Հա

Քաղաքական

06/08/2018

Քաղտեխնոլոգ. «Շատերի համար Մարութեանի թեկնածութիւնը դիտարկւեց որպէս Փաշինեանի կողմից վիրաւորանք երեւանցիների հանդէպ»

Դիտարկումները ցոյց են տալիս, որ Հայկ Մարութեանը, որպէս Երեւանի քաղաքապետի թեկնածու, խիստ բացասական ընկալում ունի երեւանցիների մօտ։

«alikonline.ir» - Դիտարկումները ցոյց են տալիս, որ Հայկ Մարութեանը, որպէս Երեւանի քաղաքապետի թեկնածու, խիստ բացասական ընկալում ունի երեւանցիների մօտ։ Այս մասին «news.am»-ի հետ զրոյցում նշեց քաղտեխնոլոգ Արմէն Բադալեանը՝ անդրադառնալով Երեւանի աւագանու ընտրութիւններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան ցուցակը գլխաւորող Հայկ Մարութեանին։

Նրա խօսքով, շատերի համար Մարութեանի թեկնածութիւնը դիտարկւեց որպէս վարչապետ Նիկոլ Փաշինեանի կողմից մեղմ ասած վիրաւորանք երեւանցիների նկատմամբ. «Որովհետեւ ստացւում  է այն պատկերը, որ թէկուզ պոլի փետ լինի, բայց իմ թեկնածուն լինի, նա պարտադիր կանցնի: Ասեմ, որ դիտարկումները ցոյց են տալիս, որ նա խիստ բացասական ընկալում ունի երեւանցիների մօտ:  Ես չեմ պնդում, որ մեր դիտարկումները 100 տոկոսանոց ճշմարտութիւն են ներկայացնում: Յեղափոխութիւնը պէտք է պաշտօնեաների ընտրման մեխանիզմում էլ տեղի ունենար, ոչ թէ առաջնորդւէին նախկին ՀՀԿ-ականների այդ մեթոդոլոգիայով, երբ որ նախկինում հանրապետականներն էլ շատ պաշտօնեաների առաջադրում էին եւ չէին բացատրում, ինչու, ուղղակի  այդ կուսակցութիւնը այդպէս է նպատակայարմար գտնում»,- ասաց քաղտեխնոլոգը։

Նա նկատեց, որ այս պահի դրութեամբ ոչ ոք չի բացատրել, թէ ինչու կոնկրետ այդ  թեկնածուն ընտրւեց:

«Ինչ վերաբերում է դերասան լինելուն, շատ են բերում Ռէյգանի օրինակը, ով  դերասանից դարձաւ նախագահ, բայց սա սխալ օրինակ է, որովհետեւ Ռէյգանը մինչեւ նախագահ դառնալը եղել է ամերիկեան կինոֆիլմերի արհմիութեան նախագահը եւ երկար ժամանակ կարողացել է այդ հսկայական կառոյցը ղեկավարել։ Երկրորդ՝ նա եղել է նահանգապետ եւ յետոյ եղել է հանրապետական կուսակցութեան անդամ, այսինքն դերասան դառնալուց  շատ երկար տարիներ յետոյ  է նախագահ դարձել:

Տւեալ դէպքում ՔՊ-ի թեկնածուն այդ մեխանիզմներով չի անցել, ուղղակի լաւ յարաբերութիւններ ունի վարչապետի հետ, հաւանաբար վարչապետն էլ որոշել է իր թեկնածուին բրդել առաջ»,- ընդգծեց Արմէն Բադալեանը։

Ի դէպ, սա, ըստ նրա, մի քիչ նաեւ դաշինքային էթիկայի խախտում է, որովհետեւ եթէ կայ դաշինք, պէտք է միասնաբար քննարկել, թէ ով է լինելու դաշինքի թեկնածուն, ոչ թէ մի ուժն իր թեկնածուին է առաջադրում  եւ պարտադրում է դաշինքի միւս անդամներին որ ահա սա է ուզում ես ուզի, չես ուզում մի ուզի: «Այսինքն 2 խախտում է տեղի ունեցել թեկնածուի դէպքում, մէկը որ արհամարհանք էր երեւանցիների նկատմամբ, որովհետեւ չի կարելի Երեւանին առաջադրել մի թեկնածու, որը Երեւանը դիտարկելու է որպէս փորձադաշտ, ի վերջոյ վերցնել մայրաքաղաքը եւ այդտեղ ուղղակի պատահական թեկնածու առաջադրել, դա վիրաւորանք էր եւ արհամարհանք էր: Եւ հասկանալի է, որ իրեն չեն քւէարկելու, քւէարկելու են վարչապետին, բայց եթէ ԲՀԿ-ն շատ գեղեցիկ քարոզարշաւ կարողանայ անցկացնել, այս թեկնածուն իր համար ընդհանրապէս պրոբլեմ չի»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։