Հա

Քաղաքական

01/09/2018

Ռոբերտ Քոչարեան. «Կարող եմ դառնալ ընդդիմադիր բեւեռի կենտրոն»

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը «Sputnik» Արմենիա ռադիոկայանի եթերում պատասխանել է ներքին եւ արտաքին քաղաքականութեան, Հայաստանում տիրող իրավիճակի, իր դէմ յարուցւած քրէական գործի մասին հանրութեանը հետաքրքրող հարցերին։

«alikonline.ir» - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը «Sputnik» Արմենիա ռադիոկայանի եթերում պատասխանել է ներքին եւ արտաքին քաղաքականութեան, Հայաստանում տիրող իրավիճակի, իր դէմ յարուցւած քրէական գործի մասին հանրութեանը հետաքրքրող հարցերին։

 

- Դուք յայտարարել էք քաղաքականութիւն վերադառնալու մասին՝ պայմանաւորելով այլընտրանքային տեսակէտի (դիրքորոշման) անհրաժեշտութեամբ: Ո՞ւմ էք համարում այլընտրանքային դիրքորոշման կրող, եւ ո՞վ է ձեր քաղաքական յենարանը՝ հաշւի առնելով ներկայ իրողութիւններն ու հասարակութեան տրամադրւածութիւնը: 

- Նրանք, ովքեր չեն կիսում այն ամէնը, ինչ անում է այսօրւայ իշխանութիւնը։ Եւ եթէ խօսում ենք հենարանի մասին, ապա առաջին հերթին իբրեւ հենարան ես տեսնում եմ այն մարդկանց, որոնք յիշում են իմ պաշտօնավարման տարիներն ու գնահատում են այդ տարիների յաջողութիւնները, յատկապէս` տնտեսական եւ արտաքին քաղաքականութեան ոլորտում։ 

Գիտէք` երկիրն էապէս փոխւել էր 10 տարւայ ընթացքում` 1998-2008 թթ.-ին։ Տւեալ դէպքում ես միգուցէ աւելի շատ կանգ առնեմ այդ յենարանի վրայ։ Այսպէս ասենք` ես այն մարդկանցից չեմ, որոնք կարողանում են հաճոյախօսել ժողովրդի առջեւ, եւ ես չեմ կարծում, որ դա է երկիրն առաջ շարժելու տարբերակը։ Բայց ես այն մարդն եմ, որը գիտի, թէ ինչ է անում, որը կարողանում է կառավարել, կարողանում է նպատակ դնել երկրի, կառավարութեան, այլ պետական մարմինների առջեւ եւ հասնել յաջողութիւնների։ 

Պէտք է հասկանանք, թէ ինչ է անհրաժեշտ մեր ժողովրդին կամ ժողովրդի տարբեր հատւածներին` պոպուլիզմ, յուզումներ, մարդիկ, որոնք շատ զգացմունքային ճառեր կարող են ունենալ, կարող են ասել`ժողովուրդ ջան, ես ձեզ սիրում եմ եւ այլն, թէ մարդիկ, որոնք, իրենց տեսակից ելնելով, այդքանը չեն կարողանում անել, բայց կարողանում են ստեղծել տարեկան 30-40 հազար աշխատատեղ, կարողանում են ներդրումներ բերել Հայաստան, կարողանում են կայունութիւն ապահովել Հայաստանում եւ, իհարկէ, անվտանգութեան հարցերը լուծում են պրոֆեսիոնալ ձեւով, հիմնովին եւ երկարատեւ։ 

Ուրեմն իմ յենարանն այն մարդիկ են, որոնց պէտք են շատ կոնկրետ յաջողութիւններ Հայաստանի Հանրապետութիւնում, որ իրենց կեանքը եւ կեանքի որակը բարելաււի էապէս, իսկ սա աւելի խորը հասկացութիւն է, քան զուտ աշխատավարձը եւ այլն։

 

- Դիտարկո՞ւմ էք ձեր մասնակցութիւնն առաջիկայ խորհրդարանական ընտրութիւններին եւ ի՞նչ ձեւաչափով։ 

