Հա

Քաղաքական

20/08/2018

ՀՅԴ-ն բաց ցուցակներով համամասնական ընտրակարգն առաւել ժողովրդավարական է համարում

Ընտրական օրէնսգրքի բերեփոխումների նպատակով ստեղծւած ՀՀ ԱԺ աշխատանքային խմբի առաջարկութիւնների փաթեթն արդէն Կառավարութիւնում է: 4 քաղաքական ուժերի առաջարկները գործադիրը կամփոփի եւ սեպտեմբերին կը ներկայացնի օրէնսդիր մարմնին: Ընտրական օրէնսգրքի բարեփոխումների շուրջ Դաշնակցութեան առաջարկների եւ Երեւանի աւագանու արտահերթ ընտրութիւններին հնարաւոր մասնակցութեան մասին «Արմէնպրես»-ը զրուցել է ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան պատգամաւոր Արմենուհի Կիւրեղեանի հետ:

«alikonline.ir» - Ընտրական օրէնսգրքի բերեփոխումների նպատակով ստեղծւած ՀՀ ԱԺ աշխատանքային խմբի առաջարկութիւնների փաթեթն արդէն Կառավարութիւնում է: 4 քաղաքական ուժերի առաջարկները գործադիրը կամփոփի եւ սեպտեմբերին կը ներկայացնի օրէնսդիր մարմնին: Ընտրական օրէնսգրքի բարեփոխումների շուրջ Դաշնակցութեան առաջարկների եւ Երեւանի աւագանու արտահերթ ընտրութիւններին հնարաւոր մասնակցութեան մասին «Արմէնպրես»-ը զրուցել է ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան պատգամաւոր Արմենուհի Կիւրեղեանի հետ:

 

ՀՅԴ-ի կողմից ներկայացւած 10 առաջարկների մեծ մասն ընդգրկւեց կառավարութիւն ուղարկւած առաջարկութիւնների փաթեթում: Այս առումով քննարկումներից ձեր սպասելիքները կարելի° է արդարացւած համարել:

- Չէի ասի, որ ամբողջութեամբ, որովհետեւ կան առաջարկներ, որոնք դեռեւս քննարկման ենթակայ են, աւելի լայն արձագանքի կարիք ունեն, բայց հիմնականում գոհ ենք արդիւնքներից: Իհարկէ, այնպէս չէ, որ մեր ներկայացրած փաթեթն ամբողջութեամբ պէտք է ընդունւի կառավարութեան կողմից, բայց, եթէ որեւէ կէտ չի ընդունւում, ապա պէտք է ամենայն մանրամասնութեամբ հիմնաւորւի: Բնականաբար, պէտք է համաձայնեցնել նաեւ կառավարութեան մօտեցումներն ու ստանալ մէկ ամբողջական փաթեթ: Ի վերջոյ, բոլորիս նպատակն այս պահի դրութեամբ լաւագոյն ընտրական օրէնսգիրք ունենալն է:

 

Դաշնակցութիւնն ու Հանրապետականն առաջարկում են ամրագրել բաց ցուցակներով համամասնական ընտրակարգը: Ո°րն է դրա առաւելութիւնը փակ ցուցակների նկատմամբ:

- 100%-անոց բաց համամասնական ցուցակներն աւելի ժողովրդավարական են: Եթէ խօսում ենք ժողովրդավարութեան կայացման մասին, ապա պէտք չէ մոռանալ ներկուսակցական ժողովրդավարութիւնը: Բաց ցուցակներն առաւել նպաստաւոր են թէ՛ մասնակցային, թէ՛ ներկուսակցական ժողովրդավարութեան կայացման առումով: Բնականաբար, ընտրողն իր քւէն տալով այս կամ այն կուսակցութեանը, պէտք է իրաւունք ունենայ ընտրելու նաեւ կուսակցութեան իր նախընտրած ներկայացուցչին:

 

Փակ ցուցակների կողմնակիցներն ասում են, որ քւէաթերթիկների հաշւարկի ժամանակ հնարաւոր է՝ որեւէ թեկնածու իր կուսակից ընկերոջ քւէաթերթիկներն իր անւան դիմաց դնի: Այսպիսի ռիսկ չէ°ք տեսնում:

