Print this page
04/09/2018 - 12:10

ՀՀԿ-Փաշինեան գործակցութեան մշուշոտ հեռանկարները. ինչպէ՞ս հասնել ԱԺ արտահերթ ընտրութեան

Հայաստանում տիրող իրավիճակը կարելի է բնութագրել միայն որպէս պարադոքսալ։ ՀՀԿ-ի դէմ առաջիկայ քաղաքական մարտերում Նիկոլ Փաշինեանին հէնց հանրապետականների օգնութիւնն է հարկաւոր։

«alikonline.ir» - Հայաստանում տիրող իրավիճակը կարելի է բնութագրել միայն որպէս պարադոքսալ։ ՀՀԿ-ի դէմ առաջիկայ քաղաքական մարտերում Նիկոլ Փաշինեանին հէնց հանրապետականների օգնութիւնն է հարկաւոր։ Գրում է «Sputnik» Արմենիան:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի նախաձեռնութեան իրականացումը, որը կապւած է Ազգային ժողովի ինքնալուծարման միջոցով արտահերթ ընտրութիւնների անցկացման հետ, կարող է որոշակի բարդութիւնների բախւել։

Հայաստանի քաղաքական ճգնաժամը, որը որոշ իմաստով «երկիշխանութեան» է բերել, դեռ հեռու է հանգուցալուծումից։

Խորհրդարանում յարաբերական մեծամասնութիւն են կազմում վարչապետի ընդդիմադիրները` Հայաստանի հանրապետական կուսակցութիւնը։ Մեծամասնութեան կարգավիճակը տեսականօրէն թոյլ է տալիս նրանց տապալել վարչապետի` իր իշխանութիւնն ամրապնդելուն ուղղւած ցանկացած նախաձեռնութիւն։

Այո, այս տարւայ մայիսին, երբ երկրում բողոքի մեծածաւալ ակցիաներ էին անցկացնւում, հանրապետականները Փաշինեանին վարչապետ ընտրեցին։ Սակայն Փաշինեանը դեռ չի լուծել իր համար հիմնական խնդիրը. դա, ինչպէս յայտնի է, արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների անցկացումն է։

Վարչապետի վարկանիշը նախկինի պէս բարձր է, բայց երաշխիք չկայ, որ այն կը պահպանւի քանի ամիս անց, այն պահին, երբ անցկացւեն արտահերթ ընտրութիւնները, որոնք նախնական տեղեկութիւնների համաձայն նախանշւած են միւս տարւայ մայիսին կամ յունիսին։

Ընտրութիւնների անցկացումը, ըստ գործող խորհրդարանական համակարգի, առաջին հերթին ենթադրում է գործող վարչապետի հրաժարական։ Դրանից յետոյ խորհրդարանը երկու շաբաթւայ ընթացքում պէտք է երկու անգամ կառավարութեան ղեկավարին չընտրի, որպէսզի դրանից յետոյ օրէնսդիր մարմինը լուծարւի ու նոր ընտրութիւնների օր է նշանակւի։

Բայց բանն այն է, որ Փաշինեանն ինքն էլ ընդունում է դա, որ նրա հրաժարականի դէպքում հանրապետականները կարող են սեփական թեկնածուին առաջադրել ու նրա օգտին քւէարկել։ Ու քանի որ նրան խորհրդարանական մեծամասնութիւն են կազմում, ապա նրանց շատ հեշտ կը լինի գործադիրի նոր ղեկավարի ընտրել։

Աւելին, որոշ հիմքեր կան կասկածելու, որ հանրապետականները կարող են առաջադրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանին։ Վերջինս արդէն յայտարարել է, որ քաղաքականութիւն է վերադառնում ու մասնակցելու է խորհրդարանական ընտրութիւններին։ Իսկ վերջերս, երբ Քոչարեանը կալանքի տակ էր գտնւում, ՀՀԿ-ն ակտիւօրէն պայքարում էր, որ նա ազատ արձակւի։

Այդ սցենարից խուսափելու համար Փաշինեանը օգոստոսի 17-ին կայացած հանրահաւաքի ժամանակ ասել էր, որ հնարաւոր է Սահմանադրութեան մէջ փոփոխութիւններ մտցւեն։ Փոփոխութիւնների էութիւնն այն է, որ վարչապետի հրաժարականից յետոյ խորհրդարանը ինքնալուծարւի։ Որ սահմանադրական փոփոխութիւնների նախագիծը հանրաքւէի հանւի, պատգամաւորների առնւազն երկու երրորդի աջակցութիւնն է հարկաւոր։

Այլ կերպ ասած՝ այստեղ Փաշինեանին ՀՀԿ-ի աջակցութիւնն է հարկաւոր։ Բայց արդեօ՞ք հանրապետականները կը կտրեն ճիւղը, որի վրայ նստած են։ Չէ որ նրանք կարող են տապալել արտահերթ ընտրութիւնները, յատկապէս, եթէ այն պահին յեղափոխական ցնծութիւնն անկում ապրած լինի։

