Հա

Քաղաքական

05/09/2018 - 10:10

Մի շարք հարցեր յստակեցման կարիք ունեն. քաղաքագէտը ներկայացնում է ակնկալիքները Փաշինեան-Պուտին հանդիպումից

Քաղաքագէտ Նարեկ Մինասեանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի առաջիկայ այցը Մոսկւա կարեւորում է այն համատեքստում, որ այսօր հայ-ռուսական յարաբերութիւններում առկայ են մի շարք հարցեր, որոնք կարիք ունեն քննարկման եւ յստակեցման: 

«alikonline.ir» - Քաղաքագէտ Նարեկ Մինասեանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի առաջիկայ այցը Մոսկւա կարեւորում է այն համատեքստում, որ այսօր հայ-ռուսական յարաբերութիւններում առկայ են մի շարք հարցեր, որոնք կարիք ունեն քննարկման եւ յստակեցման: «Արմէնպրես»-ի հետ զրոյցում Նարեկ Մինասեանն ընդգծեց, որ այցը կարեւորւում է նաեւ սեպտեմբերի 1-ին Ադրբեջանի նախագահի՝ Սոչի կատարած այցելութեան համատեքստում: «Ռուս-ադրբեջանական յարաբերութիւններում, թերեւս, տեսանելի է որոշակի դինամիկա, եւ այս համատեքստում բաւականին կարեւոր է նաեւ վարչապետ Փաշինեանի այցը Մոսկւա որոշակի հաւասարակշռութեան վերականգման նպատակով»,- ասաց քաղաքագէտը:

Նա հայ-ռուսական օրակարգի կարեւոր հարցերից է համարում նաեւ ՀԱՊԿ-ի գլխաւոր քարտուղարի հետ կապւած հարցը: Նրա գնահատմամբ՝ այս հարցը պէտք է քննարկումների առարկայ դառնայ: «Խնդիրը բաւականին կարեւոր է թէ ՀԱՊԿ-ի, թէ Հայաստանի համար, որը նախագահում է այդ կառոյցում: Յատկանշական է այն հանգամանքը, որ վերջին շրջանում շահարկումների առարկայ էր դարձել այն հարցը, որ Ադրբեջանը հնարաւոր է դառնայ ՀԱՊԿ-ի անդամ, սակայն, ինչպէս տեսանք Սոչիում Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպման շրջանակներում ՀԱՊԿ-ին Ադրբեջանի հնարաւոր անդամակցութեան վերաբերեալ որեւէ յայտարարութիւն չեղաւ: Ըստ էութեան, սա հաստատում է այն հանգամանքը, որ դա տեղեկատւական խայծ էր, որը տարածւեց ադրբեջանցի պատգամաւորների կողմից, իսկ յետոյ ադրբեջանական տարբեր քարոզչական շրջանակներ դա շահարկումների առարկայ դարձրին: Սակայն դա իրականութեանը չի համապատասխանում, եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարութեան կողմից յստակեցւեց իրողութիւնը, երբ յայտարարւեց, որ Ադրբեջանը չի համապատասխանում ՀԱՊԿ անդամի եւ դիտորդի համար նախատեսւած չափորոշիչներին: Ակնյայտ է, որ Հայաստանը նաեւ վետօ կը կիրառի նման հնարաւորութեան դէպքում»,- մանրամասնեց Նարեկ Մինասեանը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ Սոչիում ՌԴ նախագահի հետ հանդիպման շրջանակներում Ադրբեջանի նախագահը կրկին յիշեցրեց ՌԴ-ից 5 միլիարդ դոլարի զէնք գնելու մասին՝ քաղաքագէտն ընդգծեց, որ յատկանշական էր այն հանգամանքը, որ հանդիպման ընթացքում երկու կողմն էլ բաւականին շահագրգռւած էին ցոյց տալ այն յաջողութեան պատմութիւնը, որ ունեն երկկողմ յարաբերութիւններում: «Ամրագրւում էին տարբեր ոլորտներում առկայ ձեռքբերումները, թէ ինչ յաջողութիւններ է ունեցել ռուսական բիզնեսն Ադրբեջանում, Ադրբեջանի հետ յարաբերութիւնները որքան են ամրապնդւել: Ադրբեջանն էլ իր հերթին ցանկանում է ընդգծել իր կարեւորութիւնը որպէս ռուսական զէնքի գնորդ: Եւ շրջանառւեց այն թեզը, որ Ադրբեջանն այս տարիներին Ռուսաստանից գնել է 5 միլիարդ դոլարի զէնք: Յատկանշական է այն հանգամանքը, որ այս յայտարարութիւնը տարբեր կայքերում շրջանառութեան մէջ դրւեց որպէս նոր գործարքի մասին յայտարարութիւն, սակայն իրականում այդ յայտարարութեան մէջ նոր գործարքի մասին ոչինչ չկար, ընդամենը ասւել է, որ երկկողմ ռազմական գործարքների ծաւալները հասել են ընդհուպ մինչեւ 5 միլիարդ դոլարի: Խօսքը տարբեր տարիների ընթացքում իրականացւած գործարքների մասին է, որի ընթացքում փուլ առ փուլ Ադրբեջանին ռազմական տեխնիկա է մատակարարւել, ինչն անարձագանգ չի մնացել հայկական կողմից: Սակայն այս պահին որեւէ նոր շօշափելի պայմանագրի մասին գոնէ հրապարակային մակարդակում յայտնի չէ: Չեմ բացառում, որ լինեն կուլիսային բանակցութիւններ, ինչը ժամանակի ընթացքում յայտնի կդառնայ»,- մանրամասնեց Մինասեանը:

