Հա

Քաղաքական

29/08/2018 - 13:10

«The Washington Times». «Վենդետաներ` Հայաստանում»

«Washington Times»-ը սուր յօդւած է հրապարակել ներհայաստանեան իրադարձութիւնների մասին: Յօդւածի հեղինակ Թոդ Վուդը նախ յիշեցրել է չինացի փիլիսոփայ Կոնֆուցիոսի խօսքերը. «Նախքան վրէժխնդրութեան գնալը փորէք երկու գերեզման»: Յօդւածագիրն ընդգծում է, որ Նիկոլ Փաշինեանը եւ նրա նախանձախնդիր դատախազները պէտք է յիշեն այս ճշմարտութիւնը: 

«alikonline.ir» - «Washington Times»-ը սուր յօդւած է հրապարակել ներհայաստանեան իրադարձութիւնների մասին: Յօդւածի հեղինակ Թոդ Վուդը նախ յիշեցրել է չինացի փիլիսոփայ Կոնֆուցիոսի խօսքերը. «Նախքան վրէժխնդրութեան գնալը փորէք երկու գերեզման»: Յօդւածագիրն ընդգծում է, որ Նիկոլ Փաշինեանը եւ նրա նախանձախնդիր դատախազները պէտք է յիշեն այս ճշմարտութիւնը: Գրում է «yerkir.am»-ը:

Յօդւածն ամբողջութեամբ ներկայացնում ենք ստորեւ:

Հայաստանի նորանշանակ վարչապետը, ով երկրում կոռուպցիայի դէմ պայքարելու քարոզարշաւ է սկսել, քաղաքական ընդդիմութեանը հետապնդելու եւ բանտարկելու հարցում կարծես օրինակ է վերցնում տարածում գտած «Երրորդ աշխարհ» համակարգչային խաղի անագէ կաթսաների բռնապետերից։ Սա չի նպաստում Հայաստանի դատական ապագային, ձեռնտու չէ Կովկասում ռազմավարական տեղակայում ունեցող ժողովրդին:

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարեանը ձերբակալւեց յուլիսի 26-ին Փաշինեանի եւ Հայաստանի յատուկ քննչական ծառայութեան կողմից կազմակերպված գործով։ 2008 թւականին սահմանադրական խախտումներ կատարելու մեղադրանքները քող են պարոն Փաշինեանի եւ պարոն Քոչարեանի միջեւ առկայ խոր հակամարտութեան համար: Ես անձամբ չեմ կարող երաշխաւոր լինել պարոն Քոչարեանի կամ անցեալում նրա վարքագծի համար, բայց դատական տեսանկիւնից այս գործողութիւնները Հայաստանին կարծես կրկին մղում են դէպի անօրինականութեան շատ վտանգաւոր ճանապարհը:

2008 թւականի մարտի 1-ի` ընտրութիւններին հետեւած անկարգութիւնները եւ բախումները աստիճանաբար յանգեցրին այնպիսի իրավիճակների, որոնք սպառնում էին ազգի կեանքին, որոնք էլ պարոն Քոչարեանին մղեցին արտակարգ դրութիւն յայտարարելու քայլին: Այդ ընթացքում զոհւեց տասը մարդ, աւելի քան 200-ը վիրաւորւեց, այդ թւում` ոստիկանութեան աշխատակից: Արտակարգ դրութիւնը չեղարկւեց 20 օր անց:

Յստակ փաստ է, որ Հայաստանի Սահմանադրական դատարանն ունի բացառիկ իրաւասութիւն` սահմանել նախագահի հրամանագրի սահմանադրականութիւնը: Պարոն Փաշինեանի քննիչը խախտել է օրինականութեան սկզբունքը, մինչդեռ նա միայն պարտաւոր է իրականացնել գործողութիւններ օրէնքի սահմաններում։ Հայաստանի խորհրդարանը միաձայն յայտարարել էր, որ հրամանագիրը բաւարարել է օրինականութեան, անհրաժեշտութեան եւ համաչափութեան պահանջները: Արտակարգ միջոցառումների իրականացումը համապատասխանել է միջազգային իրաւունքի շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտաւորութիւններին, մասնաւորապէս` Մարդու իրաւունքների եւրոպական կոնւենցիայի 14-րդ յօդւածին, ՄԱԿ-ի իրաւապահ մարմինների աշխատակիցների վարքագծի կանոնագրին, իրաւապահ մարմինների աշխատակիցների կողմից ուժի եւ հրազէնի օգտագործման մասին ՄԱԿ-ի հիմնական սկզբունքներին եւ Փարիզի Մարդու իրաւունքների հարցում նւազագոյն ստանդարտների նորմերին՝ կիրառւող արտակարգ իրավիճակների շրջանակներում։

