Հա

Քաղաքական

21/08/2018

Ա. Բաբլոյեան. «Փաշինեանի հանրահաւաքում հնչեցրած խօսքում առկայ էին ՀՀ սահմանադրական կարգի, պետականութեան հիմքերի համար խիստ վտանգաւոր ուղերձներ»

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյեանը յայտարարութիւն է տարածել երկրի ներքաղաքական իրավիճակի վերաբերեալ՝ անդրադառնալով ՀՀ կառավարութեան 100 օրերի գործունէութիւնն ամփոփող հանրահաւաքի ընթացքում հնչեցրած ելոյթին:

«alikonline.ir» - ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյեանը յայտարարութիւն է տարածել երկրի ներքաղաքական իրավիճակի վերաբերեալ՝ անդրադառնալով ՀՀ կառավարութեան 100 օրերի գործունէութիւնն ամփոփող հանրահաւաքի ընթացքում հնչեցրած ելոյթին:

Արա Բաբլոյեանի յայտարարութիւնն ամբողջութեամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Յարգելի հայրենակիցներ,

ուշադրութեամբ հետեւել եմ ՀՀ կառավարութեան 100 օրերի գործունէութեանը եւ որպէս խորհրդարանի ղեկավար՝ գործընկերոջիցս՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանից, ակնկալել եմ տեսնել ծրագիր` ուղղւած երկրի անվտանգութեան ապահովմանը, տնտեսական զարգացմանը, բնակչութեան բարեկեցութեան բարելաւմանը եւ իհարկէ ժողովրդավարութեան էլ աւելի ամրապնդմանը: 100 օրը գուցէ քիչ է այս հարցերի վերաբերեալ վարչապետի ամբողջական տեսլականը եւ դրանց լուծման կառուցողական ուղիները լսելու համար։

Անշուշտ գտնում եմ, որ կոռուպցիայի դէմ պէտք է պայքարել։ 

Անշուշտ անհրաժեշտ է պայքարել մենաշնորհների դէմ։

Համոզւած եմ, որ ժողովրդի ձայնը միշտ պէտք է լսել, ժողովրդին հարկաւոր է հնարաւորինս իրազեկել եւ ներգրաւել կարեւորագոյն որոշումներն ընդունելիս, քանի որ, ինչպէս գիտենք, Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւնը պատկանում է ժողովրդին։ Սակայն այս ամէնն իրականացնելիս պարտաւոր ենք առաջնորդւել բացառապէս Սահմանադրութեամբ եւ օրէնքներով, ինչպէս նաեւ Հայաստանի Հանրապետութեան կողմից ստանձնած միջազգային պարտաւորութիւնների լիարժէք պահպանմամբ:

Այս առումով ցաւով եմ արձանագրում, որ խորապէս մտահոգւած եմ երկրում ստեղծւած իրավիճակով։

Երկրի հասարակական-քաղաքական բնականոն կեանքը, պետական իշխանութեան մարմինների սահմանադրաիրաւական յարաբերութիւնները եւ հանրային համերաշխութիւնը վտանգւած են։ Հասարակութիւնն իրարամերժ խմբերի՝ յեղափոխութեան եւ հակայեղափոխութեան կողմնակիցների բաժանելու եւ անհանդուրժողականութիւնը խորացնելու վտանգաւոր միտումներ եմ տեսնում։ 

Այս մտահոգութիւնս առաւել խորանում է յատկապէս վարչապետ Փաշինեանի ելոյթում հնչած այս ձեւակերպմամբ, մէջբերում եմ. «Ուրեմն ես խորհուրդ եմ տալիս բոլորին խօսելուց առաջ մտածել, յետոյ էլ ասում են մեր խօսքի ազատութիւնը սահմանափակում էք: Դուք դեռ պէտք է խօսելուց առաջ մտածել սովորէք, որ յետոյ ձեր խօսքի ազատութեան իրաւունքի մասին մտածէք»։

Պէտք է խոստովանեմ, որ այսպիսի ձեւակերպումներն ինձ համար անսպասելի էր լսել վարչապետ Փաշինեանից այն պարզ պատճառով, որ դա ուղղակի ոտնձգութիւն է այլակարծութեան նկատմամբ։

Սրան զուգահեռ դատաւորների հասցէին «մատ թափ տալն» ու այլախոհներին Ազգային ավտանգութեան ծառայութեամբ սպառնալը, ոչ միայն ճնշում է դատական իշխանութեան, այլեւ առհասարակ երկրում հակառակ կարծիք ունեցող ցանկացած մարդու նկատմամբ։

Վարչապետ Փաշինեանի հանրահաւաքում հնչեցրած խօսքում միաժամանակ առկայ էին ՀՀ սահմանադրական կարգի, պետականութեան հիմքերի համար խիստ վտանգաւոր ուղերձներ, որոնք ուղղակի հակասում են իրաւական եւ ժողովրդավարական պետութիւն կառուցելուն ուղղւած ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտաւորութիւններին: 

Մասնաւորապէս, գործադիր իշխանութեան ղեկավարի կողմից «Խելքներդ գլուխներդ հաւաքէք» դիմելաձեւը դատաւորներին պարզապէս սպառնալիք է դատական իշխանութեան անկախութեանը, միջամտութիւն է բոլոր ընթացիկ եւ հետագայում հարուցւելիք դատական քննութիւններին, որոշումներին: «Անցումային արդարադատութեան» թեզի ներքոյ ներկայացւեց օրէնքներին հետադարձ ուժ տալու հակաիրաւական ակնարկ:

Միաժամանական, գործադիր իշխանութեան ղեկավարի կողմից` Ազգային ժողովում սահմանադրական փոփոխութիւնների հնարաւոր իրականացումը, այն էլ ցանկալի արդիւնքը որեւէ եղանակով ապահովելու սպառնալիքով, ակնյայտ ճնշում եւ պարտադրանք է օրէնսդիր իշխանութեան նկատմամբ: 

Ինձ համար սա առաւել անհասկանալի է, քանի որ սպառւած չէին այդպիսի քննարկումների եւ որոշման կայացման հնարաւորութիւնները հէնց խորհրդարանում: 

Այսպիսով, հաշւի առնելով վերոնշեալը՝ նախատեսում եմ հանդիպումներ Հանրապետութեան նախագահի, Հանրապետութեան վարչապետի, Մարդու իրաւունքների պաշտպանի, Բարձրագոյն դատական խորհրդի եւ միջազգային դիւանագիտական առաքելութիւնների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ստեղծւած իրավիճակը: 

Հաւատարիմ մնալով իր սահմանադրական առաքելութեանը` հաւաստում եմ, որ Ազգային ժողովը շարունակելու է իրականացնել օրէնսդրութեամբ իրեն վերապահւած լիազօրութիւնները»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։