Հա

Քաղաքական

Կիրակի, 02 Սեպտեմբերի 2018 11:20

Փաստեր`Երեւանի նախկին քաղաքապետ Համբարձում Գալստեանի սպանութիւնից

1994 թւականի դեկտեմբերի 18-ին, Երեւանի իր տան դիմաց սպանւում է Երեւանի նախկին քաղաքապետ, «Ղարաբաղ» կոմիտէի անդամ Համբարձում Գալստեանը: Վերջինիս եղբայրը վազում է մարդասպանների յետեւից, սակայն չի հասցնում փրկել Գալստեանին:

«alikonline.ir» - 1994 թւականի դեկտեմբերի 18-ին, Երեւանի իր տան դիմաց սպանւում է Երեւանի նախկին քաղաքապետ, «Ղարաբաղ» կոմիտէի անդամ Համբարձում Գալստեանը: Վերջինիս եղբայրը վազում է մարդասպանների յետեւից, սակայն չի հասցնում փրկել Գալստեանին:

Այս սպանութեան կապակցութեամբ կարծում ենք բաւական կը լինի այս պահին հրապարակել «Երկիր» օրաթերթի 1994 թւականի դեկտեմբերի 28-ին հրապարակւած Արթուր Յովհաննիսեանի յօդւածը.

«Համբարձում Գալստեանի սպանութիւնից յետոյ մենք չմատնանշեցինք, թէ ովքեր կամ Հանրապետութեան քաղաքական որ ուժը ներկայացնողը կարող էին գնալ ու գնացին իրենց համար յոյժ անցանկալի անձնաւորութիւնից ազատւելու, միաժամանակ այդ կերպ քաղաքական սադրանք կազմակերպելու քայլին։ Կատարւածի առիթով մեկնաբանութիւններ ու հետեւութիւններ չարեցինք ոչ թէ այն պատճառով, որ անիրազեկ էինք Հանրապետութեան քաղաքական անցուդարձին։ Նման ծանր մեղադրանք ներկայացնելուց առաջ անհրաժեշտ էինք համարում որոշակի փաստեր ունենալը, որոնց պեղում-յայտնաբերումը իրավապահ մարմինների խնդիրն էր։

Հակառակ մեր զուսպ կեցւածքի, որոշ լրատւական միջոցներ, թերեւս, սպանութեան պատւիրատուներին հաճոյանալու համար այլ կերպ վարւեցին. առանց իրաւական ու բարոյական ինչ-ինչ հիմքերի նրանք արդէն նշում էին սպանութեան պատւիրատուների նեղ շրջանակը, որում Դաշնակցութեան անունը հոլովելը համարում էին առաջնային։

Որ Հ. Գալստեանի սպանութիւնը ներկայիս վարչախումբը կը փորձի ամէն կերպ կապել Դաշնակցութեան անւան հետ, սպասելի էր այդ իշխանութիւններից եւ կանխատեսելի թէկուզ հետեւեալ երկու հանգամանքներից դատելով։ Առաջինը, որ մի շարք յայտնի անձանց սպանութիւններից յետոյ սոսկ անորոշ խոստումներով հանդէս եկող կամ յայտնողին դոլարներ խոստացող մեր իշխանութիւններն այս անգամ իրենց տարօրինակօրէն վճռական պահեցին. ԱԱՊՎ-ի (նախկին ԿԳԲ-ի) պետի պաշտօնակատար Դաւիթ Շահնազարեանը Գերագոյն խորհրդի դեկտեմբերի 21-ի նիստում պատգամաւորներին խոստացաւ Հ.Գալստեանին սպանողին 100 տոկոսով յայտնաբերել եւ ընդգծեց՝ ոչ թէ 99, այլ 100 տոկոսով։

Տարրական տրամաբանութիւն էր անհրաժեշտ՝ հասկանալու, որ յանցագործը, որը, ըստ Դ.Շահնազարեանի, 100 տոկոսով յայտնաբերւելու էր, ներկայիս վարչախմբի կամ ՀՀՇ-ի մարդը չի լինելու (նման դէպքերում սովորաբար ասում են՝ հո իրենք իրենց չե՞ն «վառելու»)։

Յանցագործը կամ սպանութեան պատւիրատուն չէզոք մարդ նոյնպէս չէր կարող լինել, այդպիսի անձնաւորութիւնն ինչո՞ւ պէտք է սպանէր Հ. Գալստյանին։ Եւ միանգամայն ենթադրելի էր, որ նա, ում ուշ թէ շուտ ներկայացնելու են որպէս յանցագործ, ընդդիմութիւն կազմող այս կամ այն քաղաքական կուսակցութեան, իսկ որ աւելի հաւանական է, ՀՅԴ անդամն է լինելու, քանի որ ընդդիմութեան ամենահզօր եւ իշխանութիւնների համար ամենաատելի ուժը Հ. Յ. Դաշնակցութիւնն է։ Աւելին, յանցագործին ոչ թէ 99, այլ 100 տոկոսով յայտնաբերելու նման յայտարարութիւն հնարաւոր էր միայն այն դէպքում, երբ յանցագործը կամ յանցագործները (սպանութեանն աջակցած միւս անձնաւորութիւնը որպէս յանցակից նոյնպէս յանցագործ է) նրան արդէն յայտնի էին կամ յայտնի էր թեկնածու քաղաքական կուսակցութիւնը, որի այս կամ այն անդամի հետ արհեստականօրէն կապելու էին սպանութիւնը։

Եթէ դեկտեմբերի 21-ին Դ. Շահնազարեանին յայտնի լինէր յանցագործը կամ թէկուզ նա, ով առնչւում էր սպանութեան հետ, ապա նոյն օրն եւեթ պէտք է որ այդ անձնաւորութեան հետախուզում յայտարարւէր։ Սակայն նման բան տեղի չի ունեցել, որը հիմք է տալիս եզրակացնելու, որ այդ օրը, բացարձակ վստահաբար արտայայտւելով, այնուամենայնիւ, նա ամենեւին էլ իրական յանցագործին կամ յանցագործներին նկատի չունէր, այլ թեկնածու քաղաքական կուսակցութեանը (որոշակի՝ Դաշնակցութեանը), որի անդամներից մէկի կամ միւսի ընտրութիւնը ընդամենը օրերի հարց էր։

Յիշեցնենք նաեւ հետեւեալը. ըստ Պարույր Հայրիկեանի՝ նույն դեկտեմբերի 21-ին հէնց ինքը՝ Դաւիթ Շահնազարեանն է յայտնել, որ դեռ չգիտի, թէ ով է յանցանքը կատարել։ Այդ դէպքում հասկանալի չէ՞, թէ ինչ էր նշանակում սպանութիւնը «100 տոկոսով» բացայայտելու նրա խոստումը։

Երբ յանցագործը կամ Հ. Գալստեանի սպանութեան փաստին առնչւողը դեկտեմբերի 21-ին (խորհրդարանում Դ.Շահնազարեանի ելոյթի օրը) արդէն յայտնի էր, հէնց նոյն օ՞րը պէտք է յայտարարւէր հետախուզումը։ Չէ՞ որ յանցագործն իմանալով այդ մասին կարող էր փախչել կամ թաքնւել, ի վերջոյ, որոնում, հետախուզում յայտարարելու օրւայ ընտրութիւնը իրաւապահ մարմինների գործն է։

Անշուշտ, նրանց գործն է, բայց որպէսզի միւս հարցերը ընթերցողին տարակուսելու առիթ չտան, այդ հարցերն եւս անպատասխան չթողնենք։ Նախ, նկատենք, որ առանց հաշւի առնելու «յանցագործ»-ի թաքնւելու հանգամանքը, 2 օր անց, այնուամենայնիւ, յետախուզում յայտարարւեց, այսինքն՝ այդ գործելակերպը ոչ թէ մերժելի, այլ ընդունելի համարւեց։

Կարող է թւալ, որ հետախուզումը ոչ թէ դեկտեմբերի 21-ին, այլ 23-ին յայտարարելը պայմանաւորւած էր այն հանգամանքով, որ մինչ այդ իրաւապահ մարմինները փորձում էին Միքայէլ Մանուկեանին անաղմուկ բռնել, իսկ երբ չյաջողւեց, դեկտեմբերի 23-ին ստիպւած հետախուզում յայտարարեցին։ Իրականում այդպէս չէ, քանի որ Մ. Մանուկեանին անաղմուկ (առանց հետախուզում յայտարարելու) բռնելու որեւէ փորձ չի կատարւել։ Ուրեմն, հետախուզումը ոչ թէ 21-ին, այլ 23-ին յայտարարելը որեւէ կերպ չի պատճառաբանւում, բացի նրանից, որ խորհրդարանում յանցագործին 100 տոկոսով բռնելու խոստում տալու պահին Դ. Շահնազարեանին ոչ թէ իրական յանցագործն էր յայտնի, այլ թեկնածու քաղաքական կուսակցութիւնը։

Յաջորդ հանգամանքը, որ թոյլ էր տալիս ենթադրելու, թէ Հ.Գալստեանի սպանութիւնը փորձելու են Դաշնակցութեան հետ կապել, ներկայիս վարչախմբին ծառայող մամուլով, թերեւս, կատարւող նախապատրաստական աշխատանքն էր։ Օրինակ, Հ.Գալստեանի սպանութիւնից ընդամենը 2 օր յետոյ «Առաւօտ» թերթի (խմբագիր՝ ՀՀ նախագահի մամուլի նախկին քարտուղար Արամ Աբրահամեան) ս.թ. դեկտեմբերի 21-ի համարի առաջին էջում կար խմբագրական բնոյթի, «Ահաբեկչութիւն» վերնագիրը կրող մի հրապարակում։

Դրանով փորձ էր արւած այն միտքը զարգացնել, թէ Հ.Գալստեանին սպանողները կարող էին ինչպէս իշխանութեան մարդիկ լինել, այնպէս էլ դաշնակցականներ կամ կոմունիստներ, քանի որ Հ.Գալստեանը ժամանակին այս երեքի դէմ էլ հանդէս է եկել։ Այսպիսով, թերեւս մի կողմից փորձ էր արւում Դաշնակցութեան մամուլին հասկացնել, որ ձեռնպահ մնան Հ.Գալստեանի սպանութեան կապակցութեամբ ներկայիս վարչախմբին մեղադրելու ակնարկներից, միւս կողմից նախապատրաստւում էր հասարակական գիտակցութիւնը, որ վերջինս անակնկալի չգայ, եթէ հյանկարծ պարզւի, որ Հ.Գալստեանին սպանողները դաշնակցականներն էին։

Դէ, այդ դէպքում եկեք իսկապէս բացենք չակերտները։

Իրօք, Հ.Գալստեանը ժամանակին եւ ներկայիս վարչախմբի դէմ է հանդէս եկել, եւ Դաշնակցութեան, եւ կոմունիստների։ Բայց, եթէ մարդուն «…դէմ հանդէս գալու» համար են սպանել, հարկ է «մոռացողներին» յիշեցնել, որ Հ.Գալստեանը Դաշնակցութեան դէմ ամենեւին էլ այնպէս, այն թափով, սրութեամբ, խստութեամբ, «դոզայով» հանդէս չի եկել, ինչպէս ներկայիս վարչախմբի, ՀՀՇ-ի կամ «Ղարաբաղ» կոմիտէի որոշ անդամների դէմ։ Համոզւելու համար պարզապէս պէտք է թերթել հայաստանեան մամուլի յատկապէս այս տարւայ յունիս-յուլիսեան համարները։ Եզրակացութիւնն արդէն կարելի է թողնել հասարակութեանը՝ համեմատելու եւ համոզւելու, որ ներկայիս վարչախմբի, մասնաւորապէս Հանրապետութեան փաստացի ղեկավարների դէմ նրա ելոյթները, մերկացումները (ասածից առաւելեւս՝ դեռ չասածը) վերջիններիս համար իսկապէս վտանգաւոր էին եւ են, մինչդեռ Դաշնակցութեան դէմ նրա (հիմնականում որպէս իշխանութեան քննադատւած անդամներից մէկի՝ Երեւանի քաղաքագլխի) ընդհանուր, որեւէ փաստ չպարունակող ելոյթները ՀՅԴ-ի համար որեւէ վտանգ չէին կարող ներկայացնել։

Եւս մի էական հանգամանք. Հ. Գալստեանը այս տարւայ յունիսին իր դստեր, հարազատների, մերձաւորների անվտանգութեան առումով բացայայտ, հրապարակավ զգուշանում էր ոչ թէ Դաշնակցութիւնից կամ, ասենք, կոմունիստներից, այլ հէնց ներկայիս իշխանութիւններից՝ հաւանաբար դրա համար ունենալով որոշակի հիմքեր։ Հիմքեր, որ նրան նոյնիսկ դրդում էին իշխանութիւնների ապօրինութիւնների դէմ պայքարելու մասին խօսելիս պայքարի ձեւերի ենթադրւող բազմազանութեան մէջ նշել «նաեւ վենդետտան (արյան վրէժ…)»։

Ի վերջոյ, ներկայիս իշխանութիւններից իր հարազատների կեանքի, անվտանգութեան համար զգուշանալու այդ հիմքերն այնքան լուրջ էին ու շարունակում էին պահպանւել, որ Հ.Գալստեանը մահւանից մի քանի օր առաջ հայաստանեան մամուլի հետ ունեցած իր վերջին հարցազրոյցում («Շրջան», 16.12.94 թ.) դարձեալ իր անհանգստութիւնը, մտավախութիւնն էր արտայայտում մերձաւոր հարազատներից մէկին (եղբօրը) իշխանութիւններից սպառնացող հնարաւոր վտանգի կապակցութեամբ։ Հ.Գալստեանը առաւել շատ մտահոգւած էր իր հարազատների նկատմամբ հնարաւոր ահաբեկչութիւններից կամ բռնութիւններից, քան թէ իր անձի… Իբրեւ նախկին «Ղաբաբաղ» կոմիտէի անդամ, թերեւս, կարծում էր, թէ ինքը, ինչպէս եւ այդ կոմիտէի միւս անդամները, անձեռնմխելի է։ Նա սխալւեց։

Կարծում ենք, նրան սպանեցին ոչ միայն ոմանց կամ քաղաքական ինչ-ինչ ուժի դէմ երբեւէ հանդէս գալու, այլեւ կեանքի համար վտանգաւոր ինֆորմացիայի տիրապետելու համար։ ՊԱԿ-ի նախկին պետ Մ. Իւզբաշեանին, կարծում ենք, նոյնպէս սպանեցին հէնց այս վերջին հանգամանքի համար, քանզի նա, լինելով բաւականին զուսպ, քաղաքական որեւէ ուժի դէմ հանդէս չէր գալիս։ Նշւածի կապակցութեամբ հարկ է նկատել նաեւ, որ եթէ չլինէր սպանութիւնը, Հ.Գալստեանը, ինչպէս կարելի է տեղեկանալ «Լրագիր» թերթի ս.թ. դեկտեմբերի 15-ի (սպանութիւնից երկու օր առաջ) համարում տպագրւած «Համբարձում Գալստեանը յաջողակ բիզնեսմեն է նաեւ Մոսկւայում» հրապարակումից, առաջիկայ օրերին պատրաստւում էր տեղափոխւել Մոսկվա. ապրել եւ տնտեսական գործունէութեամբ զբաղւել այնտեղ։ «Երեւանից մեկնելուց առաջ նրան յաջողւել է Արդշինբանկից «հանել» «Տիեզերք» սահմանափակ պատասխանատւութեան ընկերութեան հաշւեհամարում եղած 80 հազար դոլարը»։ Այս հանգամանքը համոզչօրէն վկայում էր, որ առաջիկայ օրերին նա իսկապէս Երեւանից տեղափոխւելու էր Մոսկւա։ Եւ հրապարակումը, եւ այս հանգամանքը, անշուշտ, յայտնի էին նրա սպանութիւնը կազմակերպողներին, եւ ճակատագրական գնդակներն արձակւեցին մինչեւ Հայաստանից հեռանալը։ Մոսկւայում, համեմատական անվտանգութեան մէջ, նա գուցէ կասէր մինչ այդ չասւածը՝ ոմանց համար աներեւակայելիօրէն վտանգաւոր։

Սա է անցեալը, սա է իրողութիւնը։ Իսկ այժմ ԱԱՊՎ-ի քննչական մեկուսարանում են պահում ՀՅԴ անդամ, ազատամարտիկ Միքայէլ Մանուկեանին, որը առնչութիւն չունի Հ.Գալստեանի սպանության հետ։ Արդէն հասկանալի է, թէ ինչու են ՀՅԴ անդամի ընտրել, իսկ ազատամարտիկի են ընտրել, որպէսզի ժողովրդին հաւաստի թւայ նրա զէնք ունենալու եւ կրակելու ունակ լինելու «վերսիան»։ Դժւար չէ պատկերացնել ներկայացւող մեղադրանքի անհեթեթութիւնից քմծիծաղող, ապա զայրոյթից ատամները սեղմող ընթերցողին։ Բայց չի՛ յաջողւելու ապացուցել մեղքը, որովհետեւ մարդն իսկապէս անմեղ է։ Ծայրայեղ դէպքում՝ կտտանքներով, հոգեներգործուն ինչ-ինչ պրեպարատների ներարկմամբ նրանից հնարաւոր է Հ.Գալստեանին սպանելու կամ սպանութեանը յանցակցելու «խոստովանութիւն» կորզել, բայց դա դեռ շատ քիչ է լինելու՝ չեղած մեղքն ապացուցելու համար։ Եւ պատահական չէ, որ Մ. Մանուկեանը ԱԱՊՎ-ի յատուկ յայտարարութեան մէջ ոչ թէ Հ.Գալստեանին սպանող է ներկայացւած (իրենք էլ համոզւած չեն, որ կարող են ապացուցել, ապացուցեցին՝ լաւ, չապացուցեցին՝ սովորական մի խայտառակութիւն), այլ Հ. Գալստեանի սպանութեան փաստի կապակցութեամբ հարուցւած քրէական գործով հետախուզւող, ինչն աւելի զգուշաւոր ձեւակերպում է։

Ի վերջոյ, ոչ միայն Մ.Մանուկեանին նշւած սպանութեան հետ կապելն է անհեթեթ, այլեւ զանգւածային լրատւութեան որոշ միջոցների կողմից տարածւած եւ տարածւող այն կարծիքը, թէ Հ.Գալստեանի սպանութեամբ Դաշնակցութիւնը փորձում է ապակայունացնել Հանրապետութեան ներքաղաքական վիճակը։ Այս դէպքում պարզապէս միայն մի հարց պէտք է տալ. ո՞ւմ էր դա ձեռնտու…Իհարկէ (հասարակութիւնը նոյնպէս չի տարակուսի), Դաշնակցութեանը դա հաստատապէս ձեռնտու չէր, մի՞թէ կարող էր ձեռնտու լինել քաղաքական յայտնի, բայց իր համար միանգամայն անվտանգ գործչի սպանութիւնը, յետոյ հետախուզւողի կամաւոր ներկայանալը եւ, ի վերջոյ, մեղքն ապացուցելուց յետոյ, եթէ իսկապէս Մ. Մանուկեանը մեղաւոր լինէր, իբրեւ այս ամէնի տրամաբանական աւարտ, կուսակցութեան գործունէութեան դադարեցումը։ Ճիշտ հակառակը՝ նման սադրանքը կարող էր ձեռնտու լինել այսօր իշխող քաղաքական ուժի հարց լուծող անդամներին, որոնք զգալով, որ խորհրդարանի առաջիկայ ընտրութիւններում առանց կեղծիքի յաղթանակելու յոյս չունեն, այժմւանից կարող էին գնալ նման սադրանքով Դաշնակցութեան «վնասազերծման» քայլին։ Մի ուժի, որը հաստատապէս հանդէս է գալու, խոչընդոտելու է նման կեղծիքներ թոյլ տալու պարագայում։ Իրադարձութիւնների զարգացման ընթացքը յուշում է, որ ընտրւած է ՀՅԴ-ին քրէական հաշւեհարդարի ենթարկելու, քաղաքական հարցերն այս կերպ լուծելու տարբերակը։ Համեմատութեան համար յիշենք, որ ինչպէս ԽՍՀՄ-ում, այնպէս էլ ժողովրդավարական յորջորջւող այժմեան Հայաստանում քաղաքական մեղադրեալներին, ի վերջոյ, ազատազրկում էին եւ ազատազրկում են քրէական մեղադրանք ներկայացնելով։ Ծանոօթ գործելակերպ է, ծանօթ «ձեռագիր»։

Ինչ լուրեր էլ առաջիկայում տարածելու լինեն պաշտօնական լրատւութեան միջոցները Մ. Մանուկեանի, Դաշնակցութեան, Հ.Գալստեանի սպանութեան կապակցութեամբ, միեւնոյն է, ժողովրդին մոլորեցնել չի յաջողւի, քանզի ժողովուրդը լաւ գիտէ, որ ՀՅԴ-ն, ջատագովը լինելով եւ հայրենանւէր գործունէութեամբ իր նպաստը բերելով Հայոց պետականութեան կայացմանը, մերժում է քաղաքական սպանութիւնը որպէս միջոց, որպէս ձեւ։ Սպանութիւնը թուլութեան եւ անկարողութեան նշան է»:

Լուսանկարը` «Մեդիամաքս» գործակալութեան

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