Հա

Քաղաքական

27/08/2018 - 12:40

101-րդ օրւայ անելիքը

Նախորդ հարիւր օրւայ ընթացքում նոր կառավարութիւնից ակնկալել աննկարագրելի ձեռքբերումներ, սոցիալական բարելաւում, կենսամակարդակի բարձրացում՝ անլուրջ է։ Եւ գիտակից մարդիկ նման հարց չեն դնում։ Հարիւր օրում հնարաւոր չէր երկրի հետագայ զարգացման բոլոր հիմքերը դնել։ Եւ նման պահանջներ դնելն ազնիւ չէ։ Նոյնիսկ հարիւր օրւայ քննարկումն ինքը ֆորմալ բնոյթ է կրում՝ այնքանով, որքանով ընդունւած է դա անել։ Դրա կիրառական կարեւորութիւնը փոքր է։

ՎԱՀԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

 

Նախորդ հարիւր օրւայ ընթացքում նոր կառավարութիւնից ակնկալել աննկարագրելի ձեռքբերումներ, սոցիալական բարելաւում, կենսամակարդակի բարձրացում՝ անլուրջ է։ Եւ գիտակից մարդիկ նման հարց չեն դնում։ Հարիւր օրում հնարաւոր չէր երկրի հետագայ զարգացման բոլոր հիմքերը դնել։ Եւ նման պահանջներ դնելն ազնիւ չէ։ Նոյնիսկ հարիւր օրւայ քննարկումն ինքը ֆորմալ բնոյթ է կրում՝ այնքանով, որքանով ընդունւած է դա անել։ Դրա կիրառական կարեւորութիւնը փոքր է։

Շատ աւելի կարեւոր է հասկանալ 101-րդ օրւայ անելիքը, հաշւարկել սցենարները՝ ինչ զարգացումներ են հնարաւոր, բարձրաձայնել ռիսկերը։ Մեր երկրում եւ մեր շուրջը կատարւողը շատ աւելի բարդ ու խորքային է, քան մենք պատկերացնում ենք։ Քաղաքական դաշտի դեֆոլտի, հանրային քննարկումների ապշեցնող պարզունակութեան եւ օր օրի ուժեղացող ագրեսիւութեան պայմաններում մենք կարող ենք բաց թողնել պրոցեսներ, որոնց համար հետագայում ստիպւած ենք լինելու չափազանց թանկ գին վճարել։

 

Վերադարձ հնին հնարաւոր չէ, բայց ապագայի տարբերակները շատ են

Ի վերջոյ, երկրում ստեղծւել է նոր իրողութիւն, իսկ դա նշանակում է նոր զարգացումներ, նոր ապագայ։ Իմ խորին համոզմամբ, բանաձեւը հետեւեալն է՝ վերադարձ հնին հնարաւոր չէ, բայց ապագայի տարբերակները շատ են։ Հինը փլւեց, որովհետեւ սպառւել էր, փլւեց, որովհետեւ հին էր՝ 21-րդ դարի չէր։ Հինն այլեւս չկայ ու չի լինելու։ Բայց նորն ունի մի քանի տարբերակ։ Դրա մասին է պէտք մտածել։ Կեանքը մեզ ստիպելու է դրանց անդրադառնալ, ինչքան էլ դրանք լինեն ոչ հաճելի, ինչքան էլ լայն զանգւածներն այս պահին հակւած չլինեն քննարկման։ Մեզ սպասւող ապագայում կարող են լինել ե՛ւ խաղաղութիւն ու պատերազմ, ե՛ւ տնտեսական աճ ու տնտեսական կոլապս, ե՛ւ ներքին համերաշխութիւն ու բոլշեւիզմ, ե՛ւ նոր դաշնակիցներ ու խորը մեկուսացում...։ Այս տարբերակները հաւասարաչափ հնարաւոր են եւ կախւած են մեզնից՝ այն բանից, թէ որ պրոցեսները երկրում կը գերիշխեն։ Վերջնարդիւնքը մէկ օրում չի լինում, դա կախւած է պրոցեսներից։ Օրւայ ռեժիմով է պէտք արձանագրել ու հասկանալ պրոցեսները, որ հնարաւոր լինի խուսափել վատագոյնից։ Կէտ առ կէտ պէտք է նկատել միտումները եւ չվախենալ դրա մասին խօսելուց։ Մենք մեր հարթակում դա անելու ենք։ Այսօր ներկայացնում ենք առաջին երեք խնդիրները, մտահոգութիւնները։

 

Հանրութեան շերտերի բարիկադաւորում

Մթնոլորտն է ստիպում, որ գոնէ ինքնապաշտպանութեան համար տարբեր ուժեր, խմբեր, միաւորներ, կլաններ, մեծ ընտանիքներ կառուցեն իրենց «բարիկադները»։ Տոտալ ագրեսիւութեան մթնոլորտն ուղղակի ստիպելու է տարբեր շերտերի՝ կազմակերպել իրենց դիմադրութիւնը։ Անընդհատ ստեղծւում եւ ստեղծւելու են կոնֆրոնտացիոն հարթակներ։ Ամէն մէկն ասում է իր «ճշմարտութիւնը»՝ անկախ թեմայից, եւ երկրում չկան երկխօսութեան հարթակներ։ Դրանք փլուզւել են։ Գուցէ այս պահին սա դժւար նկատելի է, բայց որոշ ժամանակ անց ակնյայտ կը լինի՝ իր վնասներով հանդերձ։ Այսպէս շարունակւելու դէպքում ձեւաւորւելու են գործիքներ, հարթակներ, որոնք միայն պաշտպանւելու եւ պատերազմելու համար են։ Ձեւաւորւելու են պետութիւն չունեցող հասարակութիւններին բնորոշ մոդելներ, որտեղ միասնական պետական մտածողութիւնը եւ համակեցութիւնը տեղ չեն ունենալու։ Բոլորն ունենալու են ժամանակակից պայքարի գործիքները, եւ սկսւելու է քաոտիկ կռիւ՝ բոլորը բոլորի դէմ։ Եթէ գնաց այս սցենարով, մի պահից չենք հասցնելու ֆիքսել՝ ով ում դէմ է կռւում, որ թելն ուր է տանում. պատճառը, սկիզբը, հետեւանքը՝ ամէն ինչ խառնւելու է։ Մենք ունենալու ենք մի իրականութիւն, որտեղ միասնական պետական հասարակական օրակարգին փոխարինելու են ցեղային, ընտանեկան եւ խմբակային օրակարգերը։ Ու սա կը լինի շատ արագ։ Պրոցեսը պէտք է կանգնեցնել, եւ դա պէտք է արւի հակառակ պրոցեսի խրախուսմամբ։

Իմ առաջարկն է. ձեւաւորել նոր՝ երկխօսութեան, պոզիտիւ եւ առարկայական քննարկումների հարթակներ։ Ձեւաւորել բանակցութիւնների, հրապարակային քննարկումների եւ պայմանաւորւածութիւնների ֆորմատներ։ Դա կը լինի իսկական յեղափոխական մշակոյթ՝ քննարկել, բանակցել, գտնել լուծում։ Դրա նախաձեռնութիւնը, դրա առաջին քայլերն իշխանութիւնից պէտք է գան՝ հռետորաբանութեան վերանայումից մինչեւ ինստիտուցիոնալ լուծումներ։ Դրանից յետոյ մենք կը տեսնենք, որ կը միանան շահագրգիռ եւ գիտակից շրջանակները, եւ այլ մթնոլորտ ու տրամաբանութիւն կը լինի երկրում։ Հայաստանում կայ շերտ, որը հասկանում է բեւեռացման վտանգաւորութիւնը։ Կը միանան նրանք, ովքեր իսկապէս հասկանում են, որ վերադարձ հնին այլեւս հնարաւոր չէ, իսկ նորի տարբերակները շատ են, եւ պէտք է մեծ ջանք գործադրել՝ լաւ տարբերակների ընտրութեան համար։ Հրապարակների եւ սոցցանցերի աղմուկին աստիճանաբար պէտք է փոխարինի խելամիտ ու հաւասարակշիռ խօսքը։ Դրանից շահելու են բոլորը։

 

