Հա

Քաղաքական

09/08/2018

Արցախեան քառակուսի. արդեօ՞ք Փաշինեանին պէտք է հանդիպել ՀՀ նախկին նախագահներին

ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի նախկին համանախագահը կարծում է, որ Փաշինեանը պէտք է հանդիպի հանրապետութեան նախկին նախագահների հետ։ Փորձագէտներն այս հարցում այդքան էլ լաւատես չեն։

Որոշ փորձագէտներ կարծում են, որ Հայաստանի նոր իշխանութիւնները արցախեան հիմնախնդրի վերաբերեալ երկրի քաղաքականութիւնը պէտք է քննարկեն նախկին նախագահների հետ։

«alikonline.ir» - ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի նախկին համանախագահը կարծում է, որ Փաշինեանը պէտք է հանդիպի հանրապետութեան նախկին նախագահների հետ։ Փորձագէտներն այս հարցում այդքան էլ լաւատես չեն։

Որոշ փորձագէտներ կարծում են, որ Հայաստանի նոր իշխանութիւնները արցախեան հիմնախնդրի վերաբերեալ երկրի քաղաքականութիւնը պէտք է քննարկեն նախկին նախագահների հետ։

Օրերս ռուս դիւանագէտ, ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը առաջարկել էր Հայաստանի ներկայիս ու նախկին առաջնորդներին հանդիպել ու միասին քննարկել Արցախի շուրջ ստեղծւած իրավիճակը։

«Sputnik» Արմենիայի հետ զրոյցում Կազիմիրովի դիրքորոշմանն աջակցեց «Նորավանք» հետազօտութիւնների կենտրոնի ղեկավար Կարէն Վերանեանը: Նրա խօսքով` նման հանդիպումը բաւականին նպատակայարմար կը լինէր։

«Նախկին նախագահներն անմիջականօրէն մասնակցել են արցախեան բանակցութիւններին ու բոլորից լաւ են տիրապետում գործընթացի նրբութիւններին։ Դա վերաբերում է ոչ միայն նրանց իշխանավարման շրջանին, այլեւ ժամանակակից փուլին»,- ասաց Վերանեանը։

Ընդ որում` այդպիսի հանդիպումը օգուտ կը տայ ոչ միայն գործող իշխանութիւններին, այլեւ երկրի նախկին ղեկավարութեանը։ Նրա խօսքով` այն կը նպաստի քաղաքական դաշտում կայունութեան հաստատմանն ու լարւածութեան նւազեցմանը։

Վերանեանի կարծիքով` ներքաղաքական հակասութիւնները բացասաբար են անդրադառնում երկրի իրավիճակի վրայ, քանի որ Ադրբեջանն այդ առիթը բաց չի թողնում բանակցային գործընթացի վրայ ազդելու համար։

Ինչ վերաբերում է բազմակողմանի հանդիպման հնարաւորութեանը, ապա այդ ճանապարհին բազում խոչընդոտներ կան, թէեւ՝ Փաշինեան-Տէր-Պետրոսեան հանդիպման նախադէպ կայ։

«Այս դէպքում, երեւի աւելի լաւ կը լինէր, որ գործընթացը նախաձեռնէր Լեւոն Տէր-Պետրոսեանը»,- ասաց Վերանեանը։

Քաղաքագէտի խօսքով` Փաշինեանի ու Սարգսեանի յարաբերութիւնները լարւած են, բայց Տէր-Պետրոսեանը կարող է մի փոքր հանդարտել կրքերը։ Այլ հարց է` Քոչարեանը. ներկայիս իշխանութիւնների ու երկրորդ նախագահի միջեւ ընկած իրաւական գործընթացներն ու հակասութիւնները բարդացնում են իրավիճակը։

Այլ կարծիքի է քաղտեխնոլոգ Արմէն Բադալեանը։ Նա կասկածամտօրէն է վերաբերում այդ հանդիպման հնարաւորութեանը։

«Sputnik» Արմենիայի հետ զրոյցում քաղտեխնոլոգը նշեց, որ Կազիմիրովի դիրքորոշումը հասկանալի է, քանի որ նախկին նախագահների ու գործող վարչապետի մօտեցումները մի փոքր տարբեր են։

«Առաջին նախագահի օրօք բանակցային գործընթացին մասնակցում էին Հայաստանը, Արցախն ու Ադրբեջանը, Քոչարեանի օրօք Ստեփանակերտը դուրս եկաւ բանակցութիւններից»,- ասաց Բադալեանը։

