Հա

Քաղաքական

19/08/2018

Ինչպէս կը պահանջի ՀՀ շահը, այնպէս էլ ՀՀԿ-ն կը վարւի, իսկ «Ծառուկեան» դաշինքը եւ ՀՅԴ-ն դեռ չեն քննարկել սահմանադրական փոփոխութիւնների անհրաժեշտութիւնը

«tert.am»-ը ՀՀ ԱԺ երեք ուժերից հետաքրքրւել է, թէ ինչպիսի դիրքորոշում ունեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի` օգոստոսի 17-ին Երեւանի Հանրապետութեան հրապարակում հանրահաւաքի ժամանակ արած այն յայտարարութեան վերաբերեալ, որ նախքան արտահերթ խորհրդարանական ընտրութիւնները պէտք է անցկացնել սահմանադրական փոփոխութիւններ:

«alikonline.ir» - «tert.am»-ը ՀՀ ԱԺ երեք ուժերից հետաքրքրւել է, թէ ինչպիսի դիրքորոշում ունեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի` օգոստոսի 17-ին Երեւանի Հանրապետութեան հրապարակում հանրահաւաքի ժամանակ արած այն յայտարարութեան վերաբերեալ, որ նախքան արտահերթ խորհրդարանական ընտրութիւնները պէտք է անցկացնել սահմանադրական փոփոխութիւններ:

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Արսէն Համբարձումեանը «tert.am»-ի հետ զրույցում ասաց, որ այս հարցը չեն քննարկել կուսակցութիւնում, հետեւաբար ներկայացրեց իր անձնական կարծիքը: «Մենք գործ ունենք Հայաստանում ներքաղաքական ֆորս մաժորի հետ, կարծում եմ, եւ այս վիճակից դուրս գալու լաւագոյն ելքն արտահերթ խորհրդարանական ընտրութիւններն են, եւ կարեւոր է, որ այդ գործընթացը նոր սրացումների եւ անցանկալի զարգացումների չբերի, հետեւաբար այս կոնտեքստում  կարելի է ցանկացած խելամիտ առաջարկ քննարկել»,- ասաց նա:

Հարցին, թէ միտում տեսնում էք, որ ՀՀԿ-ն չի գնայ արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների եւ վարչապետի այլ թեկնածու կառաջադրի, Արսէն Համբարձումեանն ասաց, որ նման զարգացման հաւանականութիւն այս պահին չի դիտարկում: «Ես հարցը այդ կոնտեքստում չէի դիտարկի, նախ պէտք է հասկանալ, թէ սահմանադրական փոփոխութիւնների փաթեթը ինչ պէտք է ներկայացնի, եւ այդ դէպքում կարելի է հարցը քննարկել ԱԺ արձակման կոնտեքստում»,- ասաց նա:

ՀՀԿ խօսնակ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդւարդ Շարմազանովը նշեց, որ ամէն ինչ կը որոշի Ազգային ժողովը, եւ որեւէ մէկը թող չմտածի, որ Ազգային ժողովը կա՛մ կառավարութեան, կա՛մ Նիկոլ Փաշինեանի կցորդն է: «Ազգային ժողովն է լեգիտիմացրել Փաշինեանին, եւ Փաշինեանը թող բարի լինի, ոչ թէ հակայեղափոխականներ փնտրի, այլ ինչ խոստումներ տւել է` կապւած թռիչքային զարգացման, աշխատատեղերի ստեղծման, արտագաղթ չլինելու, ներդրումային բումի, բազում տնտեսական ծրագրերի, արտաքին քաղաքականութեան ձեռքբերումների  հետ, դրանցով զբաղւի»,- ասաց նա:

Ըստ նրա` Սահմանադրութիւնը նրա համար չէ, որ որեւէ մէկն իր ցանկութեամբ ծառայեցնի իր պաշտօնաւորման համար: Ինչ վերաբերում է հարցին, թէ հաւանական է, որ «Հանրապետական»-ը չգնայ արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների եւ այլ վարչապետի թեկնածու առաջադրի, Էդւարդ Շարմազանովը պատասխանեց. ««Հանրապետական» կուսակցութիւնն առաջնորդւելու է բացառապէս Հայաստանի Հանրապետութեան շահից եւ Արցախի ու Հայաստանի անվտանգութեան գերակայութիւնից ելնելով: Ինչպէս կը պահանջի Հայաստանի եւ Արցախի շահը, այնպէս կը վարւենք, բայց ինչ անում եւ ասում է Փաշինեանը, հակասում է  Հայաստանի եւ Արցախի ե՛ւ անվտանգութեանը, ե՛ւ պետական շահին:

«Ծառուկեան» դաշինքի պատգամաւոր Տիգրան Ուրիխանեանը սահմանադրական փոփոխութիւնների հարցում կարեւորեց ժողովրդի դիրքորոշումը: «Մենք այլեւս ապրում ենք մի իրականութեան մէջ, որտեղ անբեկանելի է մէկ փաստ` միմիայն ժողովրդի բացարձակ մեծամասնութեան կարծիքով  յատկապէս  նման հարցերը պէտք է լուծւեն, յատկապէս համապետական կարեւորութեան խնդիրներ: Հետեւաբար, եթէ որեւէ ուժ ժողովրդի բացարձակ մեծամասնութեան դիրքորոշման հետ հակադրւելու ցանկութիւն կունենայ, կը լինեն համապատասխան հետեւանքներ»,- ասաց նա:

Նա ասաց, որ չի ուզում վերլուծել ՀՀԿ-ի դիրքորոշումները եւ կրկնեց, որ Հայաստանում վճռորոշ հարցեր չի կարող որոշւել առանց հանրութեան մեծամասնութեան կարծիքի, ինչը եղել է նախկին  իշխանութեան ժամանակ: «Անկախ նրանից, թէ ով է այդ պահին իշխանութեան մէջ, ես կարծում եմ, որ առնւազն մի քանի սերունդ թոյլ չի տայ, որ հանրութեան դիրքորոշմանը հակառակ որոշումներ կայացւի»,- ասաց նա:

Դիտարկմանը, թէ հանրութեան կարծիքը իմանալու համար նախ պէտք  է նախաձեռնել սահմանադրական փոփոխութիւններ, Տիգրան Ուրիխանեանն ասաց, որ տեղեկատւական բացարձակ բաց ու հասանելի հարթակի պարագայում հնարաւոր է հասարակութեան կարծիքը  շատ կարճ ժամանակում ու մոբիլիզացւած ստանալ, ամենեւին ոչ միայն պարտադիր հանրաքւէի միջոցով:

Պատգամաւորն ասաց նաեւ, որ «Ծառուկեան» դաշինքում նման քննարկում չի եղել, հետեւաբար հնչեցրած կարծիքն իր անձնական տեսակէտն է:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։