Նա անդրադարձաւ նաեւ Հայաստանում տիրող իրավիճակի վերաբերեալ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգէյ Լաւրովի վերջին յայտարարութեանը, որը նրա նախորդ յայտարարութեան համեմատ աւելի մեղմ էր: Նարեկ Մինասեանն ընդգծեց, որ Սերգէյ Լաւրովի վերջին յայտարարութիւնը պայմանաւորւած է Փաշինեանի՝ Մոսկւա կատարելիք այցով: Այսինքն, այս յայտարարութիւնը Փաշինեանի այցին ընդառաջ որոշակի կառուցողական ֆոնի ձեւաւորման խնդիր է հետապնդում: Բնականաբար, տւեալ համատեքստում կարեւոր է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի օգտագործած ձեւակերպումներն այն մասին, որ իրենց հետաքրքիր է լսել հայկական կողմի մօտեցումներն առաջիկայ զարգացումների մասին: Այսինքն, ըստ էութեան, կայ մօտեցումների որոշակի յստակեցման եւ մի շարք հարցերի հետ կապւած անորոշութեան եւ մտահոգութիւնների փարատման խնդիր: Որպէս դաշնակիցներ՝ Փաշինեանը եւ Պուտինը, բնականաբար, ունեն անկեղծ խօսակցութեան կարիք տարբեր զգայուն հարցերի շուրջ: Եւ միայն դրա արդիւնքում հնարաւոր է գալ որոշակի յայտարարի, օրակարգի, գերակայութիւնների յստակեցման, ինչը հնարաւորութիւն կը տայ խորացնել հայ-ռուսական յարաբերութիւնները»,- ընդգծեց քաղաքագէտը:

Նարեկ Մինասեանը յաւելեց՝ գաղտնիք չէ եւ տարբեր մակարդակներում հնչել են յայտարարութիւններ այն մասին, որ Հայաստանում տեղի ունեցած զարգացումներից յետոյ ռուսական կողմի մօտ դեռեւս չկայ Հայաստանում տեղի ունեցող գործընթացների լիարժէք ընկալում: Այժմ հասունացել է այն պահը, երբ երկու կողմերը պէտք է յստակեցնեն օրակարգը»,- մանրամասնեց քաղաքագէտը:

Փաշինեան-Պուտին առաջիկայ հանդիպման հիմնական նպատակը  քաղաքագէտը համարում է անկեղծ երկխօսութեան հաստատումը: «Այցն աշխատանքային է, հետեւաբար ակնկալել ինչ-որ տնտեսական եւ այլ բնոյթի պայմանագրերի կնքում, պէտք չէ: Աշխատանքային այցերի հիմնական նպատակը թիրախային հարցերի քննարկումն է, թիրախային խնդիրների բարձրաձայնումը: Կարծում եմ, որ այս այցի ընթացքում հայկական կողմը իր մօտ առկայ մտահոգութիւնները կը բարձրաձայնի, նոյնը կանի նաեւ ռուսական կողմը, ինչը հնարաւոր է անել երկխօսութեան միջոցով ընդհանուր յայտարարի գալու եղանակով»,- եզրափակեց Մինասեանը:

Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեանը սեպտեմբերի 8-ին կայցելի Մոսկւա, որտեղ հանդիպում կունենայ Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։