Հա

Քաղաքական

04/09/2018

Հայկական սեւ ու սպիտակը. ինչպէ՞ս քաղաքապետի աթոռին ձգտող կոմիկն ընկաւ լուրջ ցեխի մէջ

Արդէն մէկ օր է՝ սոցիալական ցանցերում ակտիւօրէն քննարկւում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան Երեւանի քաղաքապետի թեկնածու, յայտնի կոմիկ դերասան Հայկ Մարութեանի յայտարարութիւնն այն մասին, որ իրենց թիմի «դէմ խաղ չկայ» ու հասարակութիւնը բաժանւում է «սեւերի ու սպիտակների»։

«alikonline.ir» - Արդէն մէկ օր է՝ սոցիալական ցանցերում ակտիւօրէն քննարկւում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան Երեւանի քաղաքապետի թեկնածու, յայտնի կոմիկ դերասան Հայկ Մարութեանի յայտարարութիւնն այն մասին, որ իրենց թիմի «դէմ խաղ չկայ» ու հասարակութիւնը բաժանւում է «սեւերի ու սպիտակների»։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան Երեւանի քաղաքապետի թեկնածու, կոմիկ դերասան Հայկ Մարութեանը երէկ բաւականին յուզական կերպով է ներկայացրել ներկայիս քաղաքական իրավիճակի իր պատկերացումը։

Նա մի քանի անյաջող արտայայտութիւն է թոյլ տւել, որոնք հասարակութեան շրջանում մեծ իրարանցում են առաջացրել ու բուռն քննարկւում են սոցիալական ցանցերում։

Մարութեանի խօսքով՝ նրա թիմը միակ սպիտակ ուժն է ու այն մարդիկ, ովքեր չեն ուզում, որ նրանք յաջողութեան հասնել, համապատասխանաբար սեւ ուժերն են։ Սակայն հանրութիւնն ամենաշատը վրդովւել է «մեր դէմ խաղ չկայ» չարաբաստիկ արտայայտութիւնից ու մարդկանց «սեւերի» ու «սպիտակների» բաժանելուց։

Սոցցանցերում միանգամից զուգահեռներ են անցկացրել նախկին իշխանութեան ներկայացուցիչների նման արտայայտութիւնների հետ։ Օգտատէրերի մի մասը նշել է, որ Մարութեանի հռետորաբանութիւնը նման է նախկին նախագահ Սերժ Սարգսեամի ու մի շարք այլ պաշտօնեաների հռետորաբանութեանը, որոնք խօսում էին այն մասին, իրենց իշխանութեանն այլընտրանք չկայ։

Սոցցանցերի օգտատէրերը յիշեցրել են վարչապետ Նիկոլ Փաշինեանին ու նրա թիմին այն մասին, որ աւելի վաղ նրանք խօսում էին բոլոր անջատող գծերը մաքրելու ու երկիրը համատեղ ուժերով զարգացնելու մասին։

Երեւանի աւագանու նախկին անդամ Անահիտ Բախշեանը «Sputnik» Արմենիայի թղթակցին ասաց, որ իր մօտ դեժաւիւ է։ Ըստ Բախշեանի՝ ինքը նոյնպէս յիշել է նախկին իշխանութիւնների «սպառնալից» յայտարարութիւններն ու տխրել։

Նա ընդգծեց, որ Փաշինեանը մշտապէս հիմնւում է հասարակութեան ու ժողովրդական աջակցութեան վրայ, սակայն նրա թիմակիցները սխալ ուղղութեամբ են շարժւում ու լուրջ վնաս են տալիս իրենց ու քաղաքական ուժի ապագային։ Բախշեանն ասաց, որ Փաշինեանը չպէտք է թոյլ տայ, որ իր թիմակիցները նման բաներ անեն, քանի որ նրանք վարկաբեկում են յեղափոխութիւնը։

«Փաշինեանի շուրջ եղած երիտասարդները երեք ամսւայ ընթացքում շատ են մեծամտացել։ Մարութեանը կրկնում է նախկին իշխանութիւնների սխալները, որոնց համար, ի դէպ, Փաշինեանի թիմը քննադատում էր նրանց»,- նշել է Բախշեանը։

