ՀՀ ԱԺ արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովի նախագահն ընդունել է Եւրոպական խորհրդարանի պատգամաւոր Մարտին Սոննբորնին:
«alikonline.ir» - ՀՀ ԱԺ արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովի նախագահն ընդունել է Եւրոպական խորհրդարանի պատգամաւոր Մարտին Սոննբորնին: Գրում է «Sputnik» Արմենիան:
Ադրբեջանի կոռուպցիոն գործարքները հարւածում են եւրոպական ինստիտուտների քաղաքական վարկանիշին: Այս մասին երէկ՝ օգոստոսի 27-ին յայտարարել է ՀՀ ԱԺ արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովի նախագահ Արմէն Աշոտեանը՝ Եւրոպական խորհրդարանի պատգամաւոր Մարտին Սոննբորնի հետ հանդիպման ժամանակ:
Աշոտեանը շեշտել է, որ պէտք է անել հնարաւորը միջազգային հարթակների օրակարգերը նմանատիպ նախադէպերից մաքուր պահելու համար:
ՀՀ ԱԺ Լրատւութեան եւ հանրութեան հետ կապերի վարչութիւնից տեղեկացրել են, որ Մարտին Սոննբորնը Հայաստանում է ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի գրասենեակի նախաձեռնութեամբ եւ հրաւէրով: Հանդիպմանը ներկայ է եղել ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի գրասենեակի ղեկավար Գասպար Կարապետեանը:
Ազգային ժողովում կայացած հանդիպման ժամանակ Արմէն Աշոտեանն անդրադարձել է ՀՀ արտաքին քաղաքականութեան եւրոպական վեկտորին, կարեւորւել ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլեանւած համաձայնագրի դերն ու դրա հնարաւորինս արագ վաւերացումը ԵՄ անդամ-պետութիւնների ազգային խորհրդարանների կողմից:
ԱԺ արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովի նախագահը նշել է, որ Հայաստանն այս ժամանակաշրջանում Եւրոպական միութիւնից ակնկալում է քաղաքական հարցերում աւելի թիրախային քայլեր եւ աջակցութիւն:
Անդրադարձ է կատարւել նաեւ Արցախեան հիմնախնդրի խաղաղ կարգաւորման գործընթացին: Արմէն Աշոտեանը նշել է, որ հիմնախնդրում առանցքային է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ կամարտայայտութեան իրացումը՝ յաւելելով, որ խնդիրը չի կարող ունենալ ռազմական լուծում: Տարածաշրջանային կայունութեան խնդիրների համատեքստում յանձնաժողովի նախագահը կարեւորել է սպառազինութիւնների մրցավազքի կանխարգելման միջազգային ջանքերը: