Հա

Քաղաքական

01/09/2018 - 12:10

Ինչ զինանոց է Հայաստանը կուտակել Ռուսաստանի հետ համագործակցութեամբ. համեմատութիւն` թւերով

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդւեդեւը օգոստոսի 29-ին խորհրդակցութիւն է անցկացրել 2019 թւականի եւ 2020-2021թթ. ՌԴ ազգային պաշտպանութեան ոլորտի համար նախատեսւած բիւջէի ծախսերի թեմայով։ Ժամանակակից մարտահրաւէրներն ու սպառնալիքները թանկ արձագանգ են պահանջում, ՌԴ-ն անվտանգութեան հարցերի համար գումար չի խնայում։ Դա վերաբերում է նաեւ գործընկեր երկրներում ՌԴ ռազմաբազաներին։ 

«alikonline.ir» - ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդւեդեւը օգոստոսի 29-ին խորհրդակցութիւն է անցկացրել 2019 թւականի եւ 2020-2021թթ. ՌԴ ազգային պաշտպանութեան ոլորտի համար նախատեսւած բիւջէի ծախսերի թեմայով։ Ժամանակակից մարտահրաւէրներն ու սպառնալիքները թանկ արձագանգ են պահանջում, ՌԴ-ն անվտանգութեան հարցերի համար գումար չի խնայում։ Դա վերաբերում է նաեւ գործընկեր երկրներում ՌԴ ռազմաբազաներին։ Այս մասին «Sputnik» Արմենիայում գրում է ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրոլենկոն:

Ռուսաստանի սպառազինութեան պետական ծրագիրը, որը հաստատւել է 2017 թւականին՝ առաջիկայ տասնամեակի համար, 19 տրիլիոն ռուբլի է գնահատւում։

Քիչ գումարներ չեն ծախսւում նաեւ յետխորհրդային տարածքում եւ մերձաւոր արտասահմանում ռուսական ռազմաբազաների եւ օբիեկտների պահպանման համար։

Ռուսաստանի եւ նրա դաշնակիցների անվտանգութիւնը չպէտք է սակարկութեան առարկայ լինի։ Սովորաբար փոխհաշւարկներն իրականացւում են զէնքի եւ էներգակիրների մատակարարումներով, հին պարտքերի դուրս գրմամբ։ Ամէն դէպքում՝ իւրաքանչիւր երկրին բնորոշ աշխարհաքաղաքական առանձնայատկութիւններն արտայայտւում են թւերով։

 

Հայաստան

Ռուսաստանը դէ իւրէ չի վճարում Գիւմրիում 102-րդ ռուսական ռազմակայանի տեղակայման համար։ Ռազմակայանը Հայկական զինւած ուժերի հետ իրականացնում է Հանրապետութեան պաշտպանութիւնն  ու պարտականութիւնները Հաւաքական անվտանգութեան պայմանագրի համաձայն։ Սակայն ռազմավարական գործընկերութեան շրջանակում Մոսկւան Երեւանին շռայլօրէն զէնքի վարկեր է տրամադրում ու  ներքին ռուսական գներով է զէնք մատակարարում։

200 միլիոն դոլարանոց հայ-ռուսական վարկային համաձայնագրով սպառազինութեան մատակարարումը վերջերս է աւարտւել: Ու 2017 թւականի հոկտեմբերի 24-ին միջկառավարական համաձայնագրով Ռուսաստանը հայկական կողմին եւս 100 միլիոն դոլարի պետական վարկ է  տրամադրելու։ Արտօնեալ վարկի ու նւազագոյն գների շնորհիւ Հայաստանը ժամանակակից զէնքի պատկառելի ներուժ է կուտակել, ներառեալ «Իսկանդեր-Մ» հրթիռային, «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային եւ «Սմերչ» համազարկային կրակի ռէակտիւ համակարգերը։ Միջազգային շուկայում այս ամէնը շատ աւելի թանկ կարժենար։

 

Աբխազիա

Հանրապետութեան Գուդաուտի ու Օչամչիրայի շրջաններում 2009 թւականի փետրւարից տեղակայւած է Կրասնոդարի 7-րդ Կրասնոզամեննայա ռազմակայանը, որը պաշտպանում է Աբխազիան ու Ռուսաստանի շահերը Անդրկովկասում։ Ռուսաստանի ու Աբխազիայի միջեւ դաշնակցութեան ու ռազմավարական գործընկերութեան մասին պայմանագիրը, որը կնքւել է 2014 թւականի նոյեմբերին, արտացոլում է Աբխազիայի ու Ռուսաստանի դաշնակցային յարաբերութիւնների զարգացումը, տարածաշրջանային անվտանգութեան հետագայ ամրապնդումը։

