Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 13 Օգոստոսի 2018 10:40

Կասպեան կոնւենցիայի հայկական մարտահրաւէրը

Ղազախստանի Ակտաու քաղաքում անցկացւած գագաթաժողովում Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի, Թուրքմենստանի եւ Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Իլհամ Ալիեւը, Հասան Ռոհանին, Գուրբանգուլի Բերդիմուհամմեդովը եւ Նուրսուլթան Նազարբաեւը ստորագրել են Կասպիցի կարգավիճակի կոնւենցիան:

ՍԱՐԳԻՍ ԱՐԾՐՈՒՆԻ

 

Ղազախստանի Ակտաու քաղաքում անցկացւած գագաթաժողովում Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի, Թուրքմենստանի եւ Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Իլհամ Ալիեւը, Հասան Ռոհանին, Գուրբանգուլի Բերդիմուհամմեդովը եւ Նուրսուլթան Նազարբաեւը ստորագրել են Կասպիցի կարգավիճակի կոնւենցիան:

Վլադիմիր Պուտինն ասել է, որ փաստաթղթի ստորագրումը համատեղ աշխատանքի լաւ օրինակ է միջազգային յարաբերութիւնների ներկայիս բարդ պայմաններում:

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը ասել է, թէ ստորագրւած փաստաթուղթը թոյլ կը տայ ապահովելու սպառազինութիւնների հաւասարակշռութիւն Կասպից ծովում, հաշւի առնելով բոլոր կողմերի շահերը, ինչպէս նաեւ տարածաշրջանային անվտանգութեան եւ կայունութեան համար կը միաւորի հնգեակի ջանքերը:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է, որ փաստաթուղթը հիմք կը հանդիսանայ հետագայում որոշակիացնելու իւրաքանչիւրի չափաբաժինը Կասպից ծովում:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Կասպից ծովի իրաւական կարգավիճակի մասին հռչակագիրը պատմական է անւանել՝ յաւելելով, որ Բաքուն լաւ յարաբերութիւններ է կառուցել մերձկասպեան երկրների հետ՝ հիմնւած փոխադարձ շահերը հաշւի առնելու վրայ։

Կասպիցի կարգավիճակի շուրջ բանակցութիւնների մեկնարկը տրւել է 1996 թւականին եւ կողմերը փաստօրէն պատմական համաձայնութեան յանգեցին գործընթացի մեկնարկից 22 տարի անց: Հիմնական տարաձայնութիւնները էներգետիկ պաշարներով հարուստ ծովային հատւածներում իւրաքանչիւրի սահմանները յստակեցնելն էր:

Փորձագէտները հռչակագիրն անւանում են Կասպից ծովի «սահմանադրութիւն»: Ստորագրւած պատմական փաստաթղթի համաձայն՝ Կասպից ծովի ջրային մակերեսի ընդհանուր տարածքը մնալու է կողմերի ընդհանուր օգտագործման համար, իսկ յատակը եւ ընդերքը բաժանւում են հարեւան պետութիւնների միջեւ միջազգային իրաւունքի հիման վրայ նրանց միջեւ ձեռք բերւած պայմանաւորւածութիւնների համաձայն:

Գագաթաժողովին երկրների ղեկավարները քննարկել են նաեւ «կասպեան հնգեակ»-ի շրջանակներում զարգացման առաջնահերթութիւնները՝ մինչեւ այդ ձեւաչափով յաջորդ հանդիպումն ընկած ժամանակահատւածում:

Առաջիկայ օրերին, անշուշտ, փորձագէտները մանրամասն կը վերլուծեն կասպեան համաձայնագրի աշխարհաքաղաքական նշանակութիւնն ու հետեւանքները, դրա կիրառական հետեւանքները Հարաւային Կովկաս տարածաշրջանի համար։

Առաջին տպաւորութեամբ՝ համաձայնագիրը ռազմավարական իմաստով աւելի շատ ներդաշնակ է Մոսկւայի ու Թեհրանի շահերին․ Ռուսաստանն ու Իրանը կնքւած համաձայնագրից ստացել են առաւելագոյն աշխարհաքաղաքական օգուտները։ Կասպեան աւազանում կարգելւի երրորդ կողմի ռազմական ներկայութիւնը․ այս դրոյթը, որն ամրագրւել է այսօր ստորագրւած հռչակագրում, առաջնահերթութիւն է Մոսկւայի ու Թեհրանի համար ու բնաւ պատահական չէ դրա յատուկ շեշտադրումը Վլադիմիր Պուտինի եւ Հասան Ռոհանիի ելոյթներում։

Միեւնոյն ժամանակ՝ Ադրբեջանի համար մաքսիմալ ընդունելի բաժանում է տեղի ունեցել, եւ նա կարող է առաւել մեծ ծաւալով հետազօտել Կասպեան ափեզրը եւ առաւել մեծ քանակութեամբ էներգակիրներ արտահանել ապագայում։ Այս համատեքստում միանգամայն արժանահաւատ է թւում ՀՀԿ փոխնախագահ Արմէն Աշոտեանի այն պնդումը, թէ փաստացի Ռուսաստանն ու Իրանը համաձայնել են աւելի շատ էներգակիր ռեսուրսներ զիջել Ադրբեջանին՝ ռազմավարական եւ երկարաժամկէտ երաշխիքների դիմաց, ինչը դէ ֆակտօ ամրացնում է մեր հարեւանների միջեւ եղած կապերը։ Յամենայն դէպս, հռչակագրից ստացւած տպաւորութիւնը այդպիսն է, միւս կողմից՝ կասպեան գլոբալ նախագծերը, այդ թւում՝ Տրանսկասպեան գազամուղի կառուցումը, որը կը միացնի Ադրբեջանի եւ Թուրքմենստանի արտահանող ենթակառուցւածքները, կարող են իրականութիւն դառնալ միայն բոլոր կողմերի կոնսենսուսի, համաձայնութեան արդիւնքում, ինչը ենթադրում է կասպեան հինգ երկրների միջեւ բազմաշերտ ու բազմահարթակ յարաբերութիւնների ձեւաւորման անհրաժեշտութիւն։

