Հա

Քաղաքական

13/08/2018 - 18:07

Ռոբերտ Քոչարեանն ազատ արձակւեց

ՀՀ վերաքննիչ քրէական դատարանի դատաւոր Ալեքսանդր Ազարեանը բաւարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի պաշտպանների միջնորդութիւնն ու նրան անյապաղ ազատ արձակեց դատարանի դահլիճից:

«alikonline.ir» - ՀՀ վերաքննիչ քրէական դատարանի դատաւոր Ալեքսանդր Ազարեանը բաւարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի պաշտպանների միջնորդութիւնն ու նրան անյապաղ ազատ արձակեց դատարանի դահլիճից:

Լրագրողների հետ զրոյցում Քոչարեանի պաշտպան Ռուբէն Սահակեանը յայտնեց, որ դատարանն արձանագրել է, որ երկրորդ նախագահն անձեռնմխելի է եւ չի կարող կալանաւորւել: Ինչպէս դատարանից յայտնում է «Yerkir.am»-ի լրագրողը՝ Ռոբերտ Քոչարեանը հեռացել է դատարանի յետնամուտքից: Մեր հարցին, թէ ինչպէս է Քոչարեանն ընդունել ազատ արձակելու որոշումը՝ Ռուբէն Սահակեանը պատասխանեց, թէ՝ շատ հանգիստ:

Յիշեցնենք, որ երկու օր շարունակ` օգոստոսի 9-ին եւ 10-ին Վերաքննիչ քրէական դատարանը քննում էր Քոչարեանի կալանաւորման որոշման դէմ ներկայացւած բողոքն ու նրա նկատմամբ ընտրւած խափանման միջոց կալանաւորումը գրաւով փոխարինելու միջնորդութիւնը: Յիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ գլխաւոր դատախազութիւնը մերժել է Քոչարեանի խափանման միջոցն անձնական երաշխաւորութեամբ փոխարինելու վերաբերեալ ՀՀ ԱԺ 45 պատգամաւորների ներկայացրած միջնորդութիւնը: Աւելի վաղ յայտնել ենք, որ ՀՀ պաշտօնաթող նախագահ Ռոբերտ Քոչարեանի խափանման միջոցն անձնական երաշխաւորութեամբ փոխարինելու վերաբերեալ փաստաթղթի տակ ստորագրել է ԱԺ 45 պատգամաւոր, այդ թւում` ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյեանն ու երկու փոխնախագահները: Յիշեցնենք, որ յուլիսի 27-ին Երեւանի ընդհանուր իրաւասութեան դատարանի դատաւոր Վաչէ Մարգարեանը 8 ժամ տեւած քննութիւնից յետոյ բաւարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանին կալանաւորելու վերաբերեալ նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդութիւնը։

ՀՀ երկրորդ նախագահը կալանաւորւեց 2 ամիս ժամկէտով եւ տեղափոխւեց «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ: Ռոբերտ Քոչարեանը մեղադրւում է ՀՀ քրէական օրէնսգրքի 300.1-ին յօդւածի 1-ին մասով՝ այն բանի համար, որ նա, այլ անձանց հետ նախնական համաձայնութեամբ, տապալել է Հայաստանի Հանրապետութեան սահմանադրական կարգը: Քոչարեանը պնդում է, որ այս ամէնը քաղաքական հաշւեհարդար է:

Նշենք, որ ՀՀ նախկին եւ գործող Սահմանադրութիւններում յստակ ամրագրւած է Հայաստանի Հանրապետութեան նախագահի անձեռնմխելիութեան վերաբերեալ դրոյթը: Մասնաւորապէս` ՀՀ Սահմանադրութեան 140-րդ յօդւածի 2-րդ մասի համաձայն՝ Հանրապետութեան նախագահն իր լիազօրութիւնների ժամկէտում եւ դրանից յետոյ չի կարող հետապնդւել եւ պատասխանատւութեան ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողութիւնների համար: 3-րդ կէտով էլ սահմանւած է, որ իր կարգավիճակի հետ չկապւած գործողութիւնների համար Հանրապետութեան նախագահը կարող է պատասխանատւութեան ենթարկւել միայն իր լիազօրութիւնների աւարտից յետոյ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։