Հա

Քաղաքական

14/08/2018 - 10:20

Կասպից ծովի երկարատեւ բաժանումը. ով ինչ ստացաւ դրանից, եւ ինչ կապ ունի Հայաստանը

Հայկական դիւանագիտութիւնը պէտք է լուրջ ուշադրութիւն դարձնի բոլոր այն գործընթացներին, որոնցում այսպէս թէ այնպէս ներառւած են դաշնակցային Ռուսաստանը եւ բարեկամական Իրանը։

«alikonline.ir» - Հայկական դիւանագիտութիւնը պէտք է լուրջ ուշադրութիւն դարձնի բոլոր այն գործընթացներին, որոնցում այսպէս թէ այնպէս ներառւած են դաշնակցային Ռուսաստանը եւ բարեկամական Իրանը։

Կասպից ծովի վերաբերեալ կոնւենցիան ստորագրելն իսկապէս պատմական, բեկումնային իրադարձութիւն է, բայց այն չի վերացնում Կասպիական աւազանի առանցքային խնդիրների վերաբերեալ տարաձայնութիւնները։ Այս կարծիքն ունեն այն փորձագէտները, որոնց հետ զրուցել է «Sputnik» Արմենիան։

Մասնաւորապէս, Երեւանի պետական համալսարանի իրանագիտութեան ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանեանի խօսքով` պահպանւում են Իրանի եւ Ադրբեջանի միջեւ հակասութիւնները։

Փորձագէտը նշեց, որ Իրանում կոնւենցիան ստորագրելու վերաբերեալ արձագանգը երկակի է։ Մի կողմից, կան համաձայնագրի կողմնակիցներ, որոնք պնդում են, որ անցած 20 տարիների ընթացքում բարդ բանակցութիւնների արդիւնքում կողմերը կարողացել են յանգել ինչ-որ փոխըմբռնման։

«Բայց կայ նաեւ տեսակէտ, որի համաձայն` Թեհրանը չպէտք է շտապի Ադրբեջանի հետ տարածքային ջրերը կիսելու հարցում։ Այս տեսակէտի կողմնակիցները նշում են, որ Իրանը ժամանակին սխալ է թոյլ տւել Պարսից ծոցի տարածքային ջրերը Բահրէյնի հետ կիսելու ժամանակ։ Ամէն դէպքում պէտք է փաստել, որ Կասպից ծովը դեռ բաժանւած չէ Թեհրանի եւ Բաքւի միջեւ։ Բաժանման սկզբունքները կան, բայց դրանք դեռ պէտք է իրագործել գործնականում»,- նշեց Ոսկանեանը։

Ոսկանեանի խօսքով` համաձայնագրում մի կարեւոր հանգամանք կայ, որը վերաբերում է Կասպից ծովի ապառազմականացմանը երրորդ ոչ տարածքաշրջանային երկրների կողմից, ինչը կարեւոր է Իրանի շահերի տեսանկիւնից։ Թեհրանը միշտ անհանգստութիւն է ունեցել, որ Կասպից ծովի ադրբեջանական հատւածում կարող են տեղակայւել հակաիրանական ուժեր։ Հիմա այդ սպառնալիքը վերանում է։

Համաձայնագրի ստորագրումը, անշուշտ, ուղղակի կապ չունի Հայաստանի հետ։ Բայց, Ոսկանեանի խօսքով, հայկական դիւանագիտութիւնը պէտք է լուրջ ուշադրութիւն դարձնի բոլոր այն գործընթացներին, որոնցում ներգրաււած է Իրանը։ Ի դէպ, խօսքը վերաբերում է ե՛ւ Կասպից ծովին, ե՛ւ Իրանի դէմ սահմանւած ամերիկեան պատժամիջոցները։

«Կոնւենցիան ստորագրողներն են Երեւանի դաշնակիցները ԵԱՏՄ-ում եւ ՀԱՊԿ-ում` Ռուսաստանը եւ Ղազախստանը, Հայաստանի բարեկամ պետութիւնները` Իրանը եւ Թուրքմենստանը, ինչպէս նաեւ բացայայտ թշնամական Ադրբեջանը։ Եւ անփութութիւն կը լիներ այդ իրադարձութեանն ուշադրութիւն չդարձնելը»,- յաւելեց Ոսկանեանը։

