Հա

Քաղաքական

20/08/2018 - 10:50

Ռոբերտ Քոչարեանն ու արտահերթ ընտրութիւնները. նոր ընդդիմութեանը նոր «դէմք» է պէտք

ՀՀ երկրորդ նախագահը կը փորձի իր շուրջը համախմբել բոլոր նրանց, ովքեր Փաշինեանի հետ նոյն ճանապարհով չեն գնայ։

«alikonline.ir» - ՀՀ երկրորդ նախագահը կը փորձի իր շուրջը համախմբել բոլոր նրանց, ովքեր Փաշինեանի հետ նոյն ճանապարհով չեն գնայ։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի հնարաւորութիւններն այնքան էլ մեծ չեն արտահերթ ընտրութիւններում, նրա կողմից ստեղծւող կոալիցիան ձեւական նոր առաջնորդի կարիք ունի, «Sputnik» ռադիոկայանի թղթակցին ասաց քաղտեխնոլոգ Վիգէն Յակոբեանը։

Օգոստոսի 16-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերութեանը տւած հարցազրոյցում յայտարարեց քաղաքականութիւն վերադառնալու մասին։ Նա պնդեց, որ իր վերադարձն անհրաժեշտ է, որովհետեւ Հայաստանի նոր իշխանութիւնը ոչ համաչափ ձեւով է արձագանգում երկրի շուրջ ծաւալւող իրադարձութիւններին։

Օգոստոսի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը Հանրապետութեան հրապարակում մեծ հանրահաւաք կազմակերպեց վարչապետութեան 100-օրեայ գործունէութիւնն ամփոփելու համար։

Յակոբեանի խօսքով` օրեր առաջ տեղի ունեցած հանրահաւաքի ձեւաչափն ու նպատակը մէկն էր` ինչպէս երկրի ներսում, այնպէս էլ երկրից դուրս ցոյց տալ, որ ժողովուրդն աջակցում է Փաշինեանին։

«Ցոյց տալ, որ իր շուրջը համախմբւածութիւն կայ։ Սա կարեւոր է ե՛ւ աշխարհաքաղաքական տեսանկիւնից, քանի որ որոշ աշխարհաքաղաքական խաղացողների հետ տարաձայնութիւններ կան, ե՛ւ ներքաղաքական տրանսֆորմացիայի տեսանկիւնից։ Քոչարեանի վերադարձով ընդդիմադիր դաշտ է ձեւաւորւում, որը, ի դեմս ՀՀԿ-ի, կար զուտ ֆորմալ առումով»,- ասաց Յակոբեանը։

Նրա խօսքով` Քոչարեանի վարկանիշը մեծ չէ։ Նա այն քաղաքական գործիչներից մէկն է, ով հասարակութեան մէջ ամենաքիչ դրական ընկալումն ունի։ Սակայն դա չի նշանակում, որ նրան չի յաջողւի համախմբել հասարակութեան այն սակաւաթիւ հատւածին, որը չի ընդունում այսօրւայ իշխանութիւններին։

«Նրա փորձն ու ռեսուրսները (ֆինանսական, ներքին եւ արտաքին քաղաքական) թոյլ կը տան համախմբել քաղաքական դաշտի այն հատւածին, որն ապրիորի ընդդիմութիւն է ներկայիս իշխանութեան նկատմամբ (ՀՀԿ-ին), եւ այն հատւածին, որը շուտով կը համոզւի, որ Փաշինեանի հետ նրանց ճանապարհները բաժանւում են»,- նշեց Յակոբեանը։

Ապագայ ընտրութիւնները զտիչ դեր կունենան, պատահական մարդիկ, որոնք այսօր կան կառավարութիւնում, իրենց ճանապարհով կը գնան։ Եւ այդ ճանապարհը, քաղտեխնոլոգի կարծիքով, Քոչարեանին աւելի մօտ կը լինի։

Կը միանան նաեւ նրանք, ովքեր ի սկզբանէ դժգոհ էին ընթացիկ փոփոխութիւններից կամ հիասթափւել են Փաշինեանի իշխանութեան գալուց յետոյ։

Ընդ որում, ընտրւելու առումով անձամբ Քոչարեանի հնարաւորութիւնները չափազանց քիչ են։ Նա կարող է աջակցել ընդդիմադիր միջուկի ստեղծմանը, բայց նրանց պէտք կը լինի մէկ այլ, աւելի յայտնի թեկնածու, որի նկատմամբ հասարակութիւնը քիչ թէ շատ չէզոք վերաբերմունք ունի։

«Գուցէ նոր դէմքեր լինեն։ Սակայն պրագմատիկ տեսանկիւնից, նոյնիսկ նման ռեսուրսներ եւ դրսից աջակցութիւն ունենալով, անձամբ Քոչարեանի` ընտրութիւններում յաջողութեան հասնելու շանսերը քիչ են»,- ասաց Յակոբեանը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։