- Եթէ ես յայտարարել եմ, որ վերադարձել եմ քաղաքականութիւն, ապա բնականաբար պէտք է ենթադրել, որ մասնակցելու եմ այդ ընտրութիւններին։ Դեռեւս վաղ է խօսել ձեւաչափի մասին։ Դեռ երկար ժամանակ կայ, եւ բաւական դինամիկ փոփոխւում եւ փոփոխւելու է իրավիճակը։ Ես կցանկանայի հիմա բաց թողնել հնարաւոր ձեւաչափերի հարցը։ Չեմ կարծում, որ ճիշտ է դրա մասին խօսելը, հիմա պէտք է կազմակերպչական քայլերով ձեւավորել այն միաւորը, որով դու ներկայացել ես քաղաքական դաշտում, այն թիրախները, որոնց ուղղւած է լինելու քո գործունէութիւնը եւ ընտրողների այն զանգւածը, որոնց մասին դու մտածում ես, որ կարող են լինել քո ապագայ հենարանը։ Սա է այս պահի հիմնական խնդիրը կոնկրետ ինձ եւ այն թիմի համար, որ ձեւաւորւում է իմ շուրջը։ 

Երբ գնում ես բժշկի, դու փնտրում ես ոչ թէ սրտացաւ, այլ լաւ բժիշկ, բժիշկ, որը բուժում է քեզ եւ ոչ թէ իր սրտացաւութիւնն է ցոյց տալիս։ Փաստաբան ես վարձում, դու ընտրում ես լաւ փաստաբան եւ ոչ թէ սրտացաւ։ Բայց երբ խօսում էք քաղաքական գործիչների մասին, մեր ժողովուրդը սիրում է այն գործիչներին, որոնք իրենց սրտացաւ լինելն են ցոյց տալիս, իրենց հաճոյախօսելը, խոստումներ տալը եւ ոչ թէ նրանց, ովքեր իրենց գործով արդէն ցոյց են տւել, որ ընդունակ են սայլը տեղից շարժել եւ լուրջ յաջողութիւն արձանագրել։ Տւեալ դէպքում, երբ խօսում ենք ընտրազանգւածի մասին, ես աւելի շատ մտածում եմ այն զանգւածի մասին, որը գնահատում է կոնկրետ աշխատանքը, որն ուզում է իր կեանքի որակը փոխել, որին պէտք է մի ղեկավար անձ կամ կուսակցութիւն, որը շատ կոնկրետ քայլերով կարող է յաջողութիւն գրանցել։ Սա է լինելու իմ կարգախօսը։ Սա իմ ուժեղ կողմն է, եւ կը փորձենք հիմնական շեշտը դնել հէնց այս հանգամանքի վրայ։

 

- Դիտարկո՞ւմ էք գործող իշխանութիւնների ընդդիմադիր քաղաքական ուժերն ու խմբերը ձեր շուրջը միաւորելու հնարաւորութիւնը: Որքանո՞վ է հնարաւոր, որ կոնկրետ «Հանրապետական» եւ «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութիւններն աջակցեն Ձեզ քաղաքական պայքարում։ 

- Դիտարկում եմ, որ կարող եմ դառնալ ընդդիմադիր բեւեռի կենտրոն կամ կենտրոններից մէկը եւ ակնկալում եմ, որ այդպէս է լինելու։ Ինչ վերաբերում է այլ կուսակցութիւնների դիրքորոշումներին, ապա հարցրէք այդ կուսակցութիւններին։ Կարծում եմ` վիճակն այնպիսի դինամիկ փոփոխութիւններ է ունենալու, որ ամէն ինչ հնարաւոր է։ Բայց կրկնում եմ` իրենց փոխարէն ես չեմ կարող այսօր որեւէ բան ասել։

 

- Այդուհանդերձ, դուք նման բան կանխատեսո՞ւմ էք։ 

- Առաջին հերթին փորձում եմ յոյսս դնել ինձ վրայ եւ իմ շուրջը միաւորւող ուժերի ընտրազանգւածի։ Եւ որքան այդ ուժն աւելի հզօր լինի, այնքան աւելի մեծ է լինելու հնարաւորութիւնը` դաշինքներ կազմելու կամ տեղից շարժելու այն գործընթացները, որոնց մասին դուք ասացիք։

  

- Դուք շինծու էք որակում ձեր նկատմամբ յարուցւած քրէական գործը։ Այդուհանդերձ, 2008 թւականի մարտի 1-ի ողբերգական իրադարձութիւնները, որոնց հետեւանքով ունեցանք 10 զոհ, զանգւածային անկարգութիւններ, սրանք ձեր պաշտօնավարման ընթացքում են եղել։ Ո՞րն էք համարում մեղքի ձեր բաժինն այս ամէնի մէջ։ 

- Իմ նկատմամբ յարուցւած քրէական գործը 10 զոհի հետ որեւէ կապ չունի։ Դա յայտարարեց նաեւ քննչական մարմնի ղեկավարը։ Իմ քրէական գործը կապւած է մի մեղադրանքի հետ, որի մէջ չկայ ո՛չ տրամաբանութիւն, ո՛չ էլ իրաւական հիմք։ Ցաւօք, ես չեմ կարող մանրամասն խօսել քրէական գործի մասին, այն պարզ պատճառով, որ դա համարւում է նախաքննական գաղտնիք, որը տւեալ պահին, իմ կարծիքով, աբսուրդ է։ Եւ մենք բազմիցս դիմել ենք, նաեւ` հրապարակային, որ հանեն այդ գաղտնիութիւնը, եւ թէ՛ մենք, թէ՛ մեղադրող կողմը հնարաւորութիւն ունենանք բարձրաձայն խօսելու այդ գործի էութեան մասին։ Չկայ այդտեղ քրէական գործ, չկան հիմնաւորումներ, այսպէս ասենք` իրաւաբանական աղբ է, ոչ թէ քրէական գործ։

 

- Հայաստանի սահմանադրական կարգը տապալելու յօդւածի յատկանիշներով մեղադրանք է առաջադրւել նաեւ Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեան գլխաւոր քարտուղար Իւրի Խաչատուրովին։ Նրա նկատմամբ քրէական հետապնդումն ինչպէ՞ս կանդրադառնայ ՀԱՊԿ-ում Հայաստանի դերի վրայ։ Եւ ընդհանրապէս այդ համատեքստում ինչպէ՞ս էք պատկերացնում այդ կառոյցի, ինչպէս նաեւ ԵԱՏՄ-ի հետ հետագայ փոխգործակցութիւնը։ 

- Հայաստանի համար անվտանգութիւնն այսօր կարեւորագոյն հարցերից մէկն է։ Սա այն միակ կառոյցն է, որի մէջ ներգրաււելով մենք էապէս բարձրացնում ենք մեր անվտանգութեան մակարդակը, եւ իւրաքանչիւր քայլ` կապւած այդ կառոյցի հետ, Հայաստանի Հանրապետութիւնում պէտք է արւի շատ զգոյշ։ Ես ծանօթ չեմ գործի այդ հատւածի մանրամասներին, բայց կրկնեմ` քրէական գործ այստեղ չկայ, եւ այն, ինչ արւեց Խաչատուրովի հանդէպ, հեռատեսական քայլ չէր, մի քայլ էր, որը բաւական լուրջ մտահոգութիւն ստեղծեց կազմակերպութեան շրջանակներում. հնարաւոր է նաեւ, որ մեր տեղը կորցնենք այդ քրէական գործի պատճառով։ Չեմ կարծում, որ քրէական գործի առումով որեւէ հեռանկար կայ, բայց վնասն արդէն իսկ հասցւած է։

 

- Ինչպէ՞ս է հնարաւոր այդ վնասը վերականգնել։ 

- Առաջին հերթին վերանայել իշխանութիւնների` մարտի 1-ի նկատմամբ որդեգրած մօտեցումը։ 10 տարի առաջ մարդիկ, որոնք այն ժամանակ հրահրել են մասսայական անկարգութիւններ, իրենց լոզունգներով եւ քայլերով, ըստ էութեան, փորձել են տապալել սահմանադրական կարգը, նրանք այսօր փորձում են վրէժխնդրութեան հարց լուծել մարդկանց նկատմամբ, որոնք այն ժամանակ իշխանութեան գլխին էին։ Սա է գործի ամբողջ էութիւնը, եւ այս խնդիրն է դրւած քննչական մարմնի առջեւ։ Պէտք է ընդամենը հրաժարւել այդ մօտեցումից։ 

