Հա

Քաղաքական

29/08/2018

Փաշինեանի խորհրդականը հեռացաւ. կադրային քաղաքականութեան շտկո՞ւմ, թէ՞...

Արսէն Խառատեանի հետ կապւած դէպքը քաղաքական այն ցայտնոտի արդիւնքն է, որով Փաշինեանն ընտրում էր իր կադրերին։ 

«alikonline.ir» - Արսէն Խառատեանի հետ կապւած դէպքը քաղաքական այն ցայտնոտի արդիւնքն է, որով Փաշինեանն ընտրում էր իր կադրերին։ Գրում է «Sputnik» Արմենիան:

ՀՀ վարչապետի խորհրդականի հրաժարականը «գլամուրային» բնոյթի այլ իրադարձութիւնների ֆոնին աննկատ մնաց։ Բայց իրավիճակի մանրակրկիտ ուսումնասիրութեան դէպքում նախնական, սակայն որոշակի հետեւութիւններ անել կարելի է։

Անցած շաբաթ Նիկոլ Փաշինեանի խորհրդական Արսէն Խառատեանը յայտնեց, որ օգոստոսի 23-ին հրաժարականի դիմում է ներկայացրել։ Ըստ նրա` պատճառն անձնական, ընտանեկան բնոյթ է կրում։ Նրա ընտանիքն այս պահին բնակւում է Թբիլիսիում եւ այնտեղ կը մնայ մինչեւ 2019 թւականը։ Երկրորդ պատճառն «անձնական տրանսֆորմացիաներն» են, որոնք կապւած են պետական ծառայութեան մէջ անցկացրած այս երեք ամիսների հետ։

Սակայն, եթէ ընտանեկան հարցը պարզ է, ապա պարզ չէ «անձնական տրանսֆորմացիաների» խնդիրը։ Նման աղոտ արտայայտութիւնն ամենատարբեր դատողութիւնների առիթ է տալիս։

Ինչպէս յայտնի է, մինչեւ նշանակումը Խառատեանն աշխատում էր Թբիլիսիում, ղեկավարում էր «Ալիք Մեդիա» հայ-վրացական լրատւական նախագիծը։ Որոշ ժամանակ եղել է «Գոլոս Արմենիա»-ի հայկական ծառայութեան թղթակից։

Այլ պետութեան տարածքում գործող տեղեկատւական ռեսուրսի ղեկավարի նշանակումը վարչապետի արտաքին քաղաքական հարցերով խորհրդականի պաշտօնում, համաձայնէք, մի փոքր տարօրինակ է, եթէ չասենք, անհեթեթ։ Չկասկածելով Խառատեանի մեդիա ոլորտի պրոֆեսիոնալ հմտութիւնների վրայ` դժւար է պատկերացնել, թէ Փաշինեանին ինչ խորհուրդներ կարող էր տալ մի մարդ, որը հեռու է ներհայկական իրողութիւններից, անտեղեակ այս լսարանի եւ արտաքին գործընկերների հետ աշխատելու նրբութիւններից։

Այսպէս օրինակ` վարչապետի նորանշանակ խորհրդականը հարցազրոյցներից մէկում յայտնել էր, որ չի բացառում ՀՀ 3-րդ նախագահ եւ նախկին վարչապետ Սերժ Սարգսեանի հաւանական նշանակումը ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման յատուկ բանագնացի պաշտօնում։ Նախկին եւ գործող վարչապետների խիստ առճակատումը հաշւի առնելով`խորհրդականի շուրթերից հնչող նման յայտարարութիւնը բաւական զւարճալի էր։

Փորձելով պարզաբանել իրավիճակը` վարչապետի մամուլի քարտուղարն այն ժամանակ ասաց, որ խորհրդականի աշխատանքն այս կամ այն թեմայի բազմակողմանի վերլուծութիւնն է, կողմ եւ դէմ փաստարկների կշռադատումը եւ վարչապետին համապատասխան խորհուրդներ տալը։ Այնուհետեւ արդէն կառավարութեան ղեկավարն է որոշում, ինչպէս վերաբերւել այդ խորհուրդների հետ։

«Կոնկրետ այս դէպքում Փաշինեանը Խառատեանի հետ համակարծիք չէ»,- ասաց այն ժամանակ Արման Եղոյեանը։

Մենք չգիտենք, թէ Խառատեանն այս ընթացքում Փաշինեանին ինչ խորհուրդներ է տւել, սակայն չի կարելի բացառել, որ Սերժ Սարգսեանի մասին սկանդալային յայտարարութիւնից յետոյ կարող էին լինել նաեւ այլ, ոչ պակաս «էկզոտիկ» խորհուրդներ։

Խառատեանի հետ կապւած դէպքը քաղաքական ցայտնոտի արդիւնք է, որով Փաշինեանը կայացնում էր իր կադրային որոշումները։ Ամուր կադրային կորիզ չունենալով` վարչապետը ստիպւած էր թիմ հաւաքել «այսուայնտեղից»` ընդունելով երիտասարդ էնտուզիաստներին, որոնք երբեմն չեն կարողանում համաչափ գնահատել իրավիճակը։ Այս առումով արդիական է այն հարցը, թէ յետոյ էլ ով չի դիմանայ պատասխանատւութեան բեռին։

Ամենայն հաւանականութեամբ, արտահերթ ընտրութիւններին ընդառաջ ներաշխատակազմային դիմակայումն աւելի է սրւելու։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։