Հա

Քաղաքական

19/08/2018 - 14:40

Քոչարեան-Փաշինեան դիմակայութիւն․ ինչի՞ կը յանգեցնի Հայաստանի նախկին նախագահի վերադարձը

Փաշինեանի - Քոչարեանի դիմակայութեան տւեալ փուլում մեծ հետաքրքրութիւն է առաջացնում «Ծառուկեան» դաշինքի դիրքորոշումը։

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարեանը կարող է իր շուրջը միաւորել վարչապետ Նիկոլ Փաշինեանի ընդդիմադիր բոլոր ուժերին։ 

«alikonline.ir» - Փաշինեանի - Քոչարեանի դիմակայութեան տւեալ փուլում մեծ հետաքրքրութիւն է առաջացնում «Ծառուկեան» դաշինքի դիրքորոշումը։

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարեանը կարող է իր շուրջը միաւորել վարչապետ Նիկոլ Փաշինեանի ընդդիմադիր բոլոր ուժերին։ Այս մասին «Sputnik» Արմենիային տւած հարցազրոյցում ասաց ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճիւղի ղեկավար Ալեքսանդր Մարկարովը՝ մեկնաբանելով Քոչարեանի յայտարարութիւնը մեծ քաղաքականութիւն վերադառնալու մասին։

«Համարէք, որ ես վերադարձել եմ քաղաքականութիւն։ Այդ վերադարձը կարող է լինել տարբեր ձեւաչափերով»,- ասել է Քոչարեանը օգոստոսի 16-ին «Երկիր մեդիա» հեռուստաալիքին տւած հարցազրոյցում։

Քաղաքագէտը կարծում է, որ առայժմ բարդ է կանխատեսել, թէ ինչ ձեւաչափով կը լինի նախկին նախագահի վերադարձը քաղաքական դաշտ։  Չէ՞ որ անցեալում Քոչարեանը նախագահի պաշտօնում միշտ պաշտօնապէս առաջադրւել է ոչ ինչ-որ կոնկրետ կուսակցութիւնից եւ հանդէս է եկել «իմ կուսակցութիւնն իմ ժողովուրդն է» կարգախօսով։

Այնուամենայնիւ, հիմա արդէն կան քաղաքական ուժեր, որոնք պատրաստ են այս կամ հիմնաւորումներով սատարել Քոչարեանին։ Մասնաւորապէս, ՀՅԴ բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանը յայտարարել է, որ չի բացառում նախկին նախագահի հետ համագործակցութիւնը։ Ռոբերտ Քոչարեանին աջակցելու մասին յայտարարել է նաեւ Հայաստանի հանրապետական կուսակցութիւնը։

«Ի յաւելումն դրան, Հայաստանում կայ «բացասական» կոալիցիաներ ձեւաւորելու փորձ, այսինքն` ինչ-որ մէկի դէմ)։ Եթէ դիտարկել Քոչարեանին որպէս ուժերի ձգողականութեան կենտրոն, որոնք փորձում են ընդդիմանալ Փաշինեանին, ապա հնարաւոր է նաեւ, որ միւս կուսակցութիւնները եւս որոշեն միանալ այդ դաշինքին»,- նշեց Մարկարովը։

Բացառւած չէ նաեւ, որ երկրորդ նախագահը կը նախընտրի ձեւաւորել սեփական քաղաքական ուժը, բայց դա ժամանակ ու ռեսուրսներ է պահանջում, ընդ որում` ոչ միայն ֆինանսական, այլ նաեւ մարդկային։

Պատասխանելով այն հարցին, թէ կարող են արդեօ՞ք հանրապետականները Քոչարեանի հետ միասին թեկնածու առաջադրել վարչապետի պաշտօնում Փաշինեանի հրաժարականից յետոյ (արտահերթ ընտրութիւններ անցկացնելու համար), Մարկարովը նշեց, որ ՀՀԿ-ի ձայները չեն բաւականացնի իր թեկնածուին անցկացնելու համար։

«Մենք խօսում ենք հիպոթետիկ բաների մասին, քանի որ ընտրութիւնները դեռ նշանակւած չեն։ Ձայները բաւարար չեն՝ նոյնիսկ հաշւի առնելով «Դաշնակցութեան» տեղերը, իսկ ահա թէ ինչպէս կը պահի իրեն «Ծառուկեան» դաշինքը, արդէն հետաքրքիր է»,- ասաց քաղաքագէտը։