7–րդ ռազմակայանը տեղակայւած է անհատոյց հիմքով։ Սակայն 2015 թւականին աբխազական բանակի պլանային եռամեայ նորացման համար Ռուսաստանը 5 միլիարդ  ռուբլի (մօտ՝ 73.5 միլիոն դոլար) է տրամադրել։ Բնականաբար, գումարը վերջնական չէ։

 

Բելառուսիա

Բելառուսիայում 1995 թւականից 25-ամեայ պայմանագրի համաձայն «Վոլգա» առանձին ռադիոտեխնիկական կապ է տեղակայւում` Հրթիռային յարձակման մասին զգուշացնող համակարգի կազմից։

Երկրորդ օբիեկտը Վիլէյկայի գերերկար ալիքային ռադիոկայանն է, որն ապահովում է Գլխաւոր շտաբի կապը ռազմավարական ատոմային սուզանաւերի հետ, որոնք Ռուսաստանի Ռազմածովային նաւատորմի կազմում են։

Մինսկը Մոսկւայից իր ռազմական օբիեկտների համար վճար չի վերցնում։ Ժամանակին ամերիկացիները 10 միլիարդ դոլար էին առաջարկում բելառուսներին՝ ռուսական ռադիոլոկացիոն կայանը վերացնելու համար։ Եթէ օբիեկտներն անհատոյց կերպով տեղակայւած չլինէին, դա կարող էր Ռուսաստանի համար տարեկան մօտ 20 միլիոն դոլար արժենալ։ Համաձայնագիրը գործում է մինչեւ 2021 թւականի յունիսի 7-ը։

 

Ղազախստան

Ռուսաստանի պաշտպանութեան նախարարութեան ամենամեծ ծախսերը մերձաւոր արեւելքում կապւած են Ղազախստանի հետ։ Երկկողմանի համաձայնագրերի հիման վրայ Ռուսաստանը, որպէս վարձակալող, պահպանել է ու շարունակում է Հանրապետութեան տարածքում եօթ խոշոր ռազմական օբիեկտ շահագործել։ Այդ օբիեկտների ընդհանուր մակերեսը գերազանցում է  11 միլիոն հեկտարը։ 

2002 թւականին «Բայկանուր» տիեզերական թռիչքների կայանը անցել է «Ռոսկոսմոս»-ին ու, միեւնոյն է, մնում է ՌԴ-ի ազգային անվտանգութեան համակարգի կարեւոր սեկտորը։  Ընդհանուր առմամբ Բայկանուրի վարձակալութեան համար Ռուսաստանը Ղազախստանին աւելի քան 2.6 միլիարդ դոլար է վճարել։

Նոյնիսկ այս հակիրճ վերլուծութիւնն ակնյայտ է դարձնում, որ ռուսական զօրքերի եւ ուժերի տեղակայումը արտասահմանում միլիարդներ արժի։ Բայց միեւնոյնն է, չնայած մեծ ծախսերին, առաջիկայ տասնամեակների ընթացքում Մոսկւան ու նրա դաշնակիցները դժւար թէ հրաժարւեն նման համագործակցութիւնից։

Համեմատութեան համար. ԱՄՆ-ն տարբեր մայրցամաքներում 700 ռազմակայան ունի։ Պենտագոնը ներկայ է աշխարհի 130 երկրներում։ Ամերիկացիները ամէն տարի իրենց օտարերկրեայ ներկայութեան համար աւելի քան 170 միլիարդ դոլար են վճարում։ Մենք չենք մրցում, մենք պարզապէս արձագանգում ենք մարտահրաւէրներն ու սպառնալիքներին։

Արտասահմանեան ռազմական օբիեկտներն ինքնանպատակ չեն, այլ արդիւնաւէտ ռազմադիւանագիտական գործիք են` ազգային ու միջազգային անվտանգութիւնն ապահովելու համար։ Մեր դէպքում կայանները բարձրացնում են մարտական արդիւնաւէտութիւնն ու Ռուսաստանի զինւած ուժերի եւ դրա դաշնակիցների մարտական կայունութիւնը, թոյլ են տալիս աւելի ռացիոնալ կենտրոնացնել ուժերն ու միջոցները, մօտեցնել հրթիռային զէնքը հնարաւոր հակառակորդի ռազմավարական օբիեկտներին։ Կայաններն աւելի հասանելի են դարձնում հնարաւոր վտանգաւոր ուղղութիւններն ու ճգնաժամային տարածաշրջանները։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։