Հա

Քաղաքական

16/08/2018 - 10:50

Աշոտ Ղուլեան. «Չի կարող հակամարտութեան գլխաւոր կողմը հեռացւած կամ մի կողմ քաշւած լինել բանակցութիւնների սեղանից»

Արցախի Հանրապետութեան բանակցութիւնների չմասնակցելը խօսում է այն մասին, որ Ադրբեջանը պատրաստ չէ Ղարաբաղի հիմնախնդրի հարցում գնալ կարգաւորման: 

«alikonline.ir» - Արցախի Հանրապետութեան բանակցութիւնների չմասնակցելը խօսում է այն մասին, որ Ադրբեջանը պատրաստ չէ Ղարաբաղի հիմնախնդրի հարցում գնալ կարգաւորման: «Արմէնպրես»-ի հետ զրոցում խօսելով Արցախի Հանրապետութեան բանակցային գործընթացին մասնակցելու վերաբերեալ, նման տեսակէտ յայտնեց Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլեանը:

«Բանակցային գործընթացում ցաւօք ոչ այնքան լաւ ժամանակներ են այս պահին: Մեզ մօտ փակուղային իրավիճակ է եւ շատ դժւար է կանխատեսել, թէ ինչ լրացուցիչ իմպուլսներով կարելի է խթանել բանակցային գործընթացը: Մենք երկու հիմնական խնդիր ունենք, որոնցից մէկը խորքային է՝ բանակցային գործընթացում շատ վաղուց խախտւել է ձեւաչափը: 1997-1998 թւականներից յետոյ բանակցային ձեւաչափն աղճատւած է, այսինքն Արցախի Հանրապետութիւնը չի մասնակցում բանակցութիւններին: Դրանից յետոյ բանակցութիւններն ընդհանրապէս փոխել են իրենց ընդհանուր կառուցւածքը եւ, եթէ մինչեւ այդ բանակցութիւններ տեղի են ունեցել ակտիւ երկխօսութեան ճանապարհով, ապա այսօր ամէն ինչ փոխւել է` անցել են մաքոքային դիւանագիտութեան, այսինքն` միջնորդներն են այցելում բոլոր կողմերին»,- նշեց Ղուլեանը:

Նա առանձնացրեց նաեւ մէկ այլ խնդիր, որը բանակցային գործընթացը չի խթանում, այն է` ամէն անգամ Ադրբեջանը փորձում է ինչ-որ կառուցակարգեր մտածել, որտեղ կոնֆլիկտը երեւում է որպէս հայ-ադրբեջանական: «Հէնց այս պատճառաբանութեամբ է, որ Ադրբեջանը փորձում է կոնֆլիկտի սրացումներ ձեռնարկել Հայաստանի հետ սահմանի տարբեր կէտերում: Այս ամէնը միջոցներ են` արդարացնելու ադրբեջանական այն կարծրատիպը, որով փորձում են ցոյց տալ թէ կոնֆլիկտը հայ-ադրբեջանական է: Բացի եռակողմ հանդիպումից, կարծում եմ, այլ տարբերակ չի կարող լինել, քանի որ շատ վաղուց ղարաբաղեան հիմնախնդրի բանակցային գործընթացը պաշտօնապէս հաստատւած է փաստաթղթերով` ամենաբարձրը ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովն է»,- նշեց Ղուլեանը:

Նա վստահեցրեց, որ կան փաստաթղթեր, եւ համաձայն դրանց՝ Արցախի Հանրապետութեան մասնակցութիւնը բանակցային գործընթացին անհերքելի է: ԱՀ Աժ նախագահի կարծիքով՝ բանակցութիւններին Արցախի մասնակցելու՝ Ադրբեջանի պատասխանից շատ պարզ կերեւայ, իրենք ցանկանում են իրական կարգաւորում, թէ խնդիր են դրել յետաձգել հիմնախնդրի կարգաւորումը: «Չի կարող հակամարտութեան գլխաւոր կողմը հեռացւած կամ մի կողմ քաշւած լինել բանակցութիւնների սեղանից»,- շեշտեց Աշոտ Ղուլեանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը մայիսին Արցախում կայացած ասուլիսի ընթացքում ասել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման համար ամենակարեւոր կոմպոնենտն է համարում ճիշտ ձեւաչափով բանակցութիւնները, որոնց պէտք է անպայման մասնակցութիւն ունենայ նաեւ Արցախը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։