- Թէ ինչքանով է հնարաւոր, որ կուսակցական մի ընկեր փորձի վերցնել իր կուսակից ընկերոջ ձայները, մեխանիզմի խնդիր է: Պէտք է ստեղծել այնպիսի մեխանիզմ, որ այդպիսի դէպքերը հնարաւորինս նւազեցւեն: Երբեք հնարաւոր չէ դրանք բացառել, որովհետեւ ինչպիսի մեխանիզմ էլ ներդրւի, կարող է ունենալ շրջանցելու տարբերակ: Այստեղ առաջնային է գաղափարը՝ արդեօք մենք ուզո՞ւմ ենք կայացնել մասնակցային ու ներկուսակցական ժողովրդավարութիւնը: Եթէ մեխանիզմների ստեղծման առումով դժւարութիւններ ունենք, չի նշանակում, որ պէտք է հրաժարւենք գաղափարից: Աւելի լավ է՝ սկսենք աշխատել այդ մեխանիզմները ճիշտ ձեւակերպելու ուղղութեամբ:

 

ՀՅԴ-ն արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների անցկացման նախընտրելի ժամանակահատւած ունի°:

- Մենք պէտք է կարեւորենք ընտրութիւնների անցկացման նպատակը: Եթէ գնում ենք ընտրութիւնների միայն իշխանափոխութեան՝ մի կուսակցութիւնից քաղաքական մենաշնորհը վերցնելու եւ միւսին տալու համար, ապա դրանից կեանքի որակի փոփոխութիւն դէպի լաւը չի լինի: Մեր խնդիրն այնպիսի տնտեսութեան ստեղծումն է, որի շնորհիւ մարդիկ լաւ կապրեն: Քանի որ ընտրական օրէնսգրքի արդիւնքում ընտրւած ԱԺ-ն եւ կառավարութիւնը պէտք է իրականացնեն այն փոփոխութիւնները, արտահերթ ընտրութիւնների պէտք է գնալ այն ժամանակ, երբ կունենանք լաւ ընտրական օրէնսգիրք:

 

Բազմաթիւ ակտիւ եւ ոչ ակտիւ քաղաքական ուժեր արդէն յայտարարում են Երեւանի աւագանու արտահերթ ընտրութիւններին իրենց մասնակցութեան մասին: ՀՅԴ ԳՄ-ն այս ընտրութիւնների մասնակցութեան եւ ձևաչափի հարց քննարկե°լ է:

- Մեր Գերագոյն մարմինն առաջիկայում կը կայացնի որոշում: Ամենայն հաւանականութեամբ կը մասնակցենք Երեւանի աւագանու արտահերթ ընտրութիւններին: Եթէ մասնակցենք, ապա մասնակցելու ենք միայն յաղթելու համար, ներկայացնելու ենք շատ լաւ ծրագիր եւ առողջ թիմ, որն ի զօրու կը լինի այդ ծրագիրը կեանքի կոչել: ՀՅԴ-ի մասնակցութեան դէպքում մեր թեկնածուն լինելու է այնպիսին, որ իր հետեւից շատ երեւանցիների է տանելու ու նախընտրական ծրագրով շատերին է համոզելու: Դաշինքով մասնակցութեան հարց դաշնակցութիւնը երբեւէ չի քննարկել: Ընտրութիւններին միշտ մասնակցել ենք միայնակ, ամենայն հաւանականութեամբ, այդպէս կը լինի նաեւ այս դէպքում:

 

- Ի°նչ դիրքորոշում ունէք աւագանու ընտրութիւններին մասնակցութեան ցանկութիւն յայտնած քաղաքական ուժերի ընտրական ցուցակների առաջին համարների վերաբերեալ:

- Մենք բոլոր կուսակցութիւնների ցուցակներում ընդգրկւելիք առաջին անձին նայում ենք որպէս մրցակցի: Թէ ով ինչ հեղինակութիւն ունի, ինչ ձայներ է ստանալու, դա տւեալ կուսակցութեան խնդիրն է: Անընդհատ խօսում ենք քաղաքապետի թեկնածուի մասին, բայց չպէտք է մոռանանք, որ Երեւանի աւագանու ընտրութիւնները ՏԻՄ ընտրութիւններ են, իսկ տեղական ինքնակառավարման մարմիններում որոշում կայացնողն ամենեւին էլ քաղաքապետը չէ, աւագանին է, եւ շատ կարեւոր է այն թիմը, որով հանդէս է գալիս այդ կուսակցութիւնը: Քաղաքապետն ընդամենը այդ ընտրւած անդամներից մէկն է, ով պարտաւոր է իրականացնել աւագանու որոշումները:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։