Կոնկրետ այս համաձայնագիրը Հայաստանին աւելի շատ պէտք է յուզի հէնց տարածաշրջանային նոր իրողութիւնների, ինստիտուտների ձեւաւորման համատեքստում։ Ինստիտուցիոնալ նոր հարթակ է ձեւաւորւում՝ արդէն կոնկրետ հռչակագրով ֆորմալիզացւած, որտեղ Ադրբեջանն արդիւնաւէտ համագործակցութիւն է ծաւալելու մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի ու հարեւան Իրանի հետ։ Կասպիցի կարգավիճակի հարցը բարդագոյններից մէկն էր այս տարածաշրջանում․ եթէ հինգ երկրները կարողացան գալ կոնսենսուսի, ապա նրանց միաւորում է աշխարհաքաղաքական, ռեգիոնալ հարցերի աւելի լայն համատեքստ։

Ինչքան շատ է Ադրբեջանն ինտեգրւում համագործակցութեան արդիւնաւէտ նախագծերի, որտեղ առանցքային դերակատարութիւն ունեն Ռուսաստանն ու Իրանը, այնքան մեծանում է հաւանականութիւնը, որ գլոբալ համաձայնութիւնների համատեքստում կարող է ներառւել նաեւ ԼՂ հարցը, որը կենսական է Հայաստանի համար։

Խնդիրը ոչ թէ Կասպից ծովն է կամ նրա հարուստ էներգակիրները, որոնք Ադրբեջանի կողմից օգտագործւում էին՝ անկախ հռչակագրի ստորագրւել-չստորագրւելուց, այլ այն, որ Ադրբեջանը զգալի մեծացնում է իր սուբիեկտութիւնը, տարածաշրջանի ազդեցիկ երկրների հետ ընդհանուր օրակարգ ձեւաւորելուն միտւած հարթակները։ Եթէ աւելի մատչելի ձեւակերպենք, ապա Ադրբեջանը դառնում է աւելի կարեւոր երկիր Ռուսաստանի, Իրանի համար, ինչն անուղղակի ազդեցութիւն է ունենալու ԼՂ կարգաւորման գործընթացի, տարածաշրջանային անվտանգային միջավայրի համար։

Այս համատեքստում խիստ էական է, որպէսզի Հայաստանի արտաքին քաղաքականութիւնն ունենայ յստակ կոնցեպցիա։ Յեղափոխութիւնը պահպանեց արտաքին քաղաքականութեան վեկտորալ ստատուս-քւոն, սակայն կարեւոր է, որ այդ քաղաքականութիւնն ունենայ նոր բովանդակութիւն, որի հիմքում դրւեն Հայաստանի սուբիեկտութեան մեծացման, նախաձեռնողականութեան առաջնահերթութիւնները։ Հայաստանի կառավարութիւնը պէտք է յստակ գիտակցի, որ քաղաքականութեան բաժանումը ներքին եւ արտաքին սահմանագծով, մեծ հաշւով՝ հնացած կոնցեպտ է․պետական քաղաքականութիւնը ընդհանուր է՝ միասնական օրակարգով ու տրամաբանութեամբ, դրա դրսորումները ներքին ինստիտուցիոնալ բարեփոխումներում եւ արտաքին յարաբերութիւններում պէտք է լինեն փոխլրացնող եւ ներդաշնակ։ Հակառակ պարագայում՝ արտաքին յարաբերութիւններում Հայաստանը չի կարող խուսափել այսօրւայ ճգնաժամերից, որոնք առկայ են Եւրոմիութեան ու Ռուսաստանի հետ յարաբերութիւններում, օրակարգային վակուումից, որը տեղ ունի հայ-վրացական, հայ-իրանական յարաբերութիւններում, եւ այսպէս կարող ենք շարունակել՝ ամբողջացնելու համար Հայաստանի արտաքին քաղաքականութեան անարդիւնաւէտութիւնը, որի հիմքերն աւելի շատ թաքնւած են անցած քսան տարիների անպատասխանատու քաղաքականութեան, քան վերջին երեք ամիսների անփորձութեան ու թափթփւածութեան խորքերում։

Հայաստանի կոնցեպտուալ արտաքին քաղաքականութեան բացակայութիւնը մեծացնում է Ադրբեջանի արտաքին քաղաքականութեան ռեսուրսները, մանաւանդ՝ Բաքուն մշտապէս, ի տարբերութիւն Հայաստանի, վարել է բաւականին ինքնուրոյն եւ ինքնաբաւ արտաքին քաղաքականութիւն։

Ահա, թէ ինչն է, որ առաջին հերթին պէտք է մտահոգի Հայաստանին։

«1in.am»

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