Հա

Քաղաքական

17/08/2018 - 15:00

Ռոբերտ Քոչարեանը՝ քաղաքականութիւն վերադառնալու պատճառների մասին

Ռոբերտ Քոչարեանի՝ քաղաքականութիւն վերադառնալու երկու պատճառ կայ: «Երկիր Մեդիա» հեռուստաընկերութեան եթերում այս մասին յայտնել է «Երկրի շաբաթը» ծրագրի յատուկ թողարկմանը հիւրընկալւած ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը:

«alikonline.ir» - Ռոբերտ Քոչարեանի՝ քաղաքականութիւն վերադառնալու երկու պատճառ կայ: «Երկիր Մեդիա» հեռուստաընկերութեան եթերում այս մասին յայտնել է «Երկրի շաբաթը» ծրագրի յատուկ թողարկմանը հիւրընկալւած ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը:

«Ինչո՞ւ եմ մտածում, որ պարտաւոր եմ վերադառնալ քաղաքականութիւն: Երկու հիմնական պատճառ. առաջինը՝ ընդհանրապէս վտանգները, որ ես այսօր տեսնում եմ՝ աշխարհաքաղաքական իրավիճակից ելնելով: Ուղղակի նայէք քարտէզի վրայ, նայէք՝ ո՞ւր է Հայաստանը եւ ի՞նչ երկրներով ենք շրջապատւած, եւ մեր յարաբերութիւններն այդ երկրների հետ: Եւ ի՞նչ է կատարւում ընդհանրապէս»,- ասել է նա:

Ռոբերտ Քոչարեանը խօսել է ռուս-ամերիկեան յարաբերութիւնների մասին, որոնք, նրա գնահատմամբ՝ այսօր ամենից ցածր մակարդակին են սառը պատերազմի աւարտից յետոյ, ԱՄՆ-Իրան յարաբերութիւնների այսօրւայ վիճակից, Թուրքիայի կեցւածքից, ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ձգտումից:

«Եւ փորձէք այս ամբողջն իրար հետ կապել եւ տեսէք՝ այս վիճակում ի՞նչ ունենք Հայաստանում: Ունենք մի կառավարութիւն, որը, իմ կարծիքով, չի հասկանում այս ամէնը, որը փորձ չունի, որը չի հասկանում, որ չի կարելի վարկաբեկել բանակը, որոնք բանակից շատ հեռու են եւ չեն հասկանում, որ այս վիճակում միայն հզօր բանակն է մեր պետականութեան իրական երաշխաւորը: Եւ անում են քայլեր, որոնք փորձում են այն հաւասարակշռութիւնը, որը Հայաստանը մեծ դժւարութեամբ գտել է այս իրավիճակում, խարխլել»,- ասել է երկրորդ նախագահը:

Քոչարեանի պնդմամբ՝ նոր կառավարութիւնն ադեկվատ չի գնահատում այն, ինչ կատարւում է Հայաստանից դուրս, իսկ դա բացատրում է փորձի պակասով. «Փորձ չունեն, չեմ մեղադրում: Ես իրենց չեմ մեղադրում: Որտեղի՞ց պէտք է մարդ փորձ ունենայ, եթէ հասարակական ինչ-որ կազմակերպութիւններում, Սորոսի գրանտներով զբաղւած են լրիւ ուրիշ գործերով: Իմ տպաւորութիւնն է, որ այդ ֆինանսաւորումն արդէն իսկ խօսում է դրա մասին: Միգուցէ Ադրբեջանից է գալիս, միգուցէ Թուրքիայից է գալիս, տարբեր հիմնադրամների միջոցով: Որովհետեւ նպատակաուղղւած քայքայել, մեղադրել բանակը սահմանադրական կարգի տապալման մէջ՝ իմ ղեկավարութեամբ, քաշքշել այն մարդկանց, ովքեր լուրջ ծառայութիւն ունեն հայրենիքի պաշտպանութեան գործում, սրանք ուղղակի անպատասխանատու քայլեր են: Կարող է՝ չեն հասկանում, ես դա հասկանում եմ, ես դրանով անցել եմ»:

Եզրափակելով՝ Ռոբերտ Քոչարեանը յայտարարել է. «Ես վստահութիւն չունեմ, որ այսօրւայ իշխանութիւնը բաւարար փորձ, գիտելիք եւ խորութեամբ իմացութիւն ունի այս ամէն ինչի մասին, եւ այս վտանգը, այս սպառնալիքն առաջին մղիչ ուժն են իմ՝ քաղաքականութիւն վերադարձի համար»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։