«Sputnik» Արմենիան փորձագէտների շրջանում հարցում է անցկացրել, նրանց կարծիքով` Փաշինեանը դեռ փողոցի ճնշման կարիքն ունենալու է։

«Փաշինեանը չի կարող սահմանադրական հանրաքւէ անցկացնի առանց փողոցի աջակցութեանը։ Եթէ, իհարկէ, Աժ խօսնակ Արա Բաբլոյեանի հետ հանդիպմանն այլ պայմանաւորւածութոիւններ ձեռք չեն բերւել։ Իմ կարծիքով, վարչապետն այլ, օրէնսդրական մեխանիզմներ չունի»,- յայտնեց քաղտեխնոլոգ Կարէն Քոչարեանը։

Սակայն նա դժւարանում է կանխատեսել` արդեօ՞ք վարչապետն այս անգամ էլ քաղաքացիներից հզօր աջակցութիւն կը ստանայ։

Նման կարծիք ունի նաեւ սահմանադրական իրաւունքի փորձագէտ Վարդան Այւազեանը։ Նրա խօսքով` ցանկացած սցենար հանրապետականների աջակցութիւնն է ենթադրում։

Բայց, քանի որ Փաշինեանը երաշխիք չունի, որ ՀՀԿ-ականները կաջակցեն իրեն, վարչապետի միակ տարբերակը մնում է այն, որ ցուցարարները ճնշում գործադրեն ՀՀԿ-ի վրայ։ Այդ դէպքում կարելի է սահմանադրական փոփոխութիւններ չանել։

«Քաղաքացիների ճնշման տակ ԱԺ խմբակցութիւնները մի փաստաթուղթ, յուշագիր են ստորագրում, ըստ որի պարտաւորւում են Փաշինեանի հրաժարականից յետոյ նոր թեկնածուի չառաջադրել։ Դրանից յետոյ ընտրութիւնները երկու անգամ տապալւում են ու արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ են յայտարարւում»,- մեզ հետ զրոյցում պարզաբանեց Այւազեանը։

Նա համարում է դա ամենաարագ, հասանելի ու համեմատաբար խաղաղ տարբերակը։ Մնացած բոլոր հարցերը` տեխնիկական թղթաբանութիւն է։ Փորձագէտը սահմանադրական փոփոխութիւնների տարբերակը խոցելի է համարում այն առումով, որ հանրաքւէն այսպէս թէ այնպէս պէտք է ստանայ ներկայիս խորհրդարանի հաւանութիւնը, որը հասարակութիւնը ոչ լեգիտիմ է համարում։

«Ստացւում է` ոչ լեգիտիմ խորհրդարանի օգնութեամբ ուզում ենք օրինական իշխանութիւն ապահովել։ Կարծում եմ` միայն սահմանադրական հանրաքւէի միջոցով հնարաւոր չէ լուծել այս հարցը, քանի որ փակուղիներն ու խոչընդոտները միեւնոյնն է մնում են»,- կարծում է փորձագէտը։

Նրա խօսքով` միջխմբակցային պայմանաւորւածութիւնների տարբերակը թոյլ կը տայ նրան խուսափել հանրաքւէի պէս բարդ ու անկանխատեսելի գործընթացից։

Այւազեանը յոյս ունի, որ Փաշինեանի ու Բաբլոյեանի վերջերս կայացած հանդիպման ժամանակ քննարկւել է յուշագրի տարբերակը։

Ինքը` Փաշինեանը, սեպտեմբերի 2-ին կայացած Ֆէյսբուքի իր էջի ուղիղ եթերի ժամանակ կրկին անդրադարձել է արտահերթ ընտրութիւնների թեմային ու ասել, որ երկու տարբերակ է դիտարկում` հանրաքւէ ու համաձայնութիւն խորհրդարանական ընտրութիւնների միջեւ։ Վարչապետը հակւած է հանրաքւէի անցկացմանը, քանի որ հաշւի է առնում ոչ այդքան վստահելի փորձն ու մտավախութիւն ունի, որ հետագայում պայմանաւորւածութիւնները կարող են խախտւել։

Դեռ շատ ժամանակ կայ մինչ ընտրութիւններն, ու քաղաքական իրավիճակը երկրում կարող է լուրջ փոփոխութիւններ ունենալ։ Շատ բան է կախւած Փաշինեանի կառավարութեան գործողութիւններից ու քայլերից։ Վերջիվերջոյ՝ պէտք չէ անտեսել Քոչարեանի գործոնը։ Այլ կերպ ասած՝ աշնանային-ձմեռային քարոզարշաւը թէժ է լինելու։

Յարակից լուրեր