Հա

Քաղաքական

18/08/2018 - 09:00

Փաշինենաը՝ երէկւայ հանրահաւաքում. «Արտահերթ խորհրդարանական ընտրութիւնները կարող են տեղի ունենալ սահմանադրական փոփոխութեամբ»

Երէկ՝ օգոստոսի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը Երեւանի Հանրապետութեան հրապարակում հրաւիրել էր բազմահազարանոց հանրահաւաք՝ ամփոփելու իր գլխաւորած կառավարութեան գործունէութեան 100 օրը:

«alikonline.ir» - Երէկ՝ օգոստոսի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը Երեւանի Հանրապետութեան հրապարակում հրաւիրել էր բազմահազարանոց հանրահաւաք՝ ամփոփելու իր գլխաւորած կառավարութեան գործունէութեան 100 օրը:

Իր ելոյթում, Նիկոլ Փաշինեանը մի քանի ուշագրաւ յայտարարութիւններ արեց:

նա շեշտեց, որ միջազգային հանրութիւնը չի հասկանում ինչ է տեղի ունեցել Հայաստանում, ինչպէս եւ ինչու: ՀՀ վարչապետը շեշտեց նաեւ, որ ՀՀ-ում չկայ կոալիցիոն կառավարում: Փաշինեանն ասաց, որ չի կարծում, թէ Հայաստանում տնտեսական անկում կայ, հակառակը, ըստ նրա՝ արձանագրւում են տնտեսական ակտիւութեան ցուցանիշներ, որոնք շարունակելու են աճ ապրել:

ՀՀվարչապետն ապա թւային ցուցանիշներ մեջբերելով նշեց, որ վերջին երեք ամիսներին աւելի շատ մարդ է եկել Հայաստան, քան մեկնել են, եկամուտների հաւաքագրումն աւելացել է, արտահանման ծաւալները` նոյնպէս:

Փաշինեանի խօսքով` վերացել է բանանի, շաքարաւազի, բենզինի մենաշնորհը:

Նա առաջարկեց ստեղծել անցումային արդարադատութեան մարմիններ, որպէսզի կոռումպացւած դատաւորները չկարողանան կանխակալ որոշումներ կայացնել:

Փաշինեանը խօսեց նաեւ հայ-ռուսական յարաբերութիւնների մասին: Նա հեգնեց այն մարդկանց, ովքեր արցունք են թափում, թէ հայ-ռուսական յարաբերութիւնները շատ վատ են: Ինքը երկու անգամ Պուտինի հետ է հանդիպել, երեք անգամ էլ հեռախօսազրոյց ունեցել նրա հետ:

«Հայ-ռուսական յարաբերութիւնները ոչ միայն վատ չեն, այլ լաւ են ու գնալով աւելի ու աւելի են լաւանալու»,- ասաց Փաշինեանը: Նա տեղեկացրեց, որ շուտով կունենան հայ-ռուսական աննախադէպ մի հումանիտար ծրագիր, դա լինելու է մի համագործակցութիւն, որը կոնկրետ կապացուցի, որ հայ-ռուսական յարաբերութիւնները նոր մակարդակի բարձրացնելու ուղղութեամբ են գնում:

Խօսելով Մարտի 1-ի գործի մասին, նա ասաց, որ գործը ամբողջ ծաւալով բացայայտւած է:

Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների հնարաւորութեանը, Փաշինենաը նշեց, որ այս պահին առկայ լուծումները հետեւեալն են, որ վարչապետը պէտք է հրաժարական տայ, որից հյետոյ խորհրդարանը պէտք է երկու անգամ անընդմէջ չընտրի վարչապետ, եւ միայն դրանից յետոյ կարող են տեղի ունենալ արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ:

Ապա նա նշեց, որ կայ եւս մէկ լուծում, այն է` իրականացնել սահմանադրական փոփոխութիւններ, այսինքն արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ կարող են տեղի ունենալ ոչ միայն վարչապետի հրաժարականի պայմաններում, այլեւ խորհրդարանը կարող է որոշում կայացնել ինքնալուծարման մասին:

«Այդ փոփոխութիւնները պէտք է ընդունի հէնց այդ ԱԺ-ն, եւ երբ ժողովուրդը ձեւակերպի դա որպէս յստակ պահանջ, մենք էլ կապահովենք դրա իրականացումը խորհրդարանում»,- ասաց նա:

Այսինքն, ըստ էութեան, սահմանադրական փոփոխութեան միջոցով հնարաւոր է հասնել արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների, առանց վարչապետի հրաժարականի:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։