Հա

Քաղաքական

15/08/2018 - 10:20

Երբ հարեւանը պատժամիջոցների տակ է. Հայաստաննն ու Իրանը խօսելու բան ունեն

Իրանի նախագահ Ռոհանին վերջերս էներգետիկայի նախարար Ռեզա Արդականիանի միջոցով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանին Թեհրան այցելելու հրաւէր է փոխանցել։ Հաշւի առնելով երկու երկրների փոխշահաւէտ յարաբերութիւնները` երկու երկրների առաջնորդները քննարկելու բան ունեն ու կարող են պայմանաւորւածութիւնների հասնել։ 

«alikonline.ir» - Իրանի նախագահ Ռոհանին վերջերս էներգետիկայի նախարար Ռեզա Արդականիանի միջոցով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանին Թեհրան այցելելու հրաւէր է փոխանցել։ Հաշւի առնելով երկու երկրների փոխշահաւէտ յարաբերութիւնները` երկու երկրների առաջնորդները քննարկելու բան ունեն ու կարող են պայմանաւորւածութիւնների հասնել։ Գրում է «Sputnik» Արմենիայի սիւնակագիր Ռուբէն Գիւլմիսարեանը:

Հայաստանի շուրջ շարունակում է աճել ամերիկեան պատժամիջոցների տակ յայտնւող պետութիւնների թիւը։ Վերջինն այդ ցուցակում յայտնւել է Թուրքիան, սակայն եթէ Երեւանն այդ երկրի հետ կիսապաշտօնական ու միջնորդաւորւած տնտեսական յարաբերութիւններ ունի, ապա Իրանն ու Ռուսաստանը մօտ են մեզ ե՛ւ քաղաքական, ե՛ւ գործարար ոլորտներում։

Բնականաբար, այդ երկրներից ոչ մէկն իրեն այնքան թոյլ չի համարում, որ ենթարկւի վաշինգտոնեան կամայականութիւններին։

«Իրանը երբեք չի փոխի իր քաղաքականութիւնը տարածաշրջանում ԱՄՆ-ի պատժամիջոցների կամ սպառնալիքների պատճառով։ Միացեալ Նահանգների հետ ցանկացած երկխօսութիւն կը սկսւի միայն այն ժամանակ, երբ այն սկսի գործել որպէս ուրիշներին յարգող պետութիւն ու կը դադարի պատժամիջոցներ կիրառել»,- երկուշաբթի յայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը։

Իրանի պաշտօնական անձանց ասածին կարելի է վստահել, անկասկած է նաեւ այն, որ հայ-իրանական համագործակցութիւնը շարունակւելու է։ Ընդ որում` հիմա` պատժամիջոցների շրջանում, նոր հնարաւորութիւններ են յայտնւում ինչպէս «Մեղրի» ազատ տնտեսական գօտու, այնպէս էլ էներգակիրների ներմուծման ու արտահանման ու մնացած ոլորտներում։

Մի շարք փորձագէտների կարծիքով` ԱՄՆ-ն ըմբռնումով է մօտենում բարդ շրջապատում գտնւող Հայաստանի ու պատժամիջոցների տակ գտնւող Իրանի շփմանը։ Այս մասին վերջերս խօսել է մասնաւորապէս իրանագէտ Գոհար Իսկանդարեանը։

«Ամերիկացիները հասկանում են` Հայաստանն ինչ իրավիճակում է, նրանք հասկանում են, որ արեւմուտքից ու արեւելքից շրջափակւած երկիրը մեծ ընտրութիւն չունի։ Միաժամանակ Հայաստանի ու Իրանի առեւտրային ու տնտեսական համագործակցութեան ծաւալներն աննշան են, ու դրանք չեն կարող որեւէ սպառնալիք ներկայացնել ամերիկացի ներդրողների համար»,- նշել է Իսկանդարեանը։

Աւելին` Իրանից գործնական նոր առաջարկներ են գալիս։ Իրանի էներգետիկայի նախարար Արդականիանը երկուշաբթի յայտնել է, որ Ռուսաստանին Հայաստանի միջոցով էլեկտրաէներգիա մատակարարելու բանակցութիւններ են անցկացնում։

«Մենք Ռուսաստանին էլեկտրաէներգիա մատակարարելու վերաբերեալ բանակցութիւններ ենք սկսել Հայաստանի հետ»,- ասել է իրանցի նախարարը։

Նա ճշտել է, որ Իրանի էներգետիկայի համար կարեւոր է միանալ էներգամատակարարման եւրոպական ցանցերին, ընդ որում` Թեհրանն այդ նպատակին հասնելու մի քանի ճանապարհ ունի։

«Տարբերակներից մէկը մեր հիւսիսային հարեւանների միջոցով միանալն է»,- ասել է նա։

Այսպիսով` էլեկտրաէներգիայի արտահանում-ներկրումը նոր պայմանաւորւածութիւններով ու հնարաւորութիւններով կը հարստանայ։

Ճիշտ է` երկրու երկրների միջեւ երկար ժամանակ օդից կախւած երկաթուղու կառուցման գաղափարը, ամենայն հաւանականութեամբ, դեռ գաղափարի մակարդակում կը մնայ, թէեւ Հարաւկովկասեան երկաթուղու ղեկավարութիւնը տարբերակներ դիտարկելու պատրաստակամութիւն է յայտնել։

Բացի այդ, հայ վարչապետն ու իրանցի նախագահը Թեհրանում նոյնպէս քննարկելու բան ունեն։ Երկու կողմերի ակտիւ համագործակցութիւնն ակնյայտ է քաղաքական, առեւտրատնտեսական, ֆինանսական, գիւղատնտեսական, արդիւնաբերական, գիտակրթական, մշակութային ու ռազմական ոլորտներում։

Մենք բարդ տարածաշրջանում ենք գտնւում, բայց դէ ընտրութեան հնարաւորութիւն չունենք։ Պէտք է յարաբերութիւններ զարգացնել բոլոր հարեւանների հետ, յատկապէս այն հարեւանների, որոնք երբեք բարոյականութեան ու անկեղծութեան մէջ կասկածելու առիթ չեն տւել։ Այդ իմաստով Իրանն օրինակելի է, իսկ պատժամիջոցները գալիս են ու անց կենում։ Մնում է խոստումներին հաւատարիմ մնալը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։