ պէտք է լինէր։ Յատուկ քննչական ծառայութեան պետ Սասուն Խաչատրեանն էլ համոզմունք յայտնեց, որ ամէն ինչ այնպէս է, ինչպէս պէտք է լինի։ Այս ամէնն այնքան գրաւիչ է լայն հասարակութեան համար, որ այն, երբեմն, չի նկատում պաշտօնեաների զարմանալի արտայայտութիւնները։

Լայն հասարակութիւնը մեծամասամբ իրաւապէս գրագէտ չէ, այն հիմա սենսացիոն տեսարաններ է պահանջում ու ստանում է. աւելի հեշտ է տեսարան ապահովել, քան հաց։ Ու չնայած իրաւական անգրագիտութեանը, հասարակութիւնը պարտադիր իր դատողութիւններն է անում, ու բոլորը չեն, որ հնարաւոր են համարում, որ իրենց վճիռները կարող են սխալ լինել։

Չենք խորանայ «մարտի 1-ի գործի», աւելի ճիշտ դրա նոր ընթացքի քննչական ու դատավարական գործընթացների մեջ հէնց իրաւաբանական կրթութեան պակասի պատճառով։ Չենք արտայայտի նաեւ մեր ակնյայտ զարմանքը, թէ ինչու է այդ գործի շրջանակում առաջին նախագահն ազատութեան մէջ, իսկ երկրորդը` բանտում նստած։ Մէկ էլ տեսար այնտեղ այնպիսի իրաւաբանական նրբութիւններ կան, որոնք անհասանելի են մեզ՝ մահկանացուներիս համար։ Ինչպէս նաեւ անհասանելի է երկաթէ տրամաբանութիւնը, որ լինելով երկրի նախագահ՝ կարելի է տապալել սահմանադրական կարգը։ Այսինքն՝ գահընկեց անել ինքն իրեն։

Երեւի կարելի է, մենք իրաւաբաններ չենք, իրաւաբանները մենք չենք։ Վերցնենք Սասուն Խաչատրեանի՝ ՅՔԾ-ի ղեկավարի թարմ հարցազրոյցը, աւելի շուտ ոչ թէ հարցազրոյցն ամբողջութեամբ, այլ դրա մի դրւագն այն մասին, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի խափանման միջոցի փոփոխութեան վերաբերեալ նրա փաստաբանների բողոքը Վերաքննիչ քրէական դատարանը պէտք է մերժի։

Երբ այդպիսի արտայայտութիւններ են արւում սոցիալական կայքերում, սուրճի կամ գարեջրի բաժակի շուրջ զրոյցի ժամանակ, դա նորմալ է։ Ընդունելի է, եթէ ՅՔԾ-ի ղեկավարն ասի դա ոչ ֆորմալ միջավայրում՝ յայտնելով սեփական կարծիքը։ Նա, ինչպէս եւ ցանկացած այլ մարդ, այդ կարծիքի իրաւունքն ունի։

Լրիւ այլ բան է, երբ ՅՔԾ-ի պետը հեռուստաեթերում այդ համատեքստում «պէտք է» բառն է օգտագործում այն դատարանի հասցէին, որը, ինչպէս մեզ արդէն երկու ամիս է համոզում են, հիմա աշխարհի ամենաանկախ ու ճնշմանը չենթարկւող դատարանն է։ Հէնց այդ չարաբաստիկ բառն է զրոյացնում բոլոր այդպիսի վստահութիւնները։

Քանի որ այն դատաւորները, որոնք տարիներով ու տասնամեակներով ճնշման ամենատարբեր տեսակների ու արտաքին ազդեցութեան տակ էին աշխատում, ոչ մի տեղ չեն կորել, նրանք շարունակում են աշխատել, ու մէկ ժամում իրենց հոգեբանութիւնը չի փոխւել։ Նրանք քնում-արթնանում ու նոյն մարդն են մնում, ու հնարաւոր է եզակի անբուժելի ռոմանտիկները յանկարծակի հաւատան, որ այսուհետ նրանք անկախ են։

Գալիս է այդպիսի ռոմանտիկը խորհրդային պաստառների կոմսոմոլի դէմքով, ասենք` նոյն Քոչարեանի պաշտպանութեան բողոքը դիտարկելու, ու ահա ամբողջ ռոմանտիկան անհետանում է։ Քանի որ ոչ թէ «Facebook»-ի «ստատուս գրողը», ոչ թէ նստարանին նստած թոշակառուն ու նոյնիսկ ոչ թէ ոստիկանութեան գնդապետը մասնաւոր զրոյցում, այլ Յատուկ Քննչական Ծառայութեան պետն է հեռուստացոյցի էկրանից ասում` ինչ նա՝ Վերաքննիչ դատարանի դատաւորը ՊԷՏՔ Է վաղն անի։

Գիտէք, մարդ պէտք է անվախ հերոս լինի, կամ ինքնապշտպանական բնազդից զուրկ, որ անկախ ու չճնշւած մնայ։ Էլ չենք ասում այն մասին, որ ՅՔԾ-ի պետը ՉՊԷՏՔ է հրապարակայնօրէն այդպէս արտայայտւի, դա պարզ է։

Փորձում եմ անկողմնապահ մնալ, աւելին` գտնել մի բան, որը թոյլ կը տայ չմեկնաբանել Խաչատրեանի խօսքերը որպէս ճնշում, նոյնիսկ եթէ անգամ նա պարզապէս անյաջող է արտայայտւել։ Այդպիսի բան չկայ։

Իսկ այստեղ հետեւեալ եզրակացութիւններն են գալիս։ Մի գեղեցիկ օր մենք արթնացանք մի չափազանց իրաւական պետութիւնում, որտեղ օրէնքի առաջ բոլորը հաւասար են` ե՛ւ նախկին նախագահները, ե՛ւ ներկաները, ե՛ւ նստարաններին նստած թոշակառուները, ե՛ւ մենք ու դուք։ Իսկ դա նշակում է (Աստւած հեռու պահի այդ իրավիճակից, իհարկէ), որ մեզանից իւրաքանչիւրի վերաբերեալ քննիչը կարող է հրապարակայնօրէն ասել, թէ ինչ ՊԷՏՔ է անի դատարանը։

Լինի դա վերաքննիչ, վճռաբեկ, առաջին կամ ամենավերջին ատեանի։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։