Ամէն դէպքում, Քոչարեանին աջակցելու մասին ոչ մի յայտարարութիւն «Ծառուկեան» դաշինքի կողմից չի հնչել։

Մարկարովն ուշադրութիւն դարձրեց այն հանգամանքին, որ մի կողմից, Փաշինեանը վայելում է բնակչութեան լայն շերտերի աջակցութիւնը (տարբեր տւեալներով՝ մինչեւ 70 տոկոս), բայց միւս կողմից նա ունի թոյլ ձեւաւորւած կուսակցական կառուցւածք։

«Հետեւաբար, մինչեւ խորհրդարանական ընտրութիւնները մէկ տարւայ ընթացքում Փաշինեանի առաջ կոնկրետ խնդիր է դրւած զբաղւել կուսակցական շինարարութեամբ»,- կարծում է քաղաքագէտը։

Վարչապետի ապագայ վարկանիշը եւ ընտրւելու շանսերը կախւած կը լինեն կոնկրետ գործերից, որոնց պէտք է արդէն անցում կատարել։ Այդ մասին խօսել է նաեւ Փաշինեանը։ Քաղաքագէտն ուշադրութիւն դարձրեց նրան, որ Քոչարեանի յայտարարութիւնը` քաղաքականութիւն վերադառնալու մասին հնչել է նոր իշխանութիւնների հանրահաւաքից առաջ։

«Կամ Քոչարեանն այնքան վստահ է իր ուժերի վրայ, որ պատրաստ է եւս մէկ առիթ տալ Փաշինեանի կողմնակիցների մոբիլիզացման համար, կամ նրա կողմից դա սառը հաշւարկ է»,- ենթադրում է Մարկարովը։

Ինչ վերաբերում է Երեւանում կառավարական հանրահաւաք անցկացնելուն, ապա հասկանալի էր, որ Փաշինեանը եւ նրա թիմը ինչ-որ կերպ պէտք է նշեն իշխանավարման 100 օրը։ Առաւել եւս, որ հանրահաւաքը Փաշինեանի համար աւելի յարմար ձեւաչափ է, քան ամբիոնից յայտարարութիւնները, որովհետեւ հրապարակում, ժողովրդի կողքին վարչապետն աւելի վստահ է զգում իրեն։

Քաղաքագէտը կարծում է, որ Քոչարեանի դէմ ուժերը հաւաքելու տարրն արդէն առկայ է եղել նոր իշխանութիւնների հանրահաւաքում։

«Մինչեւ հիմա ոչ մի քաղաքական ուժ չի յայտարարել, որ կը պայքարի կամ դէմ կը լինի նոր կառավարութեանը։ Քոչարեանն առայժմ միակն է, ով յայտարարել է այլընտրանք դառնալու հաւանականութեան մասին»,- ասաց Մարկարովը։

Իսկ եթէ կայ այլընտրանք, ապա նրա դէմ պէտք է մոբիլիզացնել ուժերը։ Ժամանակը ցոյց կը տայ, թէ ինչպէս կազդի այդ մոբիլիզացումը երկրում քաղաքական գործընթացների վրայ։

Իր հերթին քաղաքագէտ Ռոման Մելիքեանը կարծում է, որ Քոչարեանը, վերադառնալով մեծ քաղաքականութիւն, գնում է վա բանկ։  Որքան էլ յայտարարեն, որ Քոչարեանը «քաղաքական դիակ» է, որին արդէն անհնար է վերակենդանացնել, չի կարելի բացառել նախկին նախագահի ակտիւ մասնակցութիւնը քաղաքական գործընթացներին։

«Նա կակտիւացնի իր նախկին ռեսուրսները։ Չի կարելի բացառել նրա կողմնակիցների կողմից որոշակի կոնգլոմերատ ստեղծելը»,- ասաց քաղաքագէտը։

Նրա կարծիքով՝ Ռոբերտ Քոչարեանը ցուցադրեց, որ ունի ոչ միայն առանձին անձանց, այլ նաեւ քաղաքական ուժերի աջակցութիւնը։