Այո՛, պէտք է փորձել քննել մարտի 1-ը, բայց պէտք է փորձել գտնել մարդկանց, որոնք կրակել են եւ կրակել են ոչ միայն քաղաքացիների վրայ, որոնք կրակել եւ սպանել են երկու ոստիկանի, եւ միայն այդ դէպքում մենք կարող ենք խօսել քրէական գործի ամբողջական բացայայտման մասին։ Իսկ տւեալ դէպքում այս գործն ունի քաղաքական ենթատեքստ, եւ ես այն որակում եմ միայն որպէս քաղաքական վենդետա: 10 տարի անց եկան իշխանութեան եւ փորձում են պատմութիւնը փոխել`արդարացնելու համար այն յանցագործութիւնները, որոնք արւել են հէնց իրենց կողմից, մաքրելու այն դատավճիռները, որ կայացւել են հէնց իրենց նկատմամբ եւ որոնք օրինական ուժ ունեն մինչեւ այսօր։

 

- Կարծիք կայ, որ հայ-ռուսական յարաբերութիւնները լաւագոյն ժամանակաշրջան չեն ապրում։ Թէպէտ, գործող իշխանութիւնները հաւաստիացնում են, որ խօսք չի կարող լինել Երեւան-Մոսկւա վատ յարաբերութիւնների մասին։ Ըստ ձեզ՝ թաւշեայ յեղափոխութիւնից յետոյ ի՞նչ է փոխւել այդ յարաբերութիւններում։ 

- Երբ իշխանութիւնը փորձում է ամէն անգամ շեշտել այդ յարաբերութիւնների լաւ լինելը, նշանակում է, որ խնդիրներ կան։ Նոյնիսկ կարիք չպիտի առաջանայ դրա մասին այս յաճախականութեամբ խօսելու։ Եթէ ամէն ինչ նորմալ է, ինչո՞ւ էք անընդհատ փորձում արդարանալ։ Եղան յայտարարութիւններ ռուսական կողմից, եղան յայտարարութիւններ Հայաստանից, եւ ես կարծում եմ, բաւարար չափով չի գնահատւում այն իրավիճակը, որում այսօր յայտնւել է Հայաստանը։ 

Այս տարածաշրջանում մեզ բարեկամ երկրների նկատմամբ Արեւմուտքի կողմից նոր պատժամիջոցներ են կիրառւում։ Միւս կողմից, մեզ հակառակորդ երկրները շատ աւելի անկանխատեսելի են դառնում, եւ այս իրավիճակում կարող է մեծ գայթակղութիւն լինել, այսպէս ասենք`«խաղեր տալու», «թռնելու» նախկինում ձեւաւորւած յարաբերութիւններից, փորձելու ինչ-որ տեղ նոր յարաբերութիւններ ձեւաւորել այլ ռազմական միաւորումների, այլ պետութիւնների հետ։ Ես կարծում եմ, ճիշտ հակառակը՝ նման դէպքերում պէտք է շատ աւելի ուշադիր լինես քո գործընկերների, տւեալ դէպքում` Ռուսաստանի, Իրանի նկատմամբ եւ փորձես ցոյց տալ, որ դու այս իրավիճակից չես օգտւում։ 

Ես, օրինակ, չեմ հասկացել, թէ ինչու Հայաստանն այդ մակարդակով պէտք է մասնակցի ՆԱՏՕ-ի գագաթաժողովին։ Պէտք է համագործակցել ՆԱՏՕ-ի հետ, այստեղ երկու կարծիք չկայ, բայց այդ մակարդակով մասնակցել այն պարագայում, երբ ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի յարաբերութիւնները զրոյական մակարդակում են, եւ միայն ՆԱՏՕ-ի միջանցքներում սելֆիների համար մասնակցել ու դրանով հարցեր առաջացնել մեր գործընկերների մօտ, չեմ կարծում, որ սա հեռատեսական է։ 

