Հա

Քաղաքական

26/08/2018

Իրանագէտ. «ԱՄՆ դեսպանի յայտարարութիւնը՝ անուղղակի ճնշում հայ գործարարների վրայ»

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը վերջերս մի յայտարարութիւն հնչեցրեց, որում մասնաւորապէս ասւած էր, թէ հայաստանեան գործարարները պէտք է խորհրդատւութիւն ստանան ԱՄՆ դեսպանատանը մինչ իրանական ընկերութիւնների հետ բիզնես-յարաբերութիւններ սկսելը: Դեսպանը նշել էր, թէ դեսպանատան հետ խորհրդակցելը անհրաժեշտ է նրա համար, որպէսզի հայ գործարարները չյայտնւեն ԱՄՆ-ի հակաիրանական սանկցիաների տակ: Այս յայտարարութիւնը մեծ արձագանգ գտաւ յատկապէս ռուսաստանեան լրատւամիջոցներում:

«alikonline.ir» - Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը վերջերս մի յայտարարութիւն հնչեցրեց, որում մասնաւորապէս ասւած էր, թէ հայաստանեան գործարարները պէտք է խորհրդատւութիւն ստանան ԱՄՆ դեսպանատանը մինչ իրանական ընկերութիւնների հետ բիզնես-յարաբերութիւններ սկսելը: Դեսպանը նշել էր, թէ դեսպանատան հետ խորհրդակցելը անհրաժեշտ է նրա համար, որպէսզի հայ գործարարները չյայտնւեն ԱՄՆ-ի հակաիրանական սանկցիաների տակ: Այս յայտարարութիւնը մեծ արձագանգ գտաւ յատկապէս ռուսաստանեան լրատւամիջոցներում:

«Փաստ»-ի հետ զրոյցում, իրանագէտ Վարդան Ոսկանեանն անդրադառնալով ԱՄՆ դեսպանի յայտարարութեանը՝ նշեց, որ հայ գործարարները ոչ մի դէպքում որեւէ խորհրդատւութիւն չպէտք է ստանան ամերիկեան դեսպանատնից Իրանի հետ աշխատելու պարագայում, որովհետեւ հայ-իրանական գործարար կապերը, տնտսական կամ քաղաքական հարթութեան մէջ ունեցած չափազանց բարձր մակարդակի յարաբերութիւնները ենթադրում են, որ այս երկու պետութիւնները, այդ թւում՝ մեր երկրների գործարարները միմեանց հետ պէտք է աշխատեն առանց որեւէ երրորդ կողմի խորհրդատւութեան կամ միջամտութեան: 

«Ինչ վերաբերում է դրա ենթատեքստին, ապա կարծում եմ, որ կոչ էր արւում հայ-իրանական յարաբերութիւնները համապատասխանեցնել Միացեալ Նահանգների շահերին: Կարծում եմ՝ սա ոչ մասնագիտական յայտարարութիւն էր: Եթէ մտահոգութիւն կայ՝ կապւած հայ գործարարների բիզնեսների հետ, ապա Միացեալ Նահանգների դեսպանատունը իր կայքում կամ Հայաստանի համապատասխան պատկան մարմինների, նախարարութիւնների եւ այլ կառոյցների մասնագէտներին կը տրամադրէր տեղեկատւութիւն, որը կը ներառէր կոնկրետ այդ պատժամիջոցների հատւածները եւ այն հնարաւոր վտանգները, որոնք կարող են առաջանալ նման պատժամիջոցների պայմաններում գործարար կապերը զարգացնելու տեսանկիւնից: Այսինքն՝ տեղեկատւութիւնը պէտք է լինի բաց, հասանելի, այլ ոչ թէ այդ տեղեկատւութիւնը ստանալու համար անհրաժետութիւն լինի խորհրդակցել ԱՄՆ դեսպանատան հետ»,- նկատեց Ոսկանեանը:

Իրանագէտը նաեւ կարծիք յայտնեց, որ սա ոչ միայն բիզնես առումով է ոչ մասնագիտական: Սա պէտք է մերժւի՝ հաշւի առնելով շատ կարեւոր մի հանգամանք: Ոսկանեանի խօսքով՝ Հայաստանի արժանապատւութեան խնդիրն է, որպէսզի հայ գործարարը խորհրդատւութիւն ստանայ հէնց Հայաստանի պատկան մարմիններից, այլ ոչ թէ ՀՀ-ում գտնւող օտարերկրեայ ներկայացուցիչներից:

