Հա

Քաղաքական

05/09/2018

Հնարաւո՞ր է, արդեօք, պատճառը յեղափոխութիւնից յետոյ Աղաբէկեանի մի քանի քննադատական հրապարակումներն էին

Մօտ չորս ամիս առաջ, երբ Նիկոլ Փաշինեանի կոչով Հայաստան էի ուղեւորւում յեղափոխութեան ամենաթէժ պահին, ինձ մղող ուժը հայրենիքիս, հայրենակիցներիս ու իմ ունեցած արդարութեան ծարաւն էր, ինչպէս նաեւ յեղափոխութեան առաջնորդի ազնւութեան ու հայրենասիրությեան նկատմամբ ունեցած անվերապահ հաւատը:

ՄՈՒՇԵՂ ՄՈՒՐԱԴԵԱՆ

 

Մօտ չորս ամիս առաջ, երբ Նիկոլ Փաշինեանի կոչով Հայաստան էի ուղեւորւում յեղափոխութեան ամենաթէժ պահին, ինձ մղող ուժը հայրենիքիս, հայրենակիցներիս ու իմ ունեցած արդարութեան ծարաւն էր, ինչպէս նաեւ յեղափոխութեան առաջնորդի ազնւութեան ու հայրենասիրությեան նկատմամբ ունեցած անվերապահ հաւատը:

Սակայն, այն ժամանակ մտքովս չէր կարող անցնել, որ յեղափոխութիւնից կարճ ժամանակ անց, արդարութեան պակասի զգացումը պէտք է ստիպէր այս տողերը գրել:

Ի թիւս բազմաթիւ այլ լուրջ մտահոգութիւնների, որոնց մասին չեմ ուզում բարձրաձայնել՝ մտածելով, որ դեռ ժամանակ է պէտք, ցաւով տեղեկացայ, որ մեղադրանք է առաջադրւել Արցախի հերոս, գեներալ-լէյտենանտ Արթուր Աղաբէկեանին՝ «Մարտիկ» հիմնադրամի գործով: Մեղադրանքում նշւում է, թէ իբր Աղաբէկեանը տարիների ընթացքում հիմնադրամի հաշւից ոչ-կանոնադրական ծախսեր է կատարել մօտաւորապէս 100,000 ԱՄՆ դոլարի չափով:

Առաջին հայեացքից թւում է, թէ արտառոց ոչինչ չկայ՝ Լէյտենանտը Ռեւազի կորած ոչխարներն է փնտրում: Դատավարութիւնը ցոյց կը տայ կանոնադրական էին ծախսերը, թէ՝ ոչ: Բայց խնդիրն անհանգստացնող է դառնում, երբ դիտարկում ես հանգամանքների ամբողջական ու հերթականութեան լոյսի ներքոյ: Իսկ հանգամանքները հետեւեալն են.

Մանուէլի «տուշոնկեքը» յայտնաբերելուց յետոյ խուզարկութիւն է իրականացւում Աղաբէկեանի հայրենի տանը եւ մի քանի գործարաններում, որոնք իր հետ ընդհանրապէս կապ չունէին: Խուզարկութեան արդիւնքում ոչինչ չի յայտնաբերւում: ԱԱԾ-ն խուզարկութեան մասին չի հրապարակում, ւ այդ մասին հանրութիւնը տեղեկանում է միայն Աղաբէկեանի հրապարակումից:

Ըստ երեւոյթին տեսնելով, որ թացն ու չորը խառնել են, որ «ամէն սեւ բան Օթելլօ չէ», ու ամէն տեղ չէ, որ պէտք է տուշոնկա փնտրել՝ առաջին անգամ լրատւամիջոցներում շրջանառութեան մէջ է դրւում ցինիկ վերնագրերով մի ոչինչ չասող տեսանիւթ, որտեղ պատերազմի օրերին Աղաբէկեանը մասնակցում է մարտական վրանի տակ կազմակերպւած ինչ-որ հաւաքոյթի: Ժամանակագրութեանը հետւելիս ակնյայտ է դառնում, որ տեսանիւթը յայտնաբերւել էր ԱԱԾ-ի կողմից Մանուէլի տան խուզարկութիւնից յետոյ, եւ, հաւանաբար, լրատւամիջոցներին էր տրամադրւել հէնց ԱԱԾ-ի կողմից:

Այս տեսանիւթն էլ կարծես ցանկալի աղմուկը չի բարձրացնում, եւ Օգոստոսի 23-ին «Հայկական Ժամանակ» օրաթերթում Աղաբէկեանի նկարով ու նրա անւամբ վերնագրով հրապարակւում է մի մեղադրական յօդւած, որը ընդհանրապէս կապ չունէր գեներալի հետ:

Եւ վերջապես յօդւածի հրապարակումից մի քանի օր յետոյ քրէական մեղադրանք է առաջադրւում «հափշտակութիւն» վերնագրով, այնինչ՝ մեղադրանքի ամբողջական տեքստից պարզ է դառնում, որ խօսքը գնում է հիմնադրամի գումարներից ստացւած տոկոսների կանոնադրական կամ ոչ-կանոնադրական ծախսերի մասին:

Տեսնելով, որ հետաքննութեան բնոյթն այն չէ, ինչ ներկայացւում է՝ Արցախի Հանրապետութեան նախկին վարչապետն ու այլ ընկերներ պատրաստակամութիւն են յայտնում նոյնիսկ մինչեւ դատավարութիւնը փոխանցել քննութեան առարկայ 54 մլն. դրամը:

Այս ամենից յետոյ հարց է առաջանում… Ի՞նչն է փայլուն մարտական ուղի անցած, Արցախեան պատերազմի հերոս, հայկական բանակի կայացման գործում անուրանալի ներդրում ունեցող պաշտպանութեան փոխնախարար, Արցախի Հանրապետութեան տնտեսական եւ ռազմական զարգացմանը միտւած տասնեակ ծրագրերի հեղինակ, Արցախի Հանրապետութեան փոխվարչապետ, բանակի գեներալ-լէյտենանտի հետեւողական հետապնդման նպատակը: Ի՞նչն է հիմնադրամի հսկայական ձեռքբերումների մասին լռելու եւ «խոշոր գումարների հափշտակութիւն» վերնագրի ներքոյ հիմնադրամն ու հիմնադրամի ղեկավարին հեղինակազրկելու փորձերի իմաստը:

Հնարաւո՞ր է, արդեօք, պատճառը յեղափոխութիւնից յետոյ Աղաբէկեանի մի քանի քննադատական հրապարակումներն էին նոր իշխանութիւնների հասցէին, որոնք աւելի մտահոգ ու կառուցողական էին, քան քննադատական: Կա՞ն արդեօք աւելի խորքային պատճառներ՝ ընդհանրապէս Արցախեան ազատամարտով անցած նւիրեալների հետ կապւած, ինչի մասին չեմ էլ ուզում բարձրաձայնել:

(մաս առաջին)

ԱՄՆ, Լոս Անջելէս

3 սեպտեմբերի, 2018

«Ապառաժ»

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։