Հա

Քաղաքական

06/08/2018

Թրամփի իրանական քաղաքականութիւնն ու Հայաստանը. Թեհրանն ու Երեւանը յիշում են դժւար օրերը

Հայաստանն ու Իրանն աջակցել են միմեանց Արցախեան պատերազմի եւ պատժամիջոցների ժամանակ. այդպէս են վարւելու նաեւ ապագայում:

«alikonline.ir» - Վաշինգտոնի եւ Թեհրանի դիմակայութիւնը չի անդրադառնա հայ-իրանական յարաբերութիւններին, «Sputnik» Արմենիային ասաց իրանագէտ Ահարոն Վարդանեանը։

ԱՄՆ նախագահը յայտարարել էր, որ պատրաստ է բարձր մակարդակով հանդիպմանը, եթէ Թեհրանում հանդիպելու ցանկութիւն յայտնեն։ Սակայն, գրեթէ անմիջապէս յայտարարութեամբ հանդէս եկաւ նաեւ պետքարտուղար Մայք Պոմպէոն` նշելով, որ ԱՄՆ-ն պատրաստ է նման հանդիպումների, եթէ Իրանը դադարեցնի իր «խայտառակ պահւածքը», փոխի տարածաշրջանային քաղաքականութիւնն ու հրաժարւի միջուկային ծրագրից։ Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմադ Ջաւադ Զարիֆն, իր հերթին, յոյս էր յայտնել, որ ԱՄՆ-ն կը վերադառնայ միջուկային գործարքին։

Իրանագէտի խօսքով` Թրամփի թիմում, ըստ ամենայնի, Իրանի, ինչպէս նաեւ մի շարք այլ հարցերի վերաբերեալ միասնութիւն չկայ։ Ինչ վերաբերում է Իրանին եւ Պոմպէոյի նախապայմաններին, ապա Թեհրանը պատրաստ է մի շարք փոփոխութիւնների, սակայն ոչ ամբողջ տարածաշրջանային քաղաքականութեան մասով։

«Իրանում չեն պատկերացնում, թէ ինչպէս կարելի է չմիջամտել կամ չազդել Սիրիայում կամ Իրաքում առկայ իրավիճակին։ Թեհրանը դրանք իր ազդեցութեան գօտին է համարում, առաւել եւս, որ ժամանակին մինչեւ այնտեղ է տարածւել  պարսից կայսրութիւնը»,- ասաց Վարդանեանը։

Այժմ Իրանը յայտարարում է, որ իր ներկայութիւնն այնտեղ, նախ եւ առաջ, ելնում է ազգային անվտանգութեան շահերից։ Վարդանեանը նշում է՝ Թեհրանում կարծում են, որ եթէ նրանք հեռանան Սիրիայից, ապա այնտեղ տեղի ունեցող իրադարձութիւնները կարող են կրկնւել Իրանի ներսում։

Ինչ վերաբերում է հայ-իրանական յարաբերութիւններին, նրա կարծիքով, դրանք չեն տուժի Վաշինգտոն-Թեհրան փոխադարձ նախատինքից։

«Երկու կողմերն էլ քաջ գիտակցում են նշանակութիւնը միմեանց համար։ Երեւանն ու Թեհրանը մէկմէկու համար կենսական նշանակութիւն ունեն»,- ասաց Վարդանեանը։

Նա յիշեցրեց, որ Արցախեան պատերազմի ժամանակ, երբ փակ էին սահմանները, Իրանը «կեանքի ճանապարհ էր»։ Իսկ Իրանի նկատմամբ պատժամիջոցների պայմաններում, Հայաստանն էր նման դեր խաղում Թեհրանի համար։

Իսկ այժմ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, համաձայնագիր ունի ԵՄ-ի հետ։ Հայաստանը, նրա խօսքով՝ պէտք է ղեկավարւի ոչ թէ շահերի բախումով, այլ հիմնւի դրանց համատեղման վրայ։

Այն երկրները, որոնք ընտրել էին «կամ-կամ» քաղաքականութիւնը, լուրջ խնդիրների բախւեցին. վառ օրինակ են Վրաստանը եւ Ուկրայինան։

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի ադմինիստրացիան Իրանի նկատմամբ խիստ քաղաքականութիւն է տանում։ Այսպէս, օրինակ, աւելի վաղ ԱՄՆ-ն դուրս եկաւ Իրանի հետ «միջուկային համաձայնագրից» անկախ նրանից, որ այդ համաձայնագրի եւրոպական մասնակիցները, ինչպէս նաեւ Ռուսաստանն ու Չինաստանը դէմ էին նման քայլի եւ մնացին գործարքում։

ԱՄՆ-ն կանոնաւոր կերպով պատժամիջոցներ է կիրառում Իրանի իշխանութիւնների եւ իրանական ընկերութիւնների նկատմամբ։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։