«Նոր իշխանութիւնների գործողութիւններից, մասնաւորապէս նրանց տնտեսական քաղաքականութիւնից է կախւած, թէ որքանով յաջողւած կը լինի Քոչարեանի վերադարձը»,- ենթադրում է Մելիքեանը։

Հարցազրոյցի ընթացքում Քոչարեանը հասկացնել տւեց, որ նա ունի պաշար, ուժ եւ ցանկութիւն դառնալու այն ընդդիմութիւնը, որն այսօր չկայ Հայաստանում։

«Նա ցանկանում է դառնալ ընդդիմութեան կենտրոն, ակտիվացնել դաշտը, որտեղ գտնւում են մարգինալները, ներկայ իշխանութիւնների հակառակորդները, ռեւանշիստները եւ ուղղակի դժգոհները»,- ասաց քաղաքագէտը։

Առաջիկայ ամիսներին պարզ կը դառնայ` կը ստեղծի նա արդեօ՞ք նոր քաղաքական ուժ, թէ՞ կը ձեւաւորի կոալիցիա արդէն գոյութիւն ունեցող կուսակցութիւններից։

Յարակից լուրեր

  • «Իմ զրուցակիցը Բելառուսի նախագահն է, ինչ ասել եմ, մնում է ուժի մէջ». Փաշինեանը` Բելառուսի ԱԳՆ-ին
    «Իմ զրուցակիցը Բելառուսի նախագահն է, ինչ ասել եմ, մնում է ուժի մէջ». Փաշինեանը` Բելառուսի ԱԳՆ-ին

    Եթէ դեկտեմբերի 6-ին ՀԱՊԿ գագաթաժողովում կոնսենսուս չլինի, մենք կը շարունակենք աշխատանքը կոնսենսուսի հասնելու ուղղութեամբ, որովհետեւ ՀԱՊԿ-ում որոշումները կայացւում են կոնսենսուսով: Այսօր՝ նոյեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանը` խօսելով ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարի պաշտօնի շուրջ ստեղծւած իրավիճակի մասին: Տեղեկացնում է «yerkir.am»-ը:

  • Քաղաքագէտ.  «Նիկոլ Փաշինեանի քաղաքական ուժի վարկանիշի անկումն արդէն սկսւած է»
    Քաղաքագէտ. «Նիկոլ Փաշինեանի քաղաքական ուժի վարկանիշի անկումն արդէն սկսւած է»

    Նախընտրական քարոզարշաւը չի լինելու  գաղափարական, մարդիկ  ընտրելու են անձի, ոչ թէ ծրագրերը, ինչպէս նախկինում է եղել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կովկասի ինստիտուտի տնօրէն, քաղաքագէտ  Ալեքսանդր Իսկանդարեանը:

  • Ընտրակաշառք` Փաշինեանից
    Ընտրակաշառք` Փաշինեանից

    Վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանի ուշացած կոչը, ուղղւած հայրենակիցներին, ժպիտ է շարժում: Դա ոչ այլ ինչ է, եթէ ոչ բացայայտ ընտրակաշառք եւ պետական ռեսուրսի չարաշահման բացառիկ դէպք:

  • Բելառուսիայի ԱԳՆ-ի կոշտ պատասխանը՝ Փաշինեանին
    Բելառուսիայի ԱԳՆ-ի կոշտ պատասխանը՝ Փաշինեանին

    Բելառուսական «tut.by» պորտալը խնդրել է Բելառուսիայի ԱԳՆ մամուլի խօսնակ Ա. Գլազին մեկնաբանել ՀՀ վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանի՝ նոյեմբերի 16-ին արած յայտարարութիւնը, թէ նա բացատրութիւն կը պահանջի Բելառուսիայի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյից Ադրբեջանի դեսպանի հետ ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարի հարցը քննարկելու համար: 

  • Փաշինեանը պարզաբանում է պահանջելու Լուկաշենկոյից
    Փաշինեանը պարզաբանում է պահանջելու Լուկաշենկոյից

    Բելառուսիայի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ անվտանգութեան խորհրդի դռնփակ նիստից յետոյ Բելառուսիայում Ադրբեջանի դեսպանին պատմել է նիստից մանրամասներ, ինչը բարկացրել է ՀՀ վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանին: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։