Յիշեցնենք, որ օգոստոսի 12-ին Ղազախստանի Ակտաու քաղաքում կայացել է Ռուսաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Թուրքմենստանի եւ Իրանի ղեկավարների հանդիպումը, որի արդիւնքում ստորագրւել է տարածաշրջանի համար պատմական փաստաթուղթ՝ Կասպից ծովի իրաւական կարգավիճակի մասին հռչակագիր: Դրա շուրջ աշխատանքները տարւել են 22 տարի:

Փաստաթղթի համաձայն՝ Կասպից ծովի ջրային մակերեսի ընդհանուր տարածքը մնալու է կողմերի ընդհանուր օգտագործման համար, իսկ յատակն ու ընդերքը բաժանւելու են հարեւան պետութիւնների միջեւ միջազգային իրաւունքի հիման վրայ նրանց միջեւ ձեռք բերւած պայմանաւորւածութիւնների համաձայն:

Հայաստանում մի շարք քաղաքական գործիչներ կոնւենցիայի ստորագրումը որոշակի տագնապով են ընդունել։ Մասնաւորապէս, ՀՀԿ փոխնախագահ, արտաքին յարաբերութիւնների խորհրդարանական յանձնաժողովի ղեկավար Արմէն Աշոտեանի կարծիքով` Ադրբեջանի համար մաքսիմալ ընդունելի բաժանում տեղի ունեցաւ, եւ նա կարող է առաւել մեծ ծաւալով հետազօտել Կասպեան ափեզրը եւ առաւել մեծ քանակութեամբ էներգակիրներ արտահանել ապագայում։

«Sputnik» Արմենիայի զրուցակիցները, սակայն, տագնապալի ազդանշաններ չեն տեսնում։ Այսպէս, Կենտրոնական Ասիայի եւ Միջին Արեւելքի հարցերով յայտնի փորձագէտ Ալեքսանդր Կնեազեւի կարծիքով` Ադրբեջանը կոնւենցիայից նոյնքան է ստանում, որքան մնացածը։

«Իրաւական կողմից բացի, կոնւենցիան եւս մէկ կարեւոր նշանակութիւն ունի։ Դա առաջին խոշոր գլոբալ նախադէպերից է, երբ բոլոր կողմերը ստիպւած են եղել գնալ որոշակի զիջումների։ Չի կարելի ասել, որ այն բխում է մի երկրի շահերից։ Այն ձեռնտու է բոլորին։ Իսկ առանձին երկրների եսասիրական ձգտումները, իհարկէ, կը խափանւեն»,- նշել է Կնեազեւը։

Փորձագէտը կարծում է, որ կոնւենցիան չի լուծում այն խնդիրները, որոնք գոյութիւն ունեն Կասպից ծովում։ Փաստաթղթի նշանակութիւնը միայն այն է, որ իրաւական հիմք է ստեղծում, եւ դրա հիման վրայ հետագայում կը լուծւեն վիճելի հարցերը։

«Այն չի լուծում տարածքային վէճերը, չի լուծում հարցն այն մասին` կարելի է կամ չի կարելի գազատարներ ու ինչ-որ ուղիներ կառուցել։ Այդ թւում` Թուրքմենիայից Ադրբեջան Տրանսկասպիական գազատարը` Թուրքիայի տարածքով Եւրոպա առաքելով։ Կոնւենցիան հարցը թողնում է այն երկրների լուծմանը, որոնց տարածքներով գազատարը պէտք է անցնի»,- ասաց Կնեազեւը։

Փորձագէտը կասկածում է, որ Տրանսկասպիական գազատարի նախագիծը կիրագործւի։ Դրան խանգարում են Բաքւի եւ Աշխաբադի վիճելի հարցերը, նախագծի նկատմամբ բացասական վերաբերմունք ունեն նաեւ Մոսկւան ու Թեհրանը։

Բանն այն է, որ կոնւենցիայում լրացուցիչ արձանագրութիւն կայ, որի համաձայն` շինարարութիւնը պէտք է դիտարկի հնգակողմ համաժողովը, եւ երկրները միասին պէտք է որոշեն, թէ տալիս են արդեօք իրենց համաձայնութիւնը գազատարի շինարարութեան վերաբերեալ։