Եթէ այդ յայտարարութիւնը ոչ մի ազդեցութիւն չի կարող ունենալ հայ-իրանական տնտեսական յարաբերութիւնների վրայ, ապա ի՞նչ արժէք ունէր այն առհասարակ: Սրան ի պատասխան՝ իրանագէտը նշեց, թէ ակնյայտ է, որ այս պահի դրութեամբ Միացեալ Նահանգները այդքան էլ յստակ քաղաքականութիւն չի վարում Իրանի նկատմամբ՝ հաշւի առնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի յայտարարութիւնները: Դրանք մէկ խստանում են, մէկ ինչ-որ առումով նահանջ է նկատւում այդ խստացումների մէջ: Ոսկանեանը մատնանշում է յատկապէս վերջին յայտարարութիւնը, որը կրկին հրաւէր էր Իրանի նախագահին բանակցելու, այն դէպքում, երբ Իրանի նախագահը ԱՄՆ-ի հետ բանակցելու հնարաւորութիւնները այս պայմաններում բացառել էր:

«Հաշւի առնելով այս ամէնը՝ կարծում եմ՝ պէտք է նախ յստակեցւի ԱՄՆ-ի քաղաքականութիւնը Իրանի նկատմամբ, որպէսզի նաեւ համաշխարհային հանրութիւնը հասկանայ, թէ ինչպիսի զարգացումներ են սպասւում:

Միւս կողմից, եթէ հայ գործարարները, որոնք աշխատում են Իրանի հետ, չունեն շատ սերտ բիզնես-կապեր ԱՄՆ-ի հետ, ապա չեմ կարծում, որ որեւէ խնդիր կունենան նոյնիսկ Միացեալ Նահանգների ամենախիստ պատժամիջոցների գործարկման կամ կիրարկման դէպքում: Մենք ունեցել ենք Իրանի հետ գործարար յարաբերութիւններ նոյնիսկ ամենխիստ պատժամիջոցների պայմաններում: Եւ եթէ այդ պատժամիջոցները եղել են միջազգային բնոյթի, ապա Հայաստանը որեւէ կարմիր գիծ չի հատել եւ դէմ չի գնացել միջազգային հանրութեանը, չնայած պահպանել է բարեկամական յարաբերութիւններն Իրանի հետ:

Սա անուղղակի ճնշում է մեր գործարար շրջանակների նկատմամբ, որը կարող է առաջացնել որոշակի լրացուցիչ վախեր եւ յետ պահել մեր գործարարներին իրանցի գործընկերների հետ իրենց համագործակցութիւնը ընդլայնելու կամ այն սկսելու հեռանկարներից»: 

Նմանատիպ յայտարարութիւններից յետոյ Իրանի՝ տնտեսական կոլապսի կամ փակուղու մէջ յայտնւելու հաւանականութիւնը որքանո՞վ է իրատեսական հարցին էլ պատասխանեց, որ որոշակի ռիսկեր կան եւ դրանց մասին չխօսելը արդարացի չէ: Ոսկանեանի դիտարկմամբ, սակայն, մէկ կարեւոր հանգամանք կայ՝ Միացեալ Նահանգները որպէս ՀՀ գործընկեր պետութիւն պէտք է հասկանայ Հայաստանի իրավիճակը. Հայաստանն Իրանի հետ իր յարաբերութիւնները զարգացնում է երկկողմանի ծայրաստիճան խիստ շրջափակման պայմաններում: «Այնպիսի պայմաններում, երբ մեր նկատմամբ բացայայտ թշնամական դիրքորոշում ունեցող երկու պետութիւններ՝ Ադրբեջանը եւ Թուրքիան, ոչ միայն Հայաստանի սահմաններն են փակ պահում, այլեւ պարբերաբար հանդէս են գալիս Հայաստանը մեկուսացնելու, տարածաշրջանային գործընթացներից դուրս թողնելու սպառնալիքներով, իսկ Ադրբեջանի պարագայում՝ նաեւ շատ դէպքերում զինւած սադրանքներով: 

Հայաստան-Իրան յարաբերութիւնների պատմութիւնն էլ թոյլ է տալիս յուշել ԱՄՆ-ին, որ մեր երկու պետութիւնները, անցնելով 1000-ամեայ շփումների և հարեւանութեան ճանապարհով, այսօր միմեանց հետ գործակցում են՝ ելնելով բացառապէս սեփական շահերից: Սա չի նշանակում, որ մենք չպէտք է հաշւի առնենք այլ խաղացողների, յատկապէս՝ գերտէրութիւնների շահերը մեր տարածաշրջանում, բայց Հայաստանին դնել կամ-կամ-ի ընտրութեան առջեւ, կարծում եմ, կոպտագոյն սխալ է եւ անարդիւնաւէտ քաղաքականութիւն»,- նշեց նա:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։