Հա

Քաղաքական

09/08/2018 - 12:20

Ընտրութիւններ առանց ընդդիմութեան

Երեւանի աւագանու առաջիկայ ընտրութիւնները աչքի կընկնեն մի շատ հետաքրքիր առանձնայատկութեամբ` ընդդիմութեան բացակայութեամբ: Մինչեւ այս պահը իրենց մասին յայտարարած քաղաքական ուժերի մէջ մենք ընդդիմութիւն, որպէս այդպիսին, չենք տեսնում: ՔՊ, «Ելք», ԵԾ, ԲՀԿ, ՀՅԴ, ՀՀՇ, Անդրիաս Ղուկասեանի կին եւ այլն: Ո՞րն է այստեղ ընդդիմադիր: Միւս կողմից էլ չկայ այն ուժը, որին պէտք է ընդդիմանալ:

«alikonline.ir» - Երեւանի աւագանու առաջիկայ ընտրութիւնները աչքի կընկնեն մի շատ հետաքրքիր առանձնայատկութեամբ` ընդդիմութեան բացակայութեամբ: Մինչեւ այս պահը իրենց մասին յայտարարած քաղաքական ուժերի մէջ մենք ընդդիմութիւն, որպէս այդպիսին, չենք տեսնում: ՔՊ, «Ելք», ԵԾ, ԲՀԿ, ՀՅԴ, ՀՀՇ, Անդրիաս Ղուկասեանի կին եւ այլն: Ո՞րն է այստեղ ընդդիմադիր: Միւս կողմից էլ չկայ այն ուժը, որին պէտք է ընդդիմանալ: Չկայ իշխանականը, չնայած, որ ՀՀ վարչապետը Երեւանի աւագանու ընտրութիւններին մասնակցող ՔՊ-ի ընդգծւած ներկայացուցիչ է: Այս իրավիճակի պատճառը թերեւս այն է, որ Հայաստանում դեռեւս ընտրութիւններով իշխանութիւն չի ձեւաւորւել: Կարելի է ասել` գործում է յեղկոմը, բայց ոչ երբեք` իշխանութիւնը: Յուսամ` հասկանալի եմ արտայայտւում: 

Անցումային այս փուլում վերոնշեալ քաղաքական ուժերն աւելի շուտ պայքարելու են նախկին համակարգի դէմ, քան միմեանց: Հազիւ թէ նրանցից մէկն իր քարոզարշաւը կառուցի միւսի քննադատութեան վրայ: Բոլորի քննադատութեան թիրախում նախկիններն են լինելու: Թերեւս բացառութիւն կը կազմի սեփական ծրագրերով առաջնորդւող ՀՅԴ-ն, բայց ՀՅԴ-ն էլ, միւս կողմից, առանձին պատճառ չունի քննադատելու ներկայ մրցակիցներ ՔՊ-ին, ԲՀԿ-ին եւ միւսներին: 

Կարծես հետաքրքիր, ընդհուպ թաւշեայ մրցակցութիւն եւ ընտրութիւններ են սպասւում: Հնարաւոր է մենք նոյնիսկ գօտկատեղից ներքեւ հարւածներ չտեսնենք, եթէ, իհարկէ, ՔՊ-ն չփորձի բոլորից աւելի յեղափոխական երեւալ, քան կայ իրականում, եթէ չփորձի որեւէ ուժի հակայեղափոխականութեան մէջ մեղադրել ու պիտակաւորել: Հանրայայտ «Տաքսի-տաքսի» կատակերգութեան մէջ գլխաւոր հերոս Կնեազ Չփլախեանը մի հրաշալի ֆրազ է արտասանում. «Մեր կնոջ անկարգութիւնը գալիս է ձեր կնոջ անկարգութիւնից, ընկեր Փիլոյեան»: Ուստի, ինչքան էլ ՔՊ-ին չասենք իշխանական ուժ, միեւնոյն է, այդպիսի ընկալում կայ, իսկ բոլոր ընտրութիւններում, որպէս կանոն, հէնց իշխանական ուժն է գլխաւոր անկարգութիւններ անողը: 

Մէկ-երկու խօսք գործնական քայլերի մասին: Ընտրութիւններն սկսւում են ընտրացուցակների ստուգումով: Ոստիկանութիւնն, արդէն ստուգե՞լ է դրանք, ճշտե՞լ է, թէ քանի ընտրող ունի Երեւանը: Մենք միշտ ասել ենք, որ Հայաստանում ընտրացուցակները ուռճացւած են, դրանցում կան մտացածին հասցէներ եւ այդ հասցէներում «բնակւող» մեռեալներ: Ո՞ւմ է անցնելու այս «ընտրազանգւածը», եթէ Ոստիկանութիւնը չմաքրի ցուցակները: Առաջարկում եմ` օգնել Ոստիկանութեանն այդ գործում, որպէսզի ՔՊ-ն եւ Նիկոլ Փաշինեանը յանկարծ չգայթակղւեն: 