Չնայած տարաձայնութիւնների պահպանմանը` Կնեազեւը հակւած չէ նւազեցնել փաստաթղթի նշանակութիւնը։ Այդպէս համաձայնագրի կողմերը սովորում են նրան, որ կասպիական հարցերը պէտք է լուծել կասպիական ձեւաչափում` առանց ինչ-որ երրորդ երկրներ ներգրաւելու։ Մասնաւորապէս, դա վերաբերում է Թուրքմենստանին եւ Ադրբեջանին։

Յարակից լուրեր

  • Թուրք դեսպան.  «Թուրքիան չի բացել իր սահմանները Հայաստանի բեռնատարների համար»
    Թուրք դեսպան. «Թուրքիան չի բացել իր սահմանները Հայաստանի բեռնատարների համար»

    Նախօրէին թուրքական յայտնի «Haberturk» պորտալը, Թուրքիայում գործող` Հայկական անհիմն պնդումների դէմ պայքարի միութեան ղեկավար Գեոքսէլ Գիւլբէյին յղումով,  յայտնել էր, որ Անկարան թոյլ է տւել 400 հայկական բեռնատարների ամէն տարի Տրապիզոնի նաւահանգստից բեռնափոխադրումներ իրականացնել, ընդ որում` թոյլտւութիւնը տրամադրել է Վրաստանում Թուրքիայի դեսպանատունը:

  • «Ապառաժ»-ի խմբագրական. Դաշնակցութեան ներկայութիւնը՝ աներկբայ ու անփոխարինելի
    «Ապառաժ»-ի խմբագրական. Դաշնակցութեան ներկայութիւնը՝ աներկբայ ու անփոխարինելի

    Հայ իրականութեան մէջ վերջին 30 տարիներին ձեւաւորւած քաղաքական դաշտում ժամանակ առ ժամանակ ականատեսը եղանք քաղաքական ուժերի, որոնք անամպ երկնքում անհետացող ասուպների նման մի պահ երեւացին ու անհետացան: Քաղաքականութեան մէջ լինելն ինքնին պատասխանատւութիւն է, պատասխանատւութիւն, որը պէտք է կարողանալ կրել յարատեւօրէն, իսկ այդ պատասխանատւութեան զգացումը արտացոլւում է այն ժամանակ, երբ քաղաքականութիւն ես մտնում գաղափարական հենքով:

  • Լարիսա Ալավերդեան. «Արցախի հարցի ռազմավարութեան մէջ որեւէ նորութիւն ոչ միայն չի նկատւում, այլ հակառակը՝ կան թուլացման միտումներ»
    Լարիսա Ալավերդեան. «Արցախի հարցի ռազմավարութեան մէջ որեւէ նորութիւն ոչ միայն չի նկատւում, այլ հակառակը՝ կան թուլացման միտումներ»

    Արցախի հարցի վերաբերեալ անորոշութիւնն այսօր շատ աւելի մեծ է, քան եղել է նախկինում: «tert.am»-ի հետ զրոհցում նման տեսակէտ յայտնեց ՀՀ մարդու իրաւունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդեանը:

  • Խմբագրական. Ընտրական մշակոյթի կայացման կրամայականը
    Խմբագրական. Ընտրական մշակոյթի կայացման կրամայականը

    Պաշտօնական Երեւանը իր առջեւ դրած է առաջադրանք` 9 դեկտեմբերի արտահերթ խորհրդարանական ընտրութիւնները աննախադէպ կազմակերպելու եւ կայացնելու առումով: Աննախադէպ ո՛չ միայն Հայաստանի վերանկախ հանրապետութեան պատմութեան մէջ, այլ նաեւ պաշտօնապէս կը յայտարարէ, որ ընտրութիւնները պէտք է կատարուին միջազգային ամէնէն բարձր նշաձողերը նուաճելով:

  • Բելառուսիայի ԱԳՆ-ի կոշտ պատասխանը՝ Փաշինեանին
    Բելառուսիայի ԱԳՆ-ի կոշտ պատասխանը՝ Փաշինեանին

    Բելառուսական «tut.by» պորտալը խնդրել է Բելառուսիայի ԱԳՆ մամուլի խօսնակ Ա. Գլազին մեկնաբանել ՀՀ վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանի՝ նոյեմբերի 16-ին արած յայտարարութիւնը, թէ նա բացատրութիւն կը պահանջի Բելառուսիայի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյից Ադրբեջանի դեսպանի հետ ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարի հարցը քննարկելու համար: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։