Հա

Քաղաքական

13/08/2018

Բոլորն ուզում են պատերազմ անել, կամ Հայաստանը՝ արտաքին պատուհան Իրանի համար

Նոր մեկուսացման սպառնալիքի տակ գտնւող Իրանի համար Հայաստանը արտաքին աշխարհ դուրս գալու առանցքային պատուհան է դառնում։ Այս մասին է վկայում նաեւ իրանական դիւանագէտների հռետորաբանութիւնը։

«alikonline.ir» - Նոր մեկուսացման սպառնալիքի տակ գտնւող Իրանի համար Հայաստանը արտաքին աշխարհ դուրս գալու առանցքային պատուհան է դառնում։ Այս մասին է վկայում նաեւ իրանական դիւանագէտների հռետորաբանութիւնը։ Գրում է «Sputnik» Արմենիան:

Իրանի դէմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներն ու դրանց առաջացրած լարւածութեան հերթական փուլը, որքան էլ պարադոքսալ է, հայկական լրատւամիջոցներում ու փորձագէտների շրջանում ակտիւացրել է խօսակցութիւններն այն մասին, որ անհրաժեշտ է խորացնել կապերը Թեհրանի հետ։ Պաշտօնական Երեւանը, չնայած նրան, որ ցոյց է տալիս, թէ չի ցանկանում փչացնել յարաբերութիւններն ԱՄՆ-ի հետ, միշտ էլ իր կարծիքն է ունեցել ինչպէս իրանական միջուկային ծրագրի, այնպէս էլ Իրանի հետ համագործակցելու վերաբերեալ։ Միաժամանակ Վաշինգտոնը, հասկանալով Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից շրջապատւած հարաւկովկասեան պետութեան աշխարհաքաղաքական վիճակը, աչք է փակել ու շարունակում է աչք փակել հայ-իրանական սերտ յարաբերութիւնների վրայ։

Պէտք է հասկանալ, որ ներկայիս պայմաններում Հայաստանն Իրանի համար շատ կարեւոր աշխարհատնտեսական ու ռազմավարական նշանակութիւն է ստանում։ Դրանում կարելի է համոզւել ուշադիր կարդալով Հայաստանում Իրանի դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադիի վերջերս արւած յայտարարութիւնները։ Ազգային անվտանգութեան խորհրդի քարտուղար Արմէն Գրիգորեանի հետ հանդիպմանը դիւանագէտն ասաց, որ երկրների «յարաբերութիւնների բացառիկ բարձր մակարդակի վրայ են»։ Նրա խօսքով՝ Հայաստանը` Իրանի միակ քրիստոնէական հարեւանը, նրա հետ ամենաջերմ բարիդրացիական ու անխախտ յարաբերութիւններն ունի։

Իրանական կողմի հռետորաբանութիւնը Հայաստանի հետ համագործակցութեան հարցերում միշտ դրական է եղել։ Սակայն ներկայիս դեսպանի յայտարարութիւններն իրենց տրամադրւածութեամբ գերազանցեցին բոլոր նախորդ արտայայտութիւնները։ Կարծում ենք՝ դա արտացոլում է Թեհրանի արտաքին քաղաքականութեան առաջնահերթութիւնների որոշ փոփոխութիւնները, որոնք նոր իրողութիւններով են պայմանաւորւած։ Իսկ իրողութիւնն այն է, որ նոր մեկուսացման սպառնալիքի տակ գտնւող Իրանի համար Հայաստանը արտաքին աշխարհ դուրս գալու համար առանցքային պատուհան է դառնում։

Այն, որ հանդիպման ընթացքում դեսպանը պատրաստակամութիւն է յայտնել սպասել «ընդլայնւած համագործակցութեան այնպիսի ոլորտներում, ինչպիսին են էներգետիկան, առողջապահութիւնը, բնապահպանութիւնն ու ֆինանսները» միայն ապացուցում են դա։ Բանն այն է, որ երկկողմանի յարաբերութիւնների տնտեսական բաղադրիչը քաղաքական երկխօսութեան համեմատ միշտ «կաղել» է։ Իրանում շուկայի չափազանց փակ լինելն ու այլ կից գործոններն արգելակում էին տնտեսական կապերի խորացմանը։

Թէեւ որոշ փորձագէտներ հայ-իրանական յարաբերութիւնները դիտարկում են շատ աւելի խորքային համատեքստում։ ՀՀ առաջին նախագահի ազգային անվտանգութեան գծով նախկին խորհրդական Աշոտ Մանուչարեանի կարծիքով, եթէ յաջողւի յարաբերութիւնները ճիշտ կառուցել, ապա դրանք երկու երկրների համար գերռազմավարական նշանակութիւն կունենան։

«Մենք պէտք է հասկանանք, որ դա իսլամական ու քրիստոնէական աշխարհների բարեկամութիւն է։ Սա դրանց հանդիպման վայրն է։ Բոլորն ուզում են այս հանդիպման կէտում պատերազմ անել, իսկ մենք իրանցիների հետ խաղաղութիւն ենք կառուցում»,- ասաց Մանուչարեանը «Sputnik» Արմենիայի հետ հարցազրոյցում։

Հայաստանի նոր ղեկավարութիւնն` ի դէմս վարչապետ Նիկոլ Փաշինեանի, բազմիցս խօսել է այն մասին, որ պէտք է նոր խթան տալ Իրանի հետ յարաբերութիւններին։ Դեռ անյայտ է ՀՀ վարչապետի Թեհրան կայանալիք այցի ընթացքում կողմերն ինչ պայմանաւորւածութիւն ձեռք կը բերեն, բայց Մանուչարեանի խօսքով, նա շատ կը ցանկանար, որ Փաշինեանն ու Հասան Ռոհանին կարողանային դուրս գալ սովորական ստանդարտներից ու փոխյարաբերութիւնների որակապէս նոր փուլ մտնէին, որն առաջին հերթին հիմնւած կը լինէր քաղաքակրթական ընդհանրութեան վրայ։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։