Քիչ չի խօսւել ընտրական տեղամասերում գոյացող կուտակումների մասին: ՀՀԿ-ն, կարծես, չի մասնակցում այս ընտրութիւններին, եւ, եթէ այս ընտրութիւնների ժամանակ էլ կուտակումներ առաջանան, հարկ կը լինի մեղաւորին փնտրել ՔՊ-ից ոչ հեռու: Այս քաղաքական ուժի ընտրողների ոգեւորութիւնը միանգամայն հասկանալի է, բայց նրանց պէտք է բացատրել, որ ընտրութիւնը վիրտուալ գործընթաց չէ, որտեղ կարելի է նաեւ չտեսնելու տալ ֆէյք արշաւանքները: Ուրեմն պէտք է թողնել, որ քաղաքացին հանգիստ արթնանայ այդ օրը, յագնի ամենօրեայ շորից տարբերւող շոր, բռնի թոռնիկի ձեռքը եւ գնայ ընտրութեան: Այսինքն` ոչ մի «Գազել», ոչ մի աւտոբուս, ոչ մի շեփոր, ուսապարկերով թրաշամանուկների ոչ մի հաւաք ընտրատեղամասերում եւ դրանց շուրջ: Պայմանաւորւեցի՞նք: 

Տեղամասային ընտրական յանձնաժողով: Ինչպիսի՞ առասպելներ ասես, որ չենք լսել այս յանձնաժողովների կախարդական փայտիկի մասին: Երեւանի աւագանու նախկին ընտրութիւններում «Ելք»-ի ներկայացուցիչներն ու վստահւած անձինք դիտորդների առաջ պարզապէս խայտառակեցին թէ իրենց, թէ յանձնաժողովներին` պատճառ դառնալով որ դատախազութիւնը հարիւրաւոր գործեր բացի տեղի ունեցած ընտրակեղծիքների մասով: Ասեմ, որ ոչ մի մարդ դեռ չի նստել այդ գործերով, իսկ «Ելք»-ը, Երեւանի աւագանի անցնելուց յետոյ ընդունել է ընտրութիւնների օրինականութիւնը: Յուսանք` նոյն պատկերը չի լինելու այս անգամ, իսկ ՔՊ-ի («Ելք»-ի) յանձնաժողովականներն էլ թոյլ չեն տայ որ քաղաքական այլ ուժեր բողոքեն իրենց «անկարգութիւններից»: 

Ինչպէ՞ս է լուծւելու թաղային հեղինակութիւնների եւ Նիկոլ Փաշինեանի կողմն անցած օլիգարխների հարցը, որպէսզի նրանք չազդեն այս ընտրութիւնների արդիւնքների վրայ: ՔՊ-ից առայժմ յայտարարութիւններ կան, թէ «հորս արեւ, թաղային հեղինակութիւնների գործոնը բացառելու ենք»: Չեղաւ, այդպէս: Բարի եղէք ասել` ինչպէ՞ս էք բացառելու: Իսկ եթէ չգիտէք ինչպէս, ապա ընդամենը խոստացէք, որ նրանց ծառայութիւններից չէք օգտւելու, իսկ «բռնւելու» պարագայում հրաժարւելու էք ընտրութիւններին մասնակցելուց: Ես աւելի շուտ դրան կը հաւատամ, քան թաղային հեղինակութիւններին սանձելու ՔՊ-ի խրոխտ յայտարարութիւններին: Կարո՞ղ ենք վստահ լինել, որ Սամուէլ Ալեքսանեանը, Միհրան Պօղոսեանը եւ միւսները չեն ֆինանսաւորելու ՔՊ ընտրապայքարը եւ մարդկանց չեն ուղղորդելու: Տակաւին մշուշոտ է նաեւ հարցը, թէ ինչպէ՞ս են իրենց պահելու «Արմենիա» հեռուստաընկերութիւնը եւ Սերժ Սարգսեանի պատգամին, այն է` «Նիկոլը ճիշտ էր, ես սխալւեցի», ենթարկւած հանրապետականները: Հաւատացնում եմ, սա լուրջ ֆորա է ՔՊ-ի համար, եթէ հաշւի առնենք, թէ ինչեր կարող են անել «կրիշի» տակ մտած օլիգարխները, հեռուստատեսութիւնները եւ երեսափոխ եղած նախկին իշխանաւորները: Իսկ դուք ասում էք` թաղային հեղինակութիւններ: 

ԿԸՀ եւ Տիգրան Մուկուչեան: Թւաբանութիւնը թւաբանութիւն է նոյնիսկ ԿԸՀ-ում: Կարո՞ղ է որեւէ մէկն ասել, թէ ի՞նչ է արւել, որպէսզի ընտրութիւններին մասնակցող ուժերը վերջում չդժգոհեն պարոն Մուկուչեանից: Պարզւում է, որ յեղափոխութեան բարերար ազդեցութիւնն էլ բաւարար է, որպէսզի Մուկուչեանը ճիշտ գումարի թւերը: Չէք հասցնի, չէ՞, մինչեւ ընտրութիւններ դատի տալ Մուկուչեանին եւ գործից հանել: Հետեւաբար մեխանիզմ է պէտք մտածել, որպէսզի Մուկուչեանի մտքով չանցնի հին սովորութեան համաձայն «յաղթեցնել» վարչապետի թիմին: 

Եւ մի վերջին նկատառում: Կը ցանկանայի, որ հէնց այսօր յայտարարւէր, որ աշխարհը փուլ չի գայ, եթէ վարչապետը լինի ՔՊ-ից, իսկ Երեւանի քաղաքապետը այլ ուժից: Սա նոյնիսկ ցանկալի է, եթէ հաշւենք, որ Երեւանը հանրապետութեան կէսն է եւ ՀՀ վարչապետը լաւ հնարաւորութիւն կունենայ օգտւելու նաեւ Երեւանի զարգացման ծրագրերից, որոնք էականօրէն եւ շահեկանօրէն կը տարբերւեն հէնց իր տնտեսական ծրագրերից:

Էդիկ Անդրէասեան

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։