Դրանից յետոյ, փաստացի, բանակցութիւնները փոխւեցին ինքնորոշման հարցից տարածքային վէճի։ Իշխանութեան գալուց յետոյ Փաշինեանը փորձեց վերադառնալ բանակցութիւնների 90-ականների ձեւաչափին։ Ընդհանուր առմամբ արցախեան կարգաւորման հարցում որոշակի խառնաշփոթ է նկատւում։

«Կազիմիրովի յայտարարութիւնը կարելի է որպէս բարի կամք դիտարկել, քանի որ Ադրբեջանն օգտւում է նախկին ու ներկայիս իշխանութիւնների մօտեցումների տարբերութիւնից»,- ասաց Բադալեանը։

Միւս կողմից էլ` Տէր-Պետրոսեանի ու Քոչարեանի փոխադարձ անհանդուրժողականութիւնը, նրա կարծիքով, փաստացի անձնական շահի է հասել։ Երկրորդ ու երրորդ նախագահներն էլ տարաձայնութիւններ ունէին (կամ այդպէս էին ցոյց տալիս) ։ Բնականաբար, Փաշինեանի ու Սարգսեանի միջեւ էլ խնդիրներ կան։

«Այդ չորս ղեկավարները չեն կարող բանակցութիւնների սեղան նստել։ Նախկին ու ներկայ առաջնորդների միջեւ եղած անհանդուրժողականութիւնը, թշնամանքն ու երբեմն՝ ատելութիւնն այնքան մեծ է, որ նրանք չեն կարող ընդհանուր յայտարարի գալ Արցախի հարցի շուրջ»,- ասաց Բադալեանը։

Նրա խօսքով` օբիեկտիւօրէն դրան խոչընդոտում է նաեւ այն, որ Քոչարեանը կալանաւորւած է ու երեք ղեկավարները նրանք «հիւր չեն գնայ»։ Վերջին տւեալների համաձայն` Սարգսեանը երկրում չէ։ Մնում են Փաշինեանն ու Տէր-Պետրոսեանը, որի հետ հանդիպելուց յետոյ վարչապետն ասաց, որ ոչ մի նոր բան չիմացաւ։

«Այսպիսով` նա ցոյց տւեց, որ Տէր-Պետրոսեանի կարիքը չունի»,- ասաց Բադալեանը։

Այսպիսով՝ չորս ղեկավարների միջեւ այնքան լուրջ հակասութիւններ ու անձնական անհանդուրժողականութիւն կայ, որ նոյնիսկ ազգային շահերը չեն կարող ստիպել նրանց միասին հաւաքւել։

Բադալեանի խօսքով` «ազգային շահ» հասկացութիւնը նրանք տարբեր կերպ են ընկալում։

«Յուզական գործօնն այնքան ուժեղ է, որ այն թոյլ չի տայ բանակցութիւնների սեղան նստել, թէեւ Հայաստանում կային գործիչներ, որոնք խօսում էին նման անհարժեշտութեան մասին»,- նշեց Բադալեանը։

Յիշեցնենք, որ նման խօսակցութիւնները սկսւել են յուլիսի կէսերին, երբ արտաքին քաղաքականութեան հարցում վարչապետ Նիկոլ Փաշինեանի խորհրդական Արսէն Խառատեանը հարցազրոյցներից մէկու յայտնել էր, որ հնարաւոր է մի օր Սերժ Սարգսեանը ներառւի արցախեան կարգաւորման հարցում՝ որպէս յատուկ դեսպանորդ։ Թէեւ շուտով այդ տարբերակը բացառւեց։

Նշենք, որ Կազիմիրովի խօսքով, վերջերս Հայաստանի ներքին իրավիճակը բարդանում է այն պատճառով, որ երկրի ականաւոր գործիչների միջեւ բախումներ են սկսւել։

Նա համոզւած է, որ Հայաստանի ներքին բախումները չեն նպաստում արցախեան բանակցութիւններում դիրքերի ամրապնդմանը։ Ու պատահական չէ, որ ադրբեջանական կողմն արդէն փորձում է մեղադրել Երեւանին հանդիպումներն ու բանակցութիւնները ձգձգելու մէջ։ Ոչ միայն ներքին գործընթացները, այլեւ բանակցային գործընթացը պահանջում են, որ երկրի բոլոր առանցքային ուժերը միասնական գործեն:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։