Լաւ եմ գնահատում այն հանգամանքը, որ սկսեցին վերջապէս հասկանալ եւ փորձեցին շտկել այն սխալները, որոնք արդէն արւել են։ Ի վերջոյ, այսօրւայ իշխանութիւնները երկար տարիներ հանդէս էին գալիս Ռուսաստանի դէմ, հանդէս էին գալիս ծրագրերով, որոնք այս տարածաշրջանում Ռուսաստանի շահերի հետ որեւէ առնչութիւն չունէին, եւ դժւար է պատկերացնել, որ մէկ օրում սա կարելի է փոխել։ Հանդէս էին գալիս ռուսական ռազմաբազան այստեղից հանելու, ԵԱՏՄ-ի դէմ եւ այլ հարցերի, որ բոլորդ գիտէք։ Բայց, կրկնում եմ` լաւ է, որ փորձում են այդ ամէնը շտկել, թէ որքանով կը յաջողւի, ժամանակը ցոյց կը տայ։ 

Իսկ թիմում գրեթէ չկայ մարդ, որն անցեալում չի եղել այլ աշխարհաքաղաքական մօտեցումների կրող։ Բոլորն աւելի շատ արեւմտեան, ՆԱՏՕ-ական, գրանտներից օգտւած մարդիկ են, այլ սերնդի, աւելի երիտասարդ, միգուցէ այլ մօտեցումներ ունեցող, բայց, այնուամենայնիւ, այդ տեսանկիւնից եւս կասկածներ առաջացնող։ Եւ այս իշխանութիւնը պէտք է շատ աւելի մեծ ջանքեր գործադրի հայ-ռուսական յարաբերութիւնները ճիշտ մակարդակի պահելու ուղղութեամբ։ 

Իսկ կա՞յ մի երկիր, որն այս տարածաշրջանում անվտանգութեան տեսանկիւնից Ռուսաստանից աւելի մեծ հնարաւորութիւններ ունի։ Չկայ։ Սա այն հարցն է, որտեղ միանշանակ կողմնորոշւելու խնդիրը տեսական չէ, այլ շատ պրակտիկ, պրագմատիկ, եւ ձեւաւորւած յարաբերութիւններից «թռնելն» ուղղակի վտանգաւոր է։ Վստահութեան կորուստը միջպետական յարաբերութիւններում շատ թանկ է երկրի համար, եւ շատ երկար ժամանակ է պահանջւում այդ վստահութիւնը վերականգնելու համար։ Սա ես ասում եմ որպէս մարդ, որն այս ամէնի միջով անցել է։

 

- ԵԱՏՄ-ի հետ համագործակցութեան հարցում ի՞նչ զարգացումներ էք տեսնում, ի՞նչ հեռանկարներ կան։ 

- Հայաստանի համար շատ մեծ շուկայ է բացւել։ Բայց ընտրութիւնը մերն է` մենք այդ շուկայում մեր տեղը կունենանք, թէ՞ ոչ։ Այդ շուկան նաեւ որոշակի վտանգներ կարող է ներկայացնել մեր ներքին արտադրողների համար։ Տւեալ դէպքում այդ շուկայում յաջողւած լինելու համար դու ոչ միայն պէտք է լաւ յարաբերութիւններ ունենաս այլ երկրների հետ, այլեւ ներսում այնպիսի տնտեսական քաղաքականութիւն իրականացնես, որ քո ապրանքները մրցունակ լինեն այդ ամբողջ տարածքում։ Հսկայական հնարաւորութիւններն իրենց մէջ նաեւ ռիսկեր են պարունակում, եթէ դու արդիւնաւէտ չես, եթէ լաւ չես ձեւակերպել քո տնտեսական քաղաքականութեան հիմնական թիրախները, որոնք պէտք է ուղղւած լինեն այդ շուկայում լուրջ տեղ զբաղեցնելուն։ Մինչ այսօր ես չեմ տեսնում այդ յստակ տնտեսական քաղաքականութիւնը եւ այդ քաղաքականութեան յստակ թիրախաւորումը` ուղղւած այդ մեծ շուկային։ 

 

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի հետ զրուցել է
ՅՈՎՀԱՆՆԷՍ ՇՈՂԻԿԵԱՆԸ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։