Հա

Քաղաքական

29/08/2018 - 10:10

ՀՀ ԶՈՒ սպառազինութեան թարմացման շրջանակում պլանաւորւում է ձեռք բերել նաեւ բազմաֆունկցիոնալ աւիացիա

«Շանթ-2018» ռազմավարական հրամանատարաշտաբային զօրավարժութեանն ընդառաջ ՀՀ ՊՆ վարչական համալիրում ընթացող նախապատրաստական հաւաք-պարապմունքների շրջանակում օգոստոսի 28-ին դասախօութեամբ է հանդէս եկել ՀՀ պաշտպանութեան նախարար Դաւիթ Տօնոյեանը: 

«alikonline.ir» - «Շանթ-2018» ռազմավարական հրամանատարաշտաբային զօրավարժութեանն ընդառաջ ՀՀ ՊՆ վարչական համալիրում ընթացող նախապատրաստական հաւաք-պարապմունքների շրջանակում օգոստոսի 28-ին դասախօութեամբ է հանդէս եկել ՀՀ պաշտպանութեան նախարար Դաւիթ Տօնոյեանը: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, այս մասին «Ֆէյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ պաշտպանութեան նախարարի մամուլի խօսնակ Արծրուն Յովհաննիսեանը:

Դաւիթ Տօնոյեանը դասախօսութեան ընթացքում պաշտօնատար անձանց է ներկայացրել իր տեսլականը պաշտպանութեան ոլորտի գործունէութեան զարգացման առաջնահերթութիւնների եւ դրանցից բխող գերակայ խնդիրների վերաբերեալ:

Անդրադառնալով զինւած ուժերի զարգացման նախադրեալներին՝ ՀՀ պաշտպանական գերատեսչութեան ղեկավարն ընդգծել է անընդհատ սովորելու, բարեփոխւելու եւ բանակն աւելի տարաշարժուն՝ մանեւրային դարձնելու իրողութիւնը: «Հորիզոնական հաղորդակցութիւնը, առանց բիւրոկրատական քաշքշուքների, պէտք է դառնայ նորմ, ոչ թէ բացառութիւն: Վերացնելու ենք փոխգործակցութիւնը արգելակող կամ լրջօրէն բարդացնող արհեստական արգելքները` բացառելով ,այսպէս ասած, «հորանային» աշխատաոճը, երբ առանձին օղակներ առաջ են տանում իրենց օրակարգերը` չիմանալով դրանց միաւորող ընդհանուր մտայղացումը»,- նշել է ՀՀ պաշտպանութեան նախարարը:

Չափազանց կարեւորելով բանակի սպառազինման, կառավարման համակարգի արդիականացման եւ անձնակազմի մարտունակութեան ամրապնդմանը միտւած քայլերը՝ նախարար Տօնոյեանը վստահեցրել է, որ այս պահին ընթացքի մէջ են սպառազինութեան ծրագրերի թարմացման աշխատանքները, որոնց շրջանակում պլանաւորւում է ձեռք բերել նաեւ բազմաֆունկցիոնալ աւիացիա: «Մինչեւ այժմ հայկական զինւած ուժերը ունեցել են յստակ արտայայտւած ցամաքային ուժի կերպար, օդային գերակայութեան համար պայքարում ապաւինելով միայն ՀՕՊ եւ ցամաքային հրթիռային միջոցներին: Ժամանակները, սակայն, փոխւել են: Զինւած ուժերին հաղորդւելիք տարաշարժուն կերպարը պահանաջում է նաեւ կործանիչ-ռմբակոծիչ աւիացիայի առկայութիւն, քանի որ ոչ մի հրթիռային համակարգ չի փոխարինի այս կարողութեանը օգտագործման ճկունութեան եւ դիմակայունութեան առումով»,- շեշտել է Դաւիթ Տօնոյեանը:

Դասախօսութեան առանցքում նաեւ առաջնագիծը արդիական տեխնիկական միջոցներով համալրելու եւ մարտական խնդիրների կատարման արդիւնաւէտութիւնը բարձրացնելու հարցեր են եղել: Այս առումով ՀՀ պաշտպանութեան նախարարն ընդգծել է, որ 2016թ. երկրորդ կէսին եւ 2017թ. ընթացքում կատարւած աշխատանքների շնորհիւ մեծապէս փոխւել է առաջնագծի զինւածութիւնը տեսադիտարկման եւ հաւաստանշման սարքաւորումներով, որոնք թոյլ են տւել զգալիօրէն նւազեցնել անակնկալ դիւերսիաներ իրականացնելու հակառակորդի հնարաւորութիւնները: Ընթացքի մէջ են առաջնագծում հակառակորդի յայտնաբերման, որոշումների կայացման, կրակային եւ ինժեներական միջոցներով հակառակորդի խոցման ու հասցւած վնասների գնահատման ինտեգրւած համակարգի ստեղծման ուղղութեամբ ձեռնարկւող միջոցառումները:

ՀՀ ԶՈՒ-երի առջեւ դրւած գերակայ խնդիրների շարքում նախարար Տօնոյեանը առանձնացրել է նաեւ մարտական հերթապահութեան կրման ձեւերի կատարելագործման առաջնահերթութիւնը՝ շեշտելով, որ եկել է ամէնօրեայ մարտական խնդրի իրականացման եղանակներում արմատական փոփոխութիւններ կատարելու ժամանակը: «Մեր նպատակն է զգալիօրէն նւազեցնել անձնակազմի՝ հակառակորդի նշանառու կրակի տակ գտնւելու տեւողութիւնը, բարձրացնել պաշտպանւածութեան եւ դիմակայունութեան աստիճանը, ինչպէս նաեւ աւելացնել հակառակորդի դիւերսիոն խմբերի դարանակալման ու ոչնչացման հաւանականութիւնը»,- նշել է պաշտպանութեան նախարարը:

Անդրադառնալով պաշտպանական համակարգում որդեգրւած ռազմավարական միւս մօտեցումներին՝ Դաւիթ Տօնոյեանը մատնաշել է զինանձնակազմի բարոյահոգեբանական պատրաստութեան, նիւթական ու բժշկական ապահովման եւ սոցիալական պաշտպանւածութեան մակարդակի առաւել բարձրացման, ռազմակրթական համակարգի կատարելագործման, ինչպէս նաեւ միջազգային կապերի ընդլայնման առաջնահերթութիւնները:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։