Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 28 Օգոստոսի 2018 08:25

Նիկոլ Փաշինեանն ու Արա Բաբլոյեանը հանդիպել են. ընտրութիւններ կը լինեն 1 տարում

Օգոստոսի 27-ին կայացել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյեանի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հանդիպումը։ 

«alikonline.ir» - Օգոստոսի 27-ին կայացել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյեանի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հանդիպումը։ Ինչպէս տեղեկացնում է «news.am»-ը՝ այս մասին հաղորդագրութիւն է տարածել ՀՀ ԱԺ-ն:

Հանդիպման նախաձեռնութեամբ աւելի վաղ հանդէս էր եկել ՀՀ Ազգային ժողովի նախագահը՝ երկրի ներքաղաքական դրութեան մասին արւած յայտարարութիւնով: Բարձրացւած հարցերի շուրջ քննարկումների արդիւնքում ՀՀ օրէնսդիր եւ գործադիր մարմինների ղեկավարները մասնաւորապէս արձանագրել են.

- Անկախ քաղաքական հայեացքներից Հայաստանի Հանրապետութիւնում իւրաքանչիւր ոք ունի խօսքի եւ տարբերւող կարծիքի ազատութեան իրաւունք։

- Դատարանների անկախութիւնը երկրում արդարադատութեան ապահովման կարեւորագոյն երաշխիք է, հետեւաբար օրէնսդիր, գործադիր եւ դատական իշխանութիւնների բաժանման ու հաւասարակշռման մեխանիզմը որեւէ կերպ չպէտք է խաթարւի։

- Արադարադատութեան իրականացման գործում Հայաստանի դատական համակարգն իր ողջ գործիքակազմով իրեն չի սպառել, այդուհանդերձ, եթէ քաղաքական քննարկումների արդիւնքում կողմերը գտնեն, որ կայ անհրաժեշտութիւն «անցումային արդարադատութեան» ինստիտուտի, ապա դա պէտք է իրականացւի Սահմանադրութեան եւ համապատասխան օրէնսդրական դաշտի փոփոխութիւններով եւ միեւնոյն ժամանակ որեւէ կերպ չվնասի արդարադատութեանը:

- ՀՀ ԱԺ կողմից 07.06.2018 թւականին հաւանութեան արժանացած Կառավարութեան ծրագրի համաձայն «Արտահերթ խորհրդարանական ընտրութիւններն անհրաժեշտ է անցկացնել առաւելագոյնը մէկ տարւայ ընթացքում»: Արտահերթ խորհրդարանական ընտրութիւնները սահմանադրական փոփոխութիւնների միջոցով անցկացնելու դէպքում` մեխանիզմների շարքում հանրաքւէի ինստիտուտը կարող է լինել ամենաժողովրդավարականը, քանի որ փոփոխութեան ենթակայ Սահմանադրութիւնն ընդունւել է հանրաքւէով։ Այդուհանդերձ, այս հարցում որեւէ տարբերակի ընտրութիւնը պէտք է արւի հանրային ու քաղաքական լայն քննարկումների արդիւնքում։ Այդպիսի հնարաւորութիւնները սպառւած չեն թէ խորհրդարանում եւ թէ հանրային լայն շրջանակներում»:

Աւելի վաղ «news.am»-ը յայտնել էր, որ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյեանը հանդէս էր եկել յայտարարութեամբ, որտեղ նշել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինեանը փորձում է ճնշում գործադրել պատգամաւորների նկատմամբ: Նրա կարծիքով, կառավարութիւնը խախտում է խօսքի ազատութիւնը եւ մարդու իրաւունքները:

Իր հերթին Փաշինեանը յայտարարել էր, որ ոչ մի ճնշում չկայ եւ կոչ էր արել հաշւի առնել ժողովրդի կարծիքն ու առկայ իրողութիւնները: Փաշինեանը պատրաստակամութիւն էր յայտնել հանդիպել Արա Բաբլոյեանի հետ եւ քննարկել բոլոր հարցերը:

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։