Երեւանում «Human Rights Watch»-ի վերլուծաբան Անահիտ Չիլինգարեանն ասում է. «Քանի որ նոր կառավարութիւնը օրակարգ է հաստատում Երեւանում, ժամանակն է քննարկել նախնական կալանքի աւելորդ կիրառումը քաղաքականապէս զգայուն գործերում, եւ դատախազներն ու դատաւորները պէտք է անմիջապէս վերացնեն մինչդատական փուլում կալանքի կիրառումը: Նրանք նաեւ պէտք է ապահովեն, որ մեղադրանքները հիմնւած լինեն հիմնաւոր ապացոյցների վրայ, այլ ոչ` չափազանցութեան, որպէսզի չլռեցնեն կամ հաշւեյարդար չտեսնեն այն մարդկանց հետ, որոնց ուղերձների հետ իշխանութիւնները համաձայն չեն: Քաղաքական դրդապատճառներով քրէական հետապնդման խնդիրը լուծելը դժւար կը լինի, բայց շատ կարեւոր է վերականգնել հաւատը Հայաստանի արդարադատութեան նկատմամբ»:

Լոնդոնում գտնւող «Chatham House»-ի ասոցացւած անդամ Լորնես Բրոերսը նոյնպէս մտահոգութիւն է յայտնել ստեղծւած իրավիճակի կապակցութեամբ` նշելով, որ կասկածներ ունի` արդեօ՞ք Հայաստանի դատական համակարգը կը կարողանայ Քոչարեանի գործով ապահովել «հաւաստի իրաւական գործընթաց»:

«Խնդիրն այն է, որ Հայաստանի արդարադատութեան ոլորտը դժւար թէ բարեփոխման ժամանակ ունենայ, եւ վտանգն այն է, որ ամենաբարձր չափանիշներին չհամապատասխանելը կարող է գործընթացն աւելի շատ դարձնել «յաղթողի արդարադատութիւն», քան հասարակութեան, որը հաշտւում է իր անցեալի հետ... Լաւ կը լինէր, որ Փաշինեանը դասեր քաղէր հարեւան Վրաստանից, որտեղ «Միացեալ ազգայնական շարժում» եւ «Վրացական երազանք» կուսակցութիւնների վարչակազմերը քաղաքական բարեփոխումների իրենց լայն օրակարգերը հետեւողականօրէն փչացրեցին հակառակորդների եւ ընդդիմախօսների նկատմամբ կասկածելի արդարադատութեամբ ...Եւ սա կարող է հետապնդել Փաշինեանին երկարաժամկէտ հեռանկարում»։

Նախկին նախագահի կալանաւորումը եւ հետապնդումը սառցաբեկորի միայն մի մասնիկն է: Հայաստանի նոր ղեկավարները փորձել եւ փորձում են չարաշահել կոռուպցիայի դէմ պայքարը՝ հին քաղաքական հաշիւներ մաքրելու եւ քաղաքական ընդդիմախօսներին հետապնդելու համար։

Պարոն Փաշինեանը խոստացել է լինել ժամանակաւոր առաջնորդ, սակայն «յարմարաւէտօրէն» չկայ ընտրական օրէնք եւ ընտրութիւնների օր: Միեւնոյն ժամանակ, պարոն Փաշինեանն ու նրա շրջապատը զբաղւած են իշխանութիւնը զանգւածայնօրէն ստանձնելու գործով, ինչի արդիւնքում Հայաստանում ժողովրդավարութեան մնացորդները կարող են ոչնչացւել:

Եթէ Հայաստանը լուրջ է վերաբերւում իր` դէպի Արեւմուտք կողմնորոշւած քաղաքականութեանը, առաջին հերթին` եւրոինտեգրմանը, ապա պէտք է պահպանի միջազգային իրաւական եւ մարդու իրաւունքների նորմերը, այդ թւում՝ յարգի Եւրոպայի խորհրդի` 2008 թւականի որոշումները, որոնք հաստատում են այդ թւականի ընտրութիւնների արդիւնքները։

Թէեւ հասկանալի է, որ պարոն Փաշինեանը նոր է քաղաքականութեան մէջ, նա չպէտք է հատի որոշ կարմիր գծեր, այդ թւում` չներգրաււի վենդետայում եւ չոչնչացնի փխրուն ու թոյլ օրինականութիւնը Հայաստանում։

Բոլորը գիտեն, որ պարոն Քոչարեանն իր իշխանութեան օրօք նմանատիպ մեղադրանքներ է առաջադրել պարոն Փաշինեանին: Նոյն անօրինականութիւնների կատարումը վերջին հաշւով վնաս կը հասցնի պարոն Փաշինեանին։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։