Հա

Քաղաքական

15/08/2018 - 10:10

Փորձագէտ. «Կասպից ծովի իրաւական կարգավիճակի մասին կոնւենցիան կարող է սաստկացնել ՀՀ-ի տնտեսական եւ էներգետիկ մեկուսացումը»

Չնայած Հայաստանը հեռու է Կասպից ծովից, բայց ոչ այնքան հեռու, որ Կասպից ծովի իրաւական կարգավիճակի մասին կոնւենցիան չշօշափի նրա շահերը։

«alikonline.ir» - Չնայած Հայաստանը հեռու է Կասպից ծովից, բայց ոչ այնքան հեռու, որ Կասպից ծովի իրաւական կարգավիճակի մասին կոնւենցիան չշօշափի նրա շահերը։ Այս մասին «news.am»-ի թղթակցի հետ զրոյցում նշել է էներգետիկ անվտանգութեան փորձագէտ, քաղաքագէտ-միջազգայնագէտ Վահէ Դաւթեանը։

Նրա խօսքով՝ այդ կոնւենցիան թէեւ ուղղակիօրէն չի շօշափում Հայաստանի շահերը, սակայն անուղղակիօրէն, այնուամենայնիւ, իր բացասական ազդեցութիւնը գործում է։

«Աշխարհաքաղաքական տեսանկիւնից, ինչպէս ինձ թւում է, կոնւենցիայի ստորագրման հետեւանքով Հայաստանը, մասամբ, կը կորցնի իր ռազմաքաղաքական եւ աշխարհաքաղաքական նշանակութիւնը տարածաշրջանում»,- պարզաբանել է Դաւթեանը։

Այսպէս, փորձագէտի կարծիքով՝ ուժեղացնելով իր դիրքերը Ղրիմի միացման, Սիրիայում յաջողութիւնների եւ Կասպից ծովի իրաւական կարգավիճակի մասին համաձայնագրի ստորագրման հաշւին՝ Ռուսաստանը, փաստացի, հնարաւորութիւն է ձեռք բերել վերահսկել ամբողջ սեւծովեան-կասպեան տարածաշրջանը։ Եւ այդ առումով, ի դէմ Հայաստանի Անդրկովկասում ֆորպոստի առկայութեան անհրաժեշտութիւնը, փաստացի, վերանում է։   

Բացի այդ, էներգետիկ անվտանգութեան հարցերով փորձագէտը շեշտել է, որ Կասպից ծովի իրաւական կարգավիճակի մասին կոնւենցիայի ստորագրումը կամրապնդի Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Իրանի միջեւ համագործակցութիւնը բազմաթիւ ոլորտներում, մասնաւորապէս, տնտեսական, էներգետիկայի եւ տրանսպորտի ոլորտներում, ինչը նոյնպէս շօշափում է Երեւանի շահերը:

«Այսօր մենք արդէն տեսնում ենք, որ հիմնական տրանսպորտային եւ լոգիստիկ նախագծերը, որոնք պէտք է անցնէին Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքով, ամբողջութեամբ ուղղւել են Ադրբեջանի տարածք։ Կասպեան կոնւենցիան իհարկէ կը ստեղծի այդ գործընթացի ակտիւացման նախադրեալներ։ Խօսքը Իրան-Հայաստան երկաթուղու նախագծի սառեցման մասին է եւ այդ երթուղու ուղղումը դէպի ադրբեջանա–իրանական տարածք»,- նշել է քաղաքագէտը։

Փորձագէտի խօսքով՝ նաեւ կարող է լուրջ տուժել Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան էներգետիկ միջանցքը, թէեւ այդ ծրագրի շինարարական աշխատանքներն արդէն իսկ սկսւել են։

Այս ամէնը, Դաւթեանի կարծիքով՝ ընդգծում են Հայաստանի մեկուսացումը տարածաշրջանային աշխարհաքաղաքական գործընթացներից։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։