Հանել ուժայիններին բիզնեսից

Լայն զանգւածներին հաճելի է լսել այս կամ այն բիզնեսի անօրինականութիւնների եւ տուգանքների մասին։ Վայելել այս կամ այն տուգանքի չափը։ Նոյնիսկ եթէ չի հասկացւում, թէ ինչի մասին է, միեւնոյն է, հաճելի է։

Բայց այն, ինչը մի փուլում հաճելի է լայն զանգւածներին, վաղը բերելու է տնտեսական անկման, բիզնեսի ակտիւութեան անկման։ Փողը շատ վախկոտ միաւոր է, ուղղակի կը փախչի Հայաստանից։ Դրանից յետոյ այդ նոյն լայն զանգւածները նոր իշխանութիւնից պահանջելու են աշխատավարձ եւ աշխատատեղ։ Սա պրոբլեմ է, որով 90-ականներին անցել են բոլոր յետխորհրդային եւ արեւելաեւրոպական երկրները, եւ բոլորը գտել են լուծումը՝ հանել ուժայիններին բիզնեսից։ Հակառակ դէպքում յաջորդ փուլերում ուժայիններն ուղղակի սերտաճելու են բիզնեսին։ ՊԵԿ-ի ցանկացած ստուգում սենսացիոն բացայայտում չէ, լրատւական սկանդալ չէ, կոռուպցիա չէ։ Ցանկացած անճշտութիւն թալան չէ, ցանկացած տուգանք թալանածը յետ բերել չէ եւ այլն։ Լրատւական կեանքը վերածւել է մի մեծ «02»-ի։ Այս պրոցեսը պէտք է կանգնեցնել. բիզնեսը սիրում է կայուն, կանխատեսելի մթնոլորտ։ Ու կայուն, զարգացող բիզնեսն է ապահովելու աշխատատեղ ու աշխատավարձ։

 

Կենտրոնական կառավարման կորստի վտանգ

Կայ մի քանի գործօն, որոնք կարող են յանգեցնել այս վիճակին, այդ թւում՝ տասնամեակների ընթացքում ձեւաւորւած իրողութիւնների ոչ ամբողջական պատկերացումը եւ անփորձ կառավարումը։

Ինչի մասին է խօսքը. ցանկացած մարզում, խոշոր բնակավայրում կան կլաններ, ֆինանսատնտեսական միաւորներ, խոշոր ընտանիքներ։ Նրանք շատ արագ յարմարւելու են եւ արդէ՛ն յարմարւում են նոր խաղի կանոններին։ Դրանցից իւրաքանչիւրը, ըստ նպատակայարմարութեան, ունենալու է իր «քաղաքացիական ակտիւիստներին», իր պսեւդօ-էկոլոգների խմբերը, իր ընդդիմադիր գործիչներին, իր լրատւական կայքերը, իր իրաւապաշտպանին, իր բլոգերներին, իր Ֆէյսբուք-ականներին, իր ճանապարհ փակող խմբերին եւ այլն։ Այս միտումն արդէն իսկ այսօր կայ, վաղն այն կրելու է շատ աւելի լուրջ, կազմակերպւած բնոյթ։ Իշխանութիւնը, եթէ պահը բաց թողեց, վաղը ոչ մի գործիք չի ունենալու դրա դէմ պայքարի։ Եթէ մինչ յեղափոխութիւնը կային ռեգիոնալ ֆէոդալներ եւ իրենց շահերը միջնադարեան մեթոդներով էին պաշտպանում, հիմա դա անելու են 21-րդ դարի մեթոդներով, բայց դրանից հարցի վտանգաւորութիւնը չի փոխւելու։ Նման գործիքներով կարելի է տապալել ցանկացած լաւ նախագիծ, ցանկացած ընտրութիւն, ցանկացած բիզնես, ցանկացած ներդրում՝ ըստ նպատակայարմարութեան։ Կարող է գալ մի պահ, որ կառավարութեան շէնքից ուղղակի երկիրն ամբողջապէս հնարաւոր չլինի կառավարել։ Հնարաւոր չլինի տիրապետել պրոցեսներին։ Հէնց այս պահին կան օրինակներ, որոնք փաստում են, որ այս գործընթացը, ցաւոք, սկսւել է։ Սրա մասին պէտք է շատ լուրջ մտածել։

«Հրապարակ»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։