Հա

Քաղաքական

29/08/2018

Պոլսահայ լրագրող. «Հայաստանը կենտրոնացած է միայն սելֆիների, զւարճանքի, պոպուլիզմի եւ «թաւշի» վրայ»

Պոլսահայ քաղաքական լրագրող եւ գրող Վերճիհան Զիֆլիօղլուն, որ հրապարակումներ է պատրաստել նաեւ «BBC»-ի, «The Washington Times»-ի, «Le Monde»-ի, «France 24»-ի համար, մասնագիտական գործունէութեան համար արժանացել մի շարք միջազգային մրցանակների, «Առաւօտ»-ի հետ զրոյցում անդրադարձաւ Հայաստանում տեղի ունեցած վերջին իրողութիւններին:

«alikonline.ir» - Պոլսահայ քաղաքական լրագրող եւ գրող Վերճիհան Զիֆլիօղլուն, որ հրապարակումներ է պատրաստել նաեւ «BBC»-ի, «The Washington Times»-ի, «Le Monde»-ի, «France 24»-ի համար, մասնագիտական գործունէութեան համար արժանացել մի շարք միջազգային մրցանակների, «Առաւօտ»-ի հետ զրոյցում անդրադարձաւ Հայաստանում տեղի ունեցած վերջին իրողութիւններին:

«Որպէս տարիներ շարունակ քաղաքական թեմաներով գրող պրոֆեսիոնալ լրագրող` ուզում եմ ասել, որ այն ինչ տեղի է ունեցել Հայաստանում, չեմ անւանի յեղափոխութիւն: Պայքարի առաջին օրերին (եթէ անգամ այն յեղափոխութիւն չանւանեմ), ես մտածում էի որ, երիտասարդ Փաշինեանը, հնարաւոր է, ինչ-որ բան փոխի Հայաստանում: Այսօր, սակայն, տեսնում եմ, որ չի կարող: Հայաստանում «նոր» քաղաքականութիւնը հիմնւած է ժողովրդականութեան վրայ եւ ոչ թէ երկրում տիրող իրականութեան: Ամէն օր մենք տեսնում ենք միայն Փաշինեանի սելֆիները, մինչդեռ պէտք է աւելին իմանանք նրա օրակարգի վերաբերեալ: Եթէ խօսում ենք յեղափոխութեան մասին, ապա պէտք է իմանանք, որ այդ բառը դինամիկա է ենթադրում…Ես ցաւում եմ, բայց սա յեղափոխութիւն չէ:

Այսօր Հայաստանում հանրութիւնը հիմնականում վստահում է Փաշինեանին, սակայն մարդիկ մոռանում են, որ Փաշինեանը մէկ հոգի է, իսկ հայաստանեան խնդիրները` հսկայական: Հայաստանը բաւականին բարդ եւ զգայուն իրավիճակում է, երկրին աւելի լուրջ քաղաքականութիւն է անհրաժեշտ, Փաշինեանը Կանադայի երիտասարդ վարչապետ Ջասթին Տրիւդոն չէ եւ ոչ էլ Յունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը, իրականում Հայաստանը լրիւ տարբեր է այդ երկրներից»,- նշեց Վերճիհան Զիֆլիօղլուն:

Նա յաւելեց, որ երբ տարիներ առաջ Փաշինեանը բանտում էր, ինքը  բազմաթիւ յօդւածներ է  գրել նրա ազատութեան համար, ինչպէս թուրքական, այնպէս էլ միջազգային մամուլում: «Ես միշտ աջակցել եմ նրան: Իսկ այսօր, երբ  ես արտայայտում եմ իմ պրոֆեսիոնալ կարծիքը Հայաստանի նոր համակարգի մասին, Հայաստանում ապրող որոշ հայեր  «յարձակւում» են ինձ վրայ, գործակալ են անւանում, որովհետեւ թուրքահայ եմ, ասում են` գրիր Թուրքայի մասին, ոչ թէ մեր Հայաստանի: Նոյնիսկ հարցականի տակ են դնում իմ սէրը Հայաստանի հանդէպ: Լրագրող ընկերներիցս ոմանք, որոնց  տարիներով ճանաչում եմ, ահաւոր ծանր բաներ են ասում ինձ դրա համար: Ես նրանց մի բան եմ ուզում հարցնել` որտե՞ղ է խօսքի եւ մասնագիտական կարծիք յայտնելու ազատութիւնը: Ես Հայաստանի թշնամին չեմ, բայց պրոֆեսիոնալներից մէկն եմ, որը շարունակելու է արտայայտել իր կարծիքը»:

Հարցրինք, թէ իր կարծիքով ինչո՞վ է պայմանաւորւած Սփիւռքի հիացական վերաբերմունքը Նիկոլ Փաշինեանի եւ նրա թիմի հանդէպ:

«Որպէս երիտասարդ հայ, ես այժմ կորցրել եմ իմ հաւատը, վստահութիւնը ինչպէս Ստամբուլի հայերի, այնպես էլ սփյիւռքահայերի հանդէպ: Նրանք ընդամէնը ուտոպիաներ ունեն, մինչդեռ 2018-ին աշխարհը կարիք ունի ոչ միայն  ուտոպիաների: Նրանք տրամադրւած են սիրել Հայաստանը, եւ ես յաճախ ուզում եմ հարցնել` ի՞նչ իմաստ ունի այդ կերպ սիրել Հայաստանը, եթէ սիրում էք ինչ-որ բան, ուրեմն նաեւ պէտք է քննադատէք թերութիւնները: Մենք` հայերս, կարող ենք իսկապէս ապրել քաղաքակիրթ երկրում, ունենալ Օքսֆորդի, Քեմբրիջի, Հարւարդի վկայական, բայց մեր ԴՆԹ-ն դեռեւս մնացել է այնպիսին,  ինչպէս գեղջուկներինը, «անատոլիացիներինը»: Մենք պէտք է շարունակ առաջ մղւենք, մինչդեռ յետընթաց ենք ունենում ու «լռւում»: Տպաւորութիւն է, որ ոք չի մտածում Հայաստանի մասին, իմ Հայաստանն ասես որբ լինի: Եթէ աշխարհով մէկ սփռւած հայերը իսկապէս սիրէին Հայաստանը, նրանք չէին խօսի միայն քաղաքական գործիչների, կոնեակի, Ծաղկաձորի ու նման այլ բաների մասին… Ամէն ինչ կանցնի, ու Հայաստանը կը կարեւորւի որպէս երկիր, ոչ  է ինչ-որ բան կամ ինչ-որ մէկը, թէ չէ հիմա բոլորը ու ցանկացած կազմակերպութիւն միայն իր մասին է մտածում, իւրաքանչիւրն իր անձնական օրակարգն ունի»,- ասաց նա:

Վերճիհանին հարցրինք, թէ որպէս քաղաքական լրագրող, ի՞նչ տպաւորութիւն ստացել Գերմանիայի Դաշնային Հանրապետութեան կանցլեր Անգելլա Մերկէլի հայաստանեան այցից:

Լրագրողն ասաց, որ որոշ սխալներ է նկատել. «Աշխարհի առաջատար երկրի յաջողակ քաղաքական գործիչ Մերկէլը կարող էր գալ Հայաստան, սակայն նա եկաւ Կովկաս ու ոչ միայն Հայաստան: Երկրորդ, Մերկէլն այցելեց Ծիծեռնակաբերդ, սակայն հրաժարւեց արտաբերել Ցեղասպանութիւն բառը: Իր պարագայում դա նորմալ է, քանի որ նա մտածում է սեփական երկրի ապագայի եւ շահի մասին: Սակայն Հայաստանում ոչ ոք չխօսեց դրա մասին, որովհետեւ զբաղւած էին միայն սելֆիներով: Երրորդը հետեւեալն է` երբ ես դիտում էի ուղիղ միացումը Հիւսիսային պողոտայից, ուղղակի զարմացած եւ ցնցւած էի, բոլորն ուզում էին Անգելլա Մերկէլի հետ սելֆի ունենալ, իսկ Հայաստանի «լուսանկարը» դրսի համար աննկատ մնաց: Չորրորդն էլ սա է` Հայաստանը կարող է լինել ապահով երկիր, բայց այսօր իրականութիւնն այլ է: Ինչպէ՞ս կարող է Փաշինեանը Մերկէլի հետ փողոցում իբրեւ ընկեր զբօսնելու համար պատասխանատւութիւն կրել»:

Մեր զրոյցի ժամանակ անդրադարձ եղաւ պոկերի արքայ Դէն Բիլզերեանի ու նրա եղբօր այցին ու նրանց շուրջ եղած ոգեւորութեանը:

«Ցաւօք այսօրւայ Հայաստանը կենտրոնացած է միայն սելֆիների, զւարճանքի, պոպուլիզմի ու «թաւշի» վրայ… Կուզենայի աւելին ասել, սակայն պէտք է լռեմ»,- ասաց Վերճիհան Զիֆլիօղլուն:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։