Իրաւապաշտպան Վարդան Յարութիւնեանն իր հերթին կարծում է, որ Մարութեանի յայտարարութիւնը միանշանակ բացասական ազդեցութիւն կունենայ Փաշինեանի համբաւի վրայ։ Դա վատ կանդրադառնայ նաեւ իր՝ որպէս քաղաքապետի թեկնածուի համբաւի վրայ, եթէ հաշւի առնենք յեղափոխութեան խաղաղասէր հռետորաբանութիւնը։

Սակայն, փորձագէտի կարծիքով՝ սեպտեմբերի 23-ին կայանալիք աւագանու ընտրութիւնների վրայ Մարութեանի յայտարարութիւններն առանձնապէս չեն ազդի։ Միաժամանակ Յարութիւնեանը համոզւած է, որ դերասանը չի գիտակցել իր կերպարի փոփոխութիւնը ու չի հասկանում` որքան լուրջ հետեւանքներ կարող են ունենալ իր խօսքերը։

«Նրան պէտք է բացատրեն, որ նա այլեւս շոումեն չէ, ու իր բոլոր յայտարարութիւնները կարող են օգտագործւել իր քաղաքական թիմի դէմ»,- ընդգծեց նա։

Մինչդեռ «ՔՊ»-ի Աւագանու թեկնածու, յայտնի բլոգեր Իզաբելլա Աբգարեանը (համացանցում նրան «Բելկա» են անւանում) ֆէյսբուքի իր էջում գրել է, որ Մարութեանը իր թիմի առաջ էր ելոյթ ունենում ու այդպէս է ասել` իր թիմին ոգեւորելու համար։ Նա նաեւ համարում է, որ նախորդ իշխանութիւնների հետ համեմատութիւններն անտեղի են։

«Տպաւորութիւն է, որ մրցակիցներն արդէն իսկ մեր թիմը յաղթած ու պաշտօնավարող են համարում եւ բողոքում են միահեծան կառավարումից: Իսկ մենք, անտեղեակներս, իզուր ջանքեր ենք գործադրում՝ պատրաստւելով մրցապայքարի»,- նշել է նա։

Նա յայտարարել է նաեւ, որ ոչ ոք հասարակութեանը սեւերի ու սպիտակների չի բաժանում, քանի որ խօսքն այն ուժերի մասին էր, որոնք չեն ուզում, որ նրանց թիմը յաջողութեան հասնի. միաժամանակ նա նշել է, որ այդպիսիք քիչ չեն։

«Ինչ վերաբերում է յեղափոխութեանը մասնակցած ու սատարածներին. առնւազն տարակուսելի էր, որ իրենք իրենց շտապեցին գցել ռեւանշիստական սեւերի հետ նոյն շարքը: Կարծես թէ ասում էին «մենք բոլորին յաջողութիւն ենք մաղթում», բայց, արի ու տես, իրենք իրենց համարեցին «ուժեր, որոնք չեն ցանկանում, որ մենք յաջողենք»,-ընդգծել էր նա։

Սակայն դա չհանգստացրեց համացանցի օգտատէրերին, որոնք մեկնաբանութիւններում մտահոգութիւն էին յայտնում ու նոյնիսկ ասում էին, որ չեն ցանկանում Մարութեանի համար քւէարկել։

Ինքը` Մարութեանը, գիտակցելով, որ անյաջող է արտայայտւել, արդէն փորձել է արդարանալ.

«Ուզում եմ յստակ ֆիքսել, որ Հայաստանում կայ ընդամէնը մէկ սուբիեկտ, որի դէմ խաղ չկայ. դա Հայաստանի ժողովուրդն է։

Ու, այո, բոլոր այն ուժերը, որոնք տարիներ շարունակ բռնացել են ու դեռ փորձելու են բռնանալ ժողովրդի ազատութեան եւ արժանապատւութեան վրայ, խաբել ժողովրդին, կանխել վերջինիս առաջընթացն ու յաջողութիւնը, սեւ ուժեր են, եւ ես անձամբ իմ պարտքն եմ համարել եւ համարում անել ամէն ինչ, որպէսզի նրանք այլեւս երբեք չկարողանան դա անել։ Ընտրութիւնը ժողովրդինն է, եւ ես համոզւած եմ, որ մեր թիմը կարժանանայ վերջինիս վստահութեանը